Քաղցկեղի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը օգնում է բազմաթիվ մարդկանց մի շարք եղանակներով: Քաղցկեղի մասին իրազեկվածության միջոցառումների, արշավների ու ուղերձների տարածումը․
- օգնում է պարզաբանել քաղցկեղի վերաբերյալ միֆերը,
- օգնում է մարդկանց գտնել անհրաժեշտ աջակցություն,
- նպաստում է ոլորտում հետազոտությունների անցկացմանը և միջոցների ներդրմանը,
- նվազեցնում է քաղցկեղի ռիսկերը,
- նպաստում է քաղցկեղի կանխարգելմանը։
www.cancer.am
Քաղցկեղի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման շրջանակներում Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիայի նախաձեռնությամբ ու Հայաստանում ԱՄՆ Դեսպանության և Հայաստանում ԱՄՆ Շրջանավարտների Ասոցիացիայի կողմից տրամադրված դրամաշնորհի շնորհիվ 2016թ․ ստեղծվել է www.cancer.am կայքը։
Ներկայումս www.cancer.am կայքի շարունակական աշխատանքն ապահովվում է «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործընկեր «Առողջության կամուրջ» բարեգործական հիմնադրամի նվիրատվության շնորհիվ։ Կայքում զետեղված է տեղեկատվություն քաղցկեղի տեսակների, քաղցկեղ ունեցող պացիենտներին սպասարկող բժշկական հաստատությունների, ոլորտի բժիշկների մասին, ինչպես նաև օգտակար նյութեր ախտորոշման, բուժման մեթոդների և պացիենտներին ու նրանց ընտանիքներին հուզող այլ հարցերի վերաբերյալ։
ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ
Քաղցկեղի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածմանն են միտված նաև «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և հիմնադրամի գործընկերների կազմակերպած միջոցառումները, որոնք, բացի այդ հիվանդության մասին հանրամատչելի տեղեկատվություն տրամադրելուց, որոշ միֆեր փարատելուց և հիվանդության վրա ուշադրություն սևեռելուց, նաև օգնում են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող պացիենտներին կտրվել հիվանդանոցային առօրյայից և լավ ժամանակ անցկացնել։
Կազմակերպված միջոցառումներին կարող եք ծանոթանալ կայքի Նորություններ բաժնում, ինչպես նաև Հիմնադրամի ֆեյսբուքյան էջի միջոցով։