Նորություններ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այցելել է Արյունաբանական կենտրոն ու հանդիպել մեր շահառուների հետ

Նոյեմբերի 01, 2021

Երևան – «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այցելեց Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն ու հանդիպեց բուժումն ավարտած մեր երեխաների հետ:
Մարզիչը շատ հուզիչ զրույց ունեցավ երեխաների հետ, կիսվեց իր հիվանդության պատմությամբ ու կարևոր խորհուրդներ տվեց նրանց:
«Գաղտնիք չեմ բացահայտի, որ ինձ մոտ էլ տարիներ առաջ հայտնաբերվել է լեյկեմիա հիվանդությունը, բայց ես այստեղ եմ՝ կյանքով լի: Հիվանդությունն ախտորոշեցին իմ ակումբի՝ «Սևիլիայի» հերթական բուժզննման ժամանակ: Ընտանիքիս սկզբում որոշեցի չասել, որպեսզի նախ ինքս համակերպվեմ հիվանդության հետ:
Ես շատ լավատես մարդ եմ ու բժիշկներին հարցրի, թե հետագայո՞ւմ էլ կարող եմ կյանքս իմ ուզածի պես դասավորել: Բժիշկները խորհուրդ տվեցին շարունակել հավատարիմ մնալ ինքս ինձ:
Դրա համար ձեզ ուզում եմ ասել, որ պետք է ապրենք այսօր ու այստեղ, լինենք լավատես: Ամեն օր զարթնենք ու շնորհակալ լինենք ևս մեկ օր ապրելու համար:
Ընտանիքի աջակցությունն էլ շատ կարևոր է, դուք դեռ երկար ճանապարհ ունեք անցնելու: Խորհուրդ կտամ, որ ձեր կյանքում դրական մարդկանց գտնեք, որոնք կօգնեն ուրախ ապրել, հրաժարվեք բացասական մարդկանցից: Դա ինձ էլ է օգնում ուրախ ապրել:
Լսեք պրոֆեսիոնալներին ու նրանց խորհուրդները․ եթե չի կարելի ֆիզիկապես ծանրաբեռնվել, փոխարենը կարող եք պարզապես մտնել խաղադաշտ ու քայլել:
Շատ ծիծաղեք, այդ դեղամիջոցը ես էլ եմ օգտագործում: Հաճախ նայեք հայելու մեջ ու ինքներդ ձեզ վրա ծիծաղեք, ձեր ընտանիքի անդամներն էլ թող միանան ձեզ:
Մենք՝ հիվանդություն ունեցողներս, առավելություն ունենք ամբողջ աշխարհի նկատմամբ, քանի որ անընդհատ գտնվում ենք բժիշկների հսկողության տակ ու գիտենք, թե ինչ վիճակում ենք գտնվում:
Երբ ինձ հրավիրեցին հանդիպել ձեզ, մեկ վայրկյան չկասկածեցի, միանգամից համաձայնվեցի: Եթե իմ համեստ խորհուրդը կարող է ձեզ օգնել, պատրաստ եմ ձեր, հիմնադրամի ու կենտրոնի տրամադրության տակ լինել:
Իմ հիվանդության մասին Իսպանիայում ասուլիսի ժամանակ եմ բոլորին տեղեկացրել, այդ պատմությունը լայն արձագանք է գտել բոլոր ԶԼՄ-ում, սակայն տեղյակ եմ պահել նրանց, որ այդ մասին էլ չեմ խոսելու: Դրանից հետո առաջին անգամն է, որ նորից հանրայնորեն անդրադառնում եմ այս թեմային: Կարծում եմ, որ սա այն տեղն է, որտեղ բոլորս հավասար ենք ու կարող ենք պատմել մեր հիվանդության մասին»:

Շատ շնորհակալ ենք պարոն Կապառոսին մեծ պատրաստակամության և զրույցի ընթացքում մեր շահառուներին շատ դրական լիցքեր փոխանցելու համար։

Քաղցկեղը վարակիչ չէ, սերն ու ժպիտներն են վարակիչ։

Նյութը՝ Մեդիամաքս Սպորտ
Լուսանկարները՝ Արմենպրես, Մեդիամաքս Սպորտ, ՀՖՖ

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: