ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի առաքելությունը կատարելու ճանապարհին մենք ձգտում ենք անել ամեն ինչ՝ Հայաստանում ուռուցքաբանությունը և արյունաբանությունը շարունակաբար զարգացնելու համար։ Կարողությունների զարգացման շրջանակներում մենք ձգտում ենք նպաստել առողջապահական համակարգերի ուժեղացմանն ու պացիենտների խնամքի ստանդարտների և ուղեցույցների բարելավմանը։

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Բժիշկների և բուժանձնակազմի կարողությունների զարգացմանն է միտված նրանց համար վերապատրաստումների կազմակերպումն ու անցկացումը։

Մինչ օրս կատարված վերապատրաստումներն են․

  • Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM- Pediatric Oncology East and Mediterranean Group) երկրորդ գիտաժողով – Փետրվարի 7-10, 2019, Երևան, ՀՀ,
  • Մանկական Ուռուցքաբանության Եվրասիական Ալյանսի (EurADO-Eurasian Alliance in Pediatric Oncology) երրորդ հանդիպում – Մայիսի 13-14, 2019, Մինսկ, Բելառուս,
  • անգլերենի դասընթացներ՝ կազմակերպված Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բուժքույրերի համար – Հուլիս – Օգոստոս, 2019, Երևան, ՀՀ,
  • մեկ բժշկի և մեկ բուժքույրի վերապատրաստում «Թալասեմիա ունեցող հիվանդների բուժումը ալոգեն փոխպատվաստումով» թեմայով – Հունվարի 7-17, 2020թ․, Բանգալոր, Հնդկաստան։

ՍԱՐՔԱՎՈՐՈւՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈւՄ

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի գործունեությունը բարելավելու համար կենտրոնին հիմնադրամի կողմից նվիրաբերվել են ներերակային կոտորակային ներարկման 12 համակարգեր (6 պերֆուզոմատ և 6 ինֆուզոմատ)։ Բացի այդ, կենտրոնին պարբերաբար նվիրաբերվում են քաղցկեղի և արյան հիվանդությունների բուժման կուրսի համար անհրաժեշտ նաև այլ պարագաներ։

ՈՍԿՐԱԾՈՒԾԻ ԱԼՈԳԵՆ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄ

2021թ-ի հուլիսին ՀՀ ԱՆ «Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվ․ Արյունաբանական կենտրոն»-ում առաջին անգամ իրականացվեց ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։

Ծրագիրն իրականացվել է «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» ԲՀ, ՀՀ առողջապահության նախարարության և Cure2Children հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Շատ հպարտ ենք, որ կարողացել ենք այս դարակազմիկ իրադարձության մեջ մեր ներդրումն ունենալ։
Առաջին ալոգեն փոխպատվաստումը իրականացվել է իտալացի հայտնի մասնագետ Լոուրենս Ֆոլքների և ոսկրածուծի փոխպատվաստման հայկական խմբի (ArmBMT) ջանքերով։

Ալոգեն փոխպատվաստման ծրագրի ներդրումը ՀՀ-ում աննախադեպ է և բացում է մեծ հնարավորություններ՝ բուժելու արյան չարորակ հիվանդություններ ունեցող երեխաներին և մեծահասակ պացիենտներին։

ՔԱՂՑԿԵՂԻ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Քաղցկեղի և ճգնաժամի ինստիտուտը (Institute of Cancer and Crisis – ICC) հիմնադրվել է 2021 թվականին Երևանում՝ Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Քաղցկեղի և ճգնաժամի ինստիտուտի առաքելությունն է ուսումնասիրել և մեղմացնել ճգնաժամի ազդեցությունը քաղցկեղ ունեցող պացիենտների և քաղցկեղի խնամքի վրա ճգնաժամի ընթացքում և դրանից հետո՝ համապատասխան հետազոտությունների և իրազեկման միջոցով:

Ճգնաժամի ժամանակ քաղցկեղ ունեցող պացիենտների հավանական խնդիրները հետազոտող հատուկ ինստիտուտ ստեղծելու գաղափարը մշակվել է շատ տարիներ առաջ, սակայն դրա կարևորությունն ու արդիականությունը վերագնահատվել են 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում (Արցախ) պատերազմի ժամանակ: Այս պատերազմը, որը տեղի ունեցավ COVID-19 համաճարակի ժամանակ, հանգեցրեց ճգնաժամի առողջապահական համակարգում թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Այս ճգնաժամը հիմնականում ազդեց քաղցկեղի և այլ ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման, ախտորոշման և բուժման վրա՝ առաջնահերթությունների փոփոխության և ճգնաժամի ժամանակ ՈՎՀ-ների կառավարման ստանդարտացված ուղեցույցների բացակայության պատճառով:

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: