Երաժշտական տոն Երեխաների պաշտպանության օրվա առթիվ

by admin
Երաժշտական տոն Երեխաների պաշտպանության օրվա առթիվ

Հունիսի 03, 2020

Երևան – Աշխարհը շարունակում է պայքարել նոր տիպի կորոնավիրուսի դեմ, սակայն ամենասիրելի ու սպասված տոներից մեկը՝ Երեխաների պաշտպանության օրը ոչ ոք չի չեղարկել:

Արտակարգ իրավիճակում մեր երեխաները հանդես եկան «արտակարգ» գաղափարով. նրանց նախաձեռնությամբ և Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հունիսի 1-ին Արյունաբանական կենտրոնի բակում կայացավ երաժշտական տոն՝ ինչպես քաղցկեղը հաղթահարած, այնպես էլ դեռևս բուժում ստացող երեխաների և հայ աստղերի մասնակցությամբ:

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող երեխաները համերգին հետևում էին իրենց հիվանդասենյակների պատուհաններից, իսկ համերգն էլ առցանց հեռարձակվում էր ՀՀ Վարչապետի տիկին, Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի և Հիմնադրամի ֆեյսբուքյան էջերով:

Համերգի վերջում մեր երեխաները երազանքներ պահեցին և փուչիկների ու աղունիկների օգնությամբ ուղարկեցին դրանք դեպի երկինք: Համոզված ենք՝ նրանց բոլորի երազանքները կիրականանան, իսկ մենք էլ մեր հերթին կշարունակենք անել մեզնից կախված ամեն բան՝ մեր բալիկների անհոգ մանկությունն ապահովելու համար:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Էյչ Բի Էմ Գրուպ – Մետրոշին» ընկերությանը՝ այս միջոցառման աջակիցը լինելու համար:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր արտիստներին՝ Արամե, Գոռ Սուջյան, Էդգար Գյանջումյան, Էրիկ, Լիդուշիկ, Միքայել Ոսկանյան, Սիլվա Հակոբյան, Սոֆի Մխեյան, Հակոբ (Ժակ) Պապիկյան, որ պատրաստակամություն հայտնեցին այդ օրը լինել մեր ու մեր երեխաների կողքին, և «Հեփփի իվենթս» ընկերությանը՝ ի դեմս Գեորգի Հակոբյանի, Արմեն Մխոյանի և Արման Ադամյանի՝ ձայնային ապահովման համար:

Միասին կարող ենք կյանքեր փրկել:

Ձեր կարող է հետաքրքրել