Նորություններ

«Ժպիտների քաղաք»-ն արդեն հասցրել է օգնել մոտ 120 երեխայի և երիտասարդի. կբարեփոխվեն քաղցկեղի բուժման ծառայությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժպիտների քաղաք» (City of smile) բարեգործական հիմնադրամը, չնայած գործունեության կարճ ժամանակին, արդեն հասցրել է մոտ 100 մլն դրամի աջակցություն ցուցաբերել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների ու երիտասարդների: Հիմնադրամը, ձգտելով ընդլայնել նվիրատվությունների ցանկը, նպատակ ունի քաղցկեղի բուժման ծառայությունները Հայաստանում դարձնել եվրոպական ստանդարտներին մոտ: «Արմենպրես»-ը հիմնադրամի գործունեության և արդեն արձանագրած արդյունքների մասին զրուցել է «Ժպիտների քաղաք»-ի տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ:

-«Ժպիտների քաղաք» հիմնադրամն իր հիմնադրման մասին հայտարարել է հուլիսին, սակայն մեր հիմնական գործունությունը սկսել ենք 2018թ. սեպտեմբերից: Այդ ընթացքում մոտավորապես 250 մլն դրամի կարգի նվիրատվություն է եղել, սակայն սա միջին ցուցանիշն է: Այսօրվա դրությամբ արդեն ունենք մոտ 120 շահառու: Շահառու են 0-25 տարեկան երեխաներ և երիտասարդներ, որոնք ունեն քաղցկեղի կամ արյան հիվանդության ախտորոշում: Միջինում յուրաքանչյուր ամիս մենք աջակցում ենք 45-50 շահառուի: Բուժումը երկարաժամկետ է, և հետևաբար մեկ անգամվա օժանդակությամբ չենք ավարտում: Օգնությունը տրվում է բուժման հետ կապված բոլոր ծախսերի համար: Եթե երեխային կամ երիտասարդին ցուցված են դեղեր, հետազոտություններ, վիրահատական միջամտություն, հիմնադրամը ամբողջովին հոգում է: Հիմնադրամը, բացի բուժման ծախսերից, ապահովում է նաև հիվանդանոցում երեխաների 4-անգամյա սնունդը, որպեսզի այս խնդիրն էլ թեթևացնենք ծնողների համար, որ իրենց հոգսը լինի միայն երեխաների մասին հոգ տանելը: Ապահովում ենք նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն, ինչը երեխաների, նրանց ընտանիքի համար իսկապես շատ կարևոր է:

-Հիմնադրամի շահառու դառնալու կարգն ինչպե ՞ս է, իրե ՞նք են ձեզ դիմում, թե ՞ դուք եք գտնում այն երեխաներին ու երիտասարդներին: Շա ՞տ են դիմում:

-Սովորաբար իրենք են դիմում մեզ: Քանի որ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ու «Մուրացան»-ի մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունները միացան, մենք գործում ենք Արյունաբանական կենտրոնում՝ հեշտացնելով ծնողների խնդիրը, որ մեզ երկար չփնտրեն: Մեր՝ արյունաբանական կենտրոնոմ գտնվելու նպատակն է, որ ծնողներին հնարավորինս մատչելի լինենք: Բժիշկներն էլ միշտ հուշում են մեր տեղը: Նրանք դիմում են մեզ, մեր էքսպերտներն այն դիտարկում են, և եթե հաստատվում է, երեխան դառնում է մեր շահառու: Ունենք միայն տարիքային չափանիշ: Ամեն օր մենք ունենք 2-3 նոր դիմում: Բավականին շատ են դիմումները։ Շատ մեծ կարևորություն ենք տալիս այս երեխաների հետ աշխատելուն, բազմաթիվ միջոցառումներ ենք փորձում կազմակերպել, որ նրանց ներգրավենք մեր սոցիալական կյանք: Հաճախ նրանք փորձում են փակվել, մեկուսանալ: Սա վարակիչ չէ, ամոթ ու դատավճիռ չէ, և եթե երեխան ունի քաղցկեղ, դա դեռ չի նշանակում, թե ավարտն է: Մանկական քաղցկեղի պարագայում բուժելիության ցուցանիշը բավականին բարձր է՝ 70-75 տոկոս:

-Բոլոր բուժհիմնարկներում քաղցկեղ կամ արյան հիվանդություն ունեցող երեխաներին կարողանո ՞ւմ եք արդյոք հավասարաչափ օգնություն տրամադրել։

-Իհարկե: Մենք օգնություն ենք տրամադրում, եթե ծնողը դիմում է մեզ: Հիմնականում այս խնդրով երեխաների 90 տոկոսը գտնվում է Արյունաբանական կենտրոնում, սակայն ունենք շահառուներ, որոնք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում են,  Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում և այլ հիվանդանոցներում: Բոլորը հավասարապես մեր շահառուներն են:

-Տիկին Դեմիրճյան, ձեր ամենափոքր շահառուն քանի ՞ տարեկան է:

-6-8 ամսական երեխաներ էլ ունենք:

-Հիմնադրամի շահառուներից արդեն լիարժեք բուժված երեխաներ կամ երիտասարդներ եղե՞լ են:

-Այնպես չէ, որ միայն մեզնով սկսել են և մեզնով ավարտել են: Մեր գործունեության ժամկետը շատ կարճ է: Սակայն ունենք երեխաներ, որոնք նախկինում այլ տեղերից են աջակցություն ստացել, իսկ հետո դարձել են մեր շահառու: Եվ այո, մենք ունենք մի քանի դեպքեր, որ երեխաներն առողջացել են: Այդ դեպքերը մեզ շատ ուժ ու եռանդ են տալիս: Երբ արդյունք ենք տեսնում, հասկանում ենք, որ մեր պայքարն իսկապես արժե:

-Տիկին Դեմիրճյան, խոսեցիք այլ հիմնադրամներից աջակցություն ստացած երեխաներից, «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեության ծավալների նվազումից հետո արդյոք բոլո՞ր շահառու երեխաներն են հիմա ստանում ձեր աջակցությունը, դուրս մնացածներ կա ՞ն:

-Ես չեմ կարող ասել՝ բոլորն են, թե ոչ, քանի որ ես չգիտեմ այդ հիմնադրամի բոլոր շահառուներին: Այնուամենայնիվ, ունենք շատ-շատ շահառուներ, որոնք եկել են այդ հիմնադրամից, բնականաբար այն հիմնական մասը, որը վաղուց է բուժվում և ժամանակին եղել է «Նվիրիր կյանք»-ի շահառու, փորձել է գտնել այլ ուղի: Ծնողներն ու բժիշկները միմյանց հետ շփվում են, և կարծում եմ չկա մեկը, ով օգնության կարիք ունի և մեր մասին չգիտի:

-Տիկին Դեմիրճյան, տեղյակ եմ, որ ծխախոտ արտադրող 3 ընկերությունների հետ հանդիպում եք ունեցելԻնչպես ավելի վաղ նշել էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահվարչապետի տիկին Աննա Հակոբյանըդրանցից մեկը մերժել էմյուսը սիմվոլիկ գումար է փոխանցելմյուսի հետ բանակցություններն ի՞նչ փուլում են:

-Այո մեկը մերժեց, մյուսի հետ բանակցություններն ընթացքի մեջ են, իսկ մեկի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ որոշակի գումար կփոխանցի հիմնադրամին:

 –Այս առումով որոշակի հակասական կարծիքներ հնչեցինորպես տնօրեն ի՞նչ եք կարծում հիմնադրամի անվանը չի վնասի՞ արդյոք այն փաստըոր քաղցկեղով հիվանդ անձանց բուժման համար գումար է տրամադրվում քաղցկեղ առաջացնող ապրանքի` ծխախոտի վաճառքից:

-Անկեղծ ասած, ես հակառակ կողմից եմ դրան նայում: Իմ անձնական կարծիքով, եթե որևէ կազմակերպության արտադրանքի արդյունքում կարող է քաղցկեղ առաջանալ, ապա աջակցություն ցուցաբերելն առավել ևս իր առաջնային պարտականությունը պետք է լինի: Կարծում եմ, որ սա ինչ-որ առումով իրենց սոցիալական պատասխանատվությունն է: Օրենսդրությունը ուսումնասիրել ենք, այս առումով որևէ սահմանափակում չունենք: Փորձում ենք ընդլայնել և մարդկանց տարբեր տեսակի հնարավորություններ տալ՝ մեզ աջակցելու համար: Ունենք բջջային հաղորդագրությամբ աջակցելու հնարավորություն, խանութներում նվիրատվության արկղեր ունենք:

Տիկին Հակոբյանը նաև տեղեկացրել էրոր լայն սպառման ապրանք արտադրողների հետ եք հանդիպումներ ունենալու՝ աջակցության ակնկալիքովԱրդեն հանդիպումներ եղե՞լ են և ո՞ւմ հետ:

-Հանդիպումներ նախատեսում ենք մյուս ամսվա համար: Սակայն մենք համագործակցություն ունենք նաև որոշ ռեստորանների հետ: Ցանկացած ռեստորան կամ սրճարան կարող է ունենալ մեկ ճաշատեսակ կամ սուրճի տեսակ, որի անունը դնելով «City of smile», դրա վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցում է հիմնադրամին: «Ոսկեվազ» ռեստորանում այդպիսի աղցան ունենք, «Գարուն» սրճարանում՝ սենդվիչ: Իսկ «Կարաս» սննդի ցանցից ամեն երկուշաբթի առաքված սննդի գումարի 5 տոկոսը ևս փոխանցվում է հիմնադրամին: «Սաս» սուպերմարկետներում «City of smile» խմորեղենի վաճառքի ողջ հասույթը ևս փոխանցվում է հիմնադրամին: Կարծում եմ, որ շատ գեղեցիկ ձև է, որ մարդիկ, վայելելով իրենց ժամանցը, միաժամանակ գիտակցում են, որ ինչ-որ բարի գործ են անում:

-Տիկին Դեմիրճյան, հիմնադրամի խոշոր բարերարների թիվը որքա ՞ն է: Սուպերմարկետներում հիմնադրամի` նվիրատվության համար նախատեսված արկղերից ինչպիսի՞ աջակցություն է ստացվում:

-Ցանկացած մարդ, որը տարբեր սուպերմարկետներում տեղադրված արկղի մեջ գցում է անգամ 10 դրամ և նա, ով տալիս է 10 մլն դրամ, հավասար են մեզ համար: Կարևորն աջակցելու ցանկությունն է: Եթե մարդն ունի այդ կարեկցանքն ու ինչ-որ մեկին աջակցելու ցանկություն, դա մեզ համար չափազանց կարևոր է: Բնականաբար, մեծ գումարները մեզ համար շատ կարևոր են, քանի որ ամսական մոտ 15-20 մլն դրամի կարգի հատկացնում ենք միայն բուժման ծախսերին: Սակայն դրանից բացի, հիմնադրամը նաև այլ նպատակներ ունի, երբեմն հիվանդանոցներին շատ սարքավորումներ են անհրաժեշտ լինում, որոնց գնման համար հիմնադրամը ևս աջակցություն է տրամադրում: Քաղցկեղի բուժման ծառայությունն ուզում ենք բարեփոխել, բարելավել և դարձնել եվրոպական, ամերիկյան փորձին գոնե մոտ և կոմպլեքսային ծառայության առումով կարողանանք ապահովել մի փաթեթ, որը ներառում է բավականին շատ կոմպոնենտներ: Այդ իսկ պատճառով ցանկացած նվիրատվություն մեզ համար շատ կարևոր է: Խոշոր նվիրատուները` անհատները, կազմակերպությունները, կարծում եմ, որ 100-ի կարգի են։ Իսկ սուպերմարկետներում արկղերը սկսել ենք տեղադրել դեկտեմբերի կեսերից, որոշները փետրվարին են տեղադրվել: Մինչ օրս դատարկել ենք երկու սուպերմարկետների արկղեր: Նույն սուպերմարկետի երկու մասնաճյուղերից համատեղ 800 հազար դրամի չափ գումար էր հավաքվել, իսկ մյուս սուպերմարկետների ցանցերի արկղերում հավաքվել էր մոտ 1 մլն 50 հազար դրամ գումար: Դա կարծում եմ, որ վատ թիվ չէ, քանի որ այդ 1 մլն դրամը մի երեխայի քիմիաթերապիայի մեկ կուրսի գումարն է: Յուրաքանչյուր փոքր գումար մեզ համար կարևոր է, քանի որ դրանք հավաքվելով լուրջ արդյունք են տալիս:

-Եվ վերջում ի՞նչ նոր ծրագրեր, առաջիկա անելիքներ ունեք:

-Մենք ուզում ենք մաքսիմալ բարձրացնել ծառայությունը` ամբողջական կոմպլեքսով: Այս տարի արդեն մեծ հավանականությամբ կունենանք մանկական պալիատիվ ծառայության բաժանմունքը Արյունաբանական կենտրոնում: Այն լինելու է երեխաների համար մնալու վայր: Մենք արդեն սկսել ենք նախագծային աշխատանքները, փորձում ենք համագործակցել արտասահմանի մեր գործընկերների հետ, որպեսզի հասկանանք մանրուքները, յուրահատկությունները, որոնք կարևոր են նման բաժանմունքների համար: Մենք այս պահին ունենք դեռ շատ նախնական նախագիծ, որում դեռ պետք է շտկումներ լինեն: Դա բավականին ծախսատար է: Արդեն նախնական հաշվարկի վրա նվիրատվություն ունենք: Սակայն դա մեզ, միգուցե, բավարար չլինի: Կարծում եմ, որ կլինեն այլ կազմակերպություններ, որոնք մեզ չեն մերժի:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: