«Ժպիտների քաղաք» հիմնադրամը մասնակցեց Մանկական Ուռուցքաբանության Եվրասիական Ալյանսի երրորդ հանդիպմանը
Մայիսի 13-14-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ Մանկական Ուռուցքաբանության Եվրասիական Ալյանսի 3-րդ հանդիպումը, որին մասնակցում էր նաև «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը՝ ի դեմս տնօրեն Էսթեր Դեմիրճյանի։ Հայկական պատվիրակությունում ներգրավված էին նաև Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, արյունաբան-ուռուցքաբան, տնօրենի խորհրդական Գևորգ Թամամյանը, կենտրոնի մանկական բաժանմունքի բուժքույր Թագուհի Հովհաննիսյանը և «Մուրացան» հիվանդանոցի պալիատիվ բժիշկ Նարինե Մովսիսյանը:
Հանդիպումը կազմակերպվել էր Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի Գլոբալ մանկաբուժության դեպարտամենտի և Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային բժշկահետազոտական կենտրոնի կողմից համատեղ։
Միջոցառման նպատակն էր շարունակել 2018 թվականին մեկնարկած աշխատանքները, որոնք իրենց մեջ ներառում են քաղցկեղով հիվանդ երեխաներին բժշկական օգնության տրամադրման օպտիմալացումը և երեխաների ապրելիության մակարդակի բարձրացումը եվրասիական տարածաշրջանում։
Հանդիպումը անց էր կացվում աշխատանքային խմբերի ձևաչափով, որի շրջանակներում մասնակիցները քննարկեցին ոլորտի գերակա խնդիրները, առաջընթացի և կայուն զարգացման ուղղությունները։
Քննարկումների ընթացքում տնօրեն Էսթեր Դեմիրճյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և ծրագրերը։