Նորություններ

Բարեգործական Համերգ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of smile»  (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի Պարի պետական անսամբլի և «City of smile» հիմնադրամի նախաձեռնած բարեգործական համերգին: Համերգի ողջ հասույթը հատկացվելու է քաղցկեղով տառապող երեխաների և երիտասարդների բուժմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը` Նունե Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արվեստի գործիչներ ինչպես նաև քաղցկեղով հիվանդ ավելի քան երեսուն երեխաներ իրենց ծնողների հետ:

Կարևորելով կամավորության սկզբունքներով բարեգործական միջոցառումների անցկացումը, տիկին Հակոբյանը շեշտել է, որ նախաձեռնության հեղինակները Պարի պետական անսամբլն ու Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուսուցքաբանության ազգային կենտրոն են: «Հիմնադրամը ողջունել է այդ նախաձեռնությունն ու աջակցել համերգի անցկացմանը: Համերգային ծրագրին աջակցել են նաև Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, ՀՀ մշակույթի նախարարությունը, բազմաթիվ կազմակերպություններ, ընկերություններ: Այս համերգի շնորհիվ ակնկալվում է շուրջ 20 միլիոն դրամի մուտք, որն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բուժմանը: Սակայն միայն ֆինանսական առումով չենք չափում համերգի արդյունավետությունը: Որքան շատ նմանատիպ անհատական նախաձեռնություններ լինեն, այնքան հասարակությունը կհամախմբվի` արձագանքելու այդ մարտահրավերին` քաղցկեղին, որը մեծ չարիք է ընկալվում, բայց իրականում հաղթահարելի չարիք է»,- ասել է Աննա Հակոբյանը` շնորհակալություն հայտնելով նախաձեռնողներին, ինչպես նաև հովանավորներին, աջակիցներին ու մասնակիցներին համերգի գաղափարն իրականություն դարձնելու համար:

Նյութը վերցված է Armenpress կայքից

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: