Այսօրվա մեր հերոսը 6 տարեկան Դավիթն է Արարատի մարզից։ Հերիք է մի քանի րոպե զրուցեք նրա հետ և կհամոզվեք, թե որքան լուրջ է մեր տղան։ Նրա հետ պետք է խոսել մեծի պես, բացատրել յուրաքանչյուր քայլի իմաստն ու նպատակը։
Իրեն հատուկ լրջությամբ, քչախոսությամբ և երբեք լաց չլինելով է անցնում բուժումը Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում։ Մեր տղան պետք է իմանա, թե հատկապես որ հետազոտությունների համար են գալիս Կենտրոն, արդյո՞ք պետք է մնան այնտեղ, թե ոչ։ Ի դեպ, նա շատ է սիրում, երբ հարազատները գալիս են իրեն տեսակցելու, և հատուկ խնդրում է բոլորից, որ խաղալիքներ բերեն։
Դավիթը մի քանի օր է հաճախել դպրոց՝ առաջին դասարան, ինչից հետո ախտորոշվել է հիվանդությունը, և այժմ մեր տղան ստիպված է բաց թողնել իր սիրելի դասերը։ Սակայն հիվանդանոցում գտնվելու օրերին նա հաճախ է գնում խաղասենյակ՝ ընկեր Անիի հետ դաս անելու:
Դավիթը երազում է մեծ ակերով, բարձր, մուգ կապույտ մի մեքենա ունենալու մասին։ Նա ցանկանում է այն վարելով գնալ դպրոց, երբ վերադառնա տուն՝ հիվանդությունը հաղթահարած։

2024-02-07

Ամեն անգամ էլ ավելի ենք հուզվում՝ կիսվելով Ձեզ հետ նման լուրերով։
Մեր խիզախ Դավիթը, ում երազանքի մասին օրեր առաջ պատմել էինք ձեզ, շնորհիվ պրոֆեսիոնալ բուժանձնակազմի և մեր հոգատար նվիրատուների, այժմ արդեն ավարտեց իր հիմնական բուժումն՝ անցնելով պահպանողական փուլի։
Նշենք, որ նա տուն գնաց իր երազանքների մեծ, սև մեքենայով՝ շնորհիվ Արմեն Քալանթարյանի, ով տեսնելով մեր Դավիթին՝ անմիջապես կապ հաստատեց մեզ հետ։
Սիրելի Դավիթ, անչափ հպարտ ենք քեզանով։

2024-03-06

Այսօրվա մեր հերոսը 3-ամյա քաջ Նարեկն է Արցախից։
Նարեկը շա՜տ լուրջ է, և երկար ժամանակ է պետք, որ ընկերանա որևէ մեկի հետ։ Սակայն մեր տղան շատ լավ ու հոգատար ընկեր է բոլոր նրանց համար, ովքեր կարողացել են «գրավել նրա սիրտը»։ Այդպես պատահեց նաև Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու առաջին օրերին, երբ մեր տղան տեսավ և միանգամից ընկերացավ իր բժշկուհու՝ Աննա Ավագյանի հետ։ Եվ հիմա երբ տեսնում է նրան, վազում է ու պինդ գրկում։
Հիվանդանոցում գտնվելիս Նարեկն ամենաշատը կարոտում է հայրիկին, և նույնիսկ քնած ժամանակ նրա անունն է տալիս ու ժպտում։ Նա նաև շա՜տ հոգատար մեծ եղբայր է 5 ամսական փոքրիկ եղբոր համար։
Մեր Նարեկի տարերքը բոլոր տեսակի փոխադրամիջոցներն են։ Նա Արցախում ավելի շատ ուներ խաղալիք մեքենաներ, և հիմա պարբերաբար հարցնում է, թե չե՞ն կարող արդյոք Արցախից իր խաղալիքները բերել։

Նարեկն Արցախում ուներ մի մեծ, սև մեքենա, որում անց էր կացնում իր ողջ օրը, նույնիսկ դրա մեջ հաց էր ուտում։ Այժմ նա երազում է, որ իր մեքենան վերջապես «Արցախից բերեն», որպեսզի հիմա էլ այստեղ ողջ օրը վարի այն։

2024-02-28

Այսօր ձեզ կպատմենք 11-ամյա Գոռի մասին, Արագածոտնի մարզից։ Մինչ հիվանդության ախտորոշումը Գոռն ընտանիքի հետ ապրում էր  Ռուսաստանի Դաշնությունում, սակայն այժմ տեղափոխվել է Հայաստան, ինչի առիթով շա՜տ է ուրախացել։
Սկզբնական շրջանում Գոռը միշտ ասում էր, որ ուրախ է, որ չեն վերադառնում ՌԴ, սակայն հիմա՝ որոշ ժամանակ անց, արդեն մի՜ փոքր սկսել է կարոտել այնտեղ անցկացրած օրերը։
Մեր ուժեղ տղան ճապոնական «Նարուտո» անիմեի մեծ երկրպագու է։ Նա արդեն հասցրել է դիտել բոլոր սերիաները, և քանի որ նաև շատ է սիրում  նկարել, մի ամբողջ տետր նվիրել է հենց «Նարուտո»-յի հերոսներին՝ նրանց յուրաքանչյուրին պատկերելով։
Գոռը չափազանց լուրջ ու հավասարակշռված է բոլոր միջավայրերում՝ թե՛  դպրոցում, թե՛ Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալիս։  Նա նաև ընկերասեր է և շփվող։ Հենց այս բնավորության շնորհիվ էլ նա մտերմացել է իր բժշկուհու՝ Սաթեն Հովհաննիսյանի հետ, և նույնիսկ  տանը գտնվելիս շատ է կարոտում նրան։
Մեր քաջ Գոռը ցանկանում է ունենալ մի էլեկտրական սկուտեր կամ մեծ (26 դյույմ) հեծանիվ՝ սև ու կապույտ գույներով։

2023-11-29

Մեր Գոռի համար մեկ երազանքը՝ ավարտել հիմնական բուժումը և վերադառնալ տուն, մի քանի օր է, ինչ արդեն իրականություն է դարձել։ Սակայն շնորհիվ անանուն մնալ ցանկացած մեր բարեկամի՝ Գոռը տուն վերադարձավ իր երազանքների մեծ հեծանիվով։
Անչափ շնորհակալ ենք մեր խիզախ տղայի փայլող աչքերի համար։

2024-02-21

Չորեքշաբթի է, և այսօրվա մեր հերոսը 5 տարեկան Էրիկն է։ Էրիկը ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն այժմ, հիվանդության բուժմամբ պայմանավորված, մայրիկի ու հայրիկի հետ տեղափոխվել է Հայաստան՝ Կոտայքի մարզ։
 Մեր ակտիվ ու հետաքրքրասեր տղայի տարերքը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներն են։ Նա պատրաստ է ժամերով խաղալ իր սիրելի մեքենաներով, ինչպես նաև պատմել բոլոր մակնիշների մասին։

Էրիկը շա՜տ մարդամոտ ու շփվող է։ Նույնիսկ չի համբերում, թե երբ է առողջացած վերադառնալու մանկապարտեզ՝ իր ընկերների մոտ, որպեսզի բոլորին, ինչպես ինքն է ասում, նվերներ բաժանի։
Էրիկի ընտանիքը պատրաստվում է համալրման։  Չնայած որ Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու այս օրերին նա չի համաձայնում մայրիկից բաժանվել թեկուզ մի քանի րոպեով, համաձայնել է մի քանի օր խելոք մնալ, որպեսզի հանդիպի իր շա՜տ սպասված փոքրիկ քույրիկին ։
Էրիկն անհամբեր է, թե երբ է լավանալու, և հաճախ է մայրիկին հարցնում հստակ ժամկետների մասին։ Բանն այն է, որ մեր տղան Ռուսաստանի Դաշնության իրենց տանն է թողել իր բոլոր  խաղալիք մեքենաները, և հիմա շատ է ուզում վերադառնալ այնտեղ՝ իր սիրելի խաղալիքների մոտ։
Կենտրոնում բուժում ստանալու այս օրերին մեր Էրիկը միայն ու միայն ցանկանում է ունենալ մի մեծ, սև, Mercedes-Benz G-դասի մեքենա, որը վարելով իր նորածին քույրիկին կուղեկցի հիվանդանոցից  տուն։

2024-01-31

Այսօր պատմելու ենք մեր գեղեցկուհի 14-ամյա Լիաննայի մասին՝ Արմավիրի մարզից։
Լիաննան Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ամենամարդամոտներից է։ Սիրում է պարել, միշտ լցված է էներգիայով, մտերիմ է բոլորի հետ։ Նա երբեք չի կորցնում լավատեսությունը։ Նույնիսկ կաթիլայինի համար նախատեսված շտատիվն է ամեն անգամ զարդարում։
Հիվանդության հայտնաբերման սկզբնական փուլում մեր ուժեղ աղջիկը շատ նեղսրտեց, երբ ստիպված եղան սափրել իր գեղեցիկ, երկար մազերը։ Միաժամանակ թույլ չտվեց մայրիկին, երբ վերջինս ցանկացավ ինքն էլ իր մազերը սափրել, որպեսզի միասին անցնեն հիվանդության հաղթահարման ճանապարհով։ Հետագայում միայն Լիաննան հասկացավ, որ ինքը այսպես շատ գեղեցիկ է, և ասում է՝ նույնիսկ չի հիշում, թե ինչպիսին էր ինքը երկար մազերով։
Հիմա Լիանան Կենտրոնում բուժում ստացող աղջիկների հետ հաճախ զրուցում է՝ միշտ ասելով, որ սա ընդամենը իրենց կյանքի մի փուլ է, որը շուտով կհաղթահարեն, և որ պետք չէ տխրել մազերի բացակայությունից։ Նույնիսկ ասում է, որ չի համբերում, թե երբ է ամառը գալու, որպեսզի առանց գլխաշորի կամ գլխարկի շրջի․ չէ՞ որ ինքն այդպես էլ է գեղեցիկ։
Մեր Լիաննան երազում է մոդել դառնալ, և նույնիսկ բուժում ստանալու շրջանում մշտապես սիրում է հաճոյախոսություններ լսել իր գեղեցկության մասին։ Լիանայի երազանքն է հագուստի որևէ բրենդի հետ համագործակցել, լուսանկարվել տվյալ բրենդի համար՝ ևս մեկ անգամ բոլորին ապացուցելով, որ քաղցկեղը վարակիչ չէ, վարակիչ է սերը։

2024-01-24

Այսօրվա մեր հերոսը 2 տարեկան Մագդալինան է՝ քաղաք Երևանից։ Փոքրիկ Մագդալինան շա՜տ հանգիստ է, և նույնքան հանգիստ էլ մոտենում է բուժման ընթացքին՝ չառաջացնելով բարդություններ։ Երբ նոր էր կատարվել ախտորոշումը, մեր Մագդալինան մի փոքր դժվարությամբ էր համաձայնում միջամտություններին, չէր ցանկանում նույնիսկ ներս մտնել հիվանդանոցի դռնից։ Սակայն հիմա, երբ արդեն համոզվել է, որ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում իրեն հոգատարությամբ են վերաբերվում, հեշտ է համաձայնում անցնել հետազոտություններ, ենթարկվել միջամտությունների։
Փոքրիկ Մագդալինան նաև շատ ուժեղ է, և դիմանում է բժշկական միջամտություններին առանց լաց լինելու։
Տանը նույնպես շա՜տ է սիրում խաղալ մեծ՝ 4-ամյա քույրիկի հետ, և որքան էլ կարող է զարմանալի հնչել, գրեթե չի վիճում նրա հետ։
Մեր հանգիստ աղջկա տարերքը ջուրն է, սիրում է լողալ, և առանց ձանձրանալու ժամերով կարող է մնալ ջրում։ Նաև սիրում է նկարել, հավաքել տարբեր պատկերներ։
Մեր Մագդալինան հիվանդանոցի միջացքում տեսել է մեր փոքրիկներից մեկի նվերը՝ մեծ կարմիր մեքենա: Հենց այդ պահին էլ նա որոշեց ՝ ինքն էլ է ուզում ունենալ նման մի մեքենա, պարզապես վարդագույն՝ իր սիրելի գույնի։

2023-10-11

Շնորհիվ ԱՄՆ-ում բնակվող մեր սիրելի բարեկամ տիկին Ինջիղուլյանի, մեր Մագդալինային արդեն կհանդիպեք իր վարդագույն մեքենայով ու լա՜յն ժպիտով։
Անչափ շնորհակալ ենք մեր փոքրիկների կողքին լինելու համար։

2023-12-14

Այսօր պատմելու ենք մեր անուշիկ 6 տարեկան Արսինեի մասին, Վայոց Ձորի մարզից։
Մեր նուրբ աղջիկը շա՜տ է սիրում կենդանիներ, և հատկապես կարոտում է իր  շունիկին՝ Արչիին։ Արսինեն երկու փիսիկ ունի՝ Վագրիկն ու Անուշիկը, և քանի որ Անուշիկը ճերմակ է, նա ամենուր այդ գույնի կենդանիներին «Անուշիկ» է կանչում։
Մեր քաղցրիկ աղջիկը երբեմն հուզում է իր խոհեմ մտքերով։ Բուժման սկզբնական շրջանում նա հնարավոր ցավից վախ ուներ, ապա մեծացավ ընտանիքի՝ հայրիկի և երկու մեծ քույրիկների հանդեպ կարոտը, և ապա թափվեցին մեր գեղեցկուհու մազերը, որոնք նա այնքան շատ էր սիրում։ Երբ մայրիկը որոշեց, որ ինքն էլ պետք է սափրի մազերը, որպեսզի միասին նույն տեսքն ունենան, Արսինեն կտրականապես մերժեց՝ ասելով․ «Չէ, մամա, որտե՞ղ ես ճաղատ մամա տեսել»:
Արսինեն շատ հետաքրքիր մտքեր ունի։ Օրինակ՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում նա բժիշկներին ու  բուժքույրերին տարբերակում է հագուստի երկարաթև կամ կարճաթև լինելուց։ Ասում է՝ բոլոր բուժքույրները կարճաթև են հագնում, քանի որ շատ գործ են անում և շոգում են, իսկ բժիշկները միշտ երկարաթև հագուստ են կրում։
Հենց սա պատճառ դարձավ հստակ որոշման՝ երբ մեծանա, բուժքույր է դառնալու ու վերադառնա Մանկական բաժանմունք՝ բոլոր բալիկներին պատմելու, որ վախենալու ոչինչ չկա, որ ինքը եղել է այդտեղ և բուժվել է, որ միջամտություններն այնքան էլ ցավոտ չեն։
Արսինեն շատ է սպասում Ձմեռ պապիկին, և նրանից բազմաթիվ  նվերների ցանկում նաև կեղծամ է խնդրել՝ կարոտելով իր մազիկները։ Սակայն մինչ Ամանոր նա մեծ ցանկություն ունի մի բաց մանուշակագույն, բացվող բազկաթոռ ունենալ, որի վրա պատկերված կլինեն իր սիրելի մուլտհերոսները՝ Թոմը և Ջերրին։

2023-12-13

Այսօրվա հերոսը 15-ամյա Նունեն է՝ Գեղարքունիքի մարզից։
Մեր անուշիկ աղջկա սիրելի զբաղմունքը շյուղերով ու հելյունով գործելն է, սակայն հիմա, հիվանդությամբ պամանավորված, նա թևի շրջանում ցավեր ունի։ Դա, անշուշտ, կարող էր խոչընդոտ հանդիսանալ, սակայն նա, ամեն դեպքում ուժ գտնում է՝ սիրելի գործով զբաղվելու համար։
 Նունեն նաև մշակութասեր է։ Եվ նույնիսկ հիմա՝ Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալիս նա հեռախոսով դիտում է հայկական ներկայացումներ ու ֆիլմեր։
Մեր գեղեցկուհուն բոլորը դասարանում ամենաբարին են համարում, իսկ տանը նա իր փոքր եղբոր պաշտպանն է։ Հիվադանոցում գտնվելու օրերին հատուկ զանգահարում է հայրիկին՝ զգուշացնելու, որ հանկարծ փոքր եղբոր վրա չբարկանա։
 Նունեի երազանքը շուտ ապաքինվելն է, չնայած նա ինքն իրեն երբեք հիվանդ չի էլ համարում։  Նունեն կարոտում է իր երկար մազերը, և ցանկանում, որ դրանք հնարավորինս շուտ վերականգնվեն (ի դեպ, նա մեզ հատուկ խնդրել է չհրպարակել իր լուսանկարը՝ քիմիոթերապիայի հետևանքով թափված մազերով)։
Դեկտեմբերի 26-ին Նունեն կդառնա 16 տարեկան։ Որպես ծննդյան նվեր՝ նա ցանկանում է մի մեծ հարդարման սեղան ունենալ՝ հայելիով և դարակներով, որպեսզի երբ բուժումն ավարտելով տուն վերադառնա, գեղեցկանա իր սենյակում։

2023-12-06

Այսօրվա մեր հերոսը 3-ամյա Արտյոմն է՝ Ջավախքից՝ Բոգդանովկայի շրջանից։
Մեր քաղցր տղայի տարերքը փոխադրամիջոցներն են, իսկ ամենասիրելի խաղը՝ մեծ եղբոր հեծանիվին իր մեքենաները կապելն ու խնդրելը նրան, որ ինչքան հնարավոր է՝ արագ վարի։
Մեր Արտյոմը շա՜տ հյուրընկալ է, և երբ տանը հյուրեր են լինում, նա անպայման պնդում է, որ հենց ինքը ճանապարհի նրանց։ Արտյոմն ամենաշատը կապված է մեծ քույրիկի հետ, ում երբեք անունով չի դիմում, այլ հենց այդպես՝ «քույրիկ»։
Մեր դրական տղան սկզբնական շրջանում այնքան էլ չէր ցանկանում գալ Հայաստանի Մանկական քաղցկեղի ևարյան հիվանդությունների կենտրոն, և ամեն անգամ գյուղից Երևան գալիս ասում էր․ «Չեմ գալիս Երևան, էնտեղ բժիշկներ կան»։ Սակայն հիմա Արտյոմն ընկերացել է իր սիրելի բժշկուհու՝ Մանեի հետ, և նույնիսկ տանը քույրիկին ու եղբորը խաղալիքների օրինակով ցույց է տալիս տարբեր միջամտություններ, որ կատարում են բժիշկները։
Մեր Արտյոմը երազում էր մեծ մեքենա ունենալ, բայց գյուղի ճանապարհները, ցավոք, հնարավորություն չեն տա այն վարել սրտի ուզածով։ Մեր տղան այժմ ցանկանում է մի կապույտ հեծանիվ ունենալու մասին, որը բուժումն ավարտելով և տուն վերադառնալով՝ կվարի եղբոր հեծանիվի ետևից։

2023-11-22

Այսօր ձեզ կպատմենք մեր 3 տարեկան Նոյի մասին քաղաք Երևանից։ Նրա մասին խոսելիս՝ բոլորը շեշտում են մի կարևոր գիծ՝ մեր տղան որքան էլ տխուր լինի, միևնույն է, բոլորին միշտ սեր ու ջերմություն է տալիս։ Հենց դրա համար է, որ մայրիկը նրան անունի փոխարեն այդպես էլ կանչում է՝ «սեր բաժանող»։
Նոյը հիմա՝ Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ընթացքում էլ է դրական մնում։ Ամեն անգամ կենտրոն մտնելով՝ բոլորին ողջունում է՝ հայտնելով, որ ինքը եկել է, իսկ իր բժշկուհուն՝ Ջուլիետա Հովեյանին հանդիպելիս՝ մոտենում է ու պինդ գրկում՝ թույլ չտալով մյուս բալիկներին էլ զննել։
Փոքրիկ Նոյը կարոտում է միայն ընտանիքի անդամներն՝ հայրիկին, մեծ քույրիկին ու եղբորը։
Մեր ուժեղ ու դրական տղայի տարերքը դինոզավրերն ու մեքենաներն են։ Նա սիրում է ամեն ինչ, ինչի վրա անիվ կա (նույնիսկ եթե խոսքը աղջիկների դպրոցական պայուսակների մասին է, որոնք անիվներ ունեն)։ Սիրում է հատկապես մեքենաների հայտնի մուլտֆիլմի հերոս ՄաքՔուինին, և երազում է նրա նմանությամբ մի մեծ, կարմիր մեքենա ունենալու մասին, որը բուժումն ավարտելով՝ կվարի դեպի տուն՝ շա՜տ սիրելի ընտանիքի մոտ։

2023-09-13

Սիրելի մուլտհերոսի նմանությամբ մեծ, կարմիր մեքենան ստիպեց մեր փոքրիկ Նոյին վերջապես ժպտալ և դրանով էլ ժպիտ պարգևել ընտանիքին ու բուժանձնակազմին։
Մեր Նոյի փայլող աչքերի համար շնորհակալ ենք ԱՄՆ-ում բնակվող մեր սիրելի հոգատար բարեկամ տիկին Ինջիղուլյանին։

2023-11-17

Այսօրվա մեր հերոսը գեղեցկուհի 4-ամյա Լիկան է Սյունիքի մարզից։ Մեր աշխույժ աղջիկը շատ է սիրում շփվել ու լուսանկարվել, և միանգամից ընկերանում է բոլորի հետ։
Այս շրջանում՝ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալիս, Լիկան անմիջապես պայծառանում է, երբ մոտակայքում տեսախցիկ է տեսնում։ Նա վազում է ու դիրքավորվում՝ նկարվելու համար՝ մայրիկին էլ խնդրելով, որ միանա իրեն ու լուսանկարվի։
Երբ հիվանդասենյակ է մտնում բժշկուհի Սաթեն Հովհաննիսյանը, Լիկան ամեն ինչ թողնում է, վազում ու գրկում նրան։ Նույնիսկ մայրիկին նվիրած բացիկներն է ետ վերցնում՝ բժշկուհուն նվիրելու համար։
Բուժման սկզբնական շրջանում Լիկան շա՜տ էր վախենում ու տխրում, բայց հիմա արդեն ամեն բան այլ է։ Լիկան ցանկանում է շուտ լավանալ ու վերադառնալ տուն, և ամեն օր աղոթում է դրա համար՝ իր բոլոր աղոթքները սկսելով «Աստված պապիկ, խնդրում եմ, ինձ բժշկիր» բառերով։
Լիկան երազում է, որ իր ընտանիքը՝ ինքը, մայրիկը և երկու քույրիկները կրկին միասին լինեն։
Մեր գեղեցկուհին շատ է ցանկանում իր առանձին մեծ ու վարդագույն մահճակալն ունենալ, որում անուշ երազներ կտեսնի՝ տուն վերադառնալով։

2023-11-15

Ծանոթացեք մեր 10 տարեկան Հայկի հետ Վայոց Ձորի մարզից։
Մեր Հայկի սիրելի զբաղմունքը նկարելն է։ Սիրում է հիմնականում եկեղեցիներ նկարել, և դրանցից ամենասիրելիները փակցնել իր սենյակի պատերին։ Հայկը սիրում է նաև բնություն, և իր նկարներում հաճախ նաև բնություն է պատկերում։
 Առաջին հայացքից կարող է թվալ, որ մեր համեստ տղան շատ շփվող չէ, սակայն հերիք է միայն տեսնել նրան իր մոտ ընկերների շրջապատում, և այդ կարծիքից վերջնական կհրաժարվեք։
Հայկը շա՜տ է կապվում իր ընկերների հետ։ Օրինակ՝ Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալիս նա այնքան է մտերմացել Ինգայի, Արմենի և Ալեքսի հետ, որ նույնիսկ տանը գտնվելու օրերը չի կարողանում առանց նրանց հետ հեռախոսով զրուցելու անցկացնել։
Բուժման ընթացքը մեր Հայկը շա՜տ հանգիստ է տանում։ Նա գիտի, թե ինչ ընթացք ունի իր բուժումը, և նույնիսկ ինքն է մայրիկին հուսադրում՝ ասելով, որ շուտով այս փուլն էլ է ավարտվելու։
Հայկը վստահում ու սիրում է իր բժշկներին և հատկապես՝ Գրիգոր Վարդանյանին, և եթե երբեմն նույնիսկ բուժման բարդություններով պայմանավորված՝ ախորժակ չի ունենում, իր սիրելի բժիշկ Գրիգոր Վարդանյանի հետ զրույցից հետո անպայման ուտում է՝ արագ ապաքինվելու համար։

2023-09-06

Շնորհիվ անանուն մնալ ցանկացած մեր ընկերների, մեր Հայկն արդեն ունի իր երազանքների հեծանիվը։
Հոգաչափ շնորհակալ ենք մեր բոլոր հոգատար նվիրատուներին՝ մեր փոքրիկների կողքին լինելու համար։

2023-11-08

Այսօրվա հերոսը մեր 4 տարեկան Տաթևն է՝ Լոռու մարզից։ Հերիք է մեկ անգամ տեսնել մեր Տաթևին, և երբեք նրան չեք մոռանա։ Նա անգամ ձեզ չճանաչելով կարող է մոտենալ ու ջերմ գրկել ձեզ, տալ տարբեր հարցեր։
Մեր մարդամոտ գեղեցկուհին շա՜տ ընկերասեր է, և շփվում է Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող իր տարեկիցներից գրեթե բոլորի հետ։
Տաթևի այս ընկերասիրությունը, ի դեպ, գալիս է իր մեծ ընտանիքից, ուր արդեն իսկ սպասում են չորրորդ բալիկի ծնունդին։ Ճիշտ է, մեր աղջիկը մի փոքր տխրում է, որ փոքրիկի խնամքով զբաղվելով՝ մայրիկը հնարավոր է՝ չկարողանա ուղեկցել նրան հիվանդանոց, սակայն նաև հուսադրում է բոլորին՝ ասելով՝ ես գնամ լավանամ, որ գամ տուն։
Բուժման կուրսերը հիվանդանոցում անցնելու ընթացքում մեր սիրուն աղջիկը ամենաշատը սպասում է հայրիկին, քանի որ եթե նա գալիս է, նշանակում է՝ տուն գնալու ժամանակն է։
Մեր Տաթևը երազում է մի մեծ, վարդագույն մահճակալ ունենալու մասին, որում հեքիաթներ լսելով սիրելի մայրիկից՝ անուշ երազներ կտեսնի։

2023-11-07

Ծանոթացեք մեր 15-ամյա Անիի հետ՝ քաղաք Երևանից։
Անիի հետաքրքրություններն ու նախասիրությունները շատ բազմազան են։ Օրինակ՝ արդեն 10-րդ դասարանցի մեր աղջիկը դպրոցական առարկաներից ամենաշատը սիրում է պատմությունը։ Սիրում է նաև դետեկտիվ գրականություն, և հատկապես Ագաթա Քրիստիի վեպերը կարդում է մի շնչով։
Սակայն այս նախասիրություններին զուգահեռ՝ Անին հստակ ընտրել է իր ապագա մասնագիտությունը, և որքան էլ զարմանալի է, նա պատրաստվում է ֆլորիստ-դիզայներ դառալ։ Նուրբ հոգի ու ճաշակ ունեցող մեր Անին իր առաջին աշխատանքը սիրելի մայրիկին է  նվիրել, և այդ քայլով շա՜տ է հուզել նրան։
Մեր ուժեղ աղջիկը բուժման ընթացքին շատ ըմբռնումով է մոտենում, և նույնիսկ ինքն է խնդրում ընտանիքի անդամներին լաց չլինել և լավ տրամադրվել։
Անին նաև երաժշտասեր է։ Եվ հիմա՝ նույնիսկ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու օրերին, մեր աղջիկը երբեմն բարձր երաժշտություն է միացնում հիվանդասենյակով մեկ՝ տրամադրություն ստեղծելով բոլորի համար։ Իր շփվող և միաժամանակ համեստ բնավորությամբ Անին հատկապես իրենից տարիքով փոքրերի սիրելին է։
Մեր Անին ցանկանում է մի մեծ նվագարկիչ-բարձրախոս ունենալ, որը բուժումն ավարտելով և տուն վերադառնալով՝ կտեղադրի իր սենյակում ու շատ բարձր երաժշտություն կլսի։

2023-09-30

Մեր Անին արդեն ունի իր երազանքների նվագարկիչը՝ շնորհիվ Հիմնադրամի վաղեմի ընկեր Աննա Ջամբազյանի։
Անչափ շնորհակալ ենք մեր գեղեցկուհու երազանքն իրականություն դարձնելու համար։

2023-11-03

Այսօրվա հերոսը 10 տարեկան Սոֆյան է՝ Գեղարքունիքի մարզից։ Մեր Սոֆյան ընտանիքի հետ ապրում էր ՌԴ-ում՝ Վլադիկավկազում, երբ սկսեց ջերմել, իրեն վատ զգալ։ Ծնողները որոշեցին, որ մեր աղջիկն իր հետազոտությունները կանցնի հայրենիքում, և նույն օրն իսկ Հայաստան վերադարձան։

Սոֆյան հիմա արդեն շատ լավ է խոսում ու հասկանում հայերեն, ի տարբերություն տեղափոխվելու սկզբնական շրջանի։ Սոֆյայի սիրելի զբաղմունքները պարելն ու նկարելն են։ Սիրում է հատկապես բնություն նկարել։

Բուժման ընթացքը համեստ ու ուժեղ Սոֆյան տանում է իրեն հատուկ հանգստությամբ։ Երբ ասում են, որ որևէ միջամտության կամ դեղորայք ընդունելու անհրաժեշտություն կա, Սոֆյան անմիջապես համաձայնում է ասելով․ «Եթե պետք է, կանեմ»։

Ինչպես մայրիկն է պատմում, մեր նուրբ աղջկա հանգստությունը ընտանիքին էլ է վարակում։ Նա ասում է, որ նույնիսկ իր երկար մազերը կտրելու որոշումը Սոֆյան շատ հանգիստ տարավ։ Ի դեպ, նա մինչ այդ շա՜տ էր սիրում իր մազերը, սակայն երբ ասացին, որ հիվադության բուժման այդ փուլում դրանք պետք է կտրել, դրան էլ համաձայնեց։

Մեր գեղեցկուհի Սոֆյան երազում է լավանդայի գույն ունեցող՝ բաց մանուշակագույն մի հեծանիվ ունենալու մասին, որով բուժումն ավարտելուց հետո զբոսանքներ կանի իր սիրելի բնության գրկում։

2023-09-23

Մեր փոքրիկ նկարչուհի Սոֆյայի զբոսանքներն այլևս առաջվանը չեն։ Նա արդեն վարում է իր նոր հեծանիվն ու հիանում բնությամբ՝ որսալով պատկերներ, որոնք հետո կարող է նկարել։
Մեր գեղեցկուհու երազանքը իրականացնելու և փայլող աչքերի համար մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում Ռոզա Նիկոլյանին։

2023-10-23

Այսօրվա մեր հերոսուհին 4-ամյա Թամարան է՝ Շիրակի մարզից։ Չնայած իր տարիքին՝ մեր գեղեցկուհին ախտորոշումն իմանալու պահին ինքն էր հուսադրում իր մեծ ընտանիքի անդամներին՝ ասելով․ «Շուտ կլավանամ, որ դուք էլ չտխրեք»։
Հիմա էլ՝ հիվանդության բուժման դժվար ճանապարհն անցնելիս՝ մեր Թամարիկն անընդհատ ասում է ընտանիքի՝ Աստված պապիկին խնդրել եմ, որ շուտ լավանամ։
Մեր ակտիվ գեղեցկուհին սիրում է  պարել,  նկարել։ Նա նաև շա՜տ լավ զրուցակից է, և հատկապես սիրում է երկար զրույցներ ունենալ հորաքրոջ հետ։ Իսկ երկար ու հետաքրքիր ժամանակ անցկացնելու հարցում մեր Թամարան միշտ ընտրում է տատիկին ու պապիկին։
Մեր ուժեղ աղջիկն արդեն մեկ ամիս է, ինչ մեծ  քույրիկ է։ Մայրիկն այժմ զբաղվում է փոքր դստեր՝ Հասմիկի խնամքով, իսկ Թամարան էլ հորաքրոջ ու տատիկի հետ է անցնում հիվանդության հաղթահարման ճանապարհով։
Հոկտեմբերի 9-ին մեր Թամարան 5 տարեկան կդառնա։ Ծննդյան առթիվ նա սրտանց ցանկանում է մի մե՜ծ, վարդագույն, երկտեղանոց մեքենա ունենալ, որպեսզի այն վարի, իր խոսքերով ասած, փոքր քույրիկին որպես ուղևոր կողքին դնելով։
Միացե՛ք մեզ՝ նշելու Թամարայի գալիք 5-ամյակը՝ օգնելով մեզ իրականացնել նրա երազանքը: Ձեր աջակցությունը կարող է ժպիտների, հույսի և երջանիկ պահերի առիթ դառնամ մեր քաջ փոքրիկ աղջկա համար:

2023-10-04

Տարեդարձ է այսօր, և հենց այսօր է, որ երազանքները իրականանում են։ Մեր Թամարան այսօր, բուժման ընթացքում առաջացած բարդությունները հաղթահարելով, ժամանակավոր դուրս գրվեց հիվանդանոցից և իր երազանքների վարդագույն մեքենայով, փոքրիկ քույրիկի ուղեկցությամբ, մեկնեց տուն՝ նշելու տարեդարձը։
Անչափ շնորհակալ ենք մեր բարեկամ Անահիտի ընտանիքին և ընկերներին՝ Թամարայի օրը տոն դարձնելու համար։
Իսկ ծննդյան առթիվ մեր ձագուկին բոլորիս մաղթանքը մեկն է՝ առողջություն։

2023-10-09

Ծանոթացեք մեր 2 տարեկան քաջ Էմիլի հետ, Արմավիրի մարզից։
Մեր տղային բնութագրելիս առաջին բառը, որ հնարավոր է հիշել, «ակտիվ»-ն է։ Մայրիկը նույնիսկ նշում է, որ ամենաշատը անհանգստանում են, երբ թե՛ տանը, թե՛  հիվանդասենյակում մի քանի րոպե լռություն է լինում։
Էմիլը շա՜տ մարդամոտ է։ Եվ հիմա՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալիս, նա անգամ ընկերացել է Ռոբին ռոբոտի հետ, և երբ տեսնում է նրան, վազում է ու գրկում։ Մեր տղան այս մասին պատմելիս ասում է, որ գիտի՝ Ռոբինն էլ իրեն է շատ սիրում, բայց գրկել չի կարող, քանի որ «ինքը թևեր չունի»։
Էմիլը ամենաշատը սիրում է իր բժշկուհուն՝ Մանե Գիժլարյանին, որովհետև, ինչպես ինքն է ասում, Մանեն իրեն «չի սրսկում ու ասում է՝ գնա տուն» (նկատի ունի հիվանդանոցից դուրսգրումը)։ Էմիլն ինքն էլ երազում է բժիշկ դառնալ, «կատետր տեղադրել», և նրա պացիենտներն են հանդիսանում ընտանիքի բոլոր անդամները․ բժիշկ Էմիլը տանը հայրիկին «բուժում» է այնպես, ինչպես հիվանդանոցում՝ իրեն։
Մեր Էմիլը երազում է մի մեծ, կարմիր մեքենա ունենալու մասին, որը նստելով կուղևորվի տուն՝ հայրիկին ու քույրիկին «առաջին բուժօգնություն ցուցաբերելու»։

2023-08-16

Շնորհիվ անանուն մնալ ցանկացած մեր ընկերների, մեր փոքրիկ Էմիլն արդեն ունի ճիշտ իր հայրիկի մեքենայից, պարզապես ավելի փոքր չափերի։
Անկեղծորեն շնորհակալ ենք մեր հոգատար նվիրատուներին՝ մեր փոքրիկների երջանկության, փայլող աչքերի և պայծառ ժպիտների համար։

2023-10-05

Այսօրվա մեր հերոսը 3 տարեկան Արեգն է Տավուշի մարզի Թեղուտ գյուղից։

Չնայած փոքր տարիքին՝ մեր Արեգը ինքն է մայրիկին ուժ տալիս, երբ վերջինս հուզվում է՝ Արեգի բուժման երկարատև ճանապարհն անցնելիս։ Մեր ուժեղ տղան գրկում է նրան ու ասում․ «Մամա, Արեգը ուժեղ տղա ա»։ Նույնիսկ երբ փորձում են համոզել, որ առանց լաց լինելու անցնի տարբեր հետազոտություններ ու միջամտություններ, Արեգը ինքն է ասում, որ դրանք հաստատ ցավոտ չեն լինելու, քանի որ այդպես ինքը լավանում է։

Մեր տղան կամակորություններ չի անում ու հիմնականում խելոք հետևում է մայրիկի հրահանգներին։ Նա շատ է կապված մայրիկի հետ, քանի որ ընտանիքի միակ երեխան է։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալիս մեր Արեգը ամենաշատը կարոտում է հայրիկին, և անհամբեր սպասում է նրա հետ հանդիպանը։

Մեր ակտիվ Արեգը երազում է բոքսի հաճախել, սիրում է նաև նկարել, խաղալ տարբեր մակնիշի մեքենաներով ու սուպերհերոսներով։ Ամենաշատը սիրում է «Սարդ-մարդը», և հենց այդ է պատճառը, որ երազում է հենց Սարդ-Մարդու պատկերով մի մե՜ծ, երկտեղանոց մեքենա ունենալու մասին։ Հենց դրանով էլ մեր քաջ Արեգը մայրիկի հետ տուն կվերադառնա՝ բուժումն ավարտելուց հետո։

2023-08-02

Շնորհիվ հիմնադրամի բարեկամ Անահիտի և ընկերների՝ մեր Արեգն արդեն ունի իր երազանքների կարմիր մեքենան։
Միանալով մեր երեխաներին՝ մենք էլ ենք ցանկանում բարձրաձայնել մեր երազանքի մասին․ թող որ խաղաղություն լինի ողջ աշխարհում։

2023-09-28

Ծանոթացեք մեր 10 տարեկան համեստ Թամարայի հետ՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից։ Մեր աղջիկը շա՜տ լռակյաց է, խոսել չի սիրում, և հենց դա էլ դառնում է պատճառ, որ ընտանիքի անդամենրը հինգ երեխաներից ամենայուրահատուկն ու նուրբը հենց Թամարային վերաբերվեն։ Օրինակ՝ այս տարի 15 տարեկան եղբայրն իր աշխատած գումարով 3 քույրիկներից հենց մեր գեղեցկուհի Թամարայի համար նոր հեռախոս գնեց։

Թամարան բուժման ընթացքն էլ, բնավորության համաձայն, շատ լուռ ու համբերատար է տանում։ Անգամ որոշ հետազոտությունների ու անհրաժեշտ միջամտությունների կարողանում անցնել առանց անզգայացման։ Վստահում է բժիշկներին, հարցեր չի տալիս և ոչ էլ խանգարում է նրանց աշխատել։

Սակայն Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում գտնվելով՝ մեր նուրբ աղջիկը շա՜տ է կարոտում իր մեծ ընտանիքի բոլոր անդամներին, և հատկապես մեծ քույրիկի դստերը՝ Սաթիին։ Ի դեպ, փոքրիկի նկարը տեղադրված է մեր Թամարայի հեռախոսի էկրանին, որպեսզի կարողանա միշտ տեսնել նրան, և երևի ավելի քիչ կարոտել։

Մեր Թամարան ցանկանում է մի մեծ ու վարդագույն մահճակալ ունենալ, որը տեղադրելով իր վարդագույն սենյակում՝ կկարողանա անուշ երազներ տեսնել։

2023-07-26

Շնորհիվ անանուն մնալ ցանկացած մեր բարեկամի՝ մեր Թամարան անուշ երազներ կտեսնի իր նոր ու հարմարավետ մահճակալում։
Շնորհակալ ենք, որ միշտ մեր փոքրիկների կողքին եք։

2023-09-15

Ծանոթացեք մեր լուրջ ու համեստ 7 տարեկան Արմենի հետ՝ Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղից։
Մեր Արմենը արդեն երկրորդ անգամ է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտոնում բուժում ստանում․ 2021 թվականին առաջին անգամ կատարվեց ախտորոշումը՝ Սուր լիմֆոբլաստային լեյկոզ։ Ստացած բուժման արդյունքում գրանցվեց ռեմիսիա՝ հիվանդության նահանջ, և Արմենը տուն վերադարձավ։ Սակայն այս տարվա մայիսից սկսեց իրեն վատ զգալ և հետազոտությունների արդյունքում պարզվեց՝ հիվանդությունը կրկնվել է։
Բուժման ընթացքը մեր տղան անցնում է իրեն հատուկ լրջությամբ։ Երբ հարցնում ենք, թե ինչու է բժիշկների հարցերին այդքան լուրջ պատասխանում, Արմենը պատասխանում է․ «Լուրջ չեմ, ջղային եմ խոսում, որ թողնեն՝ տուն գնամ»։ Սակայն Արմենը շա՜տ ուշադիր է, և նույնիսկ գիշերը, իր խոսքով, «բարցաձակապես» (բացարձակապես) չի քնում, եթե ինչ-որ դեղ է միացված։
Զույգ եղբայր Կարենի ճիշտ հակապատկերն է մեր Արմենը՝ ակտիվ և չարաճճի։ Նա ավելի շատ կապված է մեծ քույրիկի հետ, ում էլ հենց ամենաշատը կարոտում է՝ հիվանդանոցում գտնվելիս։
Արմենը ցանկանում է, որ ոչ միայն ինքը, այլ նաև բոլոր երեխաները բուժվեն ու տուն վերադառնան։ Իսկ դրանից հետո մեր Արմենը ցանկանում է ունենալ մի մեծ լողավազան, որում լողա եղբոր ու քույրիկի հետ։

2023-07-19

Շնորհիվ անանուն մնալ ցանկացած մեր բարեկամի՝ մեր ուժեղ ու քաջ Արմենն արդեն ունի իր երազանքների լողավազանը։
Շնորհակալ ենք մեր ընկերներին՝ մեր երեխաների երազանքներն իրականացնելու համար։

2023-09-11

Ծանոթացեք, մեր 8-ամյա Ավագն է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքից։
Մեր քաջ տղան սովորում է 3-րդ դասարանում։ Ընտանիքի անդամները նրան «պանդա» են կանչում, ինչն էլ մեր տղայի անկեղծ ծիծաղն է առաջացնում։ Մեր կատակասեր տղան շատ զուսպ է ու հանգիստ, նա շա՜տ խիստ փոքր եղբայր է, և նույնիսկ փորձում է 10 տարեկան քույրիկին արգելել անել այս կամ այն բանը։ Ավագն ամենաշատը կապված է 5 տարեկան եղբոր հետ, ում հետ տեսազանգով խոսելիս, չնայած հիվանդությամբ պայմանավորված խոսքային դժվարություններին, կատակներ է անում։
Մեր տղան բավական բարդ ճանապարհ է անցնում գլխուղեղի ուռուցքի բուժման համար։ Նա շաբաթներ շարունակ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, բայց մեր  ուժեղ Ավագը հաղթահարեց այդ բարդ շրջանը։ Նույնիսկ ընկերացավ վերակենդանացման բաժանմունքի բժշկական անձնակազմի հետ այնպես, որ հիմա նրան երբեմն նույնիսկ տեսության են գալիս։
Անչափ մարդամոտ մեր Ավագը շատ է սիրում տարբեր խաղեր խաղալ։ Հենց այդպես էլ մտերմացան մեր Տիգրանի հետ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, և հիմա ընկերները ողջ ազատ ժամանակն անց են կացնում խաղասենյակում։
Մեր տղան երազում է մեծ, հավաքվող լողավազան ունենալու մասին, որում կլողա իրենց  տան բակում՝ քույրիկի ու եղբոր հետ։

2023-07-12

Շնորհիվ անանուն մնալ ցանկացած մեր բարեկամի` մեր Ավագն իր քույրիկի ու եղբոր հետ արդեն կարող է լողալ իր մեծ լողավազանում:
Անչափ շնորհակալ ենք մեր հին ընկերոջը մեր տղայի փայլող աչքերի համար:

2023-08-18

Այսօրվա հերոսուհին 16-ամյա Գեղեցիկն է Արմավիրի մարզից։
Մեր Գեղեցիկի տարերքը ֆիլմերն են։ Նա հատկապես հետաքրքրված է ճապոնական անիմեներով․ ճանաչում է բոլոր հերոսներին, ունի իր սիրելի կերպարները։ Գեղեցիկը նաև ֆուտբոլասեր է, ունի սիրելի հավաքականը, և նույնիսկ լաց եղավ, երբ անցած տարի Արգենտինայի հավաքականը աշխարհի չեմպիոն դարձավ։ Գեղեցիկը սիրում է նաև նկարել, ինչպես նաև վերլուծել հայոց պատմությունը։
Մեր խելացի գեղեցկուհին երազում է թարգմանչուհի դառնալու մասին։ Մասնագիտության հարցում նա ոգեշնչվել է հենց արտասահմանյան ֆիլմերից, որոնք դիտելով պարզապես սիրահարվել է անգլերենին։ Բայց թարգմանչուհի դառնալու ընտրությունը միայն այդ պատճառով չէ, որ արել է․ մեր հոգատար Գեղեցիկը այդպես ուզում է օգնել այն մարդկանց, ովքեր ցանկանում են խոսել օտար երկրում, կարևոր միտք ասել, բայց «նրանց ոչ ոք չի հասկանում»։

Անչափ բարի մեր Գեղեցիկը հիմա Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալիս էլ է շա՜տ ուշադիր ու հոգատար՝ հատկապես փոքրիկների հանդեպ։ Կենտրոնում բուժում ստացող փոքրիկների հանդեպ առանձնահատուկ հոգատարությունը, ինչպես Գեղեցիկն է ասում, նրանից է, որ տանն էլ իրենից փոքր եղբայր ու քույր ունի, որոնց այնքան շատ է կարոտում, որ հեռախոսում պահպանում է նրանց լուսանկարները։
Բուժման ընթացքի մասին մեր ուժեղ աղջիկը խոսել չի սիրում։ Ասում է՝ սա մի փուլ է, որը շուտով անցնելու է, պետք է պարզապես վստահել ու սպասել։
Մեր գեղեցկուհին երազում է ունենալ ճապոնական անիմեի հերոսներից մեկի կերպարով արձանիկ և Մեսսիի 10 համարի շապիկը։

2023-07-05

Մեր չքնաղ Գեղեցիկն արդեն ունի իր հավաքածուի առաջին տիկնիկը՝ շնորհիվ բարի մարդկանց։
Անչափ շնորհակալ ենք անանուն մնալ ցանկացած մեր բարեկամներին մեր Գեղեցիկի փայլող աչքերի համար:

2023-08-08

Այսօր ձեզ պատմելու ենք մեր 5-ամյա գեղեցկուհի Մարիայի մասին՝ Կոտայքի մարզից։

Մեր Մարիան այնքա՜ն է սիրում շփվել, որ վերջերս նույնիսկ հյուր եկած օտարերկրացիների հետ շատ ջերմ ու երկար զրուցեց՝ չնայած անգլերեն ընդամենը 3 բառ գիտի՝ ողջույն, ցտեսություն և վարդագույն։

Մեր գեղեցկուհին շատ ակտիվ է, բայց չարաճճի չէ։ Մարիան բակում ընկերների հետ շատ խաղեր է խաղում, իսկ տանը մեր աղջիկը դառնում է պրոֆեսիոնալ բժիշկ և «բուժում» մեծ քույրիկին և տիկնիկներին։

Նա շա՜տ է սիրում ու վստահում իր սիրելի բժշկուհուն՝ Մանե Գիժլարյանին, և ամեն ինչ անում է նրա ցուցումներով։ Պատրաստ է նույնիսկ իր սիրելի շոկոլադից հրաժարվել, եթե բժշկուհի Մանեն է այդպես ասել։

Ապագա վիրաբույժ մեր Մարիան շատ պահանջկոտ է։ Պնդում է, որ իրեն բացատրվի բոլոր միջամտությունների նշանակությունը, իսկ դեղահաբերը չի խմում, մինչև որ չի իմանում դրանց անունը։

Մեր անվախ ու ուժեղ աղջիկը բժշկական ամենաբարդ միջամտություններին միայնակ է գնում, պնդում, որ մայրիկը չուղեկցի իրեն։ Նա նույնիսկ տեղ է «ամրագրել» Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում գտնվող խորհրդանշական ծառի վրա, որպեսզի բուժման ավարտից հետո իր նկարը փակցնի այնտեղ։

Մեր Մարիան ցանկանում է մի մեծ, վարդագույն կամ մանուշակագույն հեծանիվ ունենալ, որը կկարողանա վարել բակում, ընկերների հետ։

2023-06-07

Մեր ուժեղ Մարիան վերջապես հաղթահարեց բուժման ընթացքում առաջ եկած կողմնակի բարդությունը ու հիմա արդեն իր հեծանիվի ղեկին է։
Անչափ շնորհակալ ենք մեր բարեկամ Անահիտ Սարգսյանին և ընկերներին՝ Մարիայի փայլող աչքերի և այդքան սեր ու ջերմություն փոխանցելու համար։

2023-08-04

Ծանոթացեք մեր 13-ամյա Սոկրատին՝ Գեղարքունիքի մարզից։ Մեր Սոկրատը առաջին հայացքից շա՜տ լուրջ ու լռակյաց է, բայց իրականում շատ մարդամոտ է ու բարի։
Մեր երաժշտասեր տղան սովորում է դաշնամուր նվագել, սակայն այժմ նրա պարապմունքներն ընդհատվել են Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու պատճառով։ Մեր Սոկրատը, ասում են, նաև երգել է սիրում, գիտի ազգագրական պարեր, սակայն այդ մասին նախընտրում է համեստորեն լռել։
Երկու քույրիկների մեծ եղբայր մեր Սոկրատը նաև սիրում է թվերի աշխարհը՝ մաթեմատիկան, հաճախում ռոբոտաշինության խմբակի, և ասում, որ դառնալու է ծրագրավորող- երաժիշտ։
Բուժման ընթացքը մեր խելացի տղան շա՜տ հանգիստ է տանում, լսում է սիրելի բժշկուհու՝ Աննա Ավագյանի ցուցումները։ Նույնիսկ ամենապարզ մթերքները Սոկրատը չի ուտում, քանի դեռ բժշկուհի Աննան չի ասել՝ կարելի է։
Մեր Սոկրատը երազում է ծով գնալ, բայց քանի որ բուժման ընթացքում դա հակացուցված է, նա շատ է ցանկանում մի մեծ, սև հեծանիվ ունենալ (26 դյույմ), որը բուժումն ավարտելուց հետո կվարի գյուղում՝ ընկերների հետ։

2023-07-28

Վերջապես մեր համեստ ու լուրջ Սոկրատին էլ տեսանք ժպտալիս, երբ նա առաջին անգամ տեսավ իր նվերը՝ մեծ հեծանիվ՝ սիրելի գույներով։
Մեր տղային այսքան մեծ ուրախություն պարգելու համար անչափ շնորհակալ ենք մեր ընկեր Անահիտին և ընկերներին։

2023-07-24

Ծանոթացեք մեր 10 տարեկան Տիգրանին՝ Լոռու մարզից՝ Թեղուտից։
Տիգրանը այնքան շատ է սիրում շախմատ խաղալ, որ մարդկանց հանդիպելիս առաջինը հարցնում է՝ շախմատ խաղալ գիտե՞ք։ Մեր տղան Լոռու մարզի եռակի չեմպիոն է (ի դեպ, առաջին անգամ չեմպիոն է դարձել 5 տարեկանում), շախմատից արդեն 2-րդ կարգ ունի։
Երբ Տիգրանի ընտանիքը ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում, որոշվեց, որ Տիգրանը այնտեղ նույնպես շախմատի կհաճախի։ Ուսուցիչը փորձնական խաղ սկսեց՝ պարզելու համար, թե արդյոք Տիգրանը գիտի շախմատի քայլերը։ Մեր ուժեղ տղան էլ առաջին իսկ խաղի ժամանակ հաղթեց շախմատի ուսուցչին։
Այժմ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում մեր Տիգրանը ինքն է առաջինը ծանոթանում իր հետազոտությունների պատասխաններին, և համեմատելով ցուցանիշները նորմայի հետ, բժշկուհուն՝ Լուսինե Հակոբյանին համոզում, որ թույլ տա տուն վերադառալ։ Ի դեպ, Տիգրանի երազանքը գյուղի իրենց տուն վերադառնալն է, և նա միշտ ճշտում է բժիշկներից, թե հստակ որքան ժամանակ է մնացել իր բուժման ավարտին։
Մեր Տիգրանի երազանքը մի մեծ, սև կամ կարմիր հեծանիվ ունենալն է, որի զամբյուղում պայուսակը դնելով՝ նոր ուսումնական տարում կկարողանա դպրոց գնալ իրենց գյուղում։

2023-06-21

Արդեն պարզ է, թե մեր շախմատիստ Տիգրանն ինչ է անելու՝ բուժումն ավարտելուց հետո իրենց գյուղ՝ Թեղուտ վերադառնալով։ Դե, իհարկե, վարելու է իր նոր հեծանիվը։
Անչափ շնորհակալ ենք անանուն մնալ ցանկացած մեր բարեկամին մեր Տիգրանի ցանկությունն իրականացնելու համար։

2023-07-18

Այսօրվա մեր հերոսը 14-ամյա Արտյոմն է՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից։
Մեր Արտյոմը շա՜տ լուրջ և միաժամանակ շա՜տ կատակասեր է։ Մեր քչախոս տղան երբեմն կարող է անսպասելի ու սուր կատակներ անել։
Օրեր առաջ նա Մարտունիում ավարտեց 9-րդ դասարանը, մասնակցեց վերջին զանգի արարողությանը, ինչպես նաև ընկերներին միացավ ավարտական խնջույքի ժամանակ։ Այժմ էլ, բուժման վերջին փուլին զուգահեռ, նա հանձնում է իր ավարտական քննությունները։
Արտյոմը հստակ որոշել է՝ դեղագործ է դառնալու․ մի քանի քննություններ կհանձնի և կընդունվի քոլեջ։ Այս որոշումը, ինչպես ինքն է պատմում, կայացրել է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալիս։
Մեր Արտյոմը սպորտի սիրահար է։ 4 տարի շարունակ բասկետբոլով է զբաղվել, ունի պատվոգրեր։ Սիրում է նաև մարտարվեստները․ հաճախել է ըմբշամարտի։
Արտյոմը շատ լավատես է․ երբ առաջին անգամ իմացավ ախտորոշման մասին, միայնակ զրուցեց բժշկի հետ, ապա ընտանիքին հուսադրեց՝ ասելով․ «Մի մտածեք, ամեն ինչ լավ կլինի»։
Մեր Արտյոմը գրեթե ավարտել է բուժումը և շուտով առողջացած տուն կվերադառնա։ Նա շատ է ցանկանում մի մեծ, սև հեծանիվ ունենալ (26 դյույմ), որը և տուն վերադառնալով՝ կվարի ընկերների և եղբոր հետ։

2023-06-14

Մեր ուժեղ Արտյոմը ավարտեց քիմիաթերապիայի բոլոր կուրսերը և տուն վերադարձավ իր նոր հեծանիվով։
Անչափ շնորհակալ ենք անանուն մնալ ցանկացած մեր բարեկամին՝ մեր Արտյոմին ուրախացնելու համար։

2023-06-29

Մեր Նիկային դեռ չե՞ք ճանաչում։ Եկեք ծանոթանանք։
2 տարեկան մեր նուրբ գեղեցկուհին Արցախից է՝ Հադրութից։ Այժմ Ստեփանակերտում ապրող ընտանիքին շա՜տ է կարոտում և անհամբեր սպասում է հատկապես քույրիկների հետ հանդիպմանը։
Նիկան այնքան է սիրում հիվանդանոցն ու բժիշկներին, որ բուժման սկզբնական շրջանում նույնիսկ մտածում էր՝ հիվանդանոցն իրենց տունն է։ Նույնիսկ մայրիկին հարցնում էր՝ երբ են «տուն» (հիվանդանոց) վերադառնալու։ Նիկան հիվանդանոցում բոլորին է կարոտում, նույնիսկ Ռոբին ռոբոտին։
Մեր գեղեցկուհին շա՜տ է սիրում բժշկությունը, բայց որքան էլ մայրիկը բժշկական խաղալիքներ գնի, Նիկան դժգոհ է մնում․ «իսկական» չեն։ Նա նույնիսկ մուլտերն է բժշկական տեսանյութերով փոխարինել, իսկ բժշկական միջամտություններին էլ մեր անվախ աղջիկը առանց լաց լինելու, նույնիսկ հետաքրքրությամբ է համաձայնում։
Ի դեպ, մի «ավանդույթի» մասին. ամեն անգամ հիվանդանոց գալիս Նիկան կանգնում է բուժված երեխաների նկարներով խորհրդանշական ծառի մոտ և իր նկարը փնտրում այնտեղ․․․
(Մենք բոլորս անհամբեր սպասում ենք, թե երբ է նա էլ բուժումն ավարտելու ու իր նկարով «միրգը» ամրացնելու ծառին։)
Մեր Նիկան մի մեծ, վարդագույն մեքենա ուներ, որն այժմ մնացել է Արցախում…
Երկու շաբաթից՝ հունիսի 15-ին, մեր Նիկայի ծննդյան օրն է, և նա որպես ծննդյան նվեր երազում է մի մեծ, վարդագույն մեքենա ունենալու մասին՝ արդեն Երևանում։

2023-05-31

Այսօր մեր Նիկայի ծննդյան օրն է։
Այս օրվա առթիվ կատարվեց նաև մեր գեղեցկուհու երազանքը՝ շնորհիվ «Սինոփսիս» ընկերության «Երեխաները երեխաների համար» նախաձեռնության և Հիմնադրամի բարեկամ Անահիտ Սարգսյանի։
Նշենք, որ Երեխաների միջազգային օրվան նվիրված նախաձեռնության շրջանակում ընկերության աշխատակիցների երեխաները տոնավաճառի ընթացքում վաճառել են իրենց ձեռագործ աշխատանքները և ստացված հասույթը ուղղել մեր երեխաների երազանքների կատարմանը։
Անչափ շնորհակալ ենք մեր սիրելի ընկերներին՝ մեր Նիկայի ծննդյան օրը իրական տոնի վերածելու համար։

2023-06-15

Այսօր ձեզ պատմելու ենք մեր անուշիկ Մելինեի մասին, որը 8 տարեկան է, և չնայած փոքր տարիքին՝ շա՜տ հետաքրքիր զրուցակից է։ Մելինեն Լոռու մարզից է՝ Մեծավան գյուղից, սովորում է 3-րդ դասարանում։ Սիրում է նկարել, իսկ մասնագիտության հարցում էլ վստահ է․ բժիշկ կդառնա ու արդեն սպիտակ խալաթով կվերադառնա, ինչպես ինքն է ասում, «իր հիվանդանոց»՝ բուժելու «իր նման բալիկների»։
Ամենասկզբում, երբ մեր գեղեցկուհին նոր էր եկել Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն, նա շփվող չէր, նեղսրտում էր և անընդհատ ցանկանում էր տուն վերադառնալ։ Մինչդեռ հիմա Մելինեն տանը մայրիկին հարցնում է․ «Ե՞րբ ենք նորից Կենտրոն վերադառնալու»։
Կենտրոնում Մելինեն արդեն ընկերներ ունի․ հիմնականում շփվում է իրենից մեծ աղջիկների հետ։ Երբ նոր երեխա է գալիս հիվանդանոց ու հանկարծ Մելինեի ներկայությամբ լաց լինում այս կամ այն բժշկական միջամտությունից, Մելինեն մոտենում է նրան, պատմում իր փորձի մասին, խնդրում, որ լաց չլինի, ու հուսադրում՝ ասելով, որ ամեն բան լավ է լինելու։
Մեր Մելինեն շա՜տ համեղ ուտեստներ է պատրաստում, ինչպես նաև միշտ օգնում է իր տատիկին խոհանոցում։
Մեր քաղցրիկը նաև սիրում է հետևել հայկական շոու-բիզնեսին, դիտել հաղորդումներ՝ հայ աստղերի մասնակցությամբ։ Նա մե՜ծ ցանկություն ունի հանդիպել Արա և Ալիկ Ավետիսյան եղբայրներին։

2023-04-12

Անչափ շնորհակալ ենք Արա և Ալիկ Ավետիսյաններին՝ մեր Մելինեի փայլող աչուկների համար։ Ընդամենը մեկ օր Հայաստանում գտնվելով՝ Ավետիսյան եղբայրները կարողացան իրենց մեկնումից առաջ այցելել մեր գեղեցկուհուն և ուրախացնել նրան։
Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ։

2023-06-05

Մեր երեք տարեկան Անգելինա Շիրակի մարզի Արթիկ համայնքից է։
Մեր աղջիկն անչա՜փ ակտիվ ու ընկերասեր է։ Նա շատ է սիրում այգում ժամանակ անցկացնել՝ վազվզել, թռվռալ ու ճոճանակ նստել։
Մեր գեղեցկուհու աչուկները փայլում են, երբ հիշում է իր ամենասիրելի եղանակի՝ ձմռան մասին։ Անմիջապես սկսում է պատմել, թե ինչպես է պառկում ձյան մեջ, ձնագնդի խաղում ու ձնեմարդ պատրաստում իր ընկերների և 1,5 տարեկան եղբոր հետ։
Անգելինան երազում է բժիշկ դառնալու ու բալիկերին բուժելու մասին և նույնիսկ կատարել է «առաջին քայլերն» այդ ուղղությամբ՝ խաղալիք բժշկական պարագաներ ձեռք բերելով։
Ինչ վերաբերում է սիրելի հեքիաթներին, Անգելինան ամենաշատը սիրում է իր մայրիկի հորինած հեքիաթները, քանի որ դրանց գլխավոր հերոսուհին միշտ հենց ինքն է։ Հեքիաթների համար նույնիսկ վերնագրեր է հորինում և այդպես հիշեցնում մայրիկին, թե որը պատմի իր համար։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում Անգելինայի ամենասիրելի վայրը խաղասենյակն է, որի համար նոր անուն է մտածել՝ «խաղապարտեզ»։ Երկար ժամանակ է պահանջվում մայրիկից, մինչև մեր աղջկան բացատրում ու տրամադրում է հիվանդանոց հերթական այցին։ Հետազոտություններն անցնելիս Անգելինան երբեմն հուզվում է․․․ և հանդարտվում է միայն այն ժամանակ, երբ հիշեցնում են՝ արքայադուստրերը ոչ միայն գեղեցիկ, այլ նաև խելացի ու ուժեղ պիտի լինեն։
Մեր քաղցր աղջիկը երազում է մեծ և իր ամենասիրելի գույնի՝ վարդագույն մեքենա ունենալու մասին, որի մեջ կկարողանա իր եղբոր հետ նստել ու վարել։

2023-03-15

Կապեք ամրագոտիները․ ղեկին մեր Անգելինան է։ Մեր գեղեցկուհին այնքան է հավանել իր նոր մեքենան, որ ամեն տեղ առաջարկում է դրանով գնալ։
Մեր Անգելինայի անհոգ ժպիտի ու անկեղծ ուրախության համար անչափ շնորհակալ ենք Անահիտին, Երվանդին, Սոֆյային, Նաիրային և Վիկտորյային։

2023-05-28

Այսօրվա մեր հերոսը 3.5-ամյա Դանիելն է Երևանից։

Մեր ուժեղ տղան մայրիկի հետ ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում, երբ ի հայտ եկան հիվանդության առաջին ախտանշանները։ Այդպես մեր Դանիելը վերադարձավ տուն՝ Հայաստան, և այժմ բուժում է ստանում Պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։

Դանիելը շա՜տ արագ սովորեց հայերեն, բայց ռուսերենն էլ չի մոռացել և հիմա ազատ շփվում է երկու լեզվով էլ։ Մեր տղան զարմացնելու աստիճանի ակտիվ ու շփվող է։ Նա չի հոգնում իր մեքենաների հավաքածուի մասին պատմելուց և դրանցից առանձնացնում է հատկապես կարմիր փոքր մեքենան, որն արձակուրդի օրերին նրան նվիրել էր իր զինվոր եղբայրը՝ Սամվելը։ Սամվելը նրա ամենասիրելի և լավագույն խաղընկերն է։

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում մեր ընկերասեր Դանին բուժմանը զուգահեռ նոր ծանոթություններ է հաստատում․ հերթով մտնում է բոլորի սենյակներն ու շփվում բուժում ստացող մյուս երեխաների հետ, խաղում նրանց հետ… իսկ հետո էլ իրեն վերցնում այն խաղալիքները, որոնք իրեն դուր են գալիս։

Մեր քաջ Դանին երազում է մեծ ու կապույտ մեքենա ունենալու մասին, որի մեջ կկարողանա նստել ու վարել։

2023-04-26

Եթե Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում ինչ-որ տեղ եք շտապում, մի՛ անհանգստացեք․ մեր Դանիելը Ձեզ ապահով կհասցնի ցանկացած վայր։ Մեր տղան արդեն մի քանի օր է՝ չի իջնում իր երազանքների կապույտ մեքենայից և պահանջում է ամեն տեղ գնալ իր «իսկական» մեքենայով՝ նույնիսկ պահանջվող հետազոտություններն անցնելու։
Մեր Դանիի փայլող աչուկների համար անսահման շնորհակալ ենք Լիլիթին և Վահագնին։
Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ։

2023-05-15

Այս անգամ մեր հերոսը 3 տարեկան Մարիան է Արցախից՝ Ստեփանակերտից։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բոլորը նրան լավ գիտեն՝ ակտիվության ու բա՜րձր ձայնի շնորհիվ։ Հենց այդպես՝ բարձր բղավելով էր Մարիան բուժման սկզբնական շրջանում դիմավորում բժիշկներին, սակայն հիմա արդեն մեծ աղջիկ է և լաց չի լինում. հասկանում է ամեն բան։
Բժիշկներին խելոք ու առանց լաց լինելու դիմավորելու ու ճանապարհելու համար մայրիկը Մարիային «պարգևատրում է»՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի խաղասենյակ տանելով։ Դա մեր բոլոր փոքրիկների, այդ թվում` և մեր Մարիայի սիրելի վայրն է։
Մարիան սիրում է լուսանկարվել, և իր մեծ` 13 և 16 տարեկան քույրերից սովորում է տեսախցիկի հետ «աշխատել»՝ ժպտալ, ձեռքով ցույց տալ, որ ամեն բան «լավ է», որ բոլորին սիրում է։
Մարիայի մայրիկը պատմում է, որ բուժված երեխաների լուսանկարներով խորհրդանշական ծառի մոտով անցնելիս նա ամեն անգամ հարցնում է՝ ինչու իր նկարը ևս կախված չէ…
Ամենից շատ Մարիան Արցախում շրջափակված հայրիկին ու զինվոր եղբորն է կարոտում, լավ հիշում է նաև հարազատ Ստեփանակերտը, իրենց տունը։
Մեր Մարիան երազում է մեծ ու վարդագույն մեքենա ունենալու մասին, որի մեջ կկարողանա նստել և վարել դեպի տուն։

2023-03-29

Մեր գեղեցկուհի Մարիային անհնար է չնկատել և հատկապես այն ժամանակ, երբ նա իր նոր կարմիր մեքենայով անցնում է Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնով։
Մարիայի երազանքի կատարման հարցում մե՜ծ դեր ունի մեր շահառու, քաղցկեղը հաղթահարած Ռոմիկ Արշակյանը։ Մեր ուժեղ Ռոմիկը տիկտոկեր Տարոն Սարգսյանի հետ խոսելու ընթացքում նշել էր, որ այս պահին իր միակ երազանքը քաղցկեղ ունեցող մի բալիկի երազանքն իրականացնելն է։
Սիրելի Ռոմիկ և Տարոն, անչափ շնորհակալ ենք մեր Մարիայի փայլող աչուկների համար։

2023-05-03

Ծանոթացեք մեր 3-ամյա Մարկի հետ Արարատի մարզի Մասիս քաղաքից։
Մեր համով տղայի տարերքը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներն են՝ առաջին հերթին, իհարկե, մեքենաները, ինչպես նաև ինքնաթիռները, մոտոցիկլետները և այլն․․․
Մարկը կարող է առանց ձանձրանալու ժամերով խաղալ իր մե՜ծ հավաքածուի մեքենաներով՝ կառուցելով կայանատեղիներ, կազմակերպելով մրցաշարեր․․․ Նա հստակ տարբերում է մեքենաների մակնիշները և ունի իր նախընտրությունները և՛ մակնիշի, և՛ գույների հարցում․ սիրում է հատկապես Lexus-ի և Mercedes-Benz-ի հատկապես սպիտակ ու կապույտ գույնի մեքենաները։ Իր մայրիկին արդեն խոսք է տվել մեծանալուն պես երկու մեքենա գնել․ իր համար՝ կապույտ, մամայի համար՝ սպիտակ։
Մարկը երկու ավագ եղբայր ունի, որոնց հետ շատ է սիրում խաղալ։ Ուրախանում է նաև, երբ եղբայրները, իրար հերթ չտալով, իր սիրելի հեքիաթներն են ընթերցում՝ «Շունն ու կատուն», «Պույ-պույ մուկիկը»․․․
Մարկի սիրելի զբաղմունքներից է նաև նկարելը։ Գուաշով գլուխգործոցներ է ստեղծում հատկապես Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժման հերթական կուրսը ստանալու ընթացքում։
Բուժման գործընթացին շատ հանգիստ է վերաբերվում, ոչ մի բացասական հույզ չունի հիվանդանոցի մասին խոսելիս․ ասոցացնում է այն իր անչափ սիրելի բժիշկ Գրիգոր Վարդանյանի ժպիտի, Ռոբին ռոբոտի ու խաղասենյակի ուրախ խաղերի հետ, և, որպես արդյունք, շատ պատրաստակամորեն է ներկայանում տարբեր միջամտությունների ու ստուգումների։
Մեր ուժեղ տղան երազում է Lexus մակնիշի կապույտ կամ սպիտակ մեծ մեքենա ունենալու մասին, որի մեջ կկարողանա նստել ու վարել։

2022-02-08

Արյունաբանական կենտրոնում մեքենայի ազդանշան լսելիս զգուշացեք․ մեր քաջ Մարկն է անցնում իր նոր և, իհարկե, կապույտ մեքենայով։
Անչափ շնորհակալ ենք անանուն մնալ ցանկացած մեր բարեկամին՝ մեր Մարկի երազանքն իրականացնելու համար։

2023-03-12

Այսօր ձեզ ուզում ենք պատմել մեր 16-ամյա Անահիտի մասին Երևանից։

Մեր գեղեցկուհին ունի բազմազան հոբբիներ, որոնց շարքում հատկապես առանձնացրեց ընթերցանությունը, երաժշտություն լսելը, ֆիլմեր դիտելն ու նկարելը։ Վերջինիս հանդեպ հետաքրքրությունն աճել է հատկապես Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժումը սկսելուց հետո։

Գրքերից ու ֆիլմերից Անահիտը նախընտրում է պատմական և ֆանտաստիկայի ժանրերի գործերը։ Հատուկ սեր ունի ճապոնական մշակույթի, մասնավորապես` անիմեի ու մանգաների հանդեպ։

Մեր ուժեղ աղջիկը բուժման գործընթացին շատ փիլիսոփայաբար է մոտենում ու շատ գնահատում է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ողջ անձնակազմի ապահոված դրական մթնոլորտը։

Մեր Անահիտը երազում է կիթառ ունենալու մասին, քանի որ բուժումն ավարտելուց հետո նրա ամենամեծ ցանկությունը կիթառ նվագել սովորելն է։

2023-02-01

Մեր Անահիտի՝ կիթառ ունենալու երազանքն իրականացավ շնորհիվ անանուն մնալ ցանկացած մեր բարեկամի։ Հույս ունենք շուտով վայելել մեր գեղեցկուհու` վառ վարդագույն կիթառով վառ կատարումները։
Անչափ շնորհակալ ենք մեր բարեկամին՝ Անահիտի երազանքն իրականացնելու համար։

2023-03-01

Այս շաբաթվա մեր հերոսը 3-ամյա Ռոբերտն է Երևանից։
Ռոբերտը շատ աշխույժ ու չարաճճի բալիկ է։ Նա շատ կապված է իր քույրիկների, հատկապես՝ իր գրեթե հասակակից Նարեի հետ, ու անհամբեր սպասում է, թե երբ է վերջինս տուն գալու մանկապարտեզից, որ միասին ակտիվ խաղեր խաղան։
Մեր համով Ռոբը շատ է սիրում Արյունաբանական կենտրոնի բակում Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի ու մեր բարեկամների ջանքերով տեղադրված տնակը ու ամեն անգամ հիվանդանոց գալիս պարտադիր նաև բակում՝ տնակի շուրջ է խաղում։
Բուժման սկզբնական փուլում Ռոբերտը շատ էր նեղսրտում, երբ ներարկումների և այլ բժշկական միջամտությունների կարիք էր առաջանում։ Հիմա նա ավելի փիլիսոփայաբար է մոտենում այդ գործընթացներին․ ոգևորվում է, երբ խիզախ պահվածքի դիմաց բուժքույր Լուսինեն իրեն սմայլիկներ է տալիս, ինքն իրեն հորդորում է «խելոք նստել, որ հանկարծ կատետրի ասեղը դուրս չգա ձեռքից», ու գիտակցում է, որ «հիմա ցավում է, որ հետո չցավի»․․․
Մեր ուժեղ տղան երազում է մեծ սև մեքենա ունենալու մասին, որի մեջ կկարողանա նստել ու վարել։

2022-12-28

Մեր Ռոբերտի` մեծ մեքենա ունենալու երազանքն էլ իրականացավ արտերկրում բնակվող մեր հայրենակից Խաչատուրի շնորհիվ։ Անչափ շնորհակալ ենք Խաչատուրին` հոգատարության ու մեր ուժեղ Ռոբերտի փայլող աչքերի համար։ Առջևում գարնանային ավտո-զբոսանքներն են։

2023-02-23

Ծանոթացեք մեր 11-ամյա Գայանեի հետ Լոռու մարզի Սարչապետ գյուղից։
Գայանեի տարերքը կարդալն ու գրքերն են։ Նա կարող է օրեր շարունակ ընկղմվել գրականության աշխարհ` մոռանալով բոլորին ու ամեն ինչ։ Իր կարդացած բոլոր ստեղծագործություններից ամենաշատը «Փոքրիկ Իշխան»-ն է սիրում։
Գայանեի փխրուն մարմնում բացառիկ ուժ կա, ու մենք չենք դադարում նրանով հիանալ։
Մի քանի տարի առաջ ամիսներ շարունակ բժիշկները փորձում էին կանխել նրա ոտքի ամպուտացիան, ինչը, ցավոք, ինչ-որ պահի անխուսափելի դարձավ։ Այդ ողջ ընթացքում Գայանեն ամենից շատ նեղվում էր… դասերը բաց թողնելուց ու ընկերներին չտեսնելուց։ Մի օր անգամ իր բժշկին ասել էր. «Ոտքս շուտ ամպուտացրու, գնամ դպրոց, էլի»։
Հենց իր սիրելի բժիշկ Սեինյանի օրինակին հետևելով էլ Գայանեն որոշել է ոսկրաուռուցքաբան դառնալ։
Ներկայումս մեր քաղցր աղջիկը բուժում է ստանում Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, որտեղ նույնպես շատ է մտերմացել բուժանձնակազմի հետ և համարում է նրանց իր ընկերները։
Մեր Գայուշի ամենամեծ երազանքն այն է, որ բոլոր բալիկներն առողջանան ու գնան իրենց տուն։
Իսկ որպես իր ցանկություն նա նշում է, որ շատ կուրախանար նվեր ստանալ մեծ գրասեղան (հնարավորության դեպքում` վարդագույն), ինչպես նաև հանդիպել Արման Հովհաննիսյանի, Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի հետ։

2022-06-22

Շնորհակալ ենք մեր սիրելի բարեկամներ Արփի Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին մեր գեղեցկուհի Գայանեի երազանքն իրականացնելու ու նրան այցելելու համար։

2023-01-27

Այսօր մեր հերոսուհին 3-ամյա Մարին է Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղից։

Մարին շա՜տ մեղմ բնավորություն ունի, հանգիստ խաղերի սիրահար է և չի սիրում բարձր ձայներ ու աղմկոտ վայրեր։

Նա նաև շատ հոգատար է իր ընտանիքի անդամների նկատմամբ․ միշտ հայրիկին հորդորում է ավելի դանդաղ վարել, հուշում է, երբ լուսացույցի գույնը փոխվում է, իսկ քույրիկից ու եղբորից էլ պարտադիր ճշտում է՝ այդ օրը դպրոցում ինչ գնահատական են ստացել ու արդյոք իրենց խելոք են պահել, թե ոչ)։

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն գալու ճանապարհին շատ է նեղսրտում սպասվող բժշկական միջամտությունների մասին մտածելիս, բայց միևնույն ժամանակ ինքն իրեն հիշեցնում է, որ հետո համով ուտելիքներ է ուտելու, և ուրեմն կարելի է (ու պետք է) ուժեղ լինել։

Փոքրիկ Մարին սիրում է ընտանիքի հետ եկեղեցի գնալ, եկեղեցուն էլ անվանում է․․․ Հայաստան։ Հաճախ կարելի է լսել՝ ինչպես է նա մայրիկին խնդրում․ «Հայաստան գնանք․․․ մոմ վառենք», իր բոլոր աղոթքներն էլ սկսում է․ «Աստված պապիկ ջան, ես քեզ շատ եմ սիրում» բառերով․․․

Մարիի հայրիկը մեղվապահությամբ է զբաղվում, և տնական:) մեղրը նրանց սննդակարգի կարևոր բաղադրիչներից է։ Նրա սիրելի գույնն էլ հենց, ինչպես նա է ասում, մեղվի գույնն է՝ դեղինը։

Մեր քաղցրիկը երազում է ունենալ հենց դեղին (կամ վարդագույն) մեքենա, որի մեջ կկարողանա նստել ու վարել։

2022-11-16

Նույնիսկ ֆիզիկապես հեռու լինելը չի կարող խանգարել բարի մարդկանց մեր բալիկների երազանքների իրականացման ճանապարհին։
Անչափ շնորհակալ ենք Լիլիթ Անդալյանին՝ մեր Մարիի երազանքների մեքենան նրան նվիրելու համար։

2023-01-18

Այս չորեքշաբթիի մեր հերոսը 6-ամյա Լևոնն է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից։

Լևոնի տարեդարձն ընդամենը մի քանի օր առաջ էր և համընկավ քիմիաթերապիայի հերթական փուլի հետ։ Քանի որ մեր տղան այդ օրվա հետ կապված այլ, ավելի մեծ պլաններ ունի ու կտխրեր, եթե իմանար, որ դրանք չեն կարող այդ պահին իրականացվել, ընտանիքը նրան ավելի ուշ կասի, որ նա այլևս 5 տարեկան չէ)։

Մեր ուժեղ տղան մեքենաների ու դժվար մեխանիզմներով աշխատող տարբեր իրերի մեծ սիրահար է․ հաճույքով ուսումնասիրում է մեքենաների առանձնահատկությունները, հատկապես տարված է մեծ բեռնատարներով։

Ամենաիսկական բերկրանքը մեր ուրախ Լևոնն ապրում է վառ դեկորացիաներ ու պայծառ գույներ տեսնելիս։ Այսպես՝ նրա երջանկությունն անսահման էր, երբ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը նույնպես տոնական տեսք ստացավ։

Լևոնը շատ կապված է իր փոքրիկ եղբոր հետ․ միասին խաղում են, ինչպես նաև պարում ու երգում։ Երգելիս էլ որպես համապատասխան «մասնագիտական» աքսեսուարներ ծառայում են ձեռքի տակ եղած տարբեր առարկաները՝ հեռակառավարման վահանակը, սանրը, մայրիկի դիմահարդարման պարագաները․․․

Թեև Լևոնը շատ խիզախաբար է տրամադրված բուժման գործընթացին, բայց ամեն անգամ հիվանդանոց գալու ճանապարհին մայրիկից համենայն դեպս լավատեսորեն ճշտում է․ «Մա՛մ, սա վերջին անգամն ա, չէ՞, որ գալիս ենք հիվանդանոց»․․․

Լևոնը շա՜տ ուրախ կլինի, եթե նվեր ստանա իսկական Hot Wheels-ի մե՜ծ հավաքածու։

2022-12-14

Մեր քաջ Լևոնն արդեն կարող է իր նոր Hot Wheels մեքենաների մե՜ծ մրցավազք կազմակերպել։
Շնորհակալ ենք Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի շա՜տ սիրելի բարեկամ Անահիտ Սարգսյանին ու նրա ընտանիքին՝ մեր Լևոնի ցանկությունն իրագործելու ու մշտապես մեր երեխաների կողքին լինելու համար։

2023-01-12

Այսօր կպատմենք ձեզ մեր քնքուշ 2-ամյա Լենայի մասին Արմավիրի մարզի Արշալույս գյուղից։
Լենան շատ հանգիստ բալիկ է, կամակորություններ չի անում ու հիմնականում խելոք հետևում է մայրիկի հրահանգներին։
Նա շատ կապված է իր երկու ավագ եղբայրների հետ ու շատ է սիրում կրկնօրինակել նրանց գործողությունները․ նրանց հետ միասին ճաշում է, փորձում նրանց ուտելիքից, իսկ երբ եղբայրները նստում են դաս անելու, անպայման խնդրում է իրեն էլ թուղթ ու գրիչ տալ, որ ինքն էլ «դաս անի»։
Մուլտֆիլմներից ամենաշատը մեր գեղեցկուհին շատ բալիկների նման «Մաշան և արջը»-ն է սիրում, բայց նաև, հանուն արդարության, միշտ նկատում է, որ Մաշան չափազա՜նց չարաճճին է։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժումը սկսելու սկզբնական փուլում շատ էր լարվում ու հուզվում սպիտակ համազգեստը տեսնելիս․․․ Հիմա մեր ուժեղ աղջիկն ավելի ըմբռնումով է վերաբերվում այս ընթացքին ու մեծ սիրով պարբերաբար գրկախառնվում է բուժանձնակազմի, հատկապես՝ բժիշկ Մանեի և բուժքույր Հասմիկի հետ։
Մեր քաղցր Լենայի ամենասիրելի գույնը վարդագույնն է, և նա երազում է հենց այդ գույնի մահճակալ ունենալու մասին։

2022-11-09

Նոր մահճակալում քնելիս մեր Լենոչկան հաստատ շատ անուշ ու բարի երազներ է տեսնելու։
Անչափ շնորհակալ ենք Արսինե Էլիասյանին՝ մեր գեղեցկուհուն մահճակալը նվիրելու համար։ Հատուկ շնորհակալություն Քրիստինա Գրիգորյանին՝ գունեղ ու պայծառ անկողնային պարագաների ու նվերների համար։

2022-12-30

Ծանոթացեք մեր քնքուշ 13-ամյա Սոնայի հետ Լոռու մարզի Բազում գյուղից։
Մեր գեղեցկուհու տարերքը ընթերցանությունն է․ կարող է օրերով սուզվել գրքերի աշխարհ ու անդադար կարդալ։ Վերջերս կարդացած գրքերից էլ ամենաշատը տպավորված է Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը»-ով։
Սոնան նաև նկարել է շատ սիրում, իսկ ոգեշնչման աղբյուրը ինչպես իրական բնությունն է, այնպես էլ․․․ համացանցը։
Սոնան շատ մտերիմ է իր ավագ քրոջ և կրտսեր եղբոր հետ։ Քույրիկը նաև նրա լավագույն ընկերն է, ու թեև խառնվածքով շատ տարբեր են, բայց կատարելապես լրացնում են իրար ու անփոխարինելի են միմյանց համար։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալիս Սոնան ամենաշատը հենց իր ընտանիքի անդամներին է կարոտում․․․ Մեկ էլ, ընթացքում մի՜ քիչ նեղվում է սննդակարգի առանձնահատկություններից, երբ, օրինակ, չի կարելի ուտել իր սիրելի /ու ոչ այնքան օգտակար/ չիպսերից, բայց ցանկալի է ուտել իր ոչ այնքան սիրելի միս։
Մեր Սոնան երազում է հեծանիվ ունենալու մասին (Հեծանիվի համարի հարցում կողմնորոշվելու համար նշենք, որ Սոնայի հասակը 158սմ է)։

2022-11-23

Բարի մարդկանց շնորհիվ մեր երեխաների երազանքները շարունակում են իրականանալ․․․ Շա՜տ շնորհակալ ենք Նարինե Չոփուրյանին ու նրա ընտանիքին՝ մեր գեղեցկուհի Սոնայի ցանկությունն իրագործելու ու նրան հեծանիվ նվիրելու համար։

2022-12-29

Ծանոթացեք մեր 3-ամյա Եվայի հետ Տավուշի մարզի Կողբ գյուղից։
Մեր քաղցր աղջիկը շատ շփվող չէ և շատ բծախնդրորեն է մոտենում ընկերներ ընտրելու հարցին։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալիս Եվան ամենից շատ կարոտում է իր ավագ եղբորը, որի հետ շա՜տ մտերիմ է։
Խաղալիքներով խաղալ մեր Եվոչկան առանձնապես չի սիրում, փոխարենը նա մասնագիտացել է իր տիկնիկին «բժշկական օգնություն» ցուցաբերելու հարցում․ կաթիլային է միացնում, ներարկումներ է անում․․․ Նա նաև հստակ կողմնորոշվել է իր ապագա մասնագիտության հարցում․ «Մեծանալու եմ, բժշկուհի Շաքե դառնամ» (Իր բժշկուհի Շաքե Հովհաննիսյանին շատ է սիրում ու հենց նրա օրինակին է որոշել հետևել)։
Անչափ ուրախ ենք տեղեկացնել, որ մեր համով Եվան շուտով կավարտի հիմնական բուժումն ու կմտնի պահպանողական բուժման փուլ։

Եվայի երազանքը վարդագույն մահճակալ ունենալն է։

2022-11-30

Ծանոթացեք մեր 6-ամյա Արամայիսի հետ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից։
Մեր ուժեղ տղան սիրում է, երբ իրեն դիմում են «Մայիս»-ով, ինչպես իր պապիկին։ Մայիսը շատ մտերիմ է իր փոքր եղբոր՝ Մոնթեի հետ ու շատ է սիրում, երբ նրանք միասին խաղում են իրենց ամենասիրելի խաղալիքներով՝ մեծ ու փոքր մեքենաներով, տրակտորներով և այլ տրանսպորտային միջոցներով։
Ֆուտբոլ նայել չի սիրում, բայց խաղալ շատ է սիրում ու անհամբեր սպասում է՝ երբ է կրկին կարողանալու գոլեր խփել։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալիս նա միիի՜ քիչ նեղվում է ներարկումներից, բայց նաև արդեն հասցրել է շատ ընկերներ ձեռք բերել ու ավելի հաճույքով է գալիս քիմիաթերապիայի հերթական կուրսերին։ Նա նաև մեր ականջին ասել է, որ սիրահարված է, բայց մենք, բնականաբար, չենք բացահայտի այդ շատ հաջողակ աղջնակի անունը:
Մեր Մայիսը երազում է մեծ մեքենա ունենալու մասին, որի մեջ կկարողանա նստել և վարել։

2022-10-12

Շա՜տ շնորհակալ ենք Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի՝ անանուն մնալ ցանկացած բարեկամին՝ մեր Արամայիսի երազանքն իրականացնելու ու նրա այս փայլուն աչուկների համար։

2022-11-28

Ծանոթացեք մեր 5-ամյա Ավիկի հետ Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից։
Մեր զրույցի ողջ ընթացքում Ավիկը մի րոպե չի նստել․ փոխարենը նա վազելով պտույտներ էր գործում, մոտենում, մամային պաչիկ անում, նորից շարունակում վազել՝ ընթացքում գոռալով մեր հարցերի պատասխանները։
Ավիկը շատ կապված է իր փոքր եղբոր հետ ու ամեն ինչ անում է, որ վերջինս միշտ ուրախ տրամադրություն ունենա. երգում է, պարում է, թռչկոտում է նրա համար։
Մեր համով տղայի ամենասիրելի զբաղմունքներից է հատապտուղներ, մասնավորապես՝ ելակ, ազնվամորի ու մոշ, աճեցնելը, հողը մշակելը և վերջում, անշուշտ, բերքահավաք կազմակերպելն ու սեփական աշխատանքի պտուղները վայելելը։

Ցավոք, բուժման այս փուլում նրան չի թույլատրվում հատապտուղներ ուտել, ու արդեն մենք էլ նրա հետ միասին անհամբեր սպասում ենք այն բաղձալի օրվան, երբ բժիշկները կկարողանան սահմանափակումները վերացնել։
Մեր «Ի՞նչ ես ուզում դառնալ» հարցին Ավիկն առանց մի վայրկյան երկմտելու պատասխանեց․ «Որ մեծանամ, դառնալու եմ պապա․․․», հետո ավելացրեց․ «․․․իսկ մյուս տարի՝ ոստիկան»։
Մեր ուժեղ Ավիկը շատ է սիրում խաղալ մեքենաներով ու խաղալիք զենքերով ու երազում է ունենալ սև, երկդռնանի Մերսեդես G-ի փոքրիկ կրկնօրինակը, որի մեջ կկարողանա նստել և վարել։
Հ․ Գ․ Զրույցն ավարտելուց հետո Ավիկը թռչկոտելով դուրս եկավ մեր սենյակից՝ բացականչելով «Ուռա՜, ուռա՜, մեքենա եմ ունենալու»․․․
Հուսով ենք՝ բարի մարդկանց շնորհիվ նրա ու մեր բոլոր մյուս բալիկների երազանքները հնարավորինս արագ կիրականանան։

2022-08-24

Հուզվում ենք, երբ ֆիզիկապես հեռու լինելը մեր սիրելի բարեկամներ Սևան և Գևորգ Կալենդերյաններին հերթական անգամ չի խանգարում լինել մեր երեխաների կողքին
Նրանց շնորհիվ մեր Ավիկն արդեն ունի իր երազած Մերսեդես G դասի մեքենան, որով աշնանային զբոսանքները կրկնակի հաճելի են:
Անչափ շնորհակալ ենք մեր սիրելի ընկերներ Սևանին և Գևորգին` մեր ուժեղ Ավիկի ցանկությունն իրագործելու, ինչպես նաև հիմնադրամին ու Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող մեր բալիկներին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։

2022-11-08

Այսօր կպատմենք ձեզ մեր 9-ամյա Տաթևի մասին Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղից։
Մեր տաղանդաշատ աղջկա գրեթե բոլոր սիրելի զբաղմունքները կապ ունեն արվեստի ու արհեստների հետ․ նա սիրում է նկարել (հատկապես՝ եկեղեցիներ), գործել (արդեն հասցրել է իր համար մազակալ և ձմեռային շարֆ գործել), ինչպես նաև ասեղնագործել։
Տաթևը նաև շատ է սիրում ազգագրական երգեր լսել ու պարել դրանց հնչյունների ներքո։
Նա շատ կապված է իր երկու կրտսեր եղբայրների հետ, ու նրանք կարող են ժամեր շարունակ միասին խաղալ։ Բայց, ինչպես գիտենք, երբեմն քույր-եղբայրների միջև նաև տարաձայնություններ են լինում, կամ ինչպես Տաթևն է ասում․ «իրար «ուտում» էլ ենք»։ Ու չնայած այդ ամենին՝ նրանք, միևնույն է, մնում են լավագույն ընկերներ ու միմյանց հետ կիսվում են ինչպես իրենց ունեցած բոլոր խաղալիքներով ու պարագաներով, այնպես էլ ամենակարևոր գաղտնիքներով։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու գործընթացին Տաթևն ըմբռնումով է վերաբերվում։ Կենտրոնում ամեն ինչ շատ է հավանում, բոլոր բժիշկներին ու բուժաշխատողներին շատ է սիրում, անչափ գնահատում է իր առողջության վերականգնմանն ուղղված բոլորիս համատեղ ջանքերը՝ նշելով․ «Ես արդեն մեծ աղջիկ եմ։ Հասկանում եմ, որ ինչքան էլ որոշ պրոցեդուրաներ տհաճ լինեն, դրանք ինձ համար, իմ առողջության համար են արվում»․․․
Մեր քնքուշ, բայց միաժամանակ շատ ուժեղ Տաթևը երազում է վարդագույն մեծ մահճակալ ունենալու մասին։

2022-10-19

Նոր մահճակալում մեր գեղեցկուհի Տաթևի քաղցր վարդագույն երազները հաստատ ապահովված են։
Անչափ շնորհակալ ենք Գայանե Շախատունուն` մեր քաղցր աղջնակի երազանքն իրականացնելու ու նրան այս սիրուն ժպիտը պարգևելու համար։

2022-11-05

Այս չորեքշաբթիի մեր հերոսուհին 1,6 տարեկան Լիլին է Տավուշի մարզի Բերդ քաղաքից։
Լիլին ընտանիքի ամենափոքր անդամն է, ու իրենից համապատասխանաբար 17 ու 14 տարով մեծ քույրիկն ու եղբայրը ծնողների հետ հավասար խնամում են իրենց փոքրիկ արքայադստրիկին։
Լիլին շատ կենսախինդ բալիկ է ու շատ է սիրում երգել ու պարել գրեթե բոլոր երաժշտական ոճերի հնչյունների ներքո։
Մեր գեղեցկուհին նաև շատ սիրում է խաղալ տիկնիկներով ու մեքենաներով, բայց մի պարտադիր պայման կա․ նրա խաղալիքները պիտի չափերով հնարավորինս մեծ լինեն։
Լիլիի 1 տարեկանը դեռ չէր լրացել, երբ նրա մոտ քաղցկեղ ախտորոշվեց, ու նա սկսեց իր բուժումը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում։ Փոքրիկ մարմնում մե՜ծ ուժ ունեցող մեր աղջիկը խիզախաբար անցնում է բուժման ընթացքի բոլոր փորձությունների միջով։ Միայն տան կարոտից է շատ նեղվում․ հուզվում է տունը լքելիս ու հիվանդանոցը հեռվից նշմարելիս․․․
Լիլին անչափ ուրախ կլինի, եթե կարմիր կամ վարդագույն մեծ մեքենա ունենա, որի մեջ կկարողանա նստել և վարել։

2022-08-31

Բոլոր լուսացույցերը կանաչ են ցույց տալիս, երբ ղեկին մեր գեղեցկուհի Լիլին է։
Անչափ շնորհակալ ենք Հիմնադրամի` անանուն մնալ ցանկացած սիրելի բարեկամին` մեր քաղցր աղջնակի երազանքն իրականացնելու ու նրան այս անմոռանալի էմոցիաները պարգևելու համար։

2022-10-31

Այսօրվա մեր հերոսը 5-ամյա Արենն է Գորիս քաղաքից։
Նա 14-ամյա «ախպերիկի» ու 12-ամյա քույրիկի փոքր եղբայրն է։
Ամենաշատը սիրում է մուլտֆիլմներ դիտել, առանձնահատուկ հաճույքով հետևում է Մաշայի և Արջի, ինչպես նաև Թոմի և Ջերրիի արկածներին՝ երկրպագելով և ապրումակցելով:) համապատասխանաբար Արջին և Թոմին։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալիս նա իր մեջ երաժշտական ձիրք:) է բացահայտել ու հաճախ է դաշնամուր նվագում կենտրոնի խաղասենյակում։ Ընդհանրապես խաղասենյակը շատ է սիրում, հատկապես ընկեր Անիի հետ հիշողության խաղեր խաղալը։
Արենը հստակ որոշել է ոստիկան դառնալ ու պաշտպանել բոլորիս «փիս» մարդկանցից։
Ինչպես հասկացաք, մեր Արենը շատ խիզախ տղա է ու չի վախենում ոչ մեկից ու ոչնչից։ Որպես իր քաջության ևս մեկ ապացույց՝ նա մատնանշում է, որ չի լացում նույնիսկ ներարկումների կամ «անալիզ անելու» ժամանակ։

Մեր համով տղան երազում է ավտոմեքենա-մահճակալ ունենալու մասին։

2022-07-27

Անուշիկ Մխեյանի շնորհիվ նոր մահճակալ ունենալու մեր Արենի երազանքն էլ իրականացավ։ Վստահ ենք, որ իր հարմարավետ մահճակալում մեր ուժեղ տղայի քաղցր ու պայծառ երազներն ապահովված են։
Շա՜տ շնորհակալ ենք Անուշիկին՝ մեր Արենին լա՜յն ժպիտ պարգևելու համար։

2022-10-24

Այսօր կպատմենք մեր 1-ամյա Ադելինայի մասին Գյումրի քաղաքից։
Մեր գեղեցկուհին սիրում է խաղալ իրենից մեծ երեխաների հետ, իսկ ամենամոտ ընկերը իր ավագ եղբայր Արսենն է։ Հատկապես մեծ հաճույքով խաղում է հենց Արսենի խաղալիքներով՝ ռոբոտներ, մեքենաներ, կոնստրուկտորներ, և, ի տարբերություն հասակակից շատ աղջիկների, տիկնիկներով խաղալ բոլորովին չի սիրում։
Ադելինան տարբերվում է նաև գույների հարցում իր նախասիրություններով․ բոլորովին չի սիրում վարդագույնը, փոխարենը նախընտրում է դեղինն ու բաց կապույտը։
Մեր քաղցր աղջիկը շատ հանգիստ բալիկ է, և մի քանի գիշեր տևած անհանգստությունն ու լացն են հենց բուժհաստատություն դիմելու ահազանգ հանդիսացել ծնողների համար, որտեղից էլ նրանց ուղղորդել են Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն։ Այստեղ էլ ցավոք, քաղցկեղի կասկածը հաստատվել է…

Մեր Ադելինան օգոստոսի 26-ին կդառնա 2 տարեկան, և նա շատ ուրախ կլինի նվեր ստանալ մեծ մեքենա, որի մեջ կկարողանա նստել և վարել։

2022-08-10

Մեր Ադելինայի՝ մեքենա ունենալու երազանքն իրականացավ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի բարեկամներ Струнный квартет имени Эдварда Мирзояна/ Միրզոյան լարային քառյակի շնորհիվ։
Անչափ շնորհակալ ենք սիրելի երաժիշտներին և հատկապես Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Սոնա Ազարյանին՝ մեր Ադելինային շատ ժպիտներ պարգևելու համար։

2022-08-17

Ծանոթացեք մեր 6-ամյա Արտյոմի հետ Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից։
Արտյոմը ընտանիքի չորս եղբայրներից ամենափոքրն է․ մեծ եղբայրը ոստիկան է, երկրորդը՝ զինվորական (ու վիրավորում է ստացել 44-օրյա պատերազմում․․․), իսկ երրորդ եղբայրն էլ այս տարի ավարտական դասարան է տեղափոխվել։ Արտյոմը բոլորի հետ էլ շատ կապված է ու շատ է սիրում նրանց հետ «մեծական» զրույցներ ունենալ։
Դեռ ամենավաղ մանկությունից մեր տղան հետաքրքրություն չի ցուցաբերել մուլտֆիլմների ու հեքիաթների նկատմամբ։ Փոխարենը հիվանդության ի հայտ գալուց առաջ նա տարված էր ֆուտբոլով․ ամբողջ օրը կա՛մ խաղում էր, կա՛մ դիտում՝ առանց որևէ թիմի երկրպագելու, ուղղակի վայելելով լավ խաղը։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժումը սկսելուց հետո նրա միակ ու ամենասիրելի զբաղմունքը հեռախոսով հայկական սիթքոմներ դիտելն է դարձել։ (Վստահ ենք, որ բուժումն ավարտելուց հետո նա կրկին կվերադառնա ակտիվ ապրելակերպին)
Թեև Արտյոմը շատ է կարոտում հայրենի գյուղը, իրենց տունն ու «Ոսկե խաչ» սրբատեղին, բայց նաև ըմբռնումով է մոտենում բուժման գործընթացին ու արդեն նույնիսկ չի ընդդիմանում որոշակի պրոցեդուրաներ իրականացնելիս (օրինակ՝ այսօր նա հպարտորեն պատմում էր, որ հանգիստ պառկել է, մինչ բուժքույրն իրեն ներարկում է արել փորիկի հատվածում)
Նա երազում է մեծ եղբոր պես ոստիկան դառնալ, իսկ մինչ այդ շատ ուրախ կլիներ նվեր ստանալ «վելիկ»՝ հեծանիվ (չափսի հարցում կողմնորոշվելու համար նշենք Արտյոմի հասակը՝ 110սմ):

2022-06-07

Մեր Արտյոմն այնքան ոգևորված էր նոր հեծանիվ ունենալու առթիվ, որ չհամբերեց մինչ տուն հասնելը և հեծանիվով մի քանի պտույտ գործեց հենց Արյունաբանական կենտրոնի առաջին հարկում։
Անչափ շնորհակալ ենք Լիանա Մկրտչյանին` Արտյոմի երազանքն իրականացնելու ու նրան այս անմոռանալի էմոցիաները պարգևելու համար։

2022-08-13

Մեր այսօրվա հերոսուհին 10-ամյա Քրիստինեն է Արագածոտնի մարզի Օշական գյուղից։
Մեր գեղեցկուհին ազատ ժամանակ շատ է սիրում ֆիլմեր դիտել։ Նրան գրավում են հատկապես արկածային ու պատմական ժանրի ֆիլմերը։
Ի տարբերություն հասակակից աղջիկների մեծամասնության` Քրիստինեն չի սիրում վարդագույն գույնը, տիկնիկներով խաղալը և այլ ավանդաբար «աղջկական» համարվող բաները։
Փոխարենը նրա տարերքը ավտոմեքենաներն են, որոնցով նա կարող է ժամեր շարունակ խաղալ. մրցումներ կազմակերպել, գավաթներ հաղթել…
Քրիստինեն շատ է սիրում երգել ու պարել, որոշել է մի քիչ էլ մեծանալ ու երգչուհի և/կամ պարուհի դառնալ, իսկ մինչ այդ ձայնալարերը մարզում:) ու փորձ է ձեռք բերում Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում փոքրիկ երեկոյան ելույթներով։
Քրիստինեի ամենասիրելի զբաղմունքներից է նաև հեծանիվ քշելը, սակայն իր ունեցածն արդեն փոքրացել է, ու նա երազում է նոր, մեծ (N26) հեծանիվ ունենալու մասին։

2022-06-29

Այս ամառ Քրիստինեն էլ կհասցնի հեծանվային զբոսանքներ ունենալ հրեշտակ Անիի ու նրա մայրիկ Լուսինեի շնորհիվ։
Անչափ շնորհակալ ենք նրանց՝ մեր Քրիստինեի երազանքն իրականացնելու համար։

2022-08-08

Ծանոթացեք մեր 6-ամյա Նոնայի հետ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղից։
Մեր Նոնան անհամբեր սպասում է, թե երբ է կարողանալու դպրոց գնալ։ Եթե ինքնազգացողությունը թույլ է տալիս, նա ջանասիրաբար նախապատրաստվում է առաջին դասարանին․ տառերի ու թվերի մասնիկներ է գրում, գլուխկոտրուկներ լուծում։ Հաստատ որոշել է, որ շատ լավ է սովորելու (մենք էլ ընդհանրապես չենք կասկածում)։
Մեր գեղեցկուհին շատ է սիրում հեքիաթներ։ Քնելուց առաջ մայրիկի հետ հատուկ արարողություն ունեն․ մայրիկն անպայման որևէ հեքիաթ է կարդում / պատմում նրա համար։ Նոնայի ամենասիրած հեքիաթը Կարմիր Գլխարկն է, որը լսելու ընթացքում, վերջաբանը անգիր իմանալով հանդերձ, միևնույնն է՝ ամեն անգամ անհանգստանում է Կարմիր Գլխարկի համար ու լարված հետևում նրա արկածներին։
Ուտելիքի հարցում Նոնան շատ բծախնդիր չէ․ ինչպես գրեթե բոլորս, նա էլ սիրում է խոզի խորոված, բացառապես մամայի կողմից պատրաստված տոլմա և «թաբաբ» (քյաբաբ)։ Ախտորոշումը հաստատվելուց հետո ողջ ընտանիքը վերանայել է ճաշացանկը, և այժմ նրանք բժիշկների հորդորով խուսափում են վնասակար ուտելիքից՝ գազավորված ըմպելիքներից, չիպսերից և այլն։
Աշխարհում ամենասիրելի մարդիկ Նոնայի համար իր քույրիկ Նարեն ու եղբայր «Դադոն» (Գագո, Գագիկ) են․ ամենից շատ նրանց է կարոտում Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ստացիոնար բուժում ստանալիս և ձգտում րոպե առաջ տեսնել ու պինդ գրկել։
Մեր քաղցր Նոնան երազում է վարդագույն հեծանիվ ու մեծ տիկնիկ ունենալու մասին։

2022-06-08

Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի բարեկամների շնորհիվ իրականացան նաև մեր Նոնայի երազանքները։
Անանուն մնալ ցանկացած բարի անձնավորությունը նրան նվիրեց մե՜ծ տիկնիկ, իսկ Լոնդոնում բնակվող Անի Համբարձումյանն անմիջապես արձագանքեց Նոնային հեծանիվ նվիրելու մեր խնդրանքին։
Ի ուրախություն բոլորիս` Նոնան վերջերս ավարտել է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում իր հիմնական բուժումը։ Հուսով ենք` մեր գեղեցկուհին ամռան այս օրերին կհասցնի սրտի ուզածի չափ հեծանիվ քշել և տունտունիկ խաղալ։
Անչափ շնորհակալ ենք բոլոր ներգրավված անձանց

2022-07-23

Մեր 4-ամյա Կարինան է Գեղարքունիկի Վարդենիկ գյուղից։
Մեր գեղեցկուհու ամենասիրելի զբաղմունքը նկարելն է, ընդ որում՝ ամենաշատը սիրում է դիմանկարներ անել․ նկարում է հիմնականում քույրիկին և եղբորը (ի դեպ, ընտանիքը շուտով կհամալրվի 4-րդ բալիկով:)
Կարինան նաև մուլտֆիլմներ է շատ սիրում ու հաճույքով հետևում է Կարմիր Գլխարկի, Երեք խոզուկների, Մաշայի և Արջի ու այլ մուլտհերոսների արկածներին։
Մեր քաղցր աղջիկը ուտելիքի հարցում շատ բծախնդիր չէ, բայց կա մի ճաշատեսակ, որն ընդգծված շատ է սիրում՝ ոսպով ապուրը։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ընթացքում Կարինան ամենից շատ նեղվում է երկու բանից․ երբ իրենից արյուն են վերցնում հետազոտությունների համար, և երբ կարոտում է իր հայրիկին և քույրիկին։
Բուժման սկզբում Կարինկան ինչ-որ պահի դադարել էր խոսել ու քայլել, բայց, ի ուրախություն բոլորիս, խոսքն էլ, քայլելու ունակությունն էլ ներկայումս վերականգնվել են։
Կարինայի ամենասիրելի գույները կարմիրն ու վարդագույնն են, ու նա երազում է հենց այդ գույներից մեկով հեծանիվ ունենալու, ինչպես նաև երգչուհիներ Նանուլի և Յանա Հովհաննիսյանի հետ հանդիպելու մասին։

2022-05-25

Այս անգամ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի սիրելի բարեկամները մեծ ուրախություն էին բերել Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող փոքրիկ Կարինային։
Այս հոգատար մարդկանց շնորհիվ իրականացավ նաև մեր քաղցր Կարինկայի` հեծանիվ ունենալու երազանքը։
Անչափ շնորհակալ ենք բոլոր ներգրավված անձանց:

2022-07-17

Այսօր կպատմենք մեր 6-ամյա Վիոլետայի մասին Շիրակի մարզից։
Բնակվելով ՀՀ ամենացուրտ վայրերից մեկում` Աշոցքում, մեր քնքուշ աղջիկը ամեն տարի անհամբեր սպասում է ամռան գալուն, որովհետև հոգնել է ցրտից ու շատ է սիրում արև։
Վիոլետայի ամենասիրելի զբաղմունքը մեծ (ոչ բարբիանման) «կուկլիկներով» խաղալն է։ Նրա տիկնիկները դպրոց են գնում, խանութից առևտուր են անում, ուտելիք են պատրաստում ու… «էլ հեչ բան»։
Վիոլետան նաև հաճույքով նկարում է`հիմնականում պատկերելով արև, երկինք ու շա՜տ գույնզգույն ծաղիկներ։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ընթացքում մեր գեղեցկուհին ամենից շատ կարոտում է իր ապերներին ու անհամբեր սպասում բուժման դադարներին, որ գնա տուն ու նրանց պինդ գրկի։

Վիոլետան շատ կուրախանա, եթե նվեր ստանա մե՜ծ տիկնիկ ու նկարչական պարագաների հավաքածու։ Նա նաև երազում է երգչուհի Արփի Գաբրիելյանի հետ հանդիպելու մասին։

2022-05-18

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացած երեխաները բոլորից լավ են հասկանում այս պահին այդ պատերի ներսում գտնվող բալիկների ապրումները ու ամեն ինչ անում են նրանց դրական լիցքեր փոխանցելու համար։
Այսպես, մեր գեղեցկուհի Վիոլետայի մասին գրառումն անելուց ընդամենը մի քանի րոպե անց մեր Արմանն ու Գարիկն արձագանքեցին ու պատրաստակամություն հայտնեցին իրագործել Վիոլետայի ցանկությունը։ Շա՜տ շնորհակալ ենք մեր բարի տղաներին ու նրանց ընտանիքներին հոգատարության համար։

2022-06-06

Ծանոթացեք մեր 12-ամյա Դավիթի հետ Երևանից։
Նրա ամենասիրելի զբաղմունքը ընկերների հետ տեսնվելն է․ միասին զբոսնել, տարբեր թեմաներ քննարկել, ասել-խոսել-ծիծաղել․․․
Մինչև բուժումը սկսելը նա անդադար ֆուտբոլ էր խաղում բակում ընկերների հետ՝ ընդհատելով այդ կարևոր զբաղմունքը միայն շատ ուշ երեկոյան ու միայն մայրիկի՝ ընթրելու գնալու երկար հորդորներից հետո։ Ի տարբերություն խաղալու՝ ֆուտբոլ նայելը Դավիթն այդքան էլ չի սիրում, փոխարենը հաճույքով հետևում է բոքսի և լողի մրցումներին։
Լինելով չափազանց ընկերասեր՝ նա հասցրել է շատ ընկերներ ձեռք բերել նաև Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժվելու ընթացքում /հատուկ բարևներ Տիգրանին, Ատոմին ու բոլոր մյուսներին/։ Իրեն ընկեր է համարում նաև կենտրոնի հոգեբան Արևիկին, որի հետ ժամերով զրուցում է ու նույնիսկ կիսվում իր գաղտնիքներով։
Մեր հոգատար տղան շատ է կարևորում միմյանց օգնելու գաղափարը ու հարկ եղած պահին միշտ իր օգնությունն է առաջարկում տատիկ-պապիկներին ու բոլոր նրանց, ովքեր տվյալ պահին այդ օգնության կարիքը գուցե ունենան։
Ֆիլմերի մասին խոսելիս Դավիթը նշում է, որ շատ է սիրում հատկապես մարտաֆիլմեր ու պատերազմների մասին պատմական դրամաներ։ Դիտած ֆիլմերի հիման վրա նա փիլիսոփայորեն եզրակացնում է․ «Պատերազմը շատ վատ բան ա։ Միշտ պետք ա խաղաղություն լինի․․․», հետո ընդմիջում է ու ծանր հոգոցով ավելացնում․ «․․․բայց չի լինում․․․»։
Դավիթը հստակ կողմնորոշվել է ապագա մասնագիտության հարցում․ խոհարար է դառնալու ու արդեն սկսել է հմտանալ հատկապես աղցանների ու մսային ուտեստների պատրաստման գործում։ (Անհամբեր սպասելու ենք նրա խոհարարական գլուխգործոցները համտեսելու պահին։)
Դավիթը շատ ուրախ կլինի նվեր ստանալ հեծանիվ։

2022-03-23

Հիմնադրամի սիրելի ընկերների շնորհիվ մեր ուժեղ Դավիթն էլ արդեն հեծանիվ ունի։
Ե՛վ եղանակը, և՛ այն հանգամանքը, որ Դավիթն օրեր առաջ ավարտել է հիմնական բուժումը, շատ են տրամադրում երկար հեծանվային զբոսանքների։
Անչափ շնորհակալ ենք մեր բարեկամներին, որոնք մշտապես կանգնած են մեր երեխաների կողքին։

2022-05-27

Այս չորեքշաբթիի մեր հերոսուհին 12-ամյա Նարինեն է Շիրակից։
Մեր քնքուշիկ աղջկա ամենասիրելի զբաղմունքը նկարելն է․ պատկերում է բնություն, կենդանիներին, մարդկանց։ Նա նաեւ հաճույքով ընթերցանությամբ է զբաղվում․ գեղարվեստական գրքեր է շատ սիրում, իսկ հեղինակներից՝ հատկապես Վիլյամ Սարոյանին։
Ապագա մասնագիտության հարցում Նարինեն դեռ հստակ չի կողմնորոշվել․ դառնալու է կա՛մ մանկական բժշկուհի, կա՛մ նկարչուհի։ Արվեստագետի հոգի ունեցող մեր աղջիկը իր երևակայությանն ազատություն է տալիս նաև տիկնիկներով խաղալիս՝ վերջիններիս համար տարբեր «առիթներին» համապատասխան հագուստ կարելով։
Քանի որ ապագայի համար դիտարկվում է նաև բժշկության ոլորտը, իր բուժման ընթացքում մեր գեղեցկուհին հնարավորինս ուսումնասիրում է նաև այն։ Այսպես՝ նա տեղեկացված է բուժմանն ուղեկցող հնարավոր բարդություններից, գիտի, թե որ դեղը ինչ հետևանքներ կարող է ունենալ․ «․․․սրանից սրտխառնոց կունենամ․․․ իսկ սրանից ցուցանիշներս մի քիչ կիջնեն․․․»…

Նարինեն երազում է իսկական «մեծական» գրասեղան ունենալու մասին (ցանկալի է՝ դարակաշարով, որպեսզի իր բոլոր գրքերը միշտ հասանելի լինեն):

2022-04-13

Մեր Նարինեի երազանքն իրականացնելու համար շատ շնորհակալ ենք Հիմնադրամի` անանուն մնալ ցանկացած սիրելի ընկերներին։
Մեր գեղեցկուհուն մաղթում ենք նորանոր հաջողություններ ուսման մեջ. վստահ ենք, որ նոր գրասեղանը կտրամադրի էլ ավելի սիրով ու եռանդով նոր գիտելիքներ ձեռք բերելուն։

2022-05-23

Այսօրվա մեր հերոսը 8-ամյա Ալեքսն է Վանաձորից։
Ալեքսը սպորտի մեծ սիրահար է․ նա հաճույքով հետևում է հատկապես ըմբշամարտի ու ֆուտբոլի մրցարշավներին։ Նրա ամենասիրելի թիմը արքայական ակումբն է՝ Ռեալ Մադրիդը, իսկ սիրելի ֆուտբոլիստը՝ Կրիշտիանու Ռոնալդուն։
Նրա մյուս հոբբին պարելն է, սիրում է բոլոր պարային ոճերը, բայց հատկապես՝ breakdance-ը։ Նա նաև կերպարանափոխվելու վարպետ է և օրվա ընթացքում հաճախ է հագուստը փոխում։
Ալեքսը ժպիտով հիշում է իր մասնակցությունը “Mr & Mrs” փառատոնին, որտեղ նա առաջին տեղն էր զբաղեցրել՝ ճանաչվելով Միստր Վանաձոր։ Նրա մասնակցությունից մի հատված կարող եք տեսնել մեկնաբանություններում տեղադրված հոլովակում։
Մեր քաջ տղան սիրում է սուպերհերոսների (օրինակ՝ Սարդ-Մարդու) մասին ֆիլմեր դիտել, իսկ մենք համարում ենք, որ իրական սուպերհերոսը Ալեքսն ու մեր մյուս բալիկներն են։
Ալեքսը բավականին հմտացել է գումար հաշվելու հարցում և որոշել է բանկի կառավարիչ դառնալ։ Բավականաչափ գումար աշխատելուն պես նրա թիվ մեկ նպատակը մանկատներին ու մեծահասակների համար նախատեսված հաստատություններին աջակցելն է լինելու։
Ալեքսը երազում է մեքենա-մահճակալ ունենալու մասին։

2022-03-09

Շատ հուզիչ է, երբ քաղցկեղի դեմ ներկայումս պայքարող երեխաներին աջակցելու պատրաստակամություն են հայտնում այդ ճանապարհն արդեն անցած երեխաները։
Օրեր առաջ մեքենա-մահճակալի մասին երազող մեր Ալեքսին ուրախացնել ցանկացավ մեր նախկին շահառու Լևոնը, ինչի համար շա՜տ շնորհակալ ենք Լևոնին ու նրա ընտանիքին։
Քաղցր երազներ քեզ, մեր ուժեղ Ալեքս։

2022-05-16

Ծանոթացեք մեր 9-ամյա Ատոմի հետ Լոռու մարզից։
Ատոմի ամենասիրելի զբաղմունքը կարդալն է։ Սիրում է և՛ գեղարվեստական, և՛ գիտաֆանտաստիկ գրականություն, ու ընդհանրապես բոլոր-բոլոր ժանրերի գրքերը։
Մեր խելացի տղան շատ լավ է սովորում դպրոցում, սիրում է բոլոր առարկաները, բայց ամենից շատ՝ մայրենին ու մաթեմատիկան։ Նա ունի պատասխանատվության բարձր զգացում ու հաճույքով է կատարում տնային բոլոր հանձնարարությունները։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժվելու ընթացքում, երբ երբեմն ցուցանիշները ընկնում են, ու նա չի կարողանում ընկեր Անիի հետ դասեր սովորել, շատ է սրտնեղում։
Ատոմը շատ ըմբռնումով է մոտենում բուժման բոլոր փուլերին ու խիզախաբար կատարում է բժիշկների բոլոր ցուցումները։ Սննդային սահմանափակումներից էլ առանձնապես չի նեղվում, բայց շատ է կարոտում․․․ սմբուկի խավիարը:)
Մեր Ատոմը որոշել է բժիշկ կամ բուժեղբայր դառնալ, արդեն «աշխատանքային» փորձ է կուտակում հիվանդանոցում։ Նրա առաջին պացիենտը Դինոն է (խաղասենյակի մե՜ծ դինոզավրը), որի մոտ Ատոմը Սուր լիմֆոբլաստային լեյկոզ է ախտորոշել ու համապատասխան բուժում նշանակել։
Ատոմը շատ ուրախ կլինի նվեր ստանալ հեծանիվ։

2022-01-26

Այս արևոտ եղանակը շատ է տրամադրում հեծանվային զբոսանքների, ու մենք անչափ ուրախ ենք, որ մի խումբ բարի ընկերների շնորհիվ մեր Ատոմն էլ արդեն կարող է օգտվել այդ հնարավորությունից իր նոր հեծանիվով։
Շատ շնորհակալ ենք բոլոր հոգատար մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել Ատոմին այս ուրախությունը պարգևելու գործում։

2022-04-28

Այս չորեքշաբթիի մեր հերոսը 4-ամյա Մարկն է Տավուշի մարզից։
Մարկը երեք քույրիկների կրտսեր եղբայրն է։ Երևի կարող եք պատկերացնել՝ ինչքան են քույրիկները «երես տալիս» իրենց սիրելի ապերիկին։ Ամեն օր դասերից հետո նրանք շտապում են տուն, արագ ավարտում տնային բոլոր առաջադրանքները և ողջ ազատ ժամանակը տրամադրում Մարկի հետ տարբեր խաղեր խաղալուն։
Մեր համով տղան շատ կապված է հարազատ Պառավաքար գյուղի հետ ու Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժվելու ընթացքում շատ է կարոտում իր սիրելի անտառները։ Չնայած դրան՝ վերջերս էլ տանը գտնվելիս նա հաճախ է մայրիկին ասում, որ կցանկացա Երևան գալ ու խաղալ ՄՔԱՀԿ խաղասենյակում։ (Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին՝ խաղասենյակը մշտապես նոր խաղերով ու խաղալիքներով հագեցած պահելու համար։)
Սովորաբար Մարկը շատ լավ ախորժակ ունի ու շատ է սիրում հատկապես ձուկ ուտել, սակայն քիմիաթերապիայի որոշակի օրերին միակ համադրությունը, որից նա չի հրաժարվում, վարունգ-կանաչի-պանիր-հացն է։
Մեր ուրախ տղան շա՜տ է սիրում մեքենաներ ու երազում է մեծ չափերի մեքենա-մահճակալ ունենալու մասին։

2022-02-02

Մաղթում ենք ձեզ այն նույն էմոցիաներից, որ ունեցավ մեր Մարկը, երբ տեսավ իր երազած ավտոմեքենա-մահճակալը։
Շա՜տ շնորհակալ ենք Հիմնադրամի սիրելի բարեկամներ Մարիանա Վարդանյանին ու Գարիկ Սարգսյանին ուրախությամբ ու ժպիտներով լի այս հատուկ ակնթարթների համար։

2022-04-20

Մեր այսօրվա հերոսուհին 21-ամյա Գոհարն է Արցախից։
Նա ընտանիքի 10 (այո, տասը) զավակներից երկրորդն է ու շատ կապված է իր ծնողների ու բոլոր քույր-եղբայրների հետ։
Գոհարը օրով ու ժամով հիշում է այն պահը, երբ իմացավ իր ախտորոշման մասին․ 2020թ․ դեկտեմբերի 17-ին, գիշերվա ժամը 4-ին եկան արյան հետազոտությունների վերջնական պատասխանները, և նախնական ախտորոշումը հաստատվեց՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ։
Այդ ժամանակ մեր գեղեցկուհին արդեն Հայկական բժշկական ինստիտուտի Ատամնաբուժական ֆակուլտետի ուսանող էր: Ոլորտից տեղեկացված լինելը նրան հետագայում շատ պիտի օգներ բուժման կողմնակի ազդեցություններին, օրինակ՝ քիմիաթերապիայի հետևանքով առաջացած մազաթափությանը, փիլիսոփայորեն վերաբերվելու հարցում։ Արդյունքում Գոհարը հրաժարվեց կեղծամ կրել։
Ուսումը շարունակելու ու լավ մասնագետ դառնալու ձգտումը նրան շատ էր մոտիվացնում ու ուժ տալիս բուժման ողջ ընթացքում։ Այդ ժամանակաշրջանը նաև համընկավ COVID-19 համավարակի տարածման ակտիվ փուլի հետ, ու «օգտվելով առիթից» Գոհարը ոչ միայն չընդհատեց ուսումը, այլև ակտիվորեն շարունակում էր դասերին միանալ հեռավար տարբերակով։
Խոսելով իր նախասիրություններից՝ Գոհարն առաջին հերթին նշում է երաժշտությունը, ընդ որում՝ ամենաանսպասելի ոճային համադրություններով՝ հիփ-հոփ և դասական։ Սիրում է նաև կատակերգություններ ու բժշկական թեմայով սերիալներ դիտել։
Շատ ուրախ ենք տեղեկացնել, որ Գոհարն արդեն ավարտել է հիմնական բուժումը և ներկայումս գտնվում է պահպանողական բուժման փուլում։
Գոհարի յուրահատուկ ցանկություններից է հայկական ավանդական տարազով ու արծաթյա զարդերով գեղեցիկ ֆոտոսեսիա ունենալը։

2022-03-16

Ծանոթացեք մեր 13-ամյա Անահիտի հետ Սյունիքի մարզից։
Անահիտի տարերքը երաժշտությունն է․ նա կարող է ժամեր շարունակ երաժշտություն լսել ու չձանձրանալ։ Հատկապես սիրում է արտասահմանյան կատարողներին, մասնավորապես՝ Բիլլի Այլիշին (Անահիտի շնորհիվ պարզեցինք, որ վերջինիս մազերն այլեւս վառ կանաչ չեն), բայց երբեմն կարող է լսել նաեւ, հայերեն, իր խոսքով՝ «մի քիչ քյարթուոտ» երգեր, օրինակ՝ Թաթուլի կատարմամբ (այո, մենք նույնպես զարմացած ենք Անահիտի երաժշտական ճաշակի բազմազանության առթիվ)։
Մեր գեղեցկուհին նաեւ ֆիլմերի ու սերիալների սիրահար է, վերջերս էլ հատկապես տպավորվել է կորեական «Կաղամարի խաղը» (Squid Game) դիտելիս։ Մեր հարցին, թե արդյոք սերիալը նայելիս վատ չէր զգում արյունաշատ տեսարաններից, վստահ պատասխանեց, որ բուժման ընթացքում արյան տեսքին այնքան է սովորել, որ այլեւս չի խորշում դրանից։
Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնում բուժումը շատ կարեւոր դեր է ունեցել Անահիտի կյանքում․ բացի հիվանդության դեմ բժիշկների հետ ձեռք ձեռքի տված պայքարելուց, նա նաեւ ծանոթացել է իր ապագա ամենամոտ ընկերուհու՝ Աննայի հետ, որի հետ անբաժան են ինչպես հիվանդանոցում, այնպես էլ դրանից դուրս։ Անահիտը երբեմն փիլիսոփայորեն խորհում է, որ ինչ-որ տեղ նույնիսկ լավ է, որ նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, որովհետեւ այլ պարագայում չէր հանդիպի Աննային եւ մյուս ընկերներին՝ Մելինեին, Արմենին․․․
Անահիտը երկու մեծ եղբայր ունի, որոնց հետ շատ կապված է։ Թեեւ եղբայրները երբեմն խիստ են լինում իր նկատմամբ, բայց նա վստահ է, որ խստությունը բխում է բացառապես սիրուց ու հոգատարությունից։
Ապագա մասնագիտության հարցում մեր ուժեղ աղջիկը տատանվում է երկու տարբերակների միջեւ․ օնկովիրաբույժ կամ ծրագրավորող (վստահ ենք, որ որ տարբերակն էլ ընտրի, մեծ հաջողությունների է հասնելու)։
Անահիտը շատ ուրախ կլինի նվեր ստանալ արծաթյա զարդերի հավաքածու (պատրաստված Cartier ապրանքանիշի ոճով)։

2021-11-24

Շատ ենք ուրախանում, երբ մեր երեխաների երազանքների մասին պատմող գրառումներին արագ արձագանքում են։
Այդպես տեղի ունեցավ նաև մեր Անահիտի երազանքի դեպքում, արձագանքողն էլ նրա անվանակից Անահիտ Սարգսյանն էր։ Մեր Անահիտը նվեր ստացավ իր ուզած արծաթյա զարդերը, ու մենք բոլորս սրտանց մաղթում ենք, որ նա դրանք կրելու բազմաթիվ ուրախ առիթներ ունենա։
Շատ շնորհակալ ենք հոգատար Անահիտին՝ մեր գեղեցկուհու երազանքն իրականացնելու համար։

2022-02-09

Ծանոթացեք Արծրուն 18 տարեկան: Սպիտակից է, ունի 2 եղբայր` մեծ և փոքր: Արծրունը երկար տարիներ զբաղվել է կարատե մարտարվեստով եւ հասել մի շարք հաջողությունների։ Սակայն 2016թ. hունվարից նրա կյանքում փոխվեց ամեն ինչ։ Նրա մոտ հայտնաբերվեց սուր լիմֆոբլաստային լեյկոզ։ Սկզբում շատ էր հիասթափվել, վախենում էր, բայց հետո ուժ գտավ իր մեջ ու սկսեց պայքարել։ Այդ պայքարի արդյունքում նա գրեթե հաղթահարել է այս հիվանդությունը։ Այժմ նա շարունակում է բուժումը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:

6/2/2019

Նա երազում է, որ աշխարհի բոլոր երեխաները լինեն առողջ եւ երջանիկ։
Արծրունի ունի մեկ այլ երազանք, որի իրականացմանը կարող եք օգնել Դուք։ Նա երազում է դառնալ բարձրակարգ վարսավիր, և այդ երազանքին հասնելու համար նրան անհրաժեշտ է անցնել վարսավիրական դասընթացներ և ունենալ վարսահարդարման պարագաներ։

2022-02-07

Ծանոթացեք Հրանտ 6 տարեկան: Երևանից է, ունի 1 փոքր եղբայր:
Նա շատ է սիրում մեքենաներ ու հպարտանում, որ ունի ամենամեծ ու ամենաօրիգինալ մեքենաների հավաքածուն:
2018թ հոկտեմբերին Հրանտի մոտ ախտորոշվել է Բերկիտի լիմֆոմա և այժմ նա բուժում է ստանում Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում:
Հրանտը, չնայած իր փոքր տարիքին, նախընտրում է լսել դասական երաժշտություն և սիրում է քնել սիմֆոնիկ երաժշտության ներքո:
Պարզվում է, որ նա նաև հրաշալի նկարում է. Նրա այս տաղանդը բացահայտվեց կոմայից դուրս գալուց հետո, երբ մայրիկից խնդրեց թուղթ և մատիտ ու նկարեց Պիկասոյի հայտնի կտավներից մեկը:
Հրանտը երազում է դառնալ լավ բժիշկ, ինչպիսին որ իր բժշկուհի Լալա Վաղարշակյանն է:
Հրանտը ունի նաև մեծ ցանկություն հանդիպել և լուսանկարվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

7/03/2019

Հ․Գ․ Այսօր իրականացավ մեր Հրանտի երազանքներից մեկը։ Եթե հիշում եք, երբ պատմում էինք նրա մասին, նշել էինք, որ երազում է հանդիպել և նկարվել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Հրանտը, իր եղբոր Դավիթի և մայրիկի հետ այսօր հյուրընկավեցին քաղաքապետարանում։ Հրանտին և Դավիթին այնտեղ սպասում էին բազմաթիվ անակնկալներ` տեսան քաղաքապետին, նստեցին քաղաքաետի աթոռին և նույնիսկ փաստաթուղթ ստորագրեցին։ Իսկ հանդիպման ավարտին Հրանտը և պարոն Մարությանը փոխանակվեցին նվերներով։ Բարձրաստիճան հանդիպումից հետո Հրանտը և Դավիթը նաև շրջեցին քաղաքապետարանով և այցելեցին թանգարանը։ Ով գիտի, կարող է մի օր էլ Հրանտը կամ Դավիթը դառնան քաղաքապետ։ Շարունակեք երազել ձագուկներ

Շնորհակալ ենք Hayk Marutyan-ին և Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality– ի անձնակազմին Հրանտի երազանքը իրականացնելու և նրան և Դավիթին նման հաճելի օր պարգևելու համար։

2022-02-07

Ծանոթացեք Ռուբեն 9 տարեկան: Գյումրիից է, ունի 2 մեծ քույր:
Մեր Ռուբենը շատ սպորտային տղա է: Զբաղվել է բոքսով և պարով : Շատ է սիրում մեքենաներ և ուզում է ունենալ իր մեքենաների հավաքածուն:
Ամիսներ առաջ ընտանիքի հետ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Ռոստով քաղաքում, սակայն երբ 2018թ դեկտեմբերին հիվանդացավ, որոշեցին ետ վերադառնալ Հայաստան:
Դեկտեմբերին նրա մոտ հայտնաբերվեց սուր լիմֆոբլաստային լեյկոզ և այժմ նա բուժում է ստանում Արյունաբանական կենտրոն ում:

Ռուբենը երազում է հանդիպել հայտնի ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանին և իր կողմից շատ սիրելի երգիչ՝ Միհրան Ծառուկյանին

24/05/2019

Հ. Գ. Մայիսի 24-ին իրականացավ մեր հրաշք Ռուբենի (ինչպես նաև Ռոմիկի) երազանքներից մեկը․ Միհրան Ծառուկյանը մեծ սիրով արձագանքեց մեր խնդրանքին և նվերներով այցելեց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն։
Ռուբենը շատ հուզված և երջանիկ էր։ Նա իր սիրելի երգիչ-դերասանին խոստացավ հաջորդ հանդիպման ժամանակ արդեն ապաքինված լինել։
Շնորհակալ ենք Միհրան Ծառուկյանին մեր երեխաներին ուրախացնելու պատրաստակամության համար: Համոզված ենք, որ այս հանդիպումից ստացված դրական լիցքերը կօգնեն Ռուբենին և մեր մյուս բալիկներին ավելի արագ կազդուրվել։

2022-02-07

Ծանոթացեք Էմիլի 7 տարեկան, Երևանից է : Մեր Էմիլին շատ տաղանդավոր աղջիկ է: Նա տիրապետում է ամենանուրբ նկարչական հմտություններին, և չնայած իր փոքր տարիքին՝ արդեն ունի նկարված տասնյակ նկարներ: 2018թ.մայիսին նրա մոտ հայտնաբերվել է ապլաստիկ անեմիա և նա բուժում է ստացել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Այս փոքրիկ հրաշքը՝ իմանալով իր հիվանդության մասին ոչ միայն չընկճվեց, այլ հակառակը՝ հերոսաբար պայքարեց և հաղթահարեց այն: Էմիլին երազում է ունենալ իր սեփական նկարների ցուցահանդեսը: Նաև շատ, շատ է ուզում ունենալ նկարչական պրոֆեսիոնալ պարագաներ և մոլբերտ:

13/09/2019

Հ․ Գ․ Մի շատ բարի աղջիկ, որը ցանկացավ անանուն մնալ, իրականացրեց նաև մեր Էմիլիի երազանքը։ Իր նոր նկարչական պարագաներով մեր պայծառ աղջիկը արդեն կարող է ազատություն տալ իր երևակայությանը։
Շատ շնորհակալ ենք նվերը հանձնած գեղեցկուհուն և համոզված ենք՝ Էմիլիի վրձնի տակից անչափ գեղեցիկ ստեղծագործություններ են դուրս գալու։

2022-02-07

Ծանոթացեք Էրիկ 6 ու կես տարեկան (իր խոսքերով)։ Մասիսից է և ունի մեծ եղբայր։ 2018թ փետրվարին նրա մոտ ախտորոշվել է Տ բջջային լիմֆոմա և ներկայումս բուժում է ստանում իր կողմից շատ սիրված բժշկուհի Լիլիթ Սարգսյանի մոտ՝ Յոլյանի անվան ԱԿում ։ Էրիկը սիրում է շախմատ խաղալ։ Բուժման պատճառով դեռ չի հաճախում դպրոց, սակայն սկսել է հաճախել շախմատի պարապմունքների , անգամ արդեն գրքեր ունի։ Էրիկը նաև սիրում է երգել ազգագրական երգեր, ունի նաև հեղինակային երգ «Մայրիկ» անվանմամբ, որը տխրության դեմ դեղ է իր մայրիկի համար։ Իսկ մեծ եղբոր հետ ամեն օր կռվում են, թե ով մյուսին ավելի շատ կհամբուրի (լավն են չէ՞)։

13/03/2019

Էրիկը երազում է բուժվել (մենք էլ ենք երազում,որ Էրիկը շուտ առողջանա) և մեծ ցանկություն ունի հանդիպել «Բանակում» հեռուստասերիալի տղաների հետ։

2022-02-04

Ծանոթացեք՝ Գևորգ 7տ: Գյումրիից է, ունի 1 մեծ քույրիկ:
Սիրում է հաճախել դպրոց և խոստովանում է, որ ամենասիրելի առարկան մաթեմատիկան է։ Գևորգը նաև շատ հետաքրքրասեր է, սիրում է անընդհատ ուսումնասիրել նրան հետաքրքրող առարկաների կազմությունը, ինչպես նաև կարդում և նայում է տեսահոլովակներ որտեղ նկարագրվում է մարդու ներքին օրգանները, ուղեղի բջիջները։ Նրա խնդրանքով մայրիկի հետ կարդացել են իր ախտորոշման մասին նյութեր, մանրամասն ծանոթացել հիվանդությանը՝ ռաբդոմիոսարկոմային, լավ և վատ բջիջներին և նրա բուժմանը։ Գևորգը դպրոցից հետո սիրում էր բակում հեծանիվ քշել, խաղալ Չալոյի հետ և ընկերների հետ ֆուտբոլ ։ Գևորգը, չնայած իր փոքր տարիքին, արդեն գրանցվել է մարզային գրադարանում, կարդում է հեքիաթներ և ինքնաթիռների ու դինոզավրների մասին հետաքրքիր նյութեր։ Իսկ հիմա ձգտում է դառնալ կինոաստղ՝ Spider Man-ի դերը կատարելու համար։
Գևորգը երազում է հաճախել կարատեի պարապմունքների և սովորել նվագել գիթար:

15/07/2019

Հ․ Գ․ Գերմանիայում բնակվող մեր բարի հայրենակցուհի Լիլիթի շնորհիվ իրականացավ նաև Գևորգի երազանքը․ նա արդեն կիթառ ունի ու շուտով պատրաստվում է նվագել սովորել։
Պարզվեց, որ Լիլիթն ու Գևորգը շատ ընդհանրություններ ունեն․ երկուսն էլ արմատներով Գյումրիից են, ըշտը, շատ են սիրում կարատե և գերմաներեն լեզուն??։ Լիլիթը, ի դեպ, կարատեի Հայաստանի չեմպիոն է եղել և Գևորգին խոստացավ լիարժեք ապաքինվելուց հետո աջակցել նաև կարատեի խմբակ հաճախելու հարցում։ Նա նաև իր օգնությունն առաջարկեց Գևորգին և նրա մայրիկին գերմաներեն լեզվի ուսումնասիրման նյութերի հետ կապված։
Անչափ շնորհակալ ենք գեղեցկուհի Լիլիթին՝ Գևորգի երազանքն իրականացնելու համար։
Համոզված ենք՝ մեր հրաշք տղան շուտով վարպետորեն տիրապետելու է այս երաժշտական գործիքին և գեղեցիկ ստեղծագործություններ է կատարելու բոլորիս համար։

2022-02-04

Ծանոթացեք. Արամ, 8 տարեկան։ Արարատից է և ունի մեկ փոքր քույրիկ։ Արամը սովորում է 2-րդ դասարանում և շատ է սիրում դպրոցը, քանի որ դպրոցում, սովորելուց բացի, խաղում է ընկերների հետ։ Այնտեղ է նրա սիրած աղջիկը, և Արամը չի համբերում՝ երբ է վերադառնալու դպրոց։ Նա սիրում է ֆուտբոլ խաղալ՝ դպրոցում լավագույն հարձակվողն է և այդ կապակցությամբ միշտ գերազանց գնահատական է ստանում։ Դասերից հետո սիրում է քույրիկին հեծանիվով զբոսանքի տանել (իր խոսքով՝ «ճռիկ-վռիկ անել» )։

Արամը երազում է բժիշկ դառնալ և «ունենալ մեծ ավտո»։
Իսկ հիմա շատ է ուզում ջութակ ունենալ և նվագել սովորել:

06/04/2019

Հ.Գ. Ապրիլի 6-ին Արփի Օսկանյանի շնորհիվ Արամի երազանքը ևս կատարվեց, և նա արդեն ջութակ ունի։ Անսպասելի այցը Արամին պարգևեց լիքը ժպիտներ և անմոռանալի հիշողություններ։ Հուսով ենք, որ շուտով կվայելենք նրա կատարումը:

Շնորհակալություն բարի Արփի Օսկանյանին պատրաստակամության և հրաշալի նվերի համար:

2022-02-04

Ծանոթացեք՝ Եվա, 4 տարեկան, ապագա բժշկուհի Երևանից է, ունի մեծ եղբայր։ 2017 թվականի օգոստոսին Եվայի մոտ ախտորոշվել է հիստիոցիտոզ և այժմ բուժում է ստանում Յոլյանի անվան արյունաբանական կլինիկայում։ Եվան անչափ սիրում է հայրիկից ծաղիկներ և փուչիկներ ստանալ։ Նրա ամենասիրելի գույներն են մանուշակագույնն ու վարդագույնը։ Չնայած ավագ եղբայրը գերազանց է սովորում՝ Եվան բարկանում է, երբ նա անգամ մի փոքր ուշացնում է դասերի պատրաստումը։ Եվան նաև սիրում է քաղցրավենիք թխել, անգամ ունի սեփական հարիչը, որով պատրաստում է տորթեր։
Մեր գեղեցկուհին երազում է ունենալ դիմահարդարման պարագաներ և «լի՜քը փուչիկներ»:

06/04/2019

Հ.Գ. Ապրիլի 6-ին մեր գեղեցկուհի Եվային այցելության եկան Քրիստինա Ուզունյանը և Գրետա Հարությունյանը։ Եվան ստացավ լի՜քը վարդագույն փուչիկներ, քաղցրավենիք և իհարկե դիմահարդարման պարագաներ։
Եվան աննկարագրելի անհամբերությամբ բացեց նվերները և շատ երջանիկ էր:

Շնորհակալ ենք մեր երեխաների և մեր կողքին լինելու համար։ Վստահ ենք, որ բարի մարդկանց հետ միասին կարող ենք հաղթել քաղցկեղը:

2022-02-04

Ծանոթացեք. Զինա, 6 տարեկան: Միջնատուն գյուղից է, ունի մեծ քույրիկ և փոքր եղբայր։ 2019թ մարտին Զինայի մոտ ախտորոշվել է հոջկինի լիմֆոմա և ներկայումս նա բուժվում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։
Զինաիդան շատ է սիրում խաղալ տիկնիկների հետ, մայրիկի օգնությամբ սիրուն հագուստներ է կարում նրանց համար։ Նա չի սիրում, երբ իր տիկնիկների հետ անփույթ են վերաբերվում և թույլ է տալիս խաղալ միայն նրանց ովքեր զգույշ են։
Զինան որոշել է․ մեծանա երգչուհի է դառնալու, նրան ոգեշնչել է Լիլիթ Հովհաննիսյանը։
Մեր ձագուկը երազում է ունենալ հեծանիվ, որ գյուղում քշի:

02/05/2019

Հ. Գ. Մայիսի 2-ին իրականացավ մեր փոքրիկ հրաշք Զինաիդայի երազանքը. «There is always HOPE – Հույս միշտ կա» հիմնադրամը՝ ի դեմս Անահիտ Հարությունյանի, նրան նվիրեց այդքա՜ն սպասված հեծանիվը:
Նվերը Զինաիդային հանձնեց քաղցկեղը արդեն հաղթահարած բալիկներից Արմենը: Վերջինս նաև Զինային օգնեց առաջին պտույտը գործել հեծանիվով: Մեր փոքրիկ գեղեցկուհին անչափ հուզված ու երջանիկ էր: Նա անհամբեր սպասում է կազդուրվելուն, որպեսզի արդեն հայրենի գյուղի ճանապարհներին վայելի հեծանվային զբոսանքները:

Շնորհակալ ենք «There is always HOPE – Հույս միշտ կա» հիմնադրամին, անձամբ տիկին Անահիտ Հարությունյանին և մեր քաջ Արմենին պատրաստակամության համար:

2022-02-04

Ծանոթացեք. 5-ամյա Տիգրանն է Վարդենիս քաղաքից:
Բացառիկ աշխատասիրության և կամքի ուժի շնորհիվ նա ամեն օր նոր արդյունքներ է գրանցում դժվարությունների հաղթահարման ու հետվիրահատական վերականգնման ճանապարհին:
Տիգրանը նաև շա՜տ հոգատար ընկեր է. դեռ մանկապարտեզում հանգստացնում էր իրենից փոքր երեխաներին, որոնք անհամբեր մայրիկին էին սպասում, այժմ էլ, երբ բուժում է ստանում պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, մյուս երեխաներին հորդորում է չընկճվել՝ հաճախ խոսքը համեմելով Վարդենիսի համով-հոտով բարբառով («հընչա՞ թա գուլաս»):
Տիգրանն ամենից շատ սիրում է խաղալ կինետիկ ավազով և շատ կուզեր ունենալ հեծանիվ, որը կծառայեր ինչպես ժամանցի, այնպես էլ շուտափույթ ապաքինման համար:

06/05/2019

Հ. Գ. Մոսկվայաբնակ բարերար Լիլիթ Կարապետյանի շնորհիվ իրականացավ նաև մեր Տիգրանի երազանքը: Նա արդեն հեծանիվ ունի, որն այնքան է հավանել, որ ուզում է անդադար քշել, ինչն էլ, ի դեպ, նրա մոտ բավականին լավ է ստացվում առաջին իսկ րոպեից:
Համոզված ենք, որ հեծանիվը կօգնի մեր նպատակասլաց տղային ավելի արագ վերականգնվել և պարզապես շատ ուրախ ժամանակ անցկացնել:
Եվս մեկ անգամ շնորհակալություն տիկին Լիլիթին՝ Տիգրանի ցանկությունը կատարելու պատրաստակամության համար:

2022-02-04

Այս շաբաթվա մեր հերոսը 10 տարեկան Ռոմիկն է Ապարանից։ Մեր խիզախ տղան քաղցկեղի դեմ պայքարելուն զուգահեռ գտնվում է նաև ողնաշարի կոտրվածքի ապաքինման փուլում, բայց չի ընկճվում և անհամբեր սպասում է, թե երբ են բժիշկները իրեն թույլ տալու իր սիրելի կերակրատեսակներից տոլմա և քյաբաբ ուտել:
Շատ է սիրում իր խոսող խաղալիք «ընկերոջը», ինչպես նաև թղթից սոսնձի օգնությամբ տարբեր ֆիգուրներ պատրաստել։
Ռոմիկը երազում է ունենալ հեռակառավարման վահանակով մե՜ծ մեքենա, բայց այս անգամ ինքն իրեն խոստացել է ավելի զգույշ «վարել» և վթարների չենթարկել այն։ Նա նաև շա՜տ երջանիկ կլիներ ունենալ հեռախոս-ժամացույց և հանդիպել Միհրան Ծառուկյանի հետ։

27/05/2019

EasyPay ընկերության մեր բարի ընկերների շնորհիվ իրականացան մեր Ռոմիկի նաև մյուս երազանքները։ Նա այժմ ունի շա՜տ մեծ ու չափազանց արագ ավտոմեքենա ու իսկապես «խելացի» ժամացույց, որով բացի հիմնական գործառույթից կարող է նաև խաղեր խաղալ և զանգեր կատարել, իսկ նրա հարազատները հնարավորություն ունեն հետևել նրա գտնվելու վայրին։
Շնորհակալություն ենք հայտնում ԻզիՓեյ ընկերությանը և ընկերության աշխատակից գեղեցկուհիներին՝ մեր Ռոմիկին մեծ ուրախություն պարգևելու համար։

2022-02-04

Այս անգամ մեր հերոսը 16-ամյա Աստղիկն է Գյումրիից։ Սովորում է Գյումրու տնտեսագիտական վարժարանում, բայց նաև մեծ ցանկություն ունի հմտանալ կոսմետոլոգիայի մեջ և դառնալ կոսմետոլոգ-դիմահարդար։
Շատ ակտիվ լինելով՝ Աստղիկը ուսումին զուգահեռ ներգրավված է նաև Գյումրիում գործող միջմշակութային ակումբի աշխատանքներում, որտեղ ակումբ հաճախող երեխաների հետ խաղեր է կազմակերպում և ապահովում վերջիններիս ուրախ ժամանցը։ Երեխաների հետ շփումը հեշտ է տրվում Աստղիկին նաև այն պատճառով, որ նա բազմանդամ ընտանիքի հինգ զավակներից ավագն է։
Շատ է սիրում տարբեր ժանրերի երաժշտություն լսել՝ ըստ տրամադրության։ Երաժշտական գործիքներից Աստղիկը նախընտրում է դաշնամուրև առանձնահատուկ վերաբերմունք ունի կիթառի նկատմամբ․երազում է կիթառ ունենալ և սովորել նվագել իր սիրած ստեղծագործությունները։

04/06/2019

Հ․ Գ․ Մեր բարի ընկեր Արփի Օսկանյանի շնորհիվ մեր շահառուներից ևս մեկի՝ Աստղիկի երազանքը նույնպես իրականացավ։ Նա արդեն ունի այդքան սպասված կիթառը, մենք էլ հույս ունենք, որ շուտով կվայելենք նրա գեղեցիկ կատարումներից մեկը։
Նվերը հանձնելիս Արփին նաև քաղցկեղը հաղթահարած իր հարազատի մասին պատմեց և գոտեպնդեց Աստղիկին։
Անչափ շնորհակալ ենք մեծ սրտով մեր ընկերոջը ևս մեկ անգամ մեր կողքին լինելու համար։ Համոզված ենք՝ Աստղիկը հիմա ավելի մեծ եռանդով ու ոգևորությամբ կշարունակի բուժումը ու կհաղթի։

2022-02-04

Ծանոթացեք մեր շատ հասուն ու քաջ 11-ամյա երևանաբնակ Էդուարդի հետ։
Էդուարդը Միկա ֆուտբոլային ակումբում դարպասապահ է եղել, և հիմա էլ շատ է կարոտում իր սպորտսմեն ընկերներին։ Համաշխարհային ֆուտբոլիստներից հիանում է հատկապես Մեսսիի, Նեյմարի և Սուարեսի խաղով։ Երևի արդեն կռահեցիք, որ մեր հերոսը Բարսելոնա ֆուտբոլային ակումբի երկրպագուներից է։
Ազատ ժամանակ ամենից շատ սիրում է պլանշետով Free Fire ցանցային խաղը խաղալ։ Ի դեպ, նա առաջարկում է այս խաղի այլ խաղացողներին գտնել իրեն EDUL0005735V ծածկանունով։ Սիրում է նաև ռուսական ռեպ լսել, իսկ ֆիլմերից նախընտրում է կոմեդիաներ նայել և մի լա՜վ ծիծաղել։ Այս ժանրում հատկապես հավանում է Ֆուլ Հաուս սիթքոմի վերջին եթերաշրջանը։
Ի տարբերություն իր շատ հասակակիցների՝ Էդուարդն արդեն վաղուց հետաքրքրված չէ խաղալիքներով, իսկ նրա մեծ ցանկություններից մեկը ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի և դերասան Գրիգոր Դանիելյանի հետ հանդիպելն է։

03/07/2019

Հ․Գ․ Երեկ իրականացավ մեր Էդուարդի նաև մյուս երազանքը (օրեր առաջ նա հանդիպել էր նաև Հենրիխ Մխիթարյանի հետ)․ նա ցանկություն էր հայտնել հանդիպել դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանի հետ, վերջինս էլ մեծ սիրով արձագանքեց մեր խնդրանքին և նվերներով այցելեց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն։
Մեր խիզախ տղան Գրիգորին ներկայացրեց իր հաջողությունները առցանց խաղերում, Գրիգորն էլ նկարահանման գործընթացի որոշ գաղտնիքներ բացահայտեց և առաջինը հենց Էդուարդին պատմեց իրենց ստեղծագործական թիմի նոր նախագծերի մասին։ Նրանք նաև զրուցեցին իրենց ապագա պլանների մասին և պայմանավորվեցին մյուս անգամ հանդիպել նկարահանման հրապարակում, որտեղ Էդուարդը կծանոթանա նաև մյուս դերասանների հետ և պատկերացում կկազմի նկարահանումների ընթացքում կիրառվող հատուկ էֆեկտների մասին։
Շատ շնորհակալ ենք Գրիգորին մեր Էդուարդի երազանքն իրականացնելու համար։

2022-02-04

Ծանոթացեք մեր 11-ամյա Ռուբենի հետ Ախալքալաքից։
Ռուբենի տարերքը Լեգո կոնստրուկտորներն են և այլ, իր իսկ խոսքերով, «մանր-մունր բաներով զբաղվելը»։ Շատ է սիրում ֆիլմեր դիտել, բայց ոչ սարսափ ժանրի, թե չէ մտավախություն ունի, որ «մի երկու ամիս չի քնի»։
Ազատ ժամանակ մեր քաջ տղան շատ է սիրում հեծանիվ քշել, ու թեև հայրենի սարերում հեծանիվ քշելիս մի անգամ ընկել և մի փոքր վնասվել է, սակայն բոլորովին չի վախեցել։
Ռուբենը մեծ սեր ունի ճշգրիտ գիտությունների նկատմամբ և դեռ չի կողմնորոշվում՝ ինչ մասնագետ դառնա, երբ մեծանա. ծրագրավորո՞ղ, ճարտարապե՞տ, մաթեմատիկո՞ս, թե՞ գիտնական (կամ բոլորը միասին)։ Նա հպարտությամբ նշեց, որ դպրոցում սովորելու ողջ ընթացքում մաթեմատիկայից միայն 9 և 10 (հնարավոր 10-ից) գնահատականներ է ստացել։
Երազում է հանդիպել Արամ Mp3-ի հետ, գնալ ռոբոտաշինության դասընթացների և ունենալ մե՜ծ լեգո կոնստրուկտոր։

05/07/2019

Երազանք ՀԿ-ի աջակցությամբ իրականացավ մեր Ռուբենի նաև մյուս երազանքը. նա հանդիպեց Արամ Mp3-ի հետ։
Ռուբենը հանդիպման սկզբում մի քիչ ամաչում էր, բայց շա՜տ ուրախ էր տեսնել իր սիրելի երգչին։ Նախասիրությունների մասին խոսելիս Արամն ու Ռուբենը պարզեցին, որ երկուսն էլ շատ են սիրում հեծանիվ քշել։ Զրուցեցին նաև սպորտի և Ռուբենի սիրելի կոնստրուկտորների, ինչպես նաև Հայաստանում ու Վրաստանում դպրոցների տարբերությունների մասին:
Պայմանավորվեցին, որ իրենց հաջորդ հանդիպմանը Ռուբենը նվեր ստացած կոնստրուկտորը հավաքած կլինի և ցույց կտա Արամին։
Անչափ շնորհակալ ենք «Երազանք» ՀԿ-ին և Արամ Mp3-ին արձագանքելու ու մեր սիրելի Ռուբենի բաղձալի ցանկությունը ի կատար ածելու համար։

2022-02-04

Այս շաբաթվա մեր հերոսը 6-ամյա Լյուսիյան է Արցախից։
Մեր գեղեցկուհին շատ կարգապահ և կոկիկ աղջիկ է ու չի սիրում, երբ իրերը թափթփված են լինում։ Մեծ հաճույքով խաղում է իր խոսող խելացի տիկնիկ Տանյուշայի հետ, որը նաև նրա մտերիմ ընկերուհիներից է։ Ազատ ժամանակ սիրում է նկարել, ներկել, ինչպես նաև աշխատել գիպսով և կավով։
Լյուսիյան անհամբեր սպասում է, թե երբ է վերադառնալու տուն, որտեղ նրան սպասում են ավագ քույրիկներն ու եղբայրը։ Շատ է կարոտում նաև իր սիրելի շանը՝ սևուկ Ջիմիին։
Նա մեզ շատ այլ բաներ էլ պատմեց, բայց նշեց, որ «это личное» («դա անձնական է»), մենք էլ խոստացանք ոչ մեկին չասել մեր քաղցր աղջկա գաղտնիքները։
Լյուսիյան շատ է ցանկանում ունենալ թևնոց պատրաստելու հավաքածու (նա ընդգծեց, որ «հավաքածուի մեջ անպայման պետք է լինեն նաև սրտիկներ ու զարդեր»), ինչպես նաև հանդիպել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ։
Իսկ նրա ամենաբաղձալի երազանքը մեծ ունեցվածք ունենալն է, որպեսզի այդ գումարով կարողանա մե՜ծ հիվանդանոց կառուցել, որտեղ բալիկներին չեն ցավեցնի ու որտեղ մե՜ծ բատուտ կլինի։
Մենք էլ հուսով ենք, որ մեր գեղեցկուհու բոլոր-բոլոր երազանքները կիրագործվեն։

28/06/2019

Հ․ Գ․ Սիթի օֆ սմայլ հիմնադրամի լավ ընկերների շնորհիվ իրականացան մեր Լյուսիայի նվիրական ցանկությունները։
Մեր քաղցր աղջիկն արդեն ունի թևնոց սարքելու տարբե՜ր հավաքածուներ, ինչպես նաև երաժշտական գործիքներ և լիքը այլ խաղալիքներ։
Անչափ շնորհակալ ենք մեր գեղեցկուհիներ Անիին, Ինեսային, Մարիային և Մերիին` Լյուսիյային շատ ժպիտներ պարգևելու համար։
Համոզված ենք, որ այդ գեղեցիկ նվերները հետաքրքիր ժամանց կապահովեն մեր սիրուն Լյուսիյայի համար, և նրա բուժման հերթական փուլն ավելի սահուն կընթանա։

2022-02-04

Այս անգամ կպատմենք արտահայտիչ դիմագծերով մեր 7-ամյա Էլենի մասին։
Էլենը շատ է սիրում զբոսնել, գնալ շոփինգի և հիմա սպասում է, թե երբ է «լեյկոցիտներ ունենալու», որպեսզի բժիշկները թույլ տան վերսկսել զբոսանքները։ Նա նաև ունի LOL տիկնիկների մե՜ծ հավաքածու և վարպետորեն տարբերում է բնօրինակ տիկնիկները կեղծվածներից։
Ազատ ժամանակ մեր գեղեցկուհին հաճույքով հետևում է ռուսերեն լեզվով վարվող վլոգներին, և նաև դրա շնորհիվ է, որ արդեն շատ վարժ տիրապետում է ռուսերենի։ (Ի դեպ, նա շուտով պատրաստվում է ստեղծել և վարել հենց իր վլոգը։)
Էլենը շատ կապված է իր երկու ավագ եղբայրների հետ, որոնցից մեկը ծառայում է բանակում։ Մեր կատակասեր աղջիկը ծիծաղելով նկատում է, որ այժմ, երբ քիմիաթերապիայի հետևանքով իր մազերը թափվել են, էլ ավելի է նմանվել զինվոր եղբորը։
Էլենն անհամբեր սպասում է բուժման ավարտին, որից հետո որոշել է շնորհակալություն հայտնել և շա՜տ պինդ գրկել իր բժիշկ Գևորգ Թամամյանին։
Մեր խիզախ աղջնակը երազում է ունենալ կիթառ, որով կնվագի և զուգահեռ կերգի իր հորինած ուրախ երգերը։

03/08/2019

Հ․ Գ․ Խաղաղության Քաղաք բարեգործական ՀԿ-ի և Լիլիթ Համբարձումյանի շնորհիվ մեր Էլենի երազանքն էլ իրականություն դարձավ. իր նոր կիթառով նա արդեն կարող է նվագել ու երգել իր հորինած երգերը։ Համոզված ենք, որ մեր գեղեցկուհին նոր գլուխգործոցների հեղինակ է դառնալու։
Շատ շնորհակալ ենք Խաղաղության քաղաք ՀԿ-ին նորից մեր կողքին լինելու ու մեր սիրելի Էլենի երազանքն իրականացնելու համար։
Անհամբեր կսպասենք նրա կատարումները միասին վայելելուն։

2022-02-04

Ծանոթացեք մեր գեղեցկուհի 12-ամյա Գառնիի հետ։
Յուրահատուկ անունով մեր աղջիկը ազատ ժամանակ հաճույքով հետևում է «յութուբեր»-ներին, որոնք անգլերենով նկարագրում են տարբեր համակարգչային խաղերի փուլերը և օգտակար խորհուրդներ տալիս դրանք հաղթահարելու համար։
Այս տեսանյութերի շնորհիվ Գառնին արդեն բավականին լավ տիրապետում է անգլերենի, որը, ի դեպ, դպրոցում նրա ամենասիրած առարկաներից է։ Նա նաև շատ է սիրում մաթեմատիկա առարկան, և նաև դրա արդյունքն է ապագա մասնագիտության նրա ընտրությունը՝ հաշվապահ։ Հաշվապահի աշխատանքին ստեղծագործական տարր ավելացնելու ձգտումով մեր պայծառ աղջիկը ցանկանում է այն համատեղել դիզայների կարիերայի հետ։
Հաշվապահ-դիզայներ մասնագիտացումները համատեղելուց բացի նա նաև կարողանում է մեկտեղել Minecraft, Roblox, PubG խաղերը և ԼՕԼ տիկնիկներով խաղալը։ Հույս ունի մի օր ԼՕԼ տիկնիկների մե՜ծ հավաքածու ունենալ։
Գառնին շատ է սիրում նկարել, հատկապես դիմանկարներ։ Նա նաև շատ լավ լուսանկարում է և ինքն իրեն համարում է իր քույրիկի «անձնական լուսանկարիչը»։
Լուսանկարչական հմտություններն էլ ավելի զարգացնելու համար մեր գեղեցկուհին երազում է ունենալ փիրուզագույն (անպայման հենց այս գույնի) ֆոտոխցիկ, որով, համոզված ենք, հրաշալի կադրեր է ստանալու։

16/07/2019

Հ․ Գ․ Բարի մարդկանց շնորհիվ իրականացավ նաև մեր Գառնիի երազանքը։
Խաղաղության քաղաք հաղորդաշարի գլխավոր աջակից Fruits of Love Mission կազմակերպությունը՝ ի դեմս նաիրա Մարտիրոսյանի, մեր գեղեցկուհուն նվիրեց փիրուզագույն «ակնթարթային» ֆոտոխցիկ, որով արված առաջին կադրից մեզ ժպտում են հենց Գառնին ու Նաիրան:
Գառնին նաև հրաշալի օր անցկացրեց Սիթիզեն ժամանցի կենտրոնում և վառ տպավորություններով վերադարձավ տուն։
Անչափ շնորհակալ ենք Fruits of Love Mission-ին և Նաիրա Մարտիրոսյանին, ինչպես նաև Խաղաղության Քաղաք Բարեգործական ՀԿ-ի հիմնադիր Լիլիթ Համբարձումյանին արձագանքելու և մեր հրաշք Գառնիի ցանկությունը իրագործելու համար։
Անհամբեր կսպասենք Գառնիի կողմից այս ֆոտոխցիկով արված գեղեցիկ լուսանկարները տեսնելուն։

2022-02-04

Ծանոթացեք մեր 8-ամյա Գուրգենի հետ, որի մոտ 2018թ․վերջում ախտորոշվել է Յուինգի սարկոմա։
Մեր սիրառատ տղան շատ է սիրում իր հարազատներին, հատկապես մայրիկին, ում անդադար պաչիկներ է անում։
Գուրգենի երաժշտական ճաշակը արժանի է հատուկ ուշադրության․ նա նախընտրում է Ֆրենկ Սինատրա (Frank Sinatra), Ադել (Adele), ինչպես նաև բելգիացի Ստղոմայ (Stromae) կատարողներին, որոնց ստեղծագործությունները հեշտությամբ ինքնուրույն գտնում է համացանցում ու վայելում։
Շատ է սիրում նաև չարաճճի Մաշայի և համբերատար արջի մասին պատմող մուլտֆիլմաշարը և անպայման կարմիր մեքենաները։
Քանի որ Գուրգենը նաև աուտիզմ ունի, նա պարբերաբար աշխատում է լոգոպեդի հետ և շարունակական աշխատանքի շնորհիվ բավականին լավ արդյունքներ էր գրանցել, սակայն աշխատանքի մեջ ընդմիջումը բացասաբար է անդրադառնում նրա խոսքի զարգացման վրա, ուստի մեր Գուրգենի և նրա ընտանիքի անդամների մեծագույն ցանկությունն է կարողանալ շարունակել լոգոպեդի հետ դասընթացները։
Գուրգենը շատ ուրախ կլիներ նաև ունենալ հիշողությունն ու մտածողությունը զարգացնող տրամաբանական խաղեր ու փայտից խաղալիքներ։

14/10/2019

Հ. Գ. Մի խումբ սրտացավ մարդկանց շնորհիվ իրականացան նաև մեր Գուրգենի ցանկությունները: Մի գեղեցկուհի բժշկուհի, որը ցանկացավ անանուն մնալ, նրան հետաքրքիր զարգացնող խաղեր նվիրեց, իսկ մեր հավատարիմ գործընկեր Խաղաղության Քաղաք Բարեգործական ՀԿ-ն՝ ի դեմս մեր սիրելի Լիլիթ Համբարձումյանի, համալրեց մեր Գուգոյի խաղալիքների «պաշարը»:
Գուրգենին ու նրա ընտանիքին աջակցելու պատրաստակամության են հայտնել նաև «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն (“International Child Development Center” NGO), TMM – Սովորեցրու Ինձ Ավելին- Ուսուցման և Զարգացման Կենտրոն-Քոլեջը և There Is Always HOPE- Հույս միշտ կա բարեգործական կազմակերպությունը:
Անչափ շնորհակալ ենք բոլոր արձագանքողներին հոգատարության համար, համոզված ենք՝ միացյալ ուժերով և շարունակական աշխատանքի շնորհիվ շատ լավ արդյունքներ կգրանցենք Գուրգենի առողջական վիճակի բարելավման հարցում:

2022-02-04

Այսօր կպատմենք մեր 5-ամյա Գոհարիկի մասին։
Գոհարիկի ամենասիրելի զբաղմունքները սերտորեն կապված են երաժշտության հետ․ ազատ ժամանակ նա սինթեզատոր է նվագում, երգեր լսում ու քույրիկների հետ անդադար պարում։ Հատկապես շատ է սիրում երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի կատարումները և երազում է անձամբ հանդիպել Լիլիթի հետ։
Գոհարիկը նաև լավ նկարում է, և հենց նրա նկարած ուրախ նկարն էր ՀՀ վարչապետի տիկին, ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը վերջերս Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն այցի ժամանակ նվիրել կենտրոնին։
Մեր քնքուշ աղջիկը, ինչպես երևի արդեն կռահել եք, շատ է սիրում վարդագույն ու մանուշակագույն գույները, ինչպես նաև «թիթիզանալ» ու շպարվել մանկական կոսմետիկայով։ Երազում է ունենալ մանկական զարդասեղան՝ իր պարագաներով, որ առողջանալուց հետո գնա տուն ու քույրիկների հետ միասին երկա՜ր խաղա։

30/07/2019

Հ․ Գ․ Մեր բարի գործընկեր Խաղաղության քաղաք հաղորդաշարի և նրանց գլխավոր աջակից Fruits of Love Mission կազմակերպության շնորհիվ իրականացավ նաև մեր Գոհարիկի ցանկությունը․ նա նվեր ստացավ իր երազած վարդագույն զարդասեղանը՝ հետաքրքիր պարագաներով, և հիմա կարող է անդադար հարդարվել ու զարդարվել։
Մեգա Թոյս ընկերությունն էլ իր կողմից մեկ այլ անակնկալ նվեր մատուցեց մեր քաղցր աղջնակին՝ զարդեր պատրաստելու կախարդական հավաքածու։
Շնորհակալություն Խաղաղության Քաղաք Բարեգործական ՀԿ-ին, Fruits of Love Mission կազմակերպությանը և ՄեգաԹոյս ընկերությանը․ այս գեղեցիկ իրերը շատ ուրախացրին Գոհարիկին, և մենք էլ մեր գեղեցկուհու հետ միասին անհամբեր կսպասենք նրա բուժվելուն և տուն գնալուն, որպեսզի այնտեղ նա կարողանա իր քույրիկների հետ երկար խաղալ ու, իհարկե, նաև երգել ու պարել։

2022-02-04

Ինչպես գիտեք, Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամը աջակցում է ոչ միայն երեխաներին, այլև մինչև 25 տարեկան երիտասարդներին։
Եվ այս շաբաթ ձեզ կպատմենք Գեղարքունիքի մարզում բնակվող մեր 21-ամյա Կարենի մասին։
Ազատ ժամանակ Կարենը շատ է սիրում կոմեդիաներ դիտել, նաև պարտադիր հետևում է լրահոսին, որովհետև ուզում է տեղեկացված լինել նոր իրադարձությունների մասին։
Երաժշտությունից նախընտրում է հայկական ազգագրական երգերը, հատկապես հաճույքով է լսում Ներսիկ Իսպիրյանի և Ռուբեն Սասունցու կատարումները։ Երաժշտական ճաշակի վրա ազդել է, թերևս, նաև այն հանգամանքը, որ Կարենի ընտանիքը արմատներով Մուշից է։
Կարենի ամենանվիրական երազանքը վերջնականապես առողջանալն է։ Նա նաև մեծ ցանկություն ունի ոսկերչության կամ խոհարարության դասընթացների մասնակցել՝ հետագայում աշխատաշուկայում պահանջված մասնագետ լինելու համար։

31/07/2019 2022-02-04

Այս շաբաթվա մեր փոքրիկ հերոսուհին 2,5 տարեկան Մանեն է Լոռվա մարզից։
Մինչ հիվանդության ի հայտ գալը մեր փոքրիկ հրաշքը շատ աշխույժ, անընդհատ երգող և պարող բալիկ էր։ Բուժման փուլում նա նախընտրում է ավելի պասիվ ժամանցը և հատկապես հաճույքով նկարում ու ներկում է, ինչպես նաև խաղում է ավազով և կառուցում ավազե ամրոցներ։
Մանեն շատ է կարոտում հայրենի տունը, նրա ընտանիքն էլ անհամբեր սպասում է՝ երբ է նա առողջանալու, որ վերադառնա գյուղ։ Հենց գյուղում էլ Մանեն առաջին անգամ ձիեր է տեսել ու հիացել, և մինչ օրս այդ ազնվացեղ կենդանիները նրա ամենասիրելիներն են։
Երկար թարթիչներով մեր գեղեցկուհին, կոտրելով բոլոր կարծրատիպերը, չի խաղում տիկնիկներով և փոխարենը շատ է սիրում ավտոմեքենաներ «քշել»։
Մանեն երազում է ունենալ մանկական հեծանիվ և իր ընտանիքի բոլոր անդամների հետ միասին գնալ հեծանվային զբոսանքների։

20/08/2019

Հ․ Գ․ Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի գործընկեր «Հույս միշտ կա» կազմակերպության շնորհիվ իրականացավ նաև մեր փոքրիկ Մանեի երազանքը։
Իր գեղեցիկ և հարմարավետ հեծանիվով նա արդեն պատրաստ է երկար հեծանվային զբոսանքների, առայժմ մայրիկի կամ հայրիկի օգնությամբ, իսկ հետագայում՝ նաև ինքնուրույն։
Շնորհակալ ենք «Հույս միշտ կա» կազմակերպությանը և անձամբ տիկին Անահիտին և տիկին Ռուզաննային՝ Մանեի երազանքն իրականացնելու համար։ Համոզված ենք՝ այս անակնկալը շատ կբարձրացնի մեր գեղեցկուհու տրամադրությունը։

2022-02-04

Այս շաբաթ կպատմենք մեր 5-ամյա Արամի մասին։
Մեր ամաչկոտ տղան շատ է սիրում բնության գրկում լինել, առանձնապես խնամքով ու հոգատարությամբ է վերաբերվում կենդանիներին, գուրգուրում ու կերակրում է նրանց։
Ազատ ժամանակ Արամը նկարում ու ներկում է, պահմտոցի է խաղում ընտանիքի անդամների հետ և զվարճանում է երաժշտություն լսելով ու «ԱՐԱՄ-զամ-զամ» երգի հնչյունների ներքո պարելով։
Տարվա եղանակներից հատկապես սիրում է ձմեռը և անհամբեր սպասում է, թե երբ է ձյուն գալու, որպեսզի ձնագնդիկ խաղա ու ձնեմարդ պատրաստի։
Մեր խիզախ տղան երազում է ունենալ մեծ մոտոցիկլետ, ցանկալի է իր սիրելի կանաչ գույնի, որ հայրենի գյուղում քշի իր փոքր եղբոր հետ։ Երկար ժամանակ հիվանդանոցում անցկացնելուց հետո Արամը նաև մեծ ցանկություն ունի այցելել մանկական սրճարան և կարուսելներ։

29/08/2019

Հ․ Գ․ Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք հիմնադրամի հավատարիմ գործընկեր Խաղաղության Քաղաք Բարեգործական ՀԿ-ի շնորհիվ իրականացավ նաև մեր սիրելի Արամի երազանքը։
Մեր խիզախ տղան հրաշալի օր անցկացրեց մանկական այգում, լի՜քը կարուսելներ նստեց, ուրախ խաղեր խաղաց, և, իհարկե, նվեր ստացավ այդքան սպասված մոտոցիկլետը։
Շատ շնորհակալ ենք Խաղաղության քաղաք ՀԿ-ին և անձամբ Լիլիթ Համբարձումյանին կրկին մեր և մեր շահառուների կողքին լինելու ու մեր Արամիկի նվիրական երազանքն իրականացնելու համար։ Համոզված ենք՝ մեր հրաշք տղան, որը, ի դեպ, վերջերս է ավարտել բուժումը, մեծ հաճույք կստանա այդ գեղեցիկ ու հզոր մոտոցիկլետը վարելիս։

2022-02-04

Ծանոթացեք մեր 5-ամյա Նարեկի հետ Վանաձոր քաղաքից։
Մեր արջուկը:)) շատ է սիրում լեգո կոնստրուկտորներ հավաքել, խոսել մայրիկի հեռախոսի փիսոյի հետ և խաղալ փոքրիկ մեքենաներով, որոնք անպայման պետք է երկաթից լինեն։
Ինչպես բոլոր երեխաները, Նարեկը նույնպես շատ է սիրում մուլտֆիլմեր դիտել ու հատկապես մեծ հետաքրքրությամբ հետևում է «Դե՛, սպասիր» (Ну погоди!) մուլտում գայլի և նապաստակի արկածներին՝ սրտատրոփ երկրպագելով նապաստակին։
Շատ հետաքրքիր երաժշտական ճաշակ ունեցող մեր համով տղայի ամենասիրելի երգը «Նորավանքի մոմերը» կատարումն է, մյուս սիրելի երգը նկարագրվեց որպես «Լալիլա», որի երգիչը մեր Նարեկի պես խուճուճ տղա է, ու Նարեկն էլ, հոլովակը նայելիս, շատ է կարոտում իր գանգուրները և անհամբեր սպասում է, թե երբ են իր մազերը կրկին երկարելու ու խուճուճանալու։
Մեր հարցին, թե ում հետ կուզեր հանդիպել, մեր զգացմունքային տղան առանց մի րոպե վարանելու պատասխանեց․ «մեր մանկապարտեզի Անիի»։ Պարզվեց, Նարեկը շատ է կարոտում Անիին ու անհամբեր սպասում է նրա հետ հաջորդ հանդիպմանը։
Նարեկը երազում է ունենալ դաշնամուր/ սինթեզատոր և կիթառ ու շատ լավ նվագել սովորել։

30/09/2019

Հ․ Գ․ Այսօր իրականացավ նաև մեր հրաշք Նարեկի երազանքը. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը շա՜տ նվերներով այցելեց Նարեկին։ Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում մեր համով տղան նվեր ստացավ ոչ միայն իր երազած երաժշտական գործիքները, այլև մի շատ լավ հեծանիվ, որը նա հմտորեն վարեց հենց առաջին իսկ րոպեից։
Անչափ շնորհակալ ենք պարոն Մուրադյանին մեր Նարեկի ցանկություններն իրագործելու ու նրան շատ ուրախ պահեր պարգևելու համար։

2022-02-04

Այս շաբաթվա մեր փոքրիկ հերոսուհին 4-ամյա Լուիզան է Էջմիածին քաղաքից։
Մեր գեղեցկուհին շատ է սիրում խաղալ իր տիկնիկներով, խոսել ու խնամել նրանց։ Ի դեպ, տիկնիկներն անպայման քաչալիկ պիտի լինեն։ Նրա սիրելի զբաղմունքներն են նաև միկրոֆոնով երգելը և աշխույժ պարերը։ Հատկապես սիրում է վրացական երաժշտության հնչյունների ներքո պարել և ուրախանալ, ու անհամբեր սպասում է, թե երբ է գնալու պարի պրոֆեսիոնալ դասերի։
Լուիզիկի սիրած գույնը վառ դեղինն է, իսկ տարվա սիրած եղանակը՝ ձմեռը, երբ կարելի է թավալվել ձյան մեջ, ձնեմարդ պատրաստել ու ձնագնդիկ խաղալ։
Նա շատ է ցանկանում եղբայր ունենալ ու ծնողներին անընդհատ խնդրում է «խանութից ապերիկ բերել» իր համար։
Ներկայումս մեր համով աղջնակը գտնվում է պահպանողական բուժման փուլում, և շատ է կարոտում Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի իր բժիշկներին, հատկապես՝ Լուսինե Մարատի Քրմոյանին։ Լուիզան որոշել է ինքն էլ բժշկուհի դառնալ, որ կարողանա աշխարհի բոլոր բալիկներին բուժել։
Մեր պայծառիկը երազում է մեծ(!) հեծանիվ ունենալ, որ դրսում քշի ու իր քույրիկ Տաթևին իր հետ «տեղ տանի»։

17/10/2019

Հ. Գ. Մի շատ բարի աղջիկ, որը ցանկացավ անանուն մնալ, իրականացրեց նաև մեր քաղցրիկ Լուիզայի երազանքը։ Մեր գեղեցկուհին հենց սկզբից շատ վարժ վարեց իր նոր հեծանիվը և, ինչպես և խոստացել էր, անմիջապես իր հետ հեծանվային զբոսանքի տարավ իր փոքրիկ քրոջը։ Լուիզան և նրա քույրիկը նաև գեղեցիկ պայուսակներ նվեր ստացան, որոնց մեջ անպայման կտեղավորեն իրենց պետքական տարբեր պարագաներ։
Նվիրատուն անակնկալ նվերներ էր պատրաստել նաև Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող մեր երեխաների համար․ պայուսակներ, խաղալիքներ ու հետաքրքիր խաղեր։
Շատ շնորհակալ ենք նվերները հանձնած գեղեցկուհուն՝ և՛ Լուիզայի երազանքն իրականացնելու, և՛ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժվող մեր երեխաներին դրական պահեր պարգևելու համար։

2022-02-04

Ծանոթացեք մեր 10 տարեկան Էդմոնդի հետ Արագածոտնի Ոսկեթաս գյուղից:
Էդմոնդի սիրած սպորտաձևը ֆուտբոլն է, շատ լարված է հետևում հատկապես Բարսելոնա ֆուտբոլային ակումբի խաղերին և երկրպագում է, բնականաբար, Մեսսիին։ Դիտում է նաև ֆիլմեր ու մուլտֆիլմեր, ու երկու ժանրերում էլ սիրած պատմությունը ջունգլիաբնակ Տարզանի մասին է։
Մեր կապուտաչյա խիզախ տղան նախընտրում է հանգստանալ բնության գրկում, հետևել կենդանիներին ու թռչուններին։ Թռչուններից ամենաշատը սիրում է արծիվներին, աղավնիներին ու թութակներին ու հաստատ որոշել է, որ առողջանալուն պես թութակ է պահելու։
Էդմոնդի ամենա-ամենասիրելի զբաղմունքը նկարելն է։ Հատկապես մեծ հաճույքով գծանկարներ է անում։ Ընդհանրապես մեր համեստ տղայի ընտանիքում նկարում են գրեթե բոլորը․հաճախ ավագ քույրիկի հետ նկարչական մրցույթներ են կազմակերպում, որին երբեմն մասնակցում է նաև շնորհալի մայրիկը։
Էդմոնդը ցանկանում է ճարտարապետ դառնալ ու հաստատ որոշել է, որ իր նախագծած առաջին շենքը պիտի հենց 27 հարկանի լինի։
Երազում է ունենալ Բեթմենի հագուստ ու հեռակառավարման վահանակով ուղղաթիռ և հանդիպել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ։

21/12/2019

Հ․ Գ․ Մեր հավատարիմ գործընկեր Լիլիթ Համբարձումյանի ղեկավարած Խաղաղության քաղաք ՀԿ-ի շնորհիվ միաժամանակ իրականացան մեր քաջ և՛ Էդմոնդի, և՛ Գագիկի երազանքները. Բեթմեն Էդմոնդը պայքարում է չար հերոսների դեմ նաև իր նոր ուղղաթիռով, Գագիկն էլ վայելում է իր նոր ՄԵ՜Ծ հեծանիվը։
Անչափ շնորհակալ ենք գեղեցկուհի Լիլիթին մեր տղաների երազանքներն իրականացնելու համար։

2022-02-04

Այս շաբաթ կպատմենք մեր 7-ամյա Ավետի մասին Մարտունիից։
Ազատ ժամանակ Ավետը իր եղբայր Մարկի և ընկերների հետ սիրում է բակում խաղալ պահմտոցի, գործնագործ, գետնից բարձր, չլոցի և այլ «ավանդական» բակային խաղեր, ինչպես նաև բասկետբոլ և ֆուտբոլ։ Մեր համով տղան ուշի-ուշով հետևում է նաև համաշխարհային ֆուտբոլի զարգացումներին և երկրպագում է Կրիշտիանու Ռոնալդուին։
Ավետը շատ է սիրում կոմեդիաներ դիտել ու այդ ընթացքում միշտ բա՜րձր ձայնով ծիծաղում է։
Մեր ուրախ տղան նաև շատ է սիրում ռեստորաններ գնալ ու ակտիվ մասնակցում է կենացներ ասելուն։ Մեզ հետ զրույցի ընթացքում էլ առաջարկեց բաժակ բարձրացնել (այդ նպատակին ծառայեցին մատիտների դատարկ տուփերը) ու խմել «մեր երեխեքի կենացը, բարով տեսանք»:
Ավետն անհամբեր սպասում է դպրոց գնալուն ու վստահ է, որ ամենաշատը մաթեմատիկան է սիրելու։ Մեր հարցին, թե ում հետ կուզի հանդիպել ու ինչ կուզի ստանալ, առանց վարանելու պատասխանեց, որ կուզի նոր ընկերների հանդիպել ու եղբոր պես գովասանագիր ստանալ։
Հետո ավելացրեց. «Սպասի մտքումս մտածեմ, որ իրար չխառնվեմ» ու պարզվեց, որ նա շատ է ցանկանում հեծանիվ ունենալ։

30/11/2019

Հ․ Գ․ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհիվ իրականացավ նաև մեր Ավետի երազանքը. մեր համով տղան արդեն մի լավ հեծանիվ ունի, որին այդքան անհամբեր էր սպասում։
Պարոն Մուրադյանը չկարողացավ անձամբ նվերը հանձնել, բայց շուտափույթ ապաքինման շատ ջերմ մաղթանքներ էր ուղարկել մեր Ավետին:
Անչափ շնորհակալ ենք պարոն Մուրադյանին մեր խիզախ տղայի ցանկությունն իրագործելու ու նրան շատ ուրախացնելու համար։

2022-02-04

Մեր այս շաբաթվա հերոսը 4-ամյա Հրաչն է Արարատի մարզի Արարատ գյուղից։
Մեծ աչքերով մեր համով տղայի ամենասիրելի զբաղմունքը շինարարական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված խաղալիք մեքենաներով խաղալն է, այդ թվում՝ կռունկներ, էքսկավատորներ, ամբարձիչներ, բեռնատարներ և այլն։ Հատկապես շատ է ուրախանում, երբ այս մեքենաները դեղին գույնի են լինում։
Հրաչը յութուբյան մասնագիտական ալիքներով հետևում է այս մեծ մեքենաների միջոցով իրականացվող իրական աշխատանքներին, հետո տեսած-յուրացրածը իր փոքրիկ մեքենաներով անպայման կիրառում բակում իր ծավալած մինի-շինարարության մեջ։
Տարվա եղանակներից նախընտրում է գարունը, որովհետև շատ է սիրում, երբ բնությունն արթնանում է ձմռան քնից, ծառերն էլ կանաչում ու ծաղկում են։ Իսկ կենդանիներից ամենաշատը սիրում է կապիկներին, քանի որ նրանք շատ զվարճալի են։
Հրաչը ավագ եղբայր ու քույր ունի․ եղբոր հետ միասին մեքենաներ են քշում, իսկ քույրիկի հետ տուն-տունիկ ու առօրյա կենցաղային իրավիճակներ պատկերող այլ խաղեր են խաղում․ «խանութ գնում», «ճաշ պատրաստում» և այլն։
Մեր համով տղան երազում է մե՜ծ բեռնատար խաղալիք մեքենա ունենալ և հանդիպել ուրախ ծաղրածուի հետ։

15/10/2019

Հ․ Գ․ Երազանք ՀԿ-ն` Լիանա Ասոյանի գլխավորությամբ, մեր շահառուներից ևս մեկին ոգևորելու ու ուրախացնելու պատրաստակամություն հայտնեց, և այս անգամ էլ նրանց շնորհիվ իրականացավ մեր հրաշք Հրաչի երազանքը։
Երազանք ՀԿ-ի հետ Հրաչին այցելած ծաղրածուն ուրախ կատակներով և խաղերով շատ զվարճացրեց մեր համովին: Այժմ էլ սիրուն աչուկներով մեր տղան ազատ ժամանակ խաղում է իր մեեծ «շինարարական» նոր մեքենայով։
Շատ շնորհակալ ենք Երազանք ՀԿ-ին Հրաչի ցանկությունն իրականացնելու և նրան շատ ուրախ պահեր պարգևելու համար։

2022-02-04

Ծանոթացեք մեր 7-ամյա Արենի հետ Արցախից։
Մեր համով տղան, որի համար ներկայումս տնային ուսուցում է կազմակերպված, անհամբեր սպասում է դպրոց գնալուն, որտեղ շատ հաճույքով կշարունակի հատկապես տեխնոլոգիայի, կերպարվեստի և, իհարկե, շրջակա աշխարհին վերաբերող դասընթացները։ Ընդհանրապես մեր հոգատար Արենը շատ խնամքով է վերաբերվում բնությանը և ամեն ինչ անում է այն մաքուր պահելու համար։
Ազատ ժամանակ Արենը սիրում է խաղալ բակում ընկերների հետ, իսկ համակարգչով էլ նախընտրում է ֆուտբոլի մասին մուլտեր նայել ու խաղեր խաղալ, մասնավորապես՝ Super Striker խաղը: Նրա ամենասիրած խաղալիքները կոնստրուկտորներն են, ինչպես նաև տարբեր չափերի մեքենաներն ու նավերը։
Արենն անհամբեր սպասում է, թե երբ է մեծանալու, որ իր մայրիկի համար մեքենա գնի։
Մեր վճռական տղան նաև հաստատ որոշել է դառնալ նախագահ ու մեր հարցին, թե ինչ կանի այդ պարագայում, առանց վարանելու պատասխանեց․ «Ի՜նչ կուզեմ, կանեմ․․․ դե, բացի գողությունից»։
Երևանում Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ընթացքում Արենը շատ է կարոտում հարազատ Արցախը, որտեղ ամենաշատը Դեդո-Բաբո հուշարձանն է սիրում («Մենք ենք, մեր սարերը»)։
Մեր համով արջուկը շատ է ցանկանում ունենալ գունավոր լույսերով անիվներով ինքնագլոր (самокат)։

13/11/2019

Հ․ Գ․ Բարի մարդկանց շնորհիվ իրականացավ նաև մեր համով Արենի երազանքը։
Արենն արդեն ունի իր ուզած գունավոր լույսերով ինքնագլորը և նույնիսկ հասցրել է մի քանի պտույտ գործել Արյունաբանական կենտրոնի միջանցքներում։
Անչափ շնորհակալ ենք Մարիամ Սարգսյանին մեր բարի արջուկի ցանկությունն իրագործելու համար։

2022-02-04

Այսօր ձեզ կպատմենք մեր 6-ամյա Արամի մասին Տավուշի մարզի Կողբ գյուղից։
Բուժումը ստանալու ընթացքում Արամն ամենաշատը կարոտում է «թաղի երեխոնց» հետ պահմտոցի, «հալա-մուլա» և «պոբեդա» (պարզվեց՝ «գործնագործ» խաղը նաև այդ անունով է հայտնի) խաղալը։
Նախկինում Արամն ուզում էր երգիչ դառնալ, իսկ այժմ մտափոխվել է․ որոշել է՝ ոստիկան է լինելու։ Ու չնայած մտադրությունը փոխելուն, նա միևնույնն է՝ հաճույքով է հետևում երաժշտական նորություններին ու հատկապես սիրում է Միհրան Ծառուկյանի կատարումները։
Մեր համով տղան մուլտֆիլմերից ամենաշատը սիրում է «Նու, պօգօդի»-ն (Ну, погоди!) և Մաշայի ու արջի արկածների մասին պատմող մուլտսերիալը։ Մեր հարցին, թե արդյոք կան ուրիշ մուլտֆիլմեր, որ Արամը հավանում է, նա կտրուկ պատասխանեց «մինն էլ ա» (մայրիկի օգնությամբ հասկացանք, որ քաղցր բարբառով ասվածը նշանակում է, որ էլ սիրած մուլտֆիլմ չունի)։
Արամն անհամբեր սպասում է ապաքինվելուն, որ իր անչափ սիրելի քաղցրեղենը վայելի, ինչքան սիրտը կամենա։ Արդեն ցուցակ է կազմել, թե որ ուտելիքը որից հետո է ուտելու։ Առաջին տեղում ձմերուկն է, «երկրորդ գործն էլ»՝ պաղպաղակը։ Նրա հետ ամբողջ ամառ ձմերուկ չի կերել նաև մայրիկը, բայց մեր տղան մեծահոգաբար թույլ էր տվել մայրիկին սեխ ուտել, որովհետև ինքը սեխ չի սիրում:)
Արամը երազում է ունենալ հեծանիվ, որ հայրենի գյուղում երեխոնց հետ քշի:

24/10/2019

Հ․ Գ․ ԱՄՆ-ից ժամանած մեր սիրելի ընկերներ Սևան և Գևորգ Կալենդերյանների շնորհիվ իրականացավ մեր բալիկներից ևս մեկի՝ մեր համով Արամի երազանքը։ Արամն իր նոր հեծանիվով հասցրեց մի քանի պտույտ գործել Արյունաբանական կենտրոնի միջանցքներում, ու նույնիսկ տվյալ պահին դեղ ընդունելը այդ կարևոր գործին չկարողացավ խանգարել։ Տիկին Սևանը զրուցեց նաև Արամի մայրիկի հետ ու գոտեպնդեց նրան՝ հորդորելով ուժեղ ու տոկուն լինել։
Մեր բարեկամները, նախապես տեղեկանալով, թե Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի խաղասենյակում ինչ պարագաների կարիք կա, բազում նվերներ էին պատրաստել նաև խաղասենյակի ու մեր բոլոր մյուս երեխաների համար։ Վերջում էլ տիկին Սևանը, գունավորելով Երևանի քարտեզի վրայի սրտիկը, նշեց, որ իր սիրտն է թողնում այստեղ, և խոստացավ շուտով կրկին վերադառնալ։
Անչափ շնորհակալ ենք շատ սիրելի Սևանին և Գևորգին մեր խիզախ Արամի ցանկությունն իրագործելու, ինչպես նաև հիմնադրամին ու մեր բալիկներին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։

2022-02-04

Այս շաբաթ կպատմենք մեր 9-ամյա Լիլիի մասին Կոտայքի մարզից։
Դպրոցում գերազանց սովորող մեր աղջիկը ամենաշատը սիրում է մաթեմատիկա և անգլերեն առարկաները։ Նույնիսկ բուժում ստանալու ընթացքում Լիլին դասերն անուշադրության չի մատնում, պարապում է հայոց լեզու և մաթեմատիկա, որպեսզի դպրոցական ծրագրից շատ բան բաց չթողնի։
Բոլոր երաժշտական ժանրերից մեր գեղեցկուհին նախընտրում է հատկապես ազգագրական երաժշտությունը ու հաճույքով լսում է Ներսիկ ու Արաբո Իսպիրյանների կատարումները։
Լիլիի տարերքը նկարելն է․ նա նկարչական խմբակ է հաճախում, ամենից շատ սիրում է պատկերել բնությունը՝ աշխատելով և՛ մուգ, և՛ վառ գույներով, ու հաստատ որոշել է հիմնական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում ու ձեռք բերել ոճաբան-նկարչուհու մասնագիտություն, որը նա մտադիր է համատեղել փրկարարի պատասխանատու ու կարևոր աշխատանքի հետ։
Մեր նպատակասլաց աղջիկը միշտ խիզախորեն հաղթահարում է խոչընդոտները ու սիրում է ամեն հարցում առաջինը լինել (համոզված ենք՝ նա իր բոլոր նպատակներին հասնելու է)։
Լիլին երազում է ունենալ նկարչական պրոֆեսիոնալ պարագաներ ու նյութեր (մասնավորապես՝ յուղաներկ, գուաշ․․․), ինչպես նաև իսկական մարդու նման տիկնիկ (նա նշեց, որ բոլորովին չի սիրում Բարբի տիկնիկները)։

12/12/2019

Հ․ Գ․ Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք հիմնադրամի բարի ընկեր Երազանք ՀԿ-ն` Լիանա Ասոյանի գլխավորությամբ, իրականացրեց մեր շահառուներից ևս մեկի` մեր Լիլիի երազանքը։
Մեր գեղեցկուհին արդեն ունի իր ուզած տիկնիկն ու նկարչական շատ պարագաներ, որոնց շնորհիվ կարող է ազատություն տալ իր երևակայությանը։
Աղջիկները հանդիպման ընթացքում շատ էին մտերմացել, և Լիլին նրանց նաև իր ծննդյան 10-ամյակին էր հրավիրել, որին սրտատրոփ սպասում էր ամիսներ շարունակ։
Շատ շնորհակալ ենք Երազանք ՀԿ-ին Լիլիի երազանքն իրականացնելու և նրան շատ երջանիկ պահեր պարգևելու համար։

2022-02-04

Այս շաբաթ կպատմենք ձեզ մեր խիզախ Գագիկի մասին Գյումրիից։
Գագիկի սիրելի զբաղմունքը ավազով, պլանշետով և PlayStation-ով խաղալն է, ինչպես նաև հեծանիվ քշելը։ Նա բոլորովին չի սիրում նկարել, իսկ ներկելու հետ կապված էլ նշում է․ «ես պուճուր երեխա չեմ, որ ներկեմ»։
Գագիկի տարերքը տարբեր տեսակի ու չափերի տրանսպորտային միջոցներն են․ մեծ ու փոքր մեքենաներ, մոտոցիկլետներ, կվադրոցիկլներ․․․ Համակարգչային խաղերից էլ ամենաշատը մեքենաների մրցավազքին վերաբերողներն է սիրում։ Հաստատ որոշել է, որ երբ մեծանա, հայրիկի համար ամենամե՜ծ մեքենան է գնելու։
Մեր ուժեղ տղան շատ լավ է լողում և անհամբեր սպասում է, թե երբ է լիովին ապաքինվելու, որ նորից ընտանիքով ծովափ գնան։
Գագիկը հաճույքով նայում է ռուսական մուլտֆիլմերը և շատ է սիրում Արամ MP3-ի կատարումները, հատկապես «Ալաբալանիցա»-ն, որը լսելիս նաև ակտիվ ձայնակցում ու պարում է։
Մեր համով տղան երազում է մե՜ծ հեծանիվ ունենալ և հանդիպել Ազիզյաններ սիթքոմի Ազատի (Բորիս Բաղդասարով) հետ։

21/12/2019

Հ․ Գ․ Մեր հավատարիմ գործընկեր Լիլիթ Համբարձումյանի ղեկավարած Խաղաղության քաղաք ՀԿ-ի շնորհիվ միաժամանակ իրականացան մեր քաջ և՛ Էդմոնդի, և՛ Գագիկի երազանքները. Բեթմեն Էդմոնդը պայքարում է չար հերոսների դեմ նաև իր նոր ուղղաթիռով, Գագիկն էլ վայելում է իր նոր ՄԵ՜Ծ հեծանիվը։
Անչափ շնորհակալ ենք գեղեցկուհի Լիլիթին մեր տղաների երազանքներն իրականացնելու համար։

2022-02-04

Այս շաբաթվա մեր հերոսը 5-ամյա Աշոտն է Գավառից։
Թեև Աշոտը դեռ դպրոց չի գնում (ու առանձնապես չի էլ ուզում գնալ), բայց արդեն խաղալիք համակարգչով սովորել է տառերի մեծ մասը ու հաշվել 1-ից մինչև 100-ը։
Ինչպես գրեթե բոլոր տղաները, նա նույնպես մեքենաների սիրահար է, հատկապես սև ու կապույտ գույների։ Մեքենաների մակնիշներից ամենաշատը սիրում է Նիվա-ն, ու համոզված է, որ ուժեղ գազ տալու դեպքում Նիվա-ն ոչնչով չի զիջում Ֆեռարի-ին։
Շատ է սիրում իր տատիկի պատրաստած գաթան, իսկ Երևանում էլ բուլկի կամ ջուր առնելիս անպայման մանրը գցում է մեր հիմնադրամի հանգանակության արկղիկի մեջ (ի դեպ, կոչ ենք անում հետևել նրա օրինակին):
Մեր համով տղայի ամենասիրելի խաղալիքները բժշկական գործիքներն ու հեքիաթի գրքերն են։
Հանդիպման ժամանակ Աշոտը պնդեց, որ իրեն «պարոն գենեԼաՌ»-ով դիմենք, իսկ խոսակցությունն էլ մի պահ ընդմիջեց` զանգելով իր «աշխատող»-ին ու հրահանգելով «շտապ նստել ուղղաթիռ ու թռնել գործի տեղ»:
Մեր գեներալ տղան երազում է ունենալ մե՜ծ տնակ (անպայման դռան զանգով), որտեղ կկարողանա խաղալ ու ցանկության դեպքում ուղղակի թաքնվել։

21/01/2020

Հ. Գ. Հիմնադրամի լավ բարեկամը, որը ցանկացավ անանուն մնալ, իրականացրեց նաև մեր Աշոտի երազանքը։ Այժմ մեր համով տղան օրվա մեծ մասն անցկացնում է իր տնակում, որտեղ տեղափոխվել են նաև նրա բոլոր խաղալիքները։
Անչափ շնորհակալ ենք մեր ընկերոջը Աշոտիկի երազանքն իրականացնելու ու նրան ոգևորություն ու շատ երջանիկ պահեր պարգևելու համար։

2022-02-04

Ծանոթացեք մեր 11-ամյա Արենի հետ Վանաձոր քաղաքից։
Մեծ աչքերով մեր բարի տղան տարբերվում է իր հասակակիցներից հասունությամբ․ նրա ամենասիրելի զբաղմունքը շախմատ խաղալն է, իսկ մուլտֆիլմներ նա այլևս չի սիրում։ Փոխարենը հաճույքով դիտում է ֆիլմեր, հատկապես սուպերհերոսների մասին, որոնցից ամենաշատը սիրում է Թորին և ուզում է նրա պես ուժեղ լինել։
Արենը մեծ հաճույքով է դպրոց հաճախում, դասերին երբեք անպատրաստ չի ներկայանում, իսկ առարկաներից էլ ամենաշատը մաթեմատիկան և անգլերենն է սիրում։ Ի դեպ, մեզ հետո հուշեցին, որ մեր համեստ տղան նաև մաթեմատիկայի բազմաթիվ մրցույթների և օլիմպիադաների հաղթող ու մրցանակակիր է։ Նա երազում է դառնալ ճարտարապետ ու կառուցել շա՜տ բարձր շենքեր, ամենաքիչը՝ 10-12 հարկանի։
Համակարգչով ու պլանշետով խաղալու փոխարեն մեր խելացի տղան նախընտրում է գիրք կարդալ ու էլ ավելի հարստացնել գիտելիքների իր պաշարը։ Իսկ հեռուստացույցով էլ հատկապես հաճույքով հետևում է խոհարարական հաղորդաշարերին (թեպետ ուտել առանձնապես չի սիրում, միայն թփով տոլմա ու սպիտակ շոկոլադ է հաճույքով ուտում) և այն տեսանյութերին, որտեղ ցույց են տալիս՝ ինչպես կարելի է անպետք իրերին նոր շունչ տալ՝ դրանք ձևափոխելով։
Արենը երազում է ունենալ հեծանիվ ու իր տարիքին համապատասխան մանր դետալներով լեգո կոնստրուկտոր։

17/12/2019

Հ․ Գ․ Մեր խելացի Արենի երազանքն էլ իրականացավ մեր հավատարիմ բարեկամ Խաղաղության քաղաք հաղորդաշարի աջակից Fertility Center-ի շնորհիվ՝ ի դեմս Էդուարդ Համբարձումյանի։
Մեր խիզախ տղան նոր տարին իր նոր հեծանիվով կդիմավորի։
Անչափ շնորհակալ ենք Պտղաբերության կենտրոն-ին և Խաղաղության քաղաք ՀԿ-ին` Արենի երազանքն իրականացնելու և նրան ուրախացնելու համար։

2022-02-04

2020թ․ մեր առաջին հերոսը 3-ամյա Լիլիթն է։
Լիլիթիկը ունի անփոխարինելի ու անբաժանելի ընկեր՝ Կուկու անունով տիկնիկը։ Նա Կուկուի հետ զբոսնում է, Կուկուին համեղ ուտելիքներով կերակրում է և նրան ամուր գրկած է քնում։ Կուկուն հաճախ հանդես է գալիս նաև պացիենտի դերում, երբ Լիլիթիկը ստանձնում է բժշկի դերը և «բուժումներ» է իրականացնում բժշկական խաղալիք գործիքներով (պացիենտ Կուկուի նկարը կարող եք տեսնել մեկնաբանություններում)։
Լիլիթը ազատ ժամանակ զարգացնում է նաև իր խոհարարական հմտությունները՝ խաղալիք խոհանոցում տորթ թխելով և նույնիսկ խորոված պատրաստելով։
Մեր նուրբիկ աղջիկը շատ է սիրում նաև հետաքրքիր հաղորդումներ ու ֆիլմեր դիտել, հատկապես Բուբա պապիկի և Մաշայի ու արջի արկածների մասին պատմող մուլտֆիլմերը։ Նա նաև մեծ եղբայր ունի, որի հետ շատ սիրով խաղում են․․․ առաջին երեսուն րոպեն։)))
Ինչքան էլ տարօրինակ է հնչում, բայց մեր Լիլիթիկը հաճույքով է գալիս Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն՝ այն անվանելով «պուպուշ» հիվանդանոց, որտեղ նրա ամենասիրելի «պուպուշ» բժիշկը Սամվել Իսկանյանն է։
Մեր գեղեցկուհին երազում է ունենալ վարդագույն հեծանիվ, անպայման զամբյուղով, որը, ինչպես հասկանում եք, նախատեսված է Կուկուի նստելու համար։

25/02/2020

Հ. Գ. «Երազանք» ՀԿ-ի և նրանց ընկերների շնորհիվ իրականացավ նաև մեր Լիլիթիկի երազանքը․ նա արդեն ունի վարդագույն հեծանիվ՝ տիկնիկ Կուկուի համար առանձնացված հատուկ զամբյուղով։
Շատ շնորհակալ ենք մեր սիրելի գործընկերոջը Լիլիթի երազանքն իրականացնելու և նրան պարգևած ուրախ պահերի համար։

2022-02-04

Այս շաբաթ կպատմենք մեր համարյա 2 տարեկան Ալենի մասին Սպիտակ քաղաքից։
Ալենը ոչ միայն իրենց ընտանիքի հինգ երեխաներից ամենակրտսերն է, այլև մեր #wednesdaymeetourheros շարքի ամենափոքրիկ հերոսը։
Ալենի ամենասիրելի զբաղմունքը իր հայրիկի և զույգ եղբոր՝ Արենի հետ խաղալն է։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժվելու ընթացքում նա շա՜տ է կարոտում Արենին, ու նրանց ոչ հաճախակի հանդիպումները շատ սիրառատ են անցնում՝ լի գրկախառնություններով, պաչիկներով և միայն իրենց հասկանալի լեզվով երկար զրույցներով։
Մեր Ալենչոն շատ է սիրում խաղալ գնդակներով, թղթերով, ինչպես նաև կաթսաներով, գդալներով և շերեփներով։) Նրա սիրելի «խաղալիքներն» են նաև իր բժշկուհիներ Ռուզաննա Պապյանի և Աննա Ավագյանի բեյջերը, որոնք Ալենը ամեն շրջայցի ժամանակ «խլում» և չի վերադարձնում։
Մեր համով տղան նաև մեծ հաճույք է ստանում «տաշիկ» անելուց և երաժշտություն հիշեցնող ցանկացած հնչյուն լսելիս սկսում է ակտիվ պարել։
Ալենի հերոս մայրիկը, որը, ի դեպ, արդեն նաև թոռնիկ ունի, երազում է եղանակը տաքանալուն պես իր զույգ փոքրիկներին (նկարը` մեկնաբանություններում) միասին զբոսանքի տանելու մասին, և նաև այդ նպատակով մեր համով տղան շատ ուրախ կլիներ ունենալ հեծանիվ (ծնողի կողմից վարելու բռնակով)։

07/03/2020

Հ.Գ. Մեր սիրելի գործընկեր Երազանք ՀԿ-ն պատրաստակամություն էր հայտնել իրականացնել նաև մեր հերոսներից ամենափոքրիկի` Ալենի երազանքը. Ալենն ու նրա զույգ եղբայր Արենն արդեն հեծանիվներ ունեն։
Նվերի հանձնման ընթացքում մեր Ալենչոն հասցրեց գերել բոլոր գեղեցկուհիների սրտերը, ու նրանք պայմանավորվեցին շուտով կրկին հանդիպել։
Շատ շնորհակալ ենք Երազանք ՀԿ-ին մեր համով տղայի ցանկությունը կատարելու համար։

2022-02-04

Ծանոթացեք մեր 5-ամյա Կասիանայի հետ։
«Աստղազարդ գիշեր» նշանակող յուրահատուկ անունով մեր աղջնակի երկու ամենասիրելի զբաղմունքները նկարելն ու հեռախոսով խաղալն է։ Ըստ տրամադրության՝ նրա «կտավները» կամ միայն սև գույնով են նկարված լինում, կամ շա՜տ վառվռուն ու բազմագույն։ Հեռախոսային խաղերից հատկապես սիրում է մեքենաների մրցարշավները, վիրտուալ ճակատամարտում ծավալված ռազմական գործողությունները, իսկ ամենաշատը սիրում է բիլիարդ ու միշտ հաղթում է և՛ իր հայրիկին, և՛ հայրիկի ընկերներին:)
Մեր գեղեցկուհին հետաքրքիր նախընտրություններ ունի նաև ուտելիքի հարցում․ բացարձակ չի ուտում միս, փոխարենը շա՜տ է սիրում տապակած կարտոֆիլ և ցանկացած փլավ, որոնք անպայման ըմբոշխնում է թթու վարունգով և այլ թթվեցված բանջարեղենով։ Թեև Կասիանան նաև չափազանց քաղցրակեր է, բայց նա մեծագույն հաճույքով կարող է նաև ամբողջական կիտրոններ ուտել։
Կասիանան նախկինում ուզում էր ուսուցչուհի դառնալ, բայց հիվանդանոցում հայտնվելուց հետո հաստատ որոշել է՝ բժշկուհի է լինելու, որպեսզի բալիկներին առանց ցավեցնելու կատետր տեղադրի ու անպայման բուժի։
Մեր համով աղջիկը ուրախ կլինի տեսնել Hello Kitty կամ Minnie Mouse կերպարներին և նվեր ստանալ խոհանոցային խաղալիք պարագաներ, բայց ամենակարևոր պայմանը, որ նվերը լինի շատ գեղեցիկ փաթեթավորված։

11/07/2020

Երազանքներն իրականանում են, երբ կան պատրաստակամ ու բարի մարդիկ։
Կասիանայի՝ «Աստղազարդ գիշեր» նշանակող յուրահատուկ անունով մեր աղջնակի երազանքներն իրականացան գեղեցկուհի Լիլիա Շուշանյանի շնորհիվ։ Կասիանան նվեր ստացավ շատ տարբեր խաղալիքներ, ինչպես նաև նորաոճ հագուստ՝ բոլորը գեղեցիկ փաթեթավորված և խորհրդանշական աստղիկներով զարդարված, իսկ կերպարային Մինի Մաուսին էլ, անվտանգության պահպանման անհրաժեշտությունից ելնելով, փոխարինել էր խաղալիք տարբերակը։
Շատ շնորհակալ ենք Լիլիային՝ Կասիանայի ցանկություններն իրագործելու ու նվերների ընտրության և մատուցման հարցում այդքան հոգատարություն ցուցաբերելու համար։
Անհամբեր սպասում ենք խոհանոցային խաղալիք նոր պարագաներով Կասիանայի պատրաստած համեղ գլուխգործոցները համտեսելուն։

2022-02-04

Այս շաբաթվա մեր փոքրիկ հերոսը 2 տարեկան Գեորգին է։
Գեորգիի ամենասիրելի զբաղմունքը լեգոներով ու փայտե խորանարդներով խաղալն է։ Նա նաև հաճույքով խաղում է մեքենաներով և մոտոցիկլետներով, ընդ որում՝ դրանք հստակ տարանջատված են՝ ըստ գույնի․ մեքենաները պետք է կարմիր լինեն, իսկ մոտոցիկլետները՝ «Շև»։
Մեր Գեորգին շա՜տ մաքրասեր ու կոկիկ տղա է․ անպայման հավաքում է իր բոլոր խաղալիքները, գետնին ընկած բոլոր իրերը վերցնում ու դնում է իրենց տեղը, հագուստը երբեք չի կեղտոտում, և, լինելով շատ զգուշավոր, վտանգավոր գործողություններ երբեք չի անում։
Գեորգին կենդանիներից սիրում է արջուկներին, խոզուկներին։ Նա կարող է ժամերով ուշադիր հետևել, թե ինչպես են ակվարիումի մեջ լողում ձկնիկները, ու միշտ մեծ հոգատարությամբ կերակրում է նրանց։ Սակայն նրա ամենասիրելի կենդանին մնում է կովիկը կամ Գեորգիի լեզվով ասած՝ «բժո»-ն։
Մեր խիզախ տղան մուլտֆիլմերից նախընտրում է տարբեր լեզուներով գույները սովորեցնող, զարգացնող մուլֆիլմերը և, իհարկե, սուպերհերոսների մասին պատմությունները։ Հատկապես սիրում է Սարդ-մարդուն (Սպայդերմեն), որին մանկական պարզությամբ անվանում է ուղղակի «Մարդուկ»։
Երազում է հանդիպել Մարդուկի (այսինքն՝ Սպայդերմենի) հետ և նրա կողմից նվեր ստանալ խաղալիք հենց Սպայդերմեն։

19/03/2020

Հ. Գ. Մեր փոքրիկ Գեորգիի երազանքն էլ իրականացավ Սերգեյ Շահբազյանի շնորհիվ։ Սերյոգը:) Ստեփանավան քաղաքից, երկար ճանապարհ կտրելով, եկել էր Երևան հատուկ մեր համով տղայի հետ ծանոթանալու ու նրան ուրախացնելու համար։ Նրան ուղեկցում էր Գեորգիի սիրելի «մարդուկը»` Սարդ-Մարդը, և նրանք միասին Գեորգիի համար շա՜տ նվերներ էին բերել. խաղալիքներ, կոնֆետներ ու բազմագույն փուչիկներ` բոլորը Սպայդերմենի նկարներով։
Սերյոգը ծանոթացավ նաև Գեորգիի ընտանիքի անդամների հետ, և համոզված ենք, որ այդպիսով սկիզբ դրվեց նոր ու շատ ջերմ ընկերության։
Անչափ շնորհակալ ենք Սերյոգին մեր քաջ Գեորգիին շա՜տ ժպիտներ պարգևելու համար։

2022-02-04

Այս շաբաթվա մեր հերոսը 5-ամյա Նվերն է Վարդենիսից։
Ամենաջերմ ժպիտով մեր համով տղան մեծ հաճույքով նախապատրաստվում է դպրոցին. շատ է ուզում ռուսերեն սովորել, ոգևորված գրում է տառերի ու թվերի մասնիկները ու, հպարտորեն ցուցադրելով կատարված աշխատանքը, մեկնաբանում է. «որ դպրոցում լավ սորվեմ»:
Նվերիկը շատ է սիրում իր բժշկուհի «ՍՆավիկովնային» (Լուսինե Սլավիկի Հակոբյան) ու իր բուժման ընթացքը հետևյալ կերպ է պատկերացնում. «Սնավիկովնան կուղարկի տուն, հետո կգամ հիվանդանոց, կգնամ, էլի կգամ, հետո մի հատ էլ կգնամ տուն… ու էլ չեմ գա…»
Նա համոզված է, որ առողջանալու հարցում էական նշանակություն ունի ճիշտ սննդակարգը («կարևորը իմ ուտելն ա») ու անպայման հնդկաձավարով փլավ է ուտում շաբաթական մի քանի անգամ` միաժամանակ երազելով ամառվա ու ձմերուկի և վանիլային պաղպաղակի մասին։
Նրա ամենասիրելի զբաղմունքներն են նկարելն ու երգելը, հատկապես «Հմայակ» երգը:)))
Մեր խիզախ տղան ցանկանում է «Լենջեռ» (Ranger) դառնալ, որ «մարդիկին օգնի»:
Նվերը երազում է մեքենա-մահճակալ ունենալու մասին, որի պարտադիր պայմանը ֆունկցիոնալ լուսարձակներն են։

26/05/2020

Հ. Գ. Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի սիրելի բարեկամը, որը կրկին ցանկացավ անանուն մնալ, իրականացրեց մեր յուրահատուկ Նվերի շատ արտասովոր երազանքը:
Համոզված ենք՝ իր նոր մեքենա-մահճակալում քնելիս մեր Նվերոն կտեսնի միայն բարի ու գունեղ երազներ:
Շնորհակալ ենք մեր ընկերոջը Հիմնադրամի ու մեր երեխաների կողքին լինելու համար:

2022-02-04

Ծանոթացեք մեր 10-ամյա Հայկի հետ Սիսիան քաղաքից։
Հայկը միայն բոլորովին վերջերս՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժումը սկսելուց հետո է հետաքրքրվել մուլտերով և հեռախոսային խաղերով։
Բայց նրա իրական տարերքը եղել և մնում է բնությունը։ Դասերից հետո նա բոլոր այլ զբաղմունքների փոխարեն հաճույքով զբաղվում է հողագործությամբ․ մշակում է այգին, ջրում է իր տնկած վարդերը, հասմիկները և այլ ծաղիկները։ Կենդանիներից հատկապես սիրում է ճագարներին և պանդաներին (որոշել ենք ապրելու հարմար պայմաններ ունենալու դեպքում պանդաներ բազմացնել Հայաստանում), իսկ մրգերից՝ հյութալի տանձը։ Իդեալական ճաշկերույթն էլ նրա համար դաշտում կարագ-հավկիթ-թարխուն ուտելն է ու երբեմն (թաքուն) գինի խմելը։ Նա նաև շատ է սիրում ձկնորսությամբ զբաղվել և հենց գետի ափին համեղ պատրաստել ու վայելել ձուկը։
Հայկը, իր խոսքերով, նաև լավ օղի է թորում թթից, սալորից, սև ծիրանից և տանձից․ ինքը հավաքում ու մշակում է հումքը, իսկ հայրիկն էլ նրան այդ գործում օգնում է։
Մեր խիզախ տղան ուզում է բժիշկ դառնալ, բայց նեղ մասնագիտացման հարցում դեռ չի կողմնորոշվել։
Հայկը երազում է ունենալ սինթեզատոր ու արդեն գիտի՝ որ հայկական երգերն է առաջինը նվագել սովորելու։

14/05/2020

Հ. Գ. Արտակարգ դրության պայմաններում անգամ մեր երեխաների երազանքները շարունակում են իրականանալ:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհիվ իրականացավ մեր Հայկի՝ սինթեզատոր ունենալու մե՜ծ ցանկությունը: Հայկի և Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ներկայումս բուժում ստացող այլ բալիկների անվտանգությունից ելնելով՝ պարոն Մուրադյանը նվերը անձամբ բերելու փոխարեն փոխանցել էր Հայկոյին:
Անչափ շնորհակալ ենք պարոն Մուրադյանին՝ մեր պայծառ տղային երջանիկ պահեր պարգևելու համար:
Անհամբեր կսպասենք Հայկի կատարումները վայելելուն:

2022-02-04

Այս չորեքշաբթիի մեր հերոսը 19-ամյա Արթուրն է Արցախից։
Մեր բարի տղան Շուշիում ձեռք է բերել սանտեխնիկի որակավորում, սակայն ժպիտով հիշում է, որ դասամիջոցներին պարբերաբար գնում էր կա՛մ ապագա պատշարների պարապմունքներին, կա՛մ զոդողների, բայց ամենից հաճույքով դասամիջոցներին հետևում էր փայտամշակման խմբի աշխատանքներին։ Ինքն էլ որոշակի հմտություններ ունի արդեն․ կարողանում է փայտից բաժակներ պատրաստել։
Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում բուժում ստանալու ընթացքում Արթուրը գրեթե ամեն օր այցելում է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի երեխաներին, որտեղ նրանք միասին հետաքրքիր խաղեր են խաղում և ուրախ պատմություններ են միմյանց պատմում։
Արթուրը քիմիաթերապիայի նախորդ կուրսի ժամանակ իրեն լավ չէր զգացել, և այս անգամ նախապատրաստվում և տրամադրվում է երաժշտության օգնությամբ․ հատկապես սիրում է ռետրո երգեր, իսկ ֆիլմերից էլ նախընտրում է պատմական ժանրի գործերը։
Արթուրը իր ծնողների հինգ զավակներից կրտսերն է։ Նա բուժման ընթացքում անսահման կարոտում է իր հարազատներին և հայրենի գյուղը ու անհամբեր սպասում է՝ երբ է տուն վերադառնալու։
Արթուրի ցանկությունն է լավացնել փայտամշակման ու կավագործության հմտությունները և խորացնել անգլերենի գիտելիքները։

04/03/2020 2022-02-04

Այս շաբաթվա մեր փոքրիկ հերոսը 3-ամյա Ռազմիկն է Արմավիրի մարզից։
Ռազմիկը չափազանց շարժուն ու էներգիայով լի բալիկ է: Մեզ հետ զրուցելու ընթացքում նա անընդհատ թռվռում, տեղում պտտվում ու մեզ միրգ էր հյուրասիրում:)), ու նրան այդ հարցում չէր խանգարում նույնիսկ այդ պահին միացված դեղորայքը։
Մեր համով տղան զրույցի հենց սկզբում նշեց, որ ինչ իր մազիկները թափվել են, իր գլուխը նմանվել է հայրիկի սափրված երեսին։)) Աշխարհում ամենաշատը հենց հայրիկին է սիրում ու շատ է տխրում բաժանվելիս։
Ազատ ժամանակ հաճույքով նայում է «Մաշան և արջը» ու «Դե’, սպասիր» մուլտֆիլմերը, խաղում է ֆուտբոլ և հեծանիվ է քշում։
Ռազմիկը սիրում է նաև խաղալ իր փոքրիկ եղբոր հետ ու օգնել մայրիկին ապերիկի խնամքի հարցերում։
Ռազմիկը երազում է ստանալ մեծ կապույտ մեքենա, որի մեջ կկարողանա նստել ու վարել… ու ծաղիկներ տատիկի համար:))

15/06/2020

Հ. Գ. Մեր սիրելի գործընկեր Երազանք ՀԿ-ի շնորհիվ մեր Ռազմիկի ցանկությունն էլ իրականացավ․ նա նվեր ստացավ իր երազած մե՜ծ մեքենան, որով հասցրեց բազում պտույտներ գործել Արյունաբանական կենտրոնի առաջին հարկում։
Անչափ շնորհակալ ենք Երազանք ՀԿ-ին և անձամբ գեղեցկուհի Լիանա Ասոյանին՝ մեր համով տղային շատ երջանիկ պահեր պարգևելու համար։

2022-02-04

Ծանոթացեք մեր 6-ամյա Աիդայի հետ։
Աիդան շատ է սիրում Լեգո կոնստրուկտորներ հավաքել ու շատ գեղեցիկ պալատներ ու ամրոցներ է կառուցում։ Մեր համով աղջիկը նաև հաճույքով տուն-տունիկ է խաղում իր երկու տարեկան քրոջ հետ, թեպետ, նրա խոսքերով, քույրիկը երբեմն շատ է բղավում ու խաղալիքները թափրտում։
Մեր գեղեցկուհու ամենասիրելի հեքիաթը «Ոսկե ձկնիկ»-ն է, բայց եթե ինքն էլ ոսկե ձկնիկ բռներ, երեքի փոխարեն միայն մեկ ցանկություն կասեր` առողջություն բոլորին։
Մուլտֆիլմերից Աիդուլը նախընտրում է «Մաշան ու արջը», «Պեպպա խոզուկը» և «Ռապունցելը», և մենք որոշել ենք իրավիճակը հանդարտվելուց հետո անպայման միասին լապտերիկներ բաց թողնել երկինք։
Աիդուլը ջերմությամբ է խոսում իր բժշկուհի Լալա Վաղարշակյանի մասին ու շա՜տ է կարոտում իր ընկերուհիներ Արևիկին, Սոնային, Թամուշին ու Ջուլիանային, որոնց հետ ծանոթացել ու մտերմացել է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ընթացքում։ Նրանք հիմա էլ ուշիուշով հետևում են միմյանց բուժման փուլերին և ոգևորում իրար։
Աիդան երազում է ունենալ Ռապունցել տիկնիկ, մանկական դաշնամուր և մանր դետալներով կոնստրուկտոր։

24/12/2020

Հ․ Գ․ Մեր Աիդայի երազանքների իրականացումը շարունակ հետաձգվում էր` պայմանավորված COVID-19 համավարակով։Օրեր առաջ մեր քաղցրիկի ցանկություններից մեկը վերջապես կատարվեց. նա արդեն գեղեցիկ ու ոճային սմարթ-ժամացույց ունի, որը նրան ոչ միայն ժամը կհուշի, այլև կօգնի կապի մեջ լինել հարազատների հետ։ Շնորհակալ ենք Երազանք ՀԿ-ին ու գեղեցկուհիներ Լիանային և Ջուլիին` մեր Աիդուլին շատ ուրախ պահեր պարգևելու համար։

2022-02-04

Այսօր կպատմենք մեր 4-ամյա ամաչկոտ Էլենի մասին:
Մեր գեղեցկուհին շատ է սիրում ձեռքի աշխատանքներ. խաղում է պլաստիլինով, կինետիկ ավազով, իսկ վերջերս էլ հատկապես հաճույքով ավազով նկարներ է պատրաստում ու հայրիկից ամեն օր նորն է խնդրում:
Պլաստիլինից պատրաստում է զամբյուղ, մրգեր, արև… ու միշտ նաև Ձմեռ պապիկ, որովհետև շատ է սիրում Ամանորն ու անհամբեր սպասում է՝ երբ է բարի պապիկը կրկին գալու ու իր համար շա՜տ նվերներ բերելու:
Էլենը մուլտֆիլմերի փոխարեն հաճույքով հետևում է փոքրիկ վլոգեր Նաստյայի և նրա հայրիկի արկածներին ու ամենաշատը սիրում է այն թողարկումները, որտեղ փոքրիկ աղջնակը պատմում է իր խաղալիքների մասին:
Մեր ժպտերես Էլենը երեք քույրերից կրտսերն է ու շատ է ուրախանում, երբ ավագ քույրիկները իր համար հեքիաթներ են կարդում: Հեքիաթներից ամենասիրելին «Կարմիր գլխարկ»-ն է, որը պատրաստ է անդադար լսել, բայց միշտ խնդրում է, որ գայլի վտանգավոր:) գործողությունների մասերը բաց թողնեն ու չկարդան. վախենում է:
Էլենը սիրով խաղում է նաև բժշկական գործիքներով ու հաստատ որոշել է ԴՈԿՏՈՐ դառնալ ու բոլոր բալիկներին բուժել:
Բժշկի մասնագիտության մեջ էլ ավելի հմտանալու համար Էլենը շատ է ցանկանում ունենալ բժշկական գործիքների հավաքածու: Նա նաև երազում է հեծանիվ ունենալու մասին:

08/06/2020

Հ. Գ. Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք հիմնադրամի սիրելի բարեկամ Սևան Ավագյան-Քալենդերյանը կրկին պատրաստակամություն էր հայտնել իրականացնել մեր բալիկներից մեկի երազանքը․ նրա շնորհիվ մեր գեղեցկուհի Էլենն արդեն վայելում է իր նոր հեծանիվը։
Անակնկալները դրանով չսահմանափակվեցին․ մոսկվայաբնակ մեր հայրենակցուհի Ելենան նույնպես բազմաթիվ գեղեցիկ նվերներ էր պատրաստել մեր քաղցր աղջկա համար։
Շատ շնորհակալ ենք տիկին Սևանին և տիկին Ելենային՝ մեր Էլենին շատ ժպիտներ պարգևելու համար։

2022-02-04

Շարունակում ենք ներկայացնել մեր երեխաների երազանքները, ու այսօրվա մեր հերոսը 5-ամյա Գոռն է:
Գոռը հաճույքով դիտում է «Մաշան և արջը» մուլտֆիլմը, բայց գրքեր ավելի շատ է սիրում, ու թեև դեռ չի կարողանում ինքնուրույն կարդալ, բայց շա՜տ սիրելի հեքիաթներ ունի ու դժվարանում է առանձնացնել որևէ մեկը:
Գոռը հաստատ որոշել է իր պապիկի պես խոհարար դառնալ, ու իր պատրաստած ամենահամեղ տոլման առաջինը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի Հոգեսոցիալական ծառայության ղեկավար Ալիսային է հյուրասիրելու: Նա շատ է սիրում նաև իր բժիշկ Իսկանյան պապիկին:) և բժշկուհի Մերիին:
Մեր քաջ տղան տարվա եղանակներից ամենաշատը ամառն է սիրում, որովհետև ամռանը գնում է Սիսիանի շրջանի իր հարազատ գյուղ՝ Լոր: Իր խոսքերով՝ նա դեռ փոքր է հող մշակելու համար, բայց փոխարենը կարող է ամբողջ օրը բակում խաղալ: Գոռը հպարտությամբ նշեց, որ գիտի, որ հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանն էլ է այդ գյուղում ծնվել, ու պարզվեց, որ նրանք նույնիսկ ազգակցական կապ ունեն:
«Ուզում եմ գլուխս բուժվի, ես լավանամ ու, եթե ստացվի, գնամ Իտալիա». երազկոտ նշում է մեր տղան, հետո ավելացնում, որ, իհարկե, կորոնավիրուսի համաճարակից հետո:
Մինչ այդ:) Գոռը երազում է ունենալ մեծ մեքենա, որի մեջ կկարողանա նստել ու ինքնուրույն քշել:

07/04/2020

Հ. Գ. Բարի մարդկանց շնորհիվ երազանքներն իրականանում են նույնիսկ արտակարգ դրության պայմաններում…
Մեր Գոռն արդեն մեծ ու գեղեցիկ կարմիր մեքենա ունի, ինչի համար շատ շնորհակալ ենք մեր գրառմանը արձագանքած ու մեր քաջ տղայի ցանկությունը կատարած Նաիրա Սարգսյանին:

2022-02-04

Այսօրվա մեր հերոսուհին 1 տարեկան Ելենան է:
Մեր փոքրիկը պատրաստ է ողջ օրը մուլտֆիլմեր նայել ու բոլորովին չձանձրանալ: Նրա ամենասիրած մուլտֆիլմերն են «Մաշան և արջը», «Ֆիքսիկները» և «Կապույտ տրակտորը»:
Ելենկան անսահման սիրում է իր 3-ամյա եղբորը և հրճվում է նրա հետ խաղալիս. վերջինս էլ ավագ եղբոր հոգատարությամբ ուրախացնում է փոքրիկ քույրիկին՝ նրա դիմաց թռվռալով, պարելով ու վազվզելով:
Մեր գեղեցկուհին ավանդական խաղալիքներ չի սիրում, փոխարենը կոնֆետներով է խաղում և երբեմն հասցնում է խորամանկություն անել և, ծակելով կոնֆետի թուղթը, միջուկը ուտել: Նա ուրիշ չարաճճիություններ էլ է անում, օրինակ՝ չի թողնում, որ իր դեմքին բժշկական դիմակ դնեն, քաշում է թելը տատիկի հելունագործության ընթացքում ու ծիծաղում…
Ելենան շատ է սիրում նաև երաժշտություն լսել?, հատկապես հայկական պարային երգեր, որոնց ներքո ոչ միայն պարում է, այլև նույնիսկ քնում: Նա նաև իր փոքրիկ ձեռքերով հաճույքով դաշնամուր է «նվագում» Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների խաղասենյակում:
Մեր քաղցրիկը երազում է իր մանկական դաշնամուրն ունենալու մասին ու շա՜տ ուրախ կլինի, եթե նվերը նրան մատուցեն հենց Մաշան և արջուկը:

06/05/2020

Հ. Գ. Անգամ այս ծանր շրջանում բարի մարդկանց շնորհիվ մեր բալիկների երազանքները շարունակում են իրականանալ։
Մեր փոքրիկ Ելենկան արդեն վայելում է իր նոր դաշնամուրը, որը նրան սիրով նվիրել է իր 12-ամյա անվանակիցը՝ Ելենա Խունդիբեկյանը, ԱՄՆ Լա Քրեսենթա համայնքից։
Անչափ շնորհակալ ենք Ելենային և նրա ընտանիքին` մեր փոքրիկ գեղեցկուհու երազանքն իրականացնելու համար։

2022-02-04

Այսօր կպատմենք ձեզ մեր 5-ամյա Լիլիայի մասին Արցախից։
Մեր գեղեցկուհին ամենաշատը սիրում է տուն-տունիկ խաղալ, իսկ ամենասիրելի տիկնիկներն էլ ԼՕԼ տիկնիկներն են։ Նա վարպետորեն տարբերում է օրիգինալ ԼՕԼ տիկնիկը կեղծից, իսկ ԼՕԼ-երի հավաքածուն էլ այնքան մեծ է, որ որոշել է այս տարվա տոնածառը զարդարել բացառապես դրանցով։
Լիլիան առողջ սննդի սիրահար է և շատ է սիրում միրգ ու բանջարեղեն ուտել․ հատկապես հաճույքով ըմբոշխնում է բրոկոլի և կանաչ ոլոռ և մայրիկին գրեթե ամեն օր խնդրում է իր համար դրանք գնել։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ընթացքում մեր քաղցր աղջիկը շատ է կարոտում իր ապերիկին ու հայրենի Արցախի իրենց տունը։ Անհամբեր սպասում է՝ երբ է բուժումն ավարտելու, որ վերադառնա Արցախ և «Տատիկ-Պապիկ» («Մենք ենք, մեր սարերը») արձանի մոտ պիկնիկի մասնակցի իր ընտանիքի հետ։
Լիլիան շատ վառ երևակայություն ունի, հիանալի նկարում է ու երազում է բալետի պարուհի դառնալ։ Յուրաքանչյուր երեկո էլ նա անպայման ամփոփում է օրը (հատկապես, եթե այն հիշարժան է եղել)՝ նշելով «Էսօր շատ լավ օր էր» ու շնորհակալություն հայտնելով իր հարազատներին։ Մեր Լիլիայի երազանքն է ունենալ իսկական բատուտ, որպեսզի ամբողջ օրը թռվռալու համար բազմոցը փոխարինի դրանով։))

30/08/2020

Հ․ Գ․ Մեր գեղեցկուհի Լիլիան արդեն ունի իր երազած բատուտը Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք ԲՀ սիրելի բարեկամ Խաղաղության քաղաք ՀԿ-ի շնորհիվ։
Շնորհակալ ենք Խաղաղության քաղաք ՀԿ-ին և անձամբ Լիլիթ Համբարձումյանին մեր փոքրիկ արքայադստրիկի երազանքն իրականացնելու և նրան շատ ուրախ լիցքեր պարգևելու համար։

2022-02-04

Այս շաբաթվա մեր հերոսուհին 2-ամյա Էլեոնորան է։
Էլյան շատ թիթիզիկն է, նախընտրում է շորիկներ հագնել ու անպայման համադրում է հագուստը մազակալների հետ։ Նա հատկապես խնամքով պատրաստվում է ծննդյան տոնակատարություններին, որ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում նշում են մյուս բալիկների հետ․ նա պնդում է, որ մայրիկն իրեն սիրուն շորիկ հագցնի, որ գնա ու հոբելյարի համար «իչի բըրդեյ թու յու» երգի։
Մեր ուրախ աղջիկը ունի խաղալիքների մե՜ծ հավաքածու, բայց ամենից շատ սիրում է խաղալ տիկնիկներով։ Նա նաև շատ բժշկական գործիքներ ունի, ու բոլոր տիկնիկները պարբերաբար «բուժում» են ստանում բժշկուհի Էլեոնորայի կողմից:)
Չնայած մեր խիզախ գեղեցկուհին դեռևս արտասվում է ներարկումներ ստանալիս, բայց սովորել է այդ ընթացքում ինքն իրեն հանգստացնել՝ ասելով «վերջ, վերջ, վերջացավ», իսկ վերջում էլ թեև հուզված, բայց անպայման շնորհակալություն է հայտնում բուժքրոջը․․․
Մեր Էլյան շատ է սիրում կտրտած թղթերով խաղալ, գույներից էլ նախընտրում է հատկապես մանուշակագույնն ու վարդագույնը։
Նա երազում է ունենալ հեծանիվ, որպեսզի․ «Էլանիկը լավանա, հեծանիվ քշի»:

27/06/2020

Բարի և պատրաստակամ մարդկանց աջակցությամբ մեր երեխաների երազանքները շարունակում են իրականանալ։
Մոսկվայաբնակ Վարսիկ Ավետիսյանը սիրով արձագանքեց փոքրիկ Էլեոնորայի երազանքի մասին մեր գրառմանը, և մեր քաղցր աղջնակը արդեն վայելում է իր նոր խաղալիքներն ու հագուստի գեղեցիկ հավաքածուն։
Շատ շնորհակալ ենք Վարսիկին և անհամբեր սպասում ենք մեր համատեղ միջոցառումներին, որոնք նախատեսում ենք իրագործել համավարակը հաղթահարելուն պես։

2022-02-04

Ծանոթացեք մեր 3-ամյա Ջեսիկայի հետ Բյուրեղավանից:
Նրա անունը ընտրելիս ծնողները երկար տատանվել են Ջեսիկա և Կատալինա անունների միջև, և, ի վերջո, ընտրությունը կանգ է առել Ջեսիկա անվան վրա, որը շատ է համապատասխանում մեր գեղեցկուհուն:
Ջեսիկան, ի տարբերություն իր տարիքի աղջնակների մեծամասնության, չի սիրում խաղալ տիկնիկներով և ավանդաբար «աղջկական» համարվող այլ խաղերով ու խաղալիքներով: Փոխարենը նա կոտրում է բոլոր կարծրատիպերը և նախընտրում է խաղալիք մեքենաները ու զենքերը:
Մեր քաղցր աղջիկը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ընթացքում ամենաշատը կարոտում է իր ավագ եղբորը, որի հետ նրանք ժամեր շարունակ տարբեր խաղեր են խաղում ու չեն ձանձրանում:
Նա վառ արտահայտված դերասանական ձիրքով է օժտված, հաճախ իր խաղալիքների օգնությամբ փոքրիկ ներկայացումներ է բեմադրում և ցանկանում է դերասանուհի դառնալ:
Ջեսիկան երազում է 2 անիվով «մեծական» վարդագույն հեծանիվ ունենալու մասին:

20/06/2020

Հ. Գ. Նույնիսկ ֆիզիկապես շատ հեռու լինելու դեպքում բարի մարդիկ տարբերակներ են գտնում` մեր երեխաների երազանքներն իրականացնելու համար։
Գեղեցկուհի Ջեսիկան արդեն վայելում է իր երազած հեծանիվը մեր հայրենակից Վիկ Իսմաիլյանի շնորհիվ։
Մեր Ջեսիկան նվեր ստացավ նաև իր սիրած մեքենաներից ու վիտամիններով հարուստ մրգերի մի մե՜ծ զամբյուղ, որի պարունակությամբ մայրիկի հետ որոշեցին կիսվել Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող նաև մյուս բալիկների հետ։
Շատ շնորհակալ ենք Վիկին մեր գրառմանն արձագանքելու ու մեր քաղցր աղջկա ցանկությունն իրագործելու համար։
Հատուկ շնորհակալություն Վիկի ընկերներից Աշխենին` նվերի հանձնման գործընթացը կազմակերպելու համար։

2022-02-04

Մեր այսօրվա հերոսը 13-ամյա Զոհրաբն է Արմավիրից։
Մեր բարի տղան մեծ հաճույքով հաճախում է դպրոց, որտեղ նրա ամենասիրելի առարկաները հայերենն ու եզդիերենն են։ Քանի որ ընտանիքի անդամները տանը երկու լեզուներով էլ հաղորդակցվում են, Զոհրաբը շատ լավ տիրապետում է երկուսին էլ։
Դասերից հետո էլ շտապում է տուն, որ ընկերների հետ ֆուտբոլ, պահմտոցի և այլ բակային խաղեր խաղա։ Նա շատ է սիրում խաղալ նաև իր քույրիկի և եղբոր հետ, հիմնականում սեղանի խաղեր։
Զոհրաբի ընտանիքը տարբեր ընտանի կենդանիներ ունի` հավ, կով, ցուլ, բայց Զոհրաբն ամենից շատ իրենց ավանակին է սիրում ու շատ է ցանկանում մոտ ժամանակներում նաև ձի ունենալ։
Մեր նպատակասլաց տղան որոշել է իր պապիկի պես ոստիկան դառնալ ու ապահովել բոլորի անվտանգությունը։
Զոհրաբի սիրտը լեռներում է, և նա անհամբեր սպասում է` երբ է տուն վերադառնալու ու վերսկսելու իր զբոսանքները սարերում։
Նաև այդ նպատակով մեր Զոհրաբը երազում է հեծանիվ ունենալու մասին։

30/06/2020

Հ․ Գ․ Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք ԲՀ բարեկամներից մեկը, կրկին ցանկանալով անանուն մնալ, իրականացրեց մեր ևս մի երեխայի երազանք․ մեր Զոհրաբն արդեն հեծանիվ ունի։
Անչափ շնորհակալ ենք մեր սիրելի ընկերոջը՝ հիմնադրամի ու մեր շահառուների կողքին լինելու համար։
Անհամբեր սպասում ենք՝ երբ է մեր բարի Զոհրաբը բուժումն ավարտելու, վերադառնալու տուն ու հեծանվային արշավների մասնակցելու իր այդքան սիրելի լեռներում։

2022-02-04

Այսօրվա մեր փոքրիկ հերոսը 3-ամյա Արտյոմն է։
Արտյոմը շատ ընկերասեր, զվարթ ու կյանքով լի բալիկ է։ Նրա սիրելի զբաղմունքները բնության գրկում վազվզել, թռվռալ ու ավազներով խաղալն են։ Շատ է սիրում նաև ջուրը ու ամռանը դժվարությամբ է բաժանվում իր լողավազանից։
Մեր համով տղան հիացմունքով հետևում է կենդանական աշխարհին, հատկապես շատ է սիրում վագրերին, ինչպես իսկական, այնպես էլ խաղալիք։ Ընդհանրապես նա փափուկ խաղալիքների մեծ հավաքածու ունի ու շատ է սիրում դրանցով խաղալ։
Գույներից Արտյոմը նախընտրում է ինչպես վառ դեղինն ու կարմիրը, այնպես էլ զուսպ սևը: Նա նաև սիրում է մուլտֆիլմներ դիտել և հաճույքով հետևում է Կապույտ տրակտորի, Փոքրիկ Գնացքի և Մաուգլիի արկածներին։
Արտյոմը սիրում է բոլոր գույների ու չափերի ավտոմեքենաները՝ լինեն դրանք հեռակառավարման վահանակով, մեխանիկական, ձեռքով թե ոտքերի օգնությամբ քշվող։ Այս բոլոր տեսակների մեքենաներից նա արդեն ունի, բայց հիմա երազում է մեծ մեքենայի մասին, որի մեջ կկարողանա նստել ու վարել։

21/07/2020

Հ․ Գ․ Մենք համոզված ենք, որ դրական հույզերը նպաստում են քաղցկեղն ավելի արագ հաղթահարելուն, և շատ ենք ուրախանում, երբ մեր երեխաների երազանքների մասին պատմող գրառումներին արձագանքում են պատրաստակամ մարդիկ։
Մեր Արտյոմի երազանքն իրականություն դարձավ բարի Մարինա Ղազարյանի շնորհիվ։ Մարինան մեր համով տղային մե՜ծ, փիրուզագույն, շատ գեղեցիկ մեքենա նվիրեց, ինչպես նաև փոքրիկ մեքենաների հավաքածու։
Արտյոմն այնքան է հավանել իր մեքենան, որ, նրա մայրիկի խոսքերով, հենց մեքենայում էլ անցկացնում է օրվա մեծ մասը։
Անչափ շնորհակալ ենք Մարինային՝ Արտյոմի ցանկությունն իրագործելու և նրան շա՜տ դրական պահեր պարգևելու համար։

2022-02-04

Այս չորեքշաբթիի մեր փոքրիկ հերոսուհին 2-ամյա Սոնան է Երևանից։
Մեր Սոնան շա՜տ թիթիզիկն է․ նրա ամենասիրելի զբաղմունքը տարբեր զգեստներ հագնելն ու նորաձևություն ցուցադրելն է։ Սոնայի համար հագուստի գնումը շատ մանրակրկիտ և երկարատև գործընթաց է, որին նա անպայման պետք է անձամբ մասնակցի։ Նա պարտադիր համապատասխանեցնում է հագուստի գույնը եղունգների լաքի գույնի հետ /և հակառակը/, իսկ եթե որևէ շորիկ նրա սրտով չէ, աշխարհում ոչ մի ուժ չի կարող նրան ստիպել կրել այն։
Մեր քաղցրիկը որոշել է բժշկուհի դառնալ, և հիմիկվանից խաղալիք բժշկական հավաքածուներով պրակտիկ դասեր է կազմակերպում իր ամենասիրելի պացիենտի՝ մայրիկի մասնակցությամբ, որ ապագա մասնագիտության մեջ էլ ավելի հմտանա։
Սոնայի ամենասիրելի խաղալիքները տիկնիկներն են, շատ է սիրում խաղալ նաև լուսաձայնային էֆեկտներով խաղալիքներով և դիտել մուլտֆիլմներ։ Մուլտֆիլմներից հատկապես հաճույքով հետևում է Մաշայի և Արջի արկածներին ու սրտանց երկրպագում Արջուկին։
Մեր գեղեցկուհին առողջ ինքնագնահատական ունի և պարբերաբար դրա մասին բոլորին հիշեցնում է, ասելով․ «ես լավ աչիկ եմ, ես պուպուշ աչիկ եմ»։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ընթացքում Սոնան շատ է կարոտում հայրիկին, մյուս հարազատներին ու իրենց տունը, ու անընդհատ կրկնում է․ «Սոնան բուժվի, գնա տուն»։
Սոնան երազում է եռանիվ հեծանիվ և մեծ, իր հասակին, պարտադիր ոչ փափուկ տիկնիկ ունենալու մասին, որի հետ «ընկերություն կանեն», որին կկերակրի, գեղեցիկ շորիկներ կհագցնի, շրթներկ կքսի, ու միասին կգնան զբոսնելու։
Հ․Գ․ Սոնայի պահանջով՝ նրա բոլոր նկարներում առկա են շա՜տ սրտիկներ։

26/07/2020

Հ․ Գ․ Աշխարհի տարբեր երկրներում գտնվող բարի մարդիկ շարունակում են իրականացնել մեր երեխաների երազանքները և նրանց երջանիկ պահեր պարգևել։
Մեր համով Սոնայի երազանքը նույնպես իրականացավ Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք հիմնադրամի բարեկամ «Հույս միշտ կա»-ի շնորհիվ։
Համոզված ենք՝ մեր գործընկերները նույնիսկ ԱՄՆ-ում զգացին այն ուրախությունն ու հրճվանքը, որ ապրեց Սոնան իր նվերները տեսնելիս։
Շնորհակալ ենք «Հույս միշտ կա»-ին և անձամբ տիկին Անահիտ Հարությունյանին՝ Սոնային պարգևած էմոցիաների հրավառության համար։

2022-02-04

Այսօր կպատմենք մեր 10-ամյա Միլենայի մասին Շիրակից։
Միլենայի ամենասիրելի զբաղմունքը նկարելն է․ ստեղծագործում է տարբեր ոճերում, բայց ամենաշատը սիրում է կենդանիներ պատկերել։ Ընդհանրապես բնություն և կենդանիներ շատ է սիրում, հատկապես շներին, փիսիկներին և ճագարներին, իսկ թռչուններից էլ՝ թութակներին և աղավնիներին։ Անհամբեր սպասում է, թե երբ է առողջանալու, որ իր սիրելի բժշկուհի Լուսինե Քրմոյանը թույլ տա թութակ պահել։
Ազատ ժամանակ նա նաև հաճույքով մուլտֆիլմներ է դիտում․ շատ է սիրում արքայադուստրերի մասին պատմողները և հատկապես «Ռապունցելը»։
Մեր քնքուշ Միլենան անսահման շատ կարոտում է իրենց տունը ու իր ընտանիքի անդամներին, ամենից շատ՝ իր փոքր եղբորը, որը նրա լավագույն ընկերն է, ու ում հետ միասին նրանք խաղում, վազվզում ու հեծանիվ են քշում։
Չնայած նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին ու այն փաստին, որ Միլենան ամեն օր տեսակապով հաղորդակցվում է իր ընտանիքի անդամների հետ, կարոտը գնալով ավելի է ուժգնանում, և մեր աղջիկը օրերն է հաշվում, թե երբ է ավարտելու բուժումը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ու վերադառնալու տուն։
Մեր գեղեցկուհին երազում է մեծ, շատ մեծ․․․ իրենից էլ մեծ խաղալիք արջուկ ունենալու մասին։

10/08/2020

Հ․ Գ․ Արտերկրում գտնվող մեր հայրենակիցները շարունակում են ոգևորել մեր երեխաներին ու իրականացնել նրանց երազանքները։
Հիմնադրամի բարեկամ, ամերիկաբնակ Վիկ Իսմաիլյանի շնորհիվ մեր նուրբիկ Միլենան արդեն իրենից մեծ արջուկ ունի։
Շատ շնորհակալ ենք Վիկին՝ մեր ևս մի բալիկի երջանիկ պահեր պարգևելու համար։

2022-02-04

Ծանոթացեք մեր 12-ամյա Գարիկի հետ Գեղարքունիքից։
Գարիկի ամենասիրելի զբաղմունքը ընկերների հետ բակում խաղալն ու միասին հեծանիվ քշելն է, իսկ երեկոյան հաճախ պահմտոցի են խաղում մեծ խմբով։ Եթե եղանակային պայմանները թույլ չեն տալիս դրսում խաղալ, նրանք չեն տխրում ու հեռախոսներով են մրցում միմյանց դեմ։
Գարիկը սիրով է դպրոց հաճախում, իսկ ամենասիրած առարկան էլ մաթեմատիկան է։ Մեր խելացի տղան որոշել է ծրագրավորող դառնալ, ու առաջին բանը, որն անելու է բուժումն ավարտելուց հետո, ծրագրավորման դասերի գնալն է լինելու։
Գարիկի ընտանիքն ապրում է Սևան քաղաքում, ու նա հաճախ է գնում Սևանա լճում լողալու։ Ընդհանրապես լողը նրա ամենասիրելի սպորտաձևերից է, հաճույքով է հաճախում նաև կարատեի։
Գարիկը սիրում է ռուսական ֆիլմեր, իսկ ժամանակ ունենալու դեպքում երբեմն նաև մուլտֆիլմներ է դիտում։ Վերջերս նայածներից հատկապես տպավորվել է «Ռատատույ» և «Կենդանապոլիս» (Зверополис) անիմացիոն ֆիլմերով։
Գարիկը երազում է մեծ (26 համարի) հեծանիվ ունենալու մասին, որ բուժումն ավարտելուց հետո ընկերներով շարունակեն հեծանվային զբոսանքները հարազատ քաղաքում։

21/08/2020

Հ․ Գ․ Հոգատար Մելինե Ղազարյանի շնորհիվ մեր ուժեղ Գարիկն արդեն ունի իր երազած հեծանիվը։ Շատ շնորհակալ ենք Մելինեին՝ մեր խելացի տղայի ցանկությունն իրագործելու համար։
Բոլորս անհամբեր սպասում ենք՝ Գարիկը շուտով ավարտի բուժումը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, վերադառնա հարազատ Սևան ու գնա ընկերների հետ հեծանիվ քշելու։

2022-02-04

Այսօրվա մեր հերոսը 1,7 տարեկան Միքայելն է Կոտայքից։
Մեր համով բուլկիի:) ամենասիրելի զբաղմունքը մուլտֆիլմներ դիտելն է։ Սիրում է հատկապես մրգերի, թվերի մասին ուսուցողական մուլտֆիլմները և Երեք կատուների արկածների պատմող ֆիլմաշարը։
Միքայելը հաճույքով խաղում է փոքր թղթերով, հագուստի պիտակներով:) և մատիտներով։ Մատիտները երբեմն գործածում է նաև ուղիղ նշանակությամբ․ սիրում է ներկել ու նախընտրում է վառ գույները՝ դեղին, կարմիր, կապույտ։
Մեր ուժեղ տղան շատ է սիրում խաղալ նաև խաղալիքների կոտրված մասերով։ Հիմնականում ինքն է խաղալու նպատակով խաղալիքնեը մասնատում, երբեմն էլ նրա մեծ (3տ․) քույրիկն է այդ հարցում «օգնում»։ Ընդհանրապես, քույրիկի հետ միասին շատ են խաղում, հաճախ փորձում են խաղի մեջ ներգրավել նաև տան ամենափոքրիկ անդամին՝ իրենց նորածին քույրիկին։
Միքայելը շատ ակտիվ բալիկ է․ ողջ օրը պատրաստ է վազվզել ու գնդակով խաղալ, բայց միաժամանակ նաև շատ զգուշավոր է և հազվադեպ է ընկնում ու վնասվածքներ ստանում։
Մինչ ախտորոշումը Միքայելը քնում էր իր մայրիկի կողքին, բայց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ընթացքում նա սովորել է «մեծական» մահճակալի վրա ազա՜տ քնելուն ու արդեն նույնիսկ մայրիկին թույլ չի տալիս իր կողքը պառկել։
Մեր քաղցր Միքոն շատ ուրախ կլինի, եթե տանը նույնպես ունենա մեծ մահճակալ։

08/12/2020

Հ․Գ․ Մեր համով Միքայելը քնելիս արդեն կարող է հանգի՜ստ մեկնվել, քանի որ մի բարի երիտասարդ, որը ցանկացավ անանուն մնալ, մեծ սիրով ու հոգատարությամբ նրա համար պատրաստել է փայտյա տնակ-մահճակալ։ Մայրիկի խոսքով՝ բացի ուղիղ նշանակությամբ օգտագործելուց, Միքոն ու նրա մեծ քույրիկը մահճակալի մեջ նաև ամբողջ օրը թռվռում են ու խաղում «տնակի առաստաղից» կախված «մայլիկներով» (սմայլիկներով:))։
Շնորհակալ ենք մեր բարեկամին՝ Միքոյի երազանքն իրականացնելու համար։ Համոզված ենք, որ մեր քաղցր բուլկին:) այսուհետ միայն բարի ու անուշ երազներ է տեսնելու։

2022-02-04

Ծանոթացեք մեր 14-ամյա Կարինայի հետ Տավուշից։
Կարինան շատ է սիրում նկարել, հատկապես լավ նրա մոտ ստացվում են դիմանկարները։ Նրա ամենասիրելի գույները վառ դեղինն ու կապույտն են, շատ է հավանում նաև դրանց համադրությունը։
Դպրոցում հաճույքով ուսումնասիրում է ինչպես հայոց, այնպես էլ համաշխարհային պատմությունը։ Սիրում է պատմական, հատկապես՝ պատերազմների մասին ֆիլմերը, որոնց ընթացքում ուշադրությամբ հետևում է ոչ այնքան մարտական գործողություններին, որքան մարդկային ապրումներին ու ճակատագրերի շրջադարձերին։ Բնակվելով Տավուշի սահմանամերձ գյուղում՝ նա շատ լավ է գիտակցում խաղաղության կարևորությունը🕊 և երազում է մեր հայրենիքի սահմանները միշտ անառիկ տեսնել։
Կարինան գերազանցությամբ ավարտել է երաժշտական դպրոցը․ շատ լավ է նվագում դաշնամուր, հիմա էլ նաև կիթառի դասերի է հաճախում։ Նա ցանկանում է դաշնակահարուհի դառնալ, ու համոզված ենք, որ դեռ շատ առիթներ ենք ունենալու նրա հիանալի կատարումները վայելելու։
Մեր գեղեցկուհին երազում է լեռնային հեծանիվ ունենալու մասին, որը կկարողանա հանգիստ քշել հարազատ գյուղի քարքարոտ ճանապարհներին։

18/12/2020

Հ․Գ․ Արտերկրում գտնվող մեր հայրենակիցները շարունակում են ժպիտներ պարգևել մեր երեխաներին։
Մեր նուրբիկ Կարինան այժմ հեծանիվ ունի, որը նրան մեծ սիրով ու ջերմ մաղթանքներով նվիրել է Անիտան արևոտ Արաբական Միացյալ Էմիրություններից։
Անչափ շնորհակալ ենք մեր բարեկամ Անիտային և անվտանգ հեծանվային զբոսանքներ ենք մաղթում մեր գեղեցկուհի Կարինային։

2022-02-04

Այս չորեքշաբթիի մեր փոքրիկ հերոսը 2,5-ամյա Դավիթն է Կոտայքից։
Դավիթիկի տարերքը ավտոմեքենաներն են։ Մեքենաների նրա հսկայական հավաքածուի մեջ կան բոլոր գույների ու չափերի մոդելներ, և նա երբեք չի ձանձրանում դրանք «վարելիս»։
Ազատ ժամանակ նա մուլտֆիլմներ է դիտում հեռուստացույցով և YouTube-ով․ նրա ամենասիրելին Ջոնի անունով փոքր մարդուկի արկածների մասին պատմող շարքն է։
Բակում Դավիթը հաճույքով իր փոքրիկ հեծանիվն է քշում և սիրում է ընտանիքի անդամների հետ պահմտոցի խաղալ։ Տան մեջ թաքնվելու ամենահարմար վայրն էլ, ըստ մեր համով տղայի, պահարանն է, որտեղից նրան երբեմն դժվար է հանելը։)
Մեր Դավիթը շատ ակտիվ՝ «սնդիկ» բալիկ է և երկար անշարժ մնալ ենթադրող զբաղմունքներից ձանձրանում է։ Անտարբեր է նաև կոնստրուկտորների նկատմամբ, սակայն Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժման ընթացքում իր համար բացահայտել է կինետիկ ավազը, և այժմ ամբողջ օրը կարող է խաղալ դրանով։
Դավիթիկը շատ քաղցրակեր է և լա՜յն ժպտում է շոկոլադ, թխվածք և պաղպաղակ վայելելիս։
Մեր տղան երազում է մեքենա-մահճակալ ունենալու մասին, որը վստահաբար կդառնա տան մեջ նրա ամենասիրելի իրը՝ յուրովի համալրելով մեքենաների նրա հավաքածուն։

14/12/2020

Հ․ Գ․ Մեր երեխաների երազանքներն իրականացնելու պատրաստակամություն հայտնած բարի մարդկանց համար ֆիզիկական հեռավորությունը խոչընդոտ չէ։
Մեր Դավիթն արդեն վայելում է անուշ քունը իր նոր մահճակալում, որը նրան նվիրել է Հիմնադրամի բարեկամ, ամերիկաբնակ Վիկ Իսմաիլյանը։
Անչափ շնորհակալ ենք Վիկին՝ մեր ևս մի բալիկի նվիրական ցանկությունն իրագործելու համար։

2022-02-04

Այսօր կպատմենք ձեզ մեր 10-ամյա Արմանի մասին Գյումրիից։
Մեր բարի տղան շատ է սիրում հարազատ քաղաքը և հաճախ է զբոսնում Գյումրիի գեղեցիկ փողոցներով։
Արմանը հաճույքով է դասերը սովորում, «Ֆոտոն» վարժարանում էլ նրա ամենասիրելի առարկան մաթեմատիկան է ու մի քիչ էլ մայրենին։ Արմանը շատ կապված է իր դասղեկ ընկեր Գասպարյանի հետ, որի նախաձեռնությամբ նրա բոլոր դասընկերները նոր ուսումնական տարվան ընդառաջ մի շատ հուզիչ հոլովակ էին պատրաստել Արմանի համար։ Հոլովակում ընկերները նրան հորդորում էին շարունակել ուժեղ մնալ, հաղթահարել հիվանդությունը և շուտ վերադառնալ դպրոց։
Մեր խելացի տղան լրջորեն զբաղվում է նաև մենթալ թվաբանությամբ ու Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ընթացքում շատ-շատ է կարոտում «Պարատուս» կենտրոնի մասնագետներ ընկեր Սյուզիին և ընկեր Լիլիթին։
Չնայած բնագիտական առարկաների հանդեպ մեծ սիրուն՝ Արմանը որոշել է իրավաբան դառնալ ու պաշտպանել մարդկանց իրավունքները։
Դասերից հետո էլ Արմանը սիրում է ընկերների հետ ֆուտբոլ խաղալ։ Ուշադիր հետևում է նաև համաշխարհային ֆուտբոլի զարգացումներին ու երկրպագում Մեսսին։
Մեր նրբազգաց տղան ոչ մի «նյութական» ցանկություն չունի․ միայն երազում է հանդիպել սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանի՝ Մկոյի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ (ի դեպ, նրանք նույնպես Գյումրիից են)։

26/09/2020

Հ․ Գ․ Մեր բարի Արմանի երազանքներից մեկն իրականացավ․ կայացավ փոքր ու մեծ ուժեղ գյումրեցիների՝ Արմանի ու Արթուր Ալեքսանյանի հանդիպումը։
Շատ շնորհակալ ենք մեր չեմպիոնին արձագանքելու համար։ Համոզված ենք, որ, այս հանդիպումից ոգևորված, մեր համով տղան նոր ուժերով կշարունակի պայքարը հիվանդության դեմ և նույնքան վստահաբար կհաղթի, որքան Արթուր Ալեքսանյանը՝ օլիմպիական խաղերում և տարբեր մրցաշարերում։
Հատուկ շնորհակալություն Էլյային ու Ռաֆոյին՝ հանդիպումը կազմակերպելու համար։

2022-02-04

Այսօր կպատմենք ձեզ մեր 6-ամյա Մարիա Ալեքսանդրայի մասին։
Մեր գեղեցկուհու անվան շուրջ ապագա ծնողները երկար քննարկումներ են ունեցել ու, ի վերջո, երկուսի ուզած տարբերակն էլ ներառելուց հետո ստացվել է այս գեղեցիկ ու օրիգինալ համադրումը։
Մեր Մաշան բացառիկ կենդանասեր է։ Նա չի սահմանափակվում իրենց տան մշտական բնակիչներ շնիկով, կրիայով ու բադիկով և ամեն օր բակից տարբեր կենդանիներ է իրենց տանը հյուրընկալում, կերակրում ու բաց թողնում, այդ թվում՝ բզեզների, մոծակների:)) ու նույնիսկ խավարասերների: Երեք տարեկանից սկսած՝ Մարիան ընդհանրապես միս չի ուտում ու անկեղծորեն չի հասկանում միս ուտողներին (այդ թվում՝ իր ընտանիքի անդամներին:))։
Մեր բարի աղջիկը որոշել է մեծանալուն պես հատուկ կազմակերպություն բացել, որը հոգ կտանի անօթևան կենդանիների մասին։
Մարիայի օրիգինալ նախասիրությունները այսքանով չեն սահմանափակվում․ նա նաև մեր իմացած եզակի երեխաներից է, որ երաժշտական ժանրերից ամենաշատը ռոք է սիրում ու հատկապես հաճույքով լսում է գերմանական Rammstein խմբի կատարումները։
Նա շատ է սիրում նաև «Տրոլլերը» մուլտֆիլմի մեջ հնչող երգերը, ինչպես նաև այդ անիմացիոն ֆիլմի բոլոր հերոսներին, որոնց մինի-արձանիկների մեծ հավաքածու ունի։ (նկարը՝ մեկնաբանություններում)
Մաշան երազում է համալրել «Տրոլլերը» մուլտֆիլմի հերոսների արձանիկների իր հավաքածուն նոր նմուշներով և ունենալ իսկական կիթառ։

08/02/2021

Հ․ Գ․ «Մախտեսյան Աջակցող Ձեռքեր» հիմնադրամի շնորհիվ մեր մեկ այլ բալիկի երազանք էլ իրականացավ․ մեր համով Մարիան արդեն կիթառ ունի։ Բառերով դժվար է նկարագրել մեր գեղեցկուհու ոգևորությունը նվերը ստանալիս․ նա հրճված թռչկոտում ու շուրջը բոլորին գրկում էր:)
Այդ երջանիկ պահերի համար շնորհակալ ենք «Մախտեսյան Աջակցող Ձեռքեր» հիմնադրամին և անձամբ Լուսինե Ներսիսյանին։ Անհամբեր սպասում ենք մեր Մաշայի կատարումները միասին վայելելուն։

2022-02-04

Ծանոթացեք մեր 6-ամյա Հրաչյայի հետ Աբովյան քաղաքից։
Հրաչյայի ամենասիրելի զբաղմունքը հեռախոսով մուլտֆիլմներ դիտելն է։ Ընդ որում՝ նրա սիրած մուլտֆիլմները հստակ անվանումներ չունեն և, ըստ մայրիկի, լի են ասիական արտաքինով անհասկանալի ու խառը կերպարներով։)
Հրաչը 3 տարեկան քույրիկ ունի, որի հետ շատ է սիրում խաղալ։ Երբեմն նրանք նաև կռվում են, և այդ պահերին Հրաչը առաջարկում է ծնողներին քույրիկին փոխարինել ապերիկով՝ նրան տալով այլ ընտանիքի:)))
Մեր ամաչկոտ տղան հաճույքով ներկում ու նկարում է, սիրում է պատկերել հատկապես բնությունը։ Մինչ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժումը սկսելը նա հաճախում էր կարատեի, իսկ բուժումն ավարտելուց հետո էլ մտադիր է երգի դասերի գնալ, քանի որ երգեցողությունը նրա մոտ շատ լավ է ստացվում։
Հրաչյան շատ է սիրում Մերսեդես G-դասի մեքենաները և ընտանիքի անդամներից պահանջում է գնել այն հենց հիմա, բերել հիվանդանոցի պատուհանի տակ կանգնեցնել, որպեսզի նա ավելի արագ լավանա ու քշելով գնա տուն։
Մինչ այդ նա անչափ ուրախ կլինի ունենալ այդ մեքենայի խաղալիք տարբերակը (անպայման սև գույնի), որի մեջ կկարողանա նստել և վարել։

13/03/2021

Հ․ Գ․ Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր Հրաչյան վայելում է իր սիրելի Մերսեդես G դասի մեքենայի փոքրիկ տարբերակը։)
Նրա երազանքն իրականացել է Հիմնադրամի սիրելի ընկերներից մեկի շնորհիվ, որը կրկին ցանկացավ անանուն մնալ։
Մեր ուժեղ Հրաչին «կանաչ ճանապարհ» ենք մաղթում, իսկ մեր բարեկամին ևս մեկ անգամ հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը։

2022-02-04

Ծանոթացեք մեր սիրելի 7-ամյա Աննայի հետ Արմավիրի մարզից։
Աննայի ամենասիրելի զբաղմունքը տիկնիկներով կամ, ինչպես ինքն է անվանում, «կուկլիկներով» խաղալն է։ Կուկլիկները Աննայենց տանը շատ հարմարավետ պայմաններում են ապրում, իրենց տունն ունեն, խոհանոցային պարագաները, տարբեր գեղեցիկ շորիկներ։ Երբեմն նրանք հոգնում են տան ներսում մնալուց և Անուլի եղբոր խաղալիք մեքենան նրանց տեղափոխում է այգի, որտեղ նրանք միրգ են հավաքում ու լողավազանի մոտ հանգստանում։
Զրույցի ընթացքում մենք նաև իմացանք (ու հուզվեցինք), որ կուկլիկներից երեքը կրում են մեր՝ Սիթի օֆ Սմայլ ԲՀ աշխատակիցներիս, անունները՝ Էսթեր, Տոմա ու Էմմա քուրիկներ:)
Մեր գեղեցկուհին աչքերի փայլով խոսում է նաև պարելու մասին: Ամենից շատ նա սիրում է պարել հայկական երաժշտության ներքո, հաճախում է պարի դասերի և արդեն երեք մեդալ ունի տարբեր համերգներից։
Աննայի ամենասիրելի եղանակները աշունն ու ձմեռն են, որովհետև աշնանը տերևներն են թափվում, իսկ ձմռանը ձյուն է տեղում, և ամենակարևորը՝ երկու եղանակների դեպքում էլ քամի կա, որը «խաղում է» նրա մազերի հետ:)
Մեր արտիստիկ աղջիկը անհամբեր սպասում է բուժումն ավարտելուն, որովհետև այդ ժամանակ նրան արդեն կթույլատրվի ելակ ուտել, իսկ հորեղբայրներն էլ նրա համար կգնեն խոստացված մե՜ծ տիկնիկը։
Աննուշկան երազում է իսկական բարբիներ ունենալու մասին։

29/01/2021

Հ․ Գ․ ԱՄՆ-ում բնակվող մեր սիրելի բարեկամ Սևան Ավագյան-Քալենդերյանի շնորհիվ իրականացավ մեր շահառուներից ևս մեկի՝ մեր գեղեցկուհի Աննայի երազանքը։
Աննայի «կուկլիկների» հավաքածուն համալրվեց բարբի տիկնիկներով, որոնց համար մեր Անուլիկն արդեն վստահաբար անուններ է որոշել ու դերակատարումներ սահմանել։
Անչափ շնորհակալ ենք տիկին Սևանին՝ մեր ևս մի բալիկի շատ ուրախ ակնթարթներ պարգևելու համար։

2022-02-04

Մեր այսօրվա հերոսը 3,5 տարեկան Գոռն է Երևանից։
Գոռի ամենամեծ տարերքը մեքենաներն են՝ բոլոր չափերի և գույների։ Նա առանց ձանձրանալու առավոտից երեկո կարող է մեքենաներով խաղալ, վարել դրանք, մրցարշավներ կազմակերպել։
Գոռը նաև սիրում է մուլտֆիլմներ դիտել։ Հատկապես մեծ հետաքրքրությամբ հետևում է Թոմի ու Ջերիի, Մաշայի և Արջի, ինչպես նաև «Դե, սպասի՛ր»-ի գայլի և նապաստակի արկածներին ու միշտ երկրպագում է «նապակին»։
Մեր Գոռիկը Յանա անունով մեծ քույրիկ ունի։ Միասին նրանք տարբեր խաղեր են խաղում՝ տունտունիկ, խանութպան, իսկ ամենից հաճախ՝ բժիշկ-բժիշկ։
Թեև մեր ուրախ տղան շատ է սիրում իր «բուժիկներ» (բժիշկներ) Ռուզաննային և Ջուլիային, բայց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ընթացքում շա՜տ է կարոտում իր հայրիկին ու քույրիկին։ Հենց այսօր էլ նա երազում իր հարազատներին էր տեսել ու առավոտից խնդրում էր մայրիկին իրեն տուն տանել․․․
Գոռը դեռ չգիտի, թե ինչ է ուզում դառնալ, բայց մայրիկը վստահ է, որ ինչ մասնագիտություն էլ ընտրի, այն անպայմանորեն կապված է լինելու մեքենաների հետ։
Մեր տղան շատ ուրախ կլինի ստանալ մեծ խաղալիք ավտոտնակ՝ տարբեր մեքենաներով։

21/01/2021

Հ․ Գ․ Մենք շատ ենք ուրախանում, երբ բարի մարդիկ մեր երեխաների երազանքներն իրականացնելու պատրաստակամություն են հայտնում։ Կրկնակի ենք ուրախանում և հուզվում, երբ այդպիսի ցանկություն են հայտնում բուժումն արդեն ավարտած մեր նախկին շահառուները։
Հալեցնող ժպիտով մեր Գոռիկի՝ մե՜ծ ավտոտնակ ունենալու երազանքն իրականացավ մեր մյուս համով տղայի՝ Լևոնի շնորհիվ։ Հանդիպման սկզբում երկու տղաներն էլ ամաչում էին, բայց հետո ավելի համարձակ էին միմյանց ժպտում:)
Մինչ Գոռիկը հաշվարկում էր` թե քանի մեքենա կտեղավորվի իր ավտոտնակում, նրա մայրիկը Լևոնի ծնողների կողմից ամենախորհրդանշական մաղթանքը լսեց. «Պինդ եղեք ու տարոսը ձեզ»։
Շատ շնորհակալ ենք մեր Լևոնին և նրա ընտանիքին մեր Գոռի ցանկությունն իրագործելու ու նրա ընտանիքին ոգևորելու համար։

2022-02-04

Այս չորեքշաբթի մեր հերոսը 7-ամյա Մայիսն է Կոտայքի մարզից։
Մայիսի ամենասիրելի զբաղմունքը կոնստրուկտորներով խաղալն է։ Իր լեգոներով նա տներ, մեքենաներ ու նավեր է կառուցում ու դրանք միավորում մեծ լեգո-քաղաքի մեջ։
Նա նաև սիրում է սովորական ավազով խաղալ՝ կառուցելով տներ։ Ինչպես հասկացաք, մեր համով տղան արդեն կողմնորոշվել է ապագա մասնագիտության հարցում․ դառնալու է շինարար ու կառուցելու է 100 և ավելի հարկեր ունեցող շենքեր։ Երբեմն նա մտորում է նաև ոստիկան դառնալու մասին, քանի որ շատ է ուզում պաշտպանել բարի մարդկանց ու պատժել հանցագործներին։
Մայիսը կենդանիներից ամենաշատը սիրում է շներին (հատկապես իր Բուլդոգ անունով շանը), նապաստակներին, կովերին ու «կովերի հորթերին»:) Կովերին այդքան սիրելու պատճառներից ամենակարևորը նրանց տված կաթն է, որից Մայիսի սիրելի մածունն է պատրաստվում։
Մայիսը մեծ եղբայր ու փոքրիկ քույր ունի։ Մեծ եղբոր հետ հաճախ են «տղայական» խաղեր խաղում, հետո էլ հաճույքով խաղացնում ու ծիծաղեցում են իրենց երկու տարեկան քույրիկին։
Մեր ամաչկոտ Մայիսը երազում է ունենալ մեծ տնակ, որի մեջ կկարողանա մտնել ու խաղալ։

18/01/2021

Հ․ Գ․ Բարի մարդկանց շնորհիվ մեր բալիկների երազանքները շարունակում են իրականանալ։
«Մախտեսյան Աջակցող Ձեռքեր» հիմնադրամի շնորհիվ մեր Մայիսն արդեն իր սրտի:) տնակն ունի, որտեղ շատ է սիրում խաղալ հատկապես իր քույրիկի հետ։
Անչափ շնորհակալ ենք Մախտեսյան Աջակցող Ձեռքեր Հիմնադրամին և անձամբ գեղեցկուհի Լուսինե Ներսիսյանին` այս հրաշալի նվերն այդքա՜ն մեծ սիրով ու հոգատարությամբ ընտրելու և մատուցելու համար։

2022-02-04

Վերսկսելով մեր երեխաների երազանքների մասին պատմող շարքը՝ այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել մեր 4-ամյա Լևոնին Գեղարքունիքի մարզից, իսկ ավելի կոնկրետ՝ «հայկական Սպարտա» Ծովագյուղից:)
Աշխարհում ամենից շատ մեր կապուտաչյա տղան սիրում է ավտոմեքենաներ ու դրանց հետ կապված ամեն ինչ։ Մեքենաների սիրելի գույնը կարմիրն է, իսկ մակնիշը՝ ՏոԼոտա-ն։) Նույնիսկ քնելուց առաջ Լևոնի լսած հեքիաթները մեքենաների ու չեմպիոնների մասին են։
Մեր համով տղան անհամբեր սպասում է, թե երբ է առողջանալու, մեծանալու, 2-հարկանի տուն կառուցելու ու ծառ տնկել
Տարվա բոլոր եղանակներից նա ամենաշատը սիրում է ձմեռը, երբ իր փոքրիկ եղբոր ու ընկերների հետ թավալվում է ձյան մեջ ու ձնեմարդ պատրաստում։
Թեև մեր Լևոնը մի քիչ նեղացկոտ է ու կարող է օրերով խռոված մնալ, բայց բարիշելուն պես նա նորից դառնում է նույն շա՜տ հոգատար ու ընկերասեր տղուկը։
Լևոնն ուզում է բժիշկ դառնալ ու բուժել աշխարհի բոլոր երեխաներին։ Իսկ մինչ այդ նա երազում է ոտքերով քշվող մեքենա ունենալու մասին։

26/03/2021

Հ․ Գ․ Գեղեցկուհի Լիլիա Շուշանյանի շնորհիվ ամիսներ առաջ մեր բալիկներից մեկի երազանքն իրականություն էր դարձել։
Վերջերս Լիլիան կրկին պատրաստակամություն հայտնեց իրագործել երազանք, և այս անգամ հաջողակը մեր խիզախ Լևոնն էր։ Լևոնը նոր մեքենա ունի, որով «սլանալիս» նա միաժամանակ նաև մարզում է ոտքի մկանները։
Անչափ շնորհակալ ենք Լիլիային մեր ևս մի բալիկի շատ ժպիտներ պարգևելու համար։

2022-02-04

Այս չորեքշաբթիի մեր հերոսը 11-ամյա Արմենն է։
Արմենի ամենասիրելի զբաղմունքը նկարելն է։ Նա հատուկ սքեչբուք ունի, որտեղ օրվա ընթացքում կենցաղային թեմաներով նկարներ է անում, հիմնականում սև ու սպիտակ գույների համադրմամբ։ Մեր համարձակ տղան արդեն կողմնորոշվել է ապագա մասնագիտության հարցում․ ծրագրավորող է դառնալու ու խաղորի կոդեր գրի, բայց “լուրջ խաղերի, ոչ թե կրակոցի-մրակոցիի” 🙂 Արմենը 4 տարեկան եղբայր ունի, որին ազատ ժամանակ հաճույքով խնամում է։ Փոքրիկ եղբոր հետ նա սիրում է մուլտֆիլմներ դիտել, իսկ ընկերների հետ ֆուտբոլ խաղալ: Բակային խաղերից բացի նրանք ընկերներով նաև PlayStation են սիրում խաղալ:
Մեր հասուն երիտասարդը:) հստակ տարանջատում է ցանկությունները երազանքներից` շեշտելով, որ իր երազանքը առաջին հերթին արագ ապաքինվելն է, իսկ ցանկություններից առանձնացնում է ապագայում մեծ 3-հարկանի տան կառուցումը։ Նա արդեն որոշել է ամեն հարկում սենյակների բաշխվածությունը, իսկ բակում էլ հատկապես կարևորում է մեծ լողավազանի ու խորովածի մանղալի առկայությունը։
Արմենը այլ նյութական ցանկություններ չունի, փոխարենը անչափ ուրախ կլիներ հանդիպել երգիչ Գոռ Սուջյանի և դերասան Սոս Ջանիբեկյանի հետ։

23/02/2021

Հ․ Գ․ Տաղանդավոր Գոռ Սուջյանը մեծ պատրաստակամությամբ արձագանքեց իր հետ հանդիպելու մեր Արմենի ցանկությանը և ուրբաթ օրն այցելեց Արյունաբանական կենտրոն։ Քանի որ փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օրն է, Գոռը նաև խորհրդանշական նվեր էր պատրաստել Արմենի համար գրքի տեսքով։ Հանդիպման ընթացքում Գոռն ու Արմենը կիսվեցին միմյանց հետ իրենց նախասիրություններով, մանկության հիշողություններով (պարզվեց՝ Գոռի կատարմամբ «Ես կուլամ» երգը Արմենի օրորոցայինն է եղել տարիներ շարունակ) և պայմանավորվեցին անպայման կրկին տեսնվել արդեն համերգի ժամանակ։
Անչափ շնորհակալ ենք Գոռին` մեր սիմպածյագի:) (մենք այդպես ենք դիմում Արմենին:)) ցանկությունն իրագործելու ու նրան այցելելու համար։

2022-02-04

Այսօրվա մեր փոքրիկ հերոսուհին 3-ամյա Արևիկն է Երևանից։
Արևիկն ամենից շատ սիրում է Մարի անունով իր կատվի հետ խաղալ։ Մարին նրա ամենամոտ ընկերն է, ում հետ նա անցկացնում է ողջ օրը․ միասին արթնանում, խաղում, ուտում և քնում են:)
Արևիկի մեծ քույրիկն արդեն կարդալ է սովորել և ազատ ժամանակ Արևիկի համար հեքիաթներ է կարդում, երբեմն էլ նրանք միասին տունտունիկ են խաղում։
Մեր քաղցրիկը շատ «երաժշտական» բալիկ է․ նա դեռ մանկուց ամեն օր դասական երաժշտություն է լսում, իսկ ժամանցի ամենասիրելի տարբերակը քույրիկի ու ծնողների հետ համերգներ ու թատրոններ գնալն է։ Նա հստակ որոշել է․ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժումն ավարտելուց հետո անպայման դաշնամուր նվագել է սովորելու։
(Հուսով ենք՝ Արևիկը բուժումը հնարավորինս արագ կավարտի, և ընտանիքը շուտով կկարողանա վերադառնալ իր բնականոն առօրյային։)
Մեր գեղեցկուհին շատ ուրախ կլինի ստանալ մանր դետալներով լեգոյանման կոնստրուկտոր և մեծ հանրագիտարան։

20/04/2021

Հ․ Գ․ Մեր նախկին շահառու Մերին իր ընտանիքի հետ միասին անակնկալ էր պատրաստել նաև մեր մեկ այլ շահառուի համար։
Մեր քաղցրիկ Արևիկն արդեն կոնստուկտորի հսկայական հավաքածու ունի:)
Արևիկի անակնկալները, սակայն, այսքանով չսահմանափակվեցին. Հիմնադրամի շա՜տ սիրելի ընկերներից մեկը, որը ցանկացավ անանուն մնալ, իրականացրեց մեր գեղեցկուհու նաև մյուս ցանկությունները։
Շատ շնորհակալ ենք բարի մարդկանց մեր սիրելի Մերիին, նրա ընտանիքին ու մեր հավատարիմ բարեկամին՝ Արևիկի օրը շա՜տ ժպիտներով լցնելու համար։

2022-02-04

Ծանոթացեք մեր 9-ամյա Մելինեի հետ Արարատից։
Մելինեի ամենասիրելի զբաղմունքը նկարչությունն է․ հատկապես լավ նրա մոտ ստացվում են բնապատկերները, իսկ գույներից էլ նախընտրում է կարմիրը։
Մելինեն նաև սիրում է հեռախոսով խաղեր խաղալ։ Սովորաբար նա շատ արագ է ձանձրանում և փոխարինում հին հավելվածները նորերով։
Թեև Մելինեն հաճախ է կռվում իր փոքրիկ 4-ամյա եղբոր հետ հեռախոսով խաղալու «հերթ»-ի համար, բայց միևնույնն է` նրանք միմյանց շատ են սիրում ու անընդհատ իրար պաչիկներ են անում:)
Մեր խելացի աղջիկը դպրոցում շատ լավ է սովորում, բայց երկար տեքստեր կարդալուց հոգնում է․ փոխարենը շատ է սիրում մաթեմատիկա առարկան։
Մելինեն մուլտֆիլմներ չի դիտում, որովհետև, սեփական բնորոշմամբ, «արդեն մեծ աղջիկ է», բայց հաճույքով է հետևում «Ֆեյք մամա» հումորային սիթքոմում ծավալվող իրադարձություններին։
Զրույցի ընթացքում մեր գեղեցկուհին չէր կողմնորոշվում երազանքի հարցում (ինչպես հետագայում հասկացանք, նա պարզապես ամաչում էր:)): Ի վերջո, նրա ընտրությունը կանգ առավ մեծ տիկնիկի (ոչ բարբիանման) և ըստ համարների նկարչական հավաքածուների վրա։

12/04/2021

Հ․ Գ․ Շատ ենք հուզվում, երբ մեր նախկին շահառուները և նրանց ընտանիքի անդամները արձագանքում և ներկայումս բուժում ստացող մեր երեխաների երազանքներն իրականացնելու պատրաստակամություն են հայտնում։
Մեր նուրբիկ Մելինեի՝ մե՜ծ տիկնիկ ու նկարչական պարագաներ ունենալու ցանկությունն իրականացավ մեր համով Մերիի և նրա քույրիկի շնորհիվ։
Ի նշան երախտագիտության՝ Մելինեն շնորհակալական բացիկ է պատրաստել իր ձեռքերով, և մենք մեծ սիրով այն կփոխանցենք Մերիի հայրիկ Գոռին։
Անչափ շնորհակալ ենք Մերիին և նրա ընտանիքին․ թող մեր աղջիկները միշտ շատ առողջ լինեն։

2022-02-04

Այսօրվա մեր հերոսը 15-ամյա Աբելն է Կոտայքի մարզից։
Աբելի տարերքը եղել և մնում է երաժշտությունը՝ իր բոլոր դրսևորումներով․ նա և՛ երգում է, և՛ նվագում։ Երաժշտական գործիքների ցանկը, որոնց նա տիրապետում է, երկա՜ր է․ դաշնամուր, քամանչա, դհոլ, կիթառ և այլն․․․
Աբելը սովորում է 9-րդ դասարանում և բոլոր առարկաներից ամենաշատը սիրում է Հայոց պատմությունը և Մաթեմատիկան։ Նա մեծ հաճույքով է ուսումնասիրում պատմական զարգացումները տարբեր ժամանակաշրջաններում ու հատկապես հպարտանում է Արտաշեսյանների և Արշակունիների արքայատոհմերի օրոք մեր ձեռքբերումներով։
Մեր խիզախ տղան որոշել է բուժումներն ավարտելուց հետո երաժշտությամբ ավելի լրջորեն զբաղվել՝ սկսելով իր աշխատանքային ուղին այս ոլորտում որպես կատարող, իսկ հետագայում՝ շարունակելով որպես երաժշտական պրոդյուսեր։
Աբելը երջանիկ կլիներ հանդիպել Միհրան Ծառուկյանի հետ, քանի որ, ըստ Աբելի, Միհրանը համ հրաշալի արտիստ է, համ էլ շատ լավ մարդ է երևում:)

06/04/2021

Հ․ Գ․ Մեր Աբելի միակ երազանքը Միհրան Ծառուկյանի հետ հանդիպելն էր։ Միհրանը մեծ պատրաստակամությամբ արձագանքեց մեր խնդրանքին, ու օրեր առաջ Արյունաբանական կենտրոնում կայացավ նրանց անակնկալ հանդիպումը։
Մեր համեստ Աբելը չափազանց ոգևորված էր իր սիրելի երգչին տեսնելու առթիվ։ Նա դաշնամուրով կատարեց մի հատված իր իսկ ստեղծագործությունից։ Միհրան Ծառուկյանը շատ տպավորված էր Աբելի երաժշտական տաղանդով, և նրանք պայմանավորվեցին բուժման կուրսն ավարտելուց հետո կրկին հանդիպել և քննարկել Աբելի երաժշտական ապագան։
Շատ շնորհակալ ենք Միհրան Ծառուկյանին` մեր ուժեղ տղայի հետ հանդիպելու և նրան քաջալերելու համար։

2022-02-04

Ծանոթացեք մեր 8-ամյա Տիգրանի հետ Ստեփանակերտից։
Տիգրանը սպորտի մեծ սիրահար է․ նա հաճույքով լողում ու հեծանիվ է քշում։ Նա շատ էր ուզում հաճախել նաև բռնցքամարտի դասերի, սակայն հիվանդության պատճառով պլանները մի քիչ հետաձգվեցին․ բուժումը կավարտի, մի՜ քիչ էլ կմեծանա ու անպայման կիրագործի իր ցանկությունը։
Մեր ուժեղ տղան ընտանիքի չորս երեխաներից երրորդն է ու շատ կապված է իր փոքրիկ քույրիկի՝ Տաթևիկի հետ։ Տիգրանը մեծ պատասխանատվություն է զգում քրոջ հանդեպ՝ անդադար փայփայելով ու պաշտպանելով նրան երևացող ու աներևույթ վտանգներից․ «Տաթև՛, մի՛ վազիր», «Տաթև՛, զգու՛յշ»․․․ Մի խոսքով՝ ծնողները կարող են հանգիստ լինել փոքրիկ Տաթևի անվտանգության համար։)
Տիգրանը նաև շատ մաքրասեր ու ուշադիր երեխա է․ նա երբեք չի մոռանում ձեռքերը լվանալ որևէ բան ուտելուց առաջ ու միշտ ինքնուրույն է ծալում ու դասավորում իր հագուստը։
Մեր Ծիգայի:) ամենասիրելի զբաղմունքները նկարելն ու լեգո կոնստրուկտորներով խաղալն է, ընդ որում՝ և՛ նկարներում, և՛ պատրաստած մոդելներում միշտ գերակշռում է ռազմական թեմատիկան․ մեր խիզախ տղան նկարում ու պատրաստում է տանկեր, ռազմական ինքնաթիռներ և զենքեր։
Մեր քաջ Տիգրանը շատ ուրախ կլինի համալրել խաղալիքների իր հավաքածուն՝ նվեր ստանալով խաղալիք հրազեն (ավտոմատ) և ինքնաթիռ։

28/04/2021 2022-02-04

Այսօրվա մեր հերոսը 3-ամյա Հայկն է Շիրակի մարզից։
Մեր համով տղայի տարերքը բոլոր չափերի, գույների և ձևերի մեքենաներն են։ Նա հաճույքով խաղում է նաև ավազով ու պլաստիլինով։ Սիրում է մուլտֆիլմներ դիտել, ինչպես նաև հետևում է մանկական վլոգերների արկածներին։ Միակ «խնդիրն» այն է, որ ոչ մի մուլտ կամ տեսանյութ մինչև վերջ չի նայում․ ձանձրանում ու հաջորդն է միացնում։)
Հայկը շատ է սիրում պարել․ երբ տրամադրությունը տեղն է լինում, նա իրենց հիվանդասենյակ է հրավիրում Ռոբին ռոբոտին, խնդրում է երաժշտություն միացնել, ու ընկերներով մի լա՜վ ուրախանում են։
Մեր Հայկոն շա՜տ ընկերասեր ու հոգատար բալիկ է։ Այսպես, երբ իր ընկեր Ալեքսիկին (2տ․) ներարկում էին արել, նա շատ էր բարկացել ու անդադար «կռվում» էր բուժքույրերի հետ (Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բուժքույրերը, բնականաբար, իրականում շա՜տ հոգատար ու պրոֆեսիոնալ են, ու մենք չենք դադարում նրանցով հիանալ)։ Հայկը նաև շատ էր լարվել, երբ իր մյուս կրտսեր ընկեր Միքոն (2տ․) ջերմում էր․ նա շարունակ անհանգիստ քայլում ու օգնելու տարբերակներ էր մտածում։
Բուժում ստանալու ընթացքում Հայկը շա՜տ է կարոտում իրենց տունն, իր մեծ քույրիկին ու եղբորը և մայրիկին անընդհատ խնդրում է իրեն տանել «Իտուշի (քրոջ անունը Ռիտա է) տուն»։
Սիրուն աչուկներով մեր խելոքը մեզ հետ զրույցի ընթացքում շատ հստակ ձևակերպեց իր ցանկությունը, ասելով․ «Ես գուզեմ մեծ ավտո։ Կանաչ։ Կամ սիպտակ»:) Այսպիսով՝ մեր Հայկը երազում է ունենալ մեծ մեքենա, որի մեջ կկարողանա նստել ու վարել, իսկ գույնը իրականում այդքան էլ էական չէ։

05/08/2021

Հ․Գ․ Մեր լավ բարեկամ ամերիկաբնակ Վիկ Իսմաիլյանը հայրենիքում գտնվելու ընթացքում հասցրեց մեր ևս մի բալիկի երազանք իրականացնել․ իր կարմիր մեքենայով ավտոզբոսանքներ է վայելում նաև մեր համով Հայկը։
Անչափ շնորհակալ ենք Վիկին՝ մեր Հայկոյին շա՜տ երջանիկ պահեր պարգևելու համար։

2022-02-04

Մեր երեխաները շարունակում են երազել, եւ այսօր կպատմենք մեր 4-ամյա Անահիտի մասին Գեղարքունիքի մարզից։
Անահիտի ամենասիրելի զբաղմունքը իր տիկնիկներով տուն-տունիկ խաղալն է։ Նա նաեւ հաճույքով խաղում է լեգոյանման կոնստրուկտորներով եւ իրենց բակի ավազով, որի մեջ փոս է անում, ջուր ավելացնում ու ծավալում լուրջ շինարարական գործունեություն՝ կառուցելով ամրոցներ ու դղյակներ։ Նա նաեւ հետ չի մնում թրենդներից:) ու մայրիկին խնդրել էր իր համար Pop It խաղալիքներից գնել, բայց ընդամենը երկու րոպե անց ձանձրացել ու մի կողմ էր դրել այն։
Մեր փերին սիրում է մուլտֆիլմներ դիտել, հատկապես հայերեն թարգմանությամբ «Մաշան եւ արջը», ինչպես նաեւ իր անվանակից Անահիտի արկածների մասին պատմող անիմացիոն ֆիլմը։
Ապագա մասնագիտության հարցում Անահիտը դեռ հստակ չի կողմնորոշվել, բայց կռահելը դժվար չէ՝ հաշվի առնելով, որ Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ողջ ընթացքում նա անդադար լաբորատոր հետազոտություններ ու բուժման կուրս է նշանակում Ռոբին ռոբոտին, բուժքույրերին էլ շարունակ հարցնում է․ «Իսկ ե՞րբ ենք բարձրանալու ցողունային բջիջների հավաքագրման»։
Մեր նուրբիկը երազում է «աղջկական» գեղեցիկ մահճակալ ու խոսող տիկնիկ ունենալու մասին։

15/07/2021

Հ․Գ․ Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք ԲՀ Բարի կամքի դեսպան, մեր լավ ընկեր Լիլիթ Սահակյանի շնորհիվ իրականացան նաև մեր Անահիտի երազանքները․ մեր փերին արդեն խաղում է իր խոսող տիկնիկով ու ունի նոր մահճակալ։
Անչափ շնորհակալ ենք Լիլիթին` Անահիտի ցանկություններն իրագործելու համար։ Իր նոր մահճակալում մեր Անահիտը վստահաբար շատ քաղցր երազներ է տեսնելու։

2022-02-04

Ծանոթացեք մեր 5-ամյա Սարգսի հետ Արարատի մարզից։
Սարգսի տարերքը մեքենաներն են․ նա կարող է ողջ օրը մեքենաներ «վարել», ավտոտնակներ և կայանատեղիներ կառուցել․․․
Նա շատ կապված է իր ավագ եղբոր՝ Սերոժիկի հետ, և նրանք շատ են սիրում միասին նկարել ու տարբեր խաղեր խաղալ։ Ի տարբերություն «ասող-խոսող» Սերոժիկի՝ Սարգիսն ավելի լուրջ ու ինքնամփոփ է։
Սարգիսը սիրում է ժամանակ անցկացնել նաև բակում․ խաղում է ավազներով, թխում է «ավազե» տորթեր ու մեծ սիրով հյուրասիրում ընտանիքի անդամներին։
Մեր արջուկը շատ յուրօրինակ գաստրոնոմիկ ճաշակ ունի․ բացի ավանդական ճաշատեսակներից նա սիրում է վայելել նաև էկզոտիկ խորտիկներ, օրինակ՝ հավի կատարի ու տոտիկների մարինադ։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում իր բուժումը սկսելուց հետո նա վճռել է բժիշկ դառնալ, որպեսզի ինքն էլ «կյանք տա բոլորին, ինչպես իրեն են կյանք տալիս»։ Ապագա մասնագիտության մեջ հմտանալու ճանապարհին նա պարբերաբար չափում է իր մայրիկի ճնշումը և բուժման կուրս նշանակում իր խաղալիքներին։
Սարգիսը երազում է ունենալ մեծ մեքենա, որի մեջ կկարողանա նստել ու վարել, ու շա՜տ փուչիկներ։

09/07/2021

Հ․Գ․ Մեզ համար արդեն հարազատ դարձած Վիկ Իսմաիլյանը շարունակում է իրականացնել մեր բալիկների երազանքները։
Այս անգամ էլ իր ուզած մեքենան ստացավ մեր համով արջուկ Սարգիսը։
Շա՜տ շնորհակալ ենք Վիկին մեր Սաքոյի ցանկությունն իրագործելու համար ու անչափ ուրախ էինք նրան տեսնել հայրենիքում։

2022-02-04

Մեր այսօրվա փոքրիկ հերոսուհին 2-ամյա Մարիան է Կոտայքի մարզից։
Մեր գեղեցկուհին շատ կապված է իր ավագ քույրիկի հետ։ Երբ նա ստիպված է լինում Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում սովորականից ավելի երկար մնալ, շա՜տ է կարոտում հայրիկին ու քույրիկին ու սկսում է «կանչել» նրանց՝ ասելով «պապաս․․․ պապա ջան․․․ Նան․․․ Նանաս․․․» (քույրիկի անունը Վիկա է, բայց Մարիան նրան Նանա-ով է դիմում)։
Մեր Մարիայի բառապաշարը դեռևս շատ հարուստ չէ, ուստի ինչ-որ բանի կարիք կամ ցանկություն ունենալու դեպքում նա հաճախ դիմում է ժեստերի օգնությանը և ընդամենը 2-3 մատիկների օգնությամբ բացատրում է ամեն ինչ։)
Մեր քաղցր աղջիկը մե՜ծ սիրտ ունի ու, ի տարբերություն իր շատ հասակակիցների, շատ պատրաստակամորեն կիսվում է իր ունեցածով, լինի խաղալիք թե ուտելիք (վերջինիս դեպքում խոսքը հիմնականում Մարիայի եզակի սիրելի ուտելիքների՝ ցամաք հացի կտորի կամ աղի ձողիկի մասին է)։
Մարիան շատ ուրախ կլինի նվեր ստանալ մանկական բազմոց-մահճակալ։

01/09/2021

Հ․Գ․ Մեր Մարիայի` բազկաթոռ-մահճակալ ունենալու երազանքը ևս իրականացավ Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք ԲՀ սիրելի գործընկեր Peace City NGO – Խաղաղության Քաղաք Բարեգործական ՀԿ բարերարներից մեկի շնորհիվ, որը ցանկացավ անանուն մնալ։
Շատ շնորհակալ ենք Խաղաղության քաղաք ՀԿ-ին, անձամբ Լիլիթ Համբարձումյանին և մեր գեղեցկուհու երազանքն իրականացրած բարի մարդուն։
Քաղցկեղը վարակիչ չէ, սերն ու ժպիտներն են վարակիչ։

2022-02-04

Այսօրվա մեր հերոսը 16-ամյա Հայկն է Երևանից։
Ազատ ժամանակ մեր պայծառ տղան մեծ հաճույքով ֆիլմեր ու սերիալներ է դիտում։ Նրա ամենասիրած սերիալը «Գահերի խաղը»-ն է, իսկ ֆիլմը՝ «Կարիբյան ծովի ծովահենները», որի բոլոր հինգ մասերը հասցրել է արդեն մի քանի անգամ դիտել։ Ընդհանրապես, Հայկը շատ փիլիսոփայորեն կարծում է, որ հիասթափությունից ապահովագրվելու համար ավելի լավ է արդեն նայված ու սիրված ֆիլմերը վերանայել, քան որևէ նոր բան սկսել դիտել։
Հայկը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սան է, որտեղ համակարգչային տարբեր ծրագրերի գիտելիքներ ու հմտություններ է ձեռք բերել։ Այժմ նա դրանք լայնորեն կիրառում է նաև ընտանեկան փոքրիկ բիզնեսին աջակցելու հարցում՝ հանդես գալով որպես սկսնակ գրաֆիկ դիզայներ։
Հայկը շատ վճռական է տրամադրված քաղցկեղի դեմ պայքարին և այս ամենը որպես զուտ ժամանակավոր փորձություն է ընկալում։ Այս ընթացքում նա ամենից շատ կարոտում է իր ընկերներին և նրանց հետ համատեղ ժամանցը․ միասին համակարգչային խաղեր խաղալը (հատկապես shooter-ներ /«կրակոցի»/), կինոթատրոն գնալը․․․
Բուժումն ավարտելուց հետո Հայկը որոշել է հստակ կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում (ծրագրավորո՞ղ․․․ գրաֆիկ դիզայնե՞ր․․․ գուցե երկու՞սն էլ) ու ավելի խորացնել գիտելիքները համապատասխան ոլորտում։
Հայկը շատ է ցանկանում կիթառ ունենալ ու նվագել սովորել, ու արդեն պատկերացնում է, թե ինչպես ընկերներով կհավաքվեն խարույկի շուրջ, միասին կնվագեն ու կերգեն։
2021թ. սեպտեմբերից Հայկը հանդիսանում է Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք ԲՀ շահառու, և Հիմնադրամն աջակցում է Հայկի ընտանիքին՝ հոգալով նրա բուժման բոլոր ծախսերը։

28/12/2021

Հ․ Գ․ Բարի մարդիկ շարունակում են իրականացնել մեր երեխաների երազանքները։
Այս անգամ էլ մեր ուժեղ Հայկի՝ կիթառ ունենալու ցանկությունն իրագործվեց «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարեկամ Կլարայի կողմից։
Անչափ շնորհակալ ենք սիրելի Կլարային և անհամբեր կսպասենք մեր Հայկի ֆանտաստիկ կատարումները միասին վայելելուն։

2022-02-04

Այսօրվա մեր հերոսուհին 11-ամյա չքնաղ Նելլին է Երևանից։
Նելլին ներկայումս գտնվում է Մանկական պալիատիվ խնամքի կլինիկայում՝ շարունակելով դրական լիցքեր սփռել շուրջբոլորը։
Մեր Նելլուշի տարերքը դիմահարդարումն է և դրա հետ կապված ամեն ինչ։ Նա պարբերաբար համալրում է դիմահարդարման պարագաների իր հավաքածուն և շարունակաբար ուսումնասիրում ու սովորում է դիմահարդարման նոր տեխնիկաներ։
Իր հետ հանդիպման առաջին իսկ պահին հարցնում է․ «Դիմահարդար Գոհար Ավետիսյանին ճանաչու՞մ եք, տեսե՞լ եք, որ ինձ Մոսկվայում այցելել էր»։ Գոհարի մասին մեծ ջերմությամբ և հիացմունքով է խոսում ու շատ հպարտանում է իրենց հանդիպման փաստով։ Հենց Նելլին պնդեց, որ անպայման այս գրառմանը կցենք ոչ թե իր միայնակ նկարներից մեկը, այլ իր ու Գոհարի համատեղ նկարը։
Նելլին նաև հրաշալի նկարում է, սակայն վերջերս ձեռքի ցավի պատճառով միառժամանակ դադարել է նկարելը․․․
Մեր գեղեցկուհին հետ չի մնում ժամանակակից թրենդներից ու ունի շատ ակտիվ հաշիվ ՏիկՏոկ սոցիալական ցանցում։ ՏիկՏոկում գրանցված բոլոր անձանց խնդրում ենք անպայման բաժանորդագրվել Նելլիի ՏիկՏոկ-ին՝ @nelligrigoryannn, որովհետև նա շա՜տ է ոգևորվում ամեն նոր բաժանորդագրության առթիվ։
Նելլին երազում է ունենալ կոսմետիկայի տարբեր պարագաներով ադվենտ օրացույց։

08/12/2021

Հ․ Գ․ «Մենչ Գուրման»* նախաձեռնության շնորհիվ կայծակնային:) արագությամբ իրականացավ մեր Նելլիի երազանքը․ այժմ նա ունի ադվենտ կալենդար շատ հատուկ անակնկալներով՝ դիմահարդարման պարագաներով։ Շնորհակալ ենք Իրինային մեծ պատրաստակամության ու շատ օպերատիվ ամեն ինչը կազմակերպելու համար։
*«Մենչ Գուրման»-ը մի յուրահատուկ նախաձեռնություն է, որը ստեղծվել է մեր Արմենի մայրիկի՝ Իրինայի կողմից, և որի նպատակն է իրականացնել Մանկական պալիատիվ խնամքի կլինիկայում և Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող մեր երեխաների երազանքները։

2022-02-04

Վերսկսելով մեր երեխաների երազանքների մասին պատմող շարքը՝ սիրով ներկայացնում ենք ձեզ մեր 7-ամյա Նվարդին Արցախից։
Նվարդիկը ընտանիքի 6 երեխաներից 5-րդն է ու շատ կապված է իր բոլոր քույր-եղբայրների հետ։
Նա շատ է սիրում աշխատել ինչպես իրական, այնպես էլ խաղալիք խոհանոցում․ շատ համեղ աղցաններ է պատրաստում ու հյուրասիրում ընտանիքի անդամներին։ Հատկապես շատ նրա խոհարարական գլուխգործոցները հավանում է մայրիկը։ Մայրիկի պատրաստած ուտեստներից էլ նա ամենաշատը սիրում է բորշ ապուրը և տապակած կարտոֆիլ։
Նվարդիկի սիրելի զբաղմունքներից են նաև ներկելն ու նկարելը։ Նա շատ բծախնդրորեն է մոտենում այս հարցին և ներկելիս երբեք եզրերից դուրս չի գալիս։ Մուլտֆիլմներից էլ նախընտրում է միայն «Մաշան և արջը», ու «էլ վեշ մի պեն»։
Մեր ուժեղ գեղեցկուհին որոշել է մանկական ուռուցքաբան դառնալ ու հստակ տեղեկացված է իր բուժման սխեմայից։ Նա շատ հետաքրքրասեր է ու անհամբեր սպասում է, թե երբ են իրեն թույլ տալու ներկա լինել ու անձամբ հետևել պորտ համակարգի տեղադրման վիրահատական միջամտության ընթացքին։
Տարվա եղանակներից ամենից շատ սիրում է ձմեռը։ «Օզում եմ քինամ խաղ անիմ»․ ասում է նա՝ նեղվելով, որ այս փուլում շատ չի կարողանում բակում ձնագնդիկ խաղալ, ձնեմարդ պատրաստել։
Նվարդիկը անսահման շատ է կարոտում Հադրութն ու Հադրութի իրենց տունը, որը շատ հաճախ է պատկերում իր նկարներում։ Պատերազմից հետո մեր Նվարդիկը շատ անհանգիստ է ու սահմանային լարվածության դեպքերի մասին լսելիս մտավախություն է հայտնում․ «բա որ կռիվը սկսվի, ես էս կատետրով ոնց պիտի փախնեմ»․․․
Նվարդիկը երազում է «աղջկական» գույներով գրասեղան և աթոռ ունենալու մասին։

12/01/2021 2022-02-04

Ծանոթացեք մեր 2-ամյա Ալեքսի հետ Երևանից։
Մեր Ալեքսիկի մեծագույն սերը մեքենաներն են․ նա կարող է առանց ձանձրանալու ողջ օրը խաղալ դրանցով։ Այս հաճելի գործի մեջ հաճախ ներգրավվում է նաև նրա քույրիկը, և ուրախությունը կրկնապատկվում է։ Մեր համովը նաև խաղալիք գործիքներ ունի, որոնցով պարբերաբար վերանորոգում է իր «վթարված»-վնասված մեքենաները։
Ալեքսը շատ է սիրում կինետիկ ավազով խաղալ, մի անգամ էլ ավազային խաղեր էր նախաձեռնել անմիջապես տան գորգի վրա (որը հետո, ցավոք, ստիպված էին դեն նետել):
Մեր Ալեքսի ամենասիրելի զբաղմունքներից մեկը լողանալն է․ հատկապես ամռան այս տապին նա օրվա ընթացքում 2-3 անգամ լոգանքներ է ընդունում։ Դրանց արանքում էլ հասցնում է խաղալ ոչ միայն իրական խաղալիքներով, այլև իր եղբայր «Հատոյի» (Հայկոյի) հեռախոսով։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ընթացքում մեր հոգատար տղան բազում ընկերներ է ձեռք բերել (հատուկ բարևներ Հրաչոյին, Հայկին, Արենին ու մյուսներին) և տանը գտնվելիս նրանց շա՜տ է կարոտում։
Ալեքսը երազում է ունենալ մեծ մեքենա, որի մեջ կկարողանա նստել ու վարել։

21/07/2021

Հ․Գ․ Մեր Ալեքսի երազանքն իրականացավ ամերիկաբնակ երեք շատ հոգատար տղաների՝ Արամի, Լևոնի ու Հայկի շնորհիվ, որոնք «Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» ԲՀ ամերիկյան մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ելենա Բիշարյանի որդիները։ Նրանք ամիսներ շարունակ հավաքել էին իրենց գրպանի առօրյա ծախսերի փողը, որ գան Հայաստան ու մի բարի գործ կատարեն։
Մեր համով Ալեքսիկն արդեն վայելում է իր նոր մեքենան, և մենք շա՜տ շնորհակալ ենք Արամին, Հայկին և Լևոնին այս երջանիկ պահերի համար։ Շատ ուրախ ենք, որ Հիմնադրամն արդեն որերորդ անգամ դառնում է հայրենիքում ու սփյուռքում բնակվող հայ մանուկներին միավորող յուրատեսակ կամուրջ։
Միասին կարող ենք կյանքեր փրկել

2022-01-26

Ծանոթացեք մեր 6-ամյա Վահրամի հետ Շիրակի մարզից։
Մեր պայծառ տղայի սիրելի զբաղմունքը մեքենաներով ու լեգոներով խաղալն է։ Նա նաեւ հաճույքով հետեւում է Մաշայի եւ արջի, «PAW Patrol»-ի շնիկների, ինչպես նաեւ «Դե՛, սպասիր»-ի գայլի ու նապաստակի արկածներին։ Ի ուրախություն իր մայրիկի՝ Վահրամը էլեկտրոնային գաջեթներից որեւէ կախվածություն չունի, բայց երբեմն սիրում է պլանշետով խաղալ Թոմմի փիսոյի հետ։
Մեր Վահրամը շատ է ուրախանում, երբ տատիկն իր համար քնելուց առաջ հեքիաթներ է կարդում, հատկապես «Նունիգ»-ի մասին հեքիաթը (մենք պարզեցինք, որ Նունիգը «Ոսկեծամիկը եւ երեք արջերը» հեքիաթի գլխավոր հերոսուհու հայաֆիկացված տարբերակն է:))
Վահրամի սկզբում շատ էր նեղվում, երբ քիմիաթերապիայի հետեւանքով նրա մազերը սկսեցին թափվել, ու նրան քաջալերելու համար նրա եղբայրները նույնպես սափրեցին մազերը (նույն առաջարկով հանդես եկան նաեւ քույրիկները, բայց Վահրամի խնդրանքով նրանք դա չիրականացրին)։ Վահրամն արդեն երկու ամիս անընդմեջ գտնվում է Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնում եւ շա՜տ է կարոտել իր քույրիկներին․․․
Մեր լուսավորը շատ փիլիսոփայաբար է մոտենում այն փորձություններին, որոնց միջով ստիպված է անցնել, ու փորձում է կենտրոնանալ դրականի վրա։ Այսպես՝ նա վստահ է, որ սա ժամանակավոր դժվարություն է, իսկ այս շրջանի ամենամեծ ձեռքբերումը համարում է լավ մարդկանց ու Ռոբին ռոբոտի հետ ծանոթությունը։ Նա նաեւ շատ խիզախաբար է մասնակցում բոլոր բժշկական միջամտություններին, ինչի առթիվ բժշկուհի Լուսինե Քրմոյանը խոստացել է բուժման ավարտին նրան գովասանագիր շնորհել (մի գովասանագիր էլ մենք ենք խոստանում մեր կողմից)։
Վահրամը որոշել է ոստիկան դառնալ ու երազում է ունենալ ոստիկանական համազգեստ ու ոստիկանական ատրիբուտներով մեքենա, որի մեջ կկարողանա նստել եւ վարել։

03/11/2021

Հ․Գ․ Արյունաբանական կենտրոն այցելած սուպերհերոսները նաև իրականացրին մեր երկու ամենա՜իսկական սուպերհերոսների՝ Վահրամի և Դավիթի երազանքները։ Նրանք իրենց նոր մեքենաներով արդեն երկար ավտոզբոսանքների են դուրս գալիս բուժման դադարների ընթացքում։
Անչափ շնորհակալ ենք Մարիանա Վարդանյանին, Գարիկ Սարգսյանին և Սարգիս Քազանջյանին՝ մեր ուժեղ տղաների երազանքներն իրականացնելու և նրանց շա՜տ ժպիտներ պարգևելու համար։

2022-01-26

Ծանոթացեք մեր 4-ամյա Դավիթի հետ Երևանից։
Մեր համով տղան քայլում է ժամանակին համընթաց ու շատ լավ է տեղեկացված էլեկտրոնային բոլոր գաջեթներից։ Նրա տարերքը PlayStation-ով խաղալն է, ինչից չի հոգնում ու չի ձանձրանում ոչ մի պարագայում։
Ուտելու հարցում Դավիթիկը շատ բծախնդիր է, բայց անսահման շատ սիրում է պաղպաղակ ու անհամբեր սպասում է, թե երբ են բժիշկները կրկին թույլ տալու վայելել այն։ Ընդհանրապես նա հիմնականում «չի կարելի» ուտելիքներ է նախընտրում, օրինակ՝ չիպսեր, արագ պատրաստվող սնունդ, ու միշտ տխրում է, երբ իր ուզածը չի մատուցվում։ Մի անգամ էլ, բուժման ընթացքում, երբ Դավիթի սիրտը շատ էր շաուրմա ուզում, իսկ բժշկուհին խնդրում էր, որ մի քիչ էլ համբերի ու դեռ չուտի, նա զանգել է հայրիկին ու խնդրել, որ շաուրմա բերի հա՛մ իր, հա՛մ սիրելի բժշկուհի Նաիրա Մարտիրոսյանի համար՝ հույս ունենալով, որ այդպիսով կհամոզի բժշկուհուն իրեն էլ թույլատրել ուտել։
Մուլտֆիլմներից Դավիթը ամենից շատ սիրում է «Մաշան և արջը» և «Paw Patrol»-ը, իսկ հեքիաթներ, ի տարբերություն մուլտերի, չի սիրում ու չի ուզում լսել։
Մեր ուժեղ տղան շատ է սիրում գնացք նստել և երբեմն մայրիկին խնդրում է մետրոպոլիտեն գնալ ու ուղղակի կայարաններով շրջել։
Դավիթիկը երազում է մեծ կարմիր մեքենա ունենալ, որի մեջ կկարողանա նստել ու վարել։

03/11/2021

Հ․Գ․ Արյունաբանական կենտրոն այցելած սուպերհերոսները նաև իրականացրին մեր երկու ամենա՜իսկական սուպերհերոսների՝ Վահրամի և Դավիթի երազանքները։ Նրանք իրենց նոր մեքենաներով արդեն երկար ավտոզբոսանքների են դուրս գալիս բուժման դադարների ընթացքում։
Անչափ շնորհակալ ենք Մարիանա Վարդանյանին, Գարիկ Սարգսյանին և Սարգիս Քազանջյանին՝ մեր ուժեղ տղաների երազանքներն իրականացնելու և նրանց շա՜տ ժպիտներ պարգևելու համար։

2022-01-26

Այսօր կպատմենք ձեզ մեր 11-ամյա Տիգրանի մասին Երևանից։
Տիգրանի ամենասիրելի զբաղմունքը նկարելն է․ հատկապես լավ նրա մոտ ստացվում են բնապատկերները։ Նա շատ լավ է տիրապետում նաև գաջեթներով նկարելու հմտություններին և նկարները խմբագրելու համակարգչային տարբեր ծրագրերին (պատրաստակամորեն խոստացել է նաև մեզ սովորեցնել):
Տարվա եղանակներից ամենից շատ սիրում է ձմեռը, որովհետև կարող է իր փոքրիկ եղբոր հետ ձնագնդիկ խաղալ և, ընդհանրապես, «շոգին դժվար ա»։
Մեր քաջ տղան բացառիկ հոգատարությամբ է վերաբերվում իր եղբորը ու չի բարկանում նրա վրա նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս գալիս, իր ձեռքից հեռախոսը վերցնում ու փախչում է։
Տիգրանը դժվարությամբ է տրամադրվում քիմիաթերապիայի հերթական փուլի համար հիվանդանոց գալուն երկու հիմնական պատճառով․ որովհետև հիվանդանոցում շատ են «լացկան» երեխաները, որոնք խանգարում են քնել, և որովհետև առավոտյան ստիպված է լինում իր ուզած ժամից շուտ արթնանալ։ Ինչպես հասկացաք, առողջ ու չընդհատվող քունը մեր Տիգրանի հանգստության կարևոր նախապայմաններից է։
Բուժման ավարտի մասին խոսելիս Տիգրանը արագ-արագ թվարկում է իր պլանները․ դպրոցն ավարտել, մի քիչ էլ սովորել, աշխատանքի անցնել, իսկ ոչ երկարաժամկետ պլաններին անդրադառնալիս ժպիտով խոսում է ընկերների հետ կրկին խաղալու հնարավորության մասին, ինչը ներկայումս մի քիչ դժվարացել է․․․
Տիգրանը որոշել է ոսկերիչ դառնալ ու արդեն խոստացել է իր մասին հոգ տանող բուժանձնակազմից յուրաքանչյուրի համար ոսկյա զարդ պատրաստել։
Մեր բարի տղան անչափ ուրախ կլինի ստանալ նկարչական պարագաների մե՜ծ հավաքածու, որն իր մեջ կներառի նկարելու համար անհրաժեշտ ամեն-ամեն ինչ։

29/12/2021

Հ․ Գ․ Եզրափակելով մեր երեխաների երազանքների մասին պատմող այս տարվա շարքը` ուզում ենք ներկայացնել մեր խիզախ Տիգրանին ու նկարչական պարագաներ ունենալու նրա ցանկության իրագործումը Հիմնադրամի բարեկամ ԲԿՄԱ Երևան-ի կողմից։
Շատ շնորհակալ ենք սիրելի ԲԿՄԱ-ին (Գագիկ ջան, տղաներ ջան) Տիգրանի երազանքն իրականացնելու համար։ Ձեր շնորհիվ հիմա Տիգրանն իր անծայրածիր երևակայությանն ազատություն տալու ավելի շատ հնարավորություններ ունի։

2022-01-26

Այսօրվա մեր հերոսուհին 10-ամյա էլենն է Արմավիրի մարզից։
Էլենի ամենասիրելի զբաղմունքը նկարելն է․ իր նկարներում պատկերում է և՛ բնությունը, և՛ մարդկանց։ Դեռ շատ փոքր տարիքում ցանկություն է հայտնել դառնալ դիզայներ՝ ապագա մասնագիտությունը բնութագրելով որպես «նկարը շոր դարձնելու» գործընթաց։
Էլենը ավագ քույրիկներ ու փոքրիկ եղբայր ունի․ քույրիկները նրա ամենասիրելի խորհրդատուներն են, իսկ չարաճճի եղբոր հետ սիրում է խաղալ մեքենաներով ու տուն-տունիկ։
Ամենավարակիչ ծիծաղով մեր Էլենը ուտելիքի հարցում շատ բծախնդիր չէ, ամենասիրելի ուտեստներն էլ պիցցան ու պաղպաղակն են։
Մեր քաղցր աղջիկը շատ է սիրում «Սառցե սիրտը» մուլտֆիլմը և Բարբի շարքի ինչպես մուլտերը, այնպես էլ տիկնիկները։
Էլենը երազում է շատ ճամփորդել ու առաջին հերթին այցելել ՌԴ Ռոստով քաղաք ու Գերմանիա․ երկու երկրներում էլ շատ հարազատներ ունեն, որոնց մեր աղջիկն անսահման կարոտում է։
Նա շատ է սիրում հայրենի Ջրառատ գյուղը, բայց ապագայում մտադիր է աշխատել, գումար հավաքել ու տուն գնել նաև Երևանում, քանի որ գնալ-գալուց շատ է հոգնում: (Հուսով ենք՝ շուտով Էլենի՝ Երևանի գալու պատճառը կլինի ոչ թե բուժում ստանալը, այլ իր սիրելի ժամանցի վայրեր այցելելը)։
Մեր ուժեղ աղջիկն անչափ ուրախ կլինի նվեր ստանալ մեծ հեծանիվ և փայտե մոլբերտ։

2022-01-19

Ծանոթացեք` Թամարա – 10 տարեկան: Երևանից է, ունի 2 եղբայր:
Թամարան չափազանց անուշիկ,լուսավոր և յուրահատուկ ուժի տեր աղջիկ է: Նա մի անգամ արդեն հաղթել է այս հիվանդությանը:
Սակայն 2019թ. հունվարին նրա մոտ կրկին ախտորոշվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ և այժմ նա բուժում է ստանում Արյունաբանական կենտրոնում: Չնայած դրան նա բոլորովին չի ընկճվում և ամբողջ ուժով և կամքով պատրաստ է նորից հաղթել:
Թամարան ունի մի շատ հետաքրքիր նոթատետր, որտեղ գրում է իր բոլոր երազանքները ու ցանկությունները, որոնք ամպայման իրականացնելու է ապաքինվելուց հետո:
Թամարան երազում է զբաղվել նկարչությամբ և տիրապետել նկարչական բոլոր հմտություններին:
Մեծ ցանկություն ունի նաև այցելել Cityzen ժամանցի կենտրոն և Ekzotarium – Yerevan Mall , որ տեսնի հայտնի մեծ կրիային:

30/1/2019

Հ․Գ․ Անչափ ուրախ ենք հայտնել, որ մեր Թամարիկի երազանքները նույնպես իրականանում են։ Թամարիկը արդեն սկսել է նկարչության դասերը։ Քանի դեռ նա հիվանդանոցում է, ուսուցիչը կայցելի և դասերը կանցկացվեն այնտեղ։ Թամարայի Cityzen և Exotarium գնալը նույնպես նախապատրաստված է։ Հենց որ Թամարան մի քիչ ավելի լավ զգա և վերադառնա տուն, և պատրաստ լինի գնալ զվարճանալու այդ այցերը նույնպես կիրականացվեն։ Շատ շնորհակալ ենք, այն բարի մարդկանց, որոնք շատ արագ արձագանքեցին և պատրաստակամություն հայտնեցին իրականացնել Թամարայի Երազանքները։

2019-01-30

Ծանոթացեք՝ Արկադի – 11 տարեկան։ Հրազդանից է, ունի 2 եղբայր՝ մեծ և փոքր։
Արկադին սովորում է 6-րդ դասարանում՝ բարձր առաջադիմությամբ: Արկադին իսկապես բազմաշնորհ տղա է ՝ նա հրաշալի նկարում է, երգում է և նվագում տարբեր երաժշտական գործիքներ՝ կիթառ, դհոլ, դաշնամուր: Մասնակցել է մի շարք համերգների և մշակույթային փառատոնների (Արտմյուզիք, Վերածնունդ): Բացի այդ Արկադին շատ է սիրում շախմատ խաղալ իր տատիկի հետ, որը իմիջիայլոց շախմատի չեմպիոն է: 2018թ. դեկտեմբերին Արկադիի մոտ ախտորոշվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ, և այժմ նա բուժվում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։ Այդ ախտորոշումից հետո նրա կյանքը, առօրյան, աշխարհընկալումները ամբողջովին փոխվել են: Արկադին այնքան ուժեղ է, որ չի քաշվում ասել, որ վախենում է․․․ թե ինչպիսի ընթացք կունենա այդ հիվանդությունը, սակայն Արկադին հավատում է, որ բարի մարդկանց սերն ու ջերմությունը կօգնի իրեն անցնել այս դժվարին ճանապարհը և ՀԱՂԹԵԼ:
Նրա ամենամեծ երազանքն է շուտափույթ ապաքինումը և վերադարձը իր բնականոն կյանքին:
Բայց ունի նաև մեկ այլ մեծ ցանկություն՝ այն է հանդիպել կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանին և նրա հետ հանդես գալ համատեղ երգով:

23/1/2019

Հ․Գ․ Հունվարի 26 Արկադիի ծննդյան օրն էր։ Նա դարձավ 12 տարեկան։ Նրան շնորհավորելու էր եկել Էդգար Գյանջումյանը և մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք նրան այդ օրը երջանկություն պարգևել՝ իրականացնելով նրա երազանքներից մեկը։ Էդգարն իր հետ բերել էր նվերներ Արկադիի համար՝ մոլբերտ և նկարչական պարագաներ։ Վստահ ենք, որ այդ հանդիպումը և դրա հետ կապված բոլոր դրական լիցքերը շատ մեծ ազդեցություն կունենան Արկադիի բուժման ընթացքի վրա։ Հանդիպման արդյունքում նաև պայմանավորվեցինք, որ հենց որ նա առողջանա, անպայման Էդգար Գյանջումյանի հետ համատեղ երգ են ձայնագրելու։

2019-01-23
0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: