Բժշկական Ծախսեր

by admin

Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք  հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և մինչև 25 տարեկան երիտասարդներին, ինչպես նաև նրանց ընտանիքներին՝ սկսած ախտորոշման պահից։

Մենք հոգում ենք բժշկի կողմից նշանակված ախտորոշիչ լաբորատոր բոլոր հետազոտությունների ծախսերը, որոնք ուղղված են քաղցկեղի և արյունաբանական հիվանդությունների հաստատմանը կամ հերքմանը, ինչպես նաև դրանց ընթացքի կառավարմանը, այդ թվում՝

  • հյուսվածքաբանական հետազոտություններ,
  • իմունոհիստոքիմիական հետազոտություններ,
  • համակարգչային շերտագրություն (ԿՏ),
  • մագնիսա-ռեզոնանսային շերտագրություն (ՄՌՏ),
  • PET-համակարգչային շերտագրություն (PET-CT),
  • բժշկի կողմից նշանակված այլ հետազոտություններ։

Ախտորոշումը հաստատվելուց հետո մենք շարունակում ենք լինել հիվանդների կողքին՝ նրանց համար հասանելի դարձնելով բժշկի կողմից ընտրված բուժման եղանակը, որոնց շարքում կարող ենք առանձնացնել հետևյալները․

  • քիմիաթերապիա (քիմիաթերապևտիկ և սիմպտոմատիկ դեղորայք),
  • ճառագայթային բուժում,
  • վիրահատական միջամտություն (ծառայություն և անհրաժեշտ պարագաներ)։

Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք հիմնադրամը, ի լրումն վերոնշյալին, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ստացիոնար բուժում ստացող հիվանդներին ապահովում է նաև 4-անգամյա սննդով հիվանդանոցում գտնվելու ողջ ընթացքում` վստահ լինելու համար, որ երեխաները բուժմանը զուգահեռ ստանում են նաև սննդարար և բալանսավորված ուտելիք։

ՀՈԳԵԲԱՆԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ

Քաղցկեղը և արյան հիվանդությունները պահանջում են երկարատև բուժում, որի ընթացքում երեխաները և ընտանիքի անդամները կարող են ունենալ  աջակցության կարիք։ 2016թ․-ին Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք  հիմնադրամը Global Health Initiative-ի և Dana Farber / Boston Children’s Cancer Institute-ի  աջակցությամբ ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցի Քիմիաթերապիայի կլինիկայում քաղցկեղ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար հիմնադրեց Հոգեբանասոցիալական ծառայություն։

2019թ․-ի փետրվարի 7-ին պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում երկու կլինիկաների միավորմամբ հիմնադրվեց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, ինչից հետո Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք  հիմնադրամի կլինիկական հոգեբանը շարունակում է տրամադրել համապատասխան աջակցություն ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի Հոգեբանասոցիալական ծառայության շրջանակում՝ միաժամանակ համակարգելով ծառայության գործունեությունը։ Ծառայության շրջանակում երեխաներին և ընտանիքներին հոգեբանասոցիալական աջակցություն տրամադրելուց զատ իրականացվում է նաև երեխաների և ընտանիքիների համար ուսուցանող նյութերի կազմում, թարգմանություն։