Չորեքշաբթի է, և այսօր մեր հերոսը 11-ամյա Թամարան է Լոռու մարզից:
Մեր գեղեցկուհին իսկական ճանապարհորդ է: Նա սիրում է Հայաստանի անտառները, և հատկապես շատ է սիրում, երբ ընտանիքով՝ մայրիկի ու հայրիկի հետ գնում են Ստեփանավանի հայտնի Դենդրոպարկ զբոսնելու ու մաքուր օդ շնչելու: Թամարան երազում է բորտուղեկցորդուհի դառնալու մասին, և ազատ ժամանակ համացանցով գտնում է բլոգ վարող բորտուղեկցորդների ու ակտիվ հետևում նրանց:
Սակայն սրտի խորքում մեր Թամարայի երազանքները շատ տարբեր են ներկայացվածից: Իրականում ամենաշատը նա երազում է հարազատ քույրիկ կամ եղբայր ունենալու մասին, իսկ հիվանդանոցում գտնվելու օրերին էլ ամենաշատը հայրիկին է կարոտում:
Թամարան շատ համեստ ու նուրբ աղջիկ է, երբեմն նաև քչախոս, սակայն Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալիս նա գտավ իր իրական ընկերներին՝ Աննային, Միլենային, Արթուրին, Սիլվիին:
Անտառներ սիրող մեր Թամարան երազում է բուժումն ավարտելուց հետո օրեր անցկացնել անտառում՝ իր ընտանիքի հետ, և դրա համար էլ ցանկանում է մի մեծ վրան ունենալ՝ որպես իր ճամփորդությունների անբաժան ընկեր:
2025-02-12