Նորություններ

Արյունաբանական կենտրոնում կայացավ «Ջոեֆ Ջիպսի Կինգս Ֆեմիլի» խմբի երգիչ-կիթառահարի փոքրիկ մենահամերգը

Օգոստոսի 14, 2019

Երևան –  Այսօր ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կայացավ «Ջոեֆ Ջիպսի Կինգս Ֆեմիլի» խմբի երգիչ և կիթառահար Ջոզեֆ Ֆարժիերի փոքրիկ մենահամերգը, որը կազմակերպվել էր երգչի և «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության շրջանակներում։ Համերգին ներկա էին նաև ՀՀ վարչապետի տիկին, «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

Ջոզեֆ Ֆարժիերը ելույթով հանդես եկավ կենտրոնում բուժում ստացող պացիենտների և բուժանձնակազմի համար, ինչպես նաև Աննա Հակոբյանի ուղեկցությամբ շրջեց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնով և շփվեց բուժում ստացող երեխաների, նրանց ծնողների հետ և մի քանի ստեղծագործություն կատարեց նաև այն բալիկների համար, որոնք չէին կարողացել մասնակցել նախասրահում տեղի ունեցած միջոցառմանը։

Ջոզեֆը նաև մինի վարպետաց դասեր անցկացրեց ցանկացողների հետ, իսկ երբ նա իմացավ, որ մեր շահառուներից մեկը նույնպես շատ լավ է կիթառ նվագում, խոստացավ մյուս այցի ժամանակ իր հետ բերել իր անձնական կիթառը և նվիրել մեր տաղանդաշատ տղային։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ջոզեֆ Ֆարժիերին մեզ ու մեր երեխաներին տոն պարգևելու համար և լիովին կիսում ենք նրա տեսակետն այն մասին, որ երաժշտությունը կարողանում է բուժել։ Համոզված ենք, որ այսօրվա երաժշտական անակնկալից բոլորը շատ դրական լիցքեր ստացան։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: