Չորեքշաբթի է, և այսօրվա մեր հերոսը 3 տարեկան Հրաչն է՝ Արմավիրի մարզից։ Հրաչի տարերքը մեքենաներն են, և նույնիսկ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում իր բգուժումը ստանալու օրերին նա իր կողքի մահճակալին շարում է տարբեր մակնիշների և չափերի մեքենաներ, և պառկած նայում դրանց։ Երբեմն նաև վերցնում է՝ խաղալու համար, բայց նույն խնամքով իրենց տեղն է դնում՝ լրացնելով մեքենաների երկար շարքը։ Հրաչի մեծ քույրիկը, ում հետ շատ կապված են, Ամանորին վերցրել պահել է Ձմեռ պապիկի բերած նվերը եղբոր համար, որպեսզի փոխանցի նրան, երբ բուժման հերթական փուլն ավարտի և տուն գնա։ Ցանկացած պահի եթե Հրաչին հարցնեք, թե ինչ ցանկություն ունի, նա միշտ կպատասխանի՝ մեքենա։ Եվ թեև նրա ամենամեծ երազանքն առողջանալն է և շուտ տուն վերադառնալը, մեր Հրաչը ցանկանում է նաև ունենալ մի մեծ ակերով, կապույտ մոտոցիկլետ, որը կնստի և կվարի՝ վերջնականապես լրացնելով փոխադրամիջոցների հավաքածուի իր մեծ շարքը։
2025-01-15