Աննա Հակոբյանը Արյունաբանական կենտրոնում ներկա է գտնվել «Լույսի կռունկներ» միջոցառմանը
Հունիսի 12, 2019
Երևան – ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախագահ Կարինե Փիլիպոսյանի ուղեկցությամբ հունիսի 12-ին այցելել է պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և մասնակցել «Լույսի կռունկներ» ծրագրի 2-րդ փուլի շրջանակում՝ 1000 կռունկների նվիրատվության արարողությանը: Նախաձեռնության հեղինակները «UWC Դիլիջան» միջազգային դպրոցում սովորող ճապոնացի ուսանողներն են, որոնք «Հիկարի» կենտրոնի աշխատակիցների և արյունաբանական կենտրոնում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաների հետ համատեղ հազար օրիգամի կռունկ են պատրաստելու:
Միջոցառմանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայը շեշտել է, որ իր երկրի համար կռունկներ նվիրելը շատ խորհրդանշական է և այն երջանկության խորհուրդն է կրում:
«Ինձ համար մեծ պատիվ է հրավիրված լինել այս միջոցառմանը, որը նվիրված է բոլոր երեխաներին փայփայելուն և աշխարհն իրենց աչքերով տեսնելուն: Ինչպես դուք գիտեք Ճապոնիայում կռունկը բարության և գեղեցկության խորհրդանիշ է: Ճապոնացիները հավատում են, որ եթե մարդը պատրաստի 1000 կռունկ, նրա ցանկությունը կկատարվի»,- իր ելույթում ասել է դեսպանը՝ հույս հայտնելով, որ կռունկները կկատարեն նաև հայ մանուկների երազանքները:
«Նախաձեռնությունը շատ գեղեցիկ է, հաճելի և հուսադրող: Գնահատում և կարևորում ենք այս համագործակցությունը: Երեխաների համար շատ կարևոր է հանրության ուշադրությունն ու աջակցությունը»,- ասել է Էսթեր Դեմիրճյանը՝ հավելելով, որ կռունկների մի մասը պատրաստվել է Դիլիջանի դպրոցում, մի մասը «Հիկարի» կենտրոնում, մի մասն էլ արյունաբանական կենտրոնում:
«Խորհրդանշական օր է, որը նվիրված է եղել ճապոնացի այն երեխաներին, որոնք Հիրոսիմա և Նագասակի քաղաքներում աղետից հետո հիվանդացել են լեյկեմիայով: Բուժման ընթացքում երեխաներից մեկը որոշել է, որ կռունկներ պետք է սարքի, և այդ կռունկները պետք է ուղարկի տարբեր ծիրեր, և հազարերորդ կռունկն ուղարկելուց հետո Աստված նրան պետք է առողջություն տար: Այս լեգենդի վրա է հիմնված այսօրվա հանդիպման առիթը: Կուզեմ, որ հայ երեխաները, ովքեր այս օրերի ընթացքում փորձեցին նմանվել իրենց ճապոնացի բախտակիցներին, Աստված նրանց բոլորին առողջություն տա»,- ասել է Պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաները: Միջոցառման ավարտին Աննա Հակոբյանը շրջել է նաև կենտրոնով, շփվել քաղցկեղով հիվանդ երեխաների և նրանց ծնողների հետ, նրանց նվիրել օրիգամիից պատրաստված կռունկ: