Չորեքշաբթի է, և այսօրվա մեր հերոսը 11-ամյա Սամվելն է՝ Վայոց ձորի մարզից:
Մեր քաջ Սամվելը Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու օրերին ամենաշատը կարոտում է ընտանիքը՝ փոքր եղբորը, քույրիկին, հայրիկին, բայց ամենաշատը հուզվում է, երբ խոսում է տատիկի մասին, ում հետ շատ է կապված:
Ամեն անգամ տեսազանգով ընտանիքի հետ կապ հաստատելիս՝ հոգատար Սամվելը հետաքրքրվում է՝ ինչպես են, ինչով են զբաղված, հաց կերել են, թե ոչ, և օրերն է հաշվում, թե երբ է ինքն էլ նրանց միանալու:
Սամվելը շատ է սիրում երաժշտություն: Նրա սիրելի երգիչը Միհրան Ծառուկյանն է:
Քանի որ Ամանորին կատարվում են բոլոր երազանքները, մեր Սամվելն էլ կիսվում է իր թաքուն երազանքով՝ ցանկանում է հանդիպել Միհրան Ծառուկյանին ու պինդ գրկել նրան:
2024-12-25