Այսօր ձեզ կպատմենք 11-ամյա Գոռի մասին, Արագածոտնի մարզից։ Մինչ հիվանդության ախտորոշումը Գոռն ընտանիքի հետ ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում, սակայն այժմ տեղափոխվել է Հայաստան, ինչի առիթով շա՜տ է ուրախացել։
Սկզբնական շրջանում Գոռը միշտ ասում էր, որ ուրախ է, որ չեն վերադառնում ՌԴ, սակայն հիմա՝ որոշ ժամանակ անց, արդեն մի՜ փոքր սկսել է կարոտել այնտեղ անցկացրած օրերը։
Մեր ուժեղ տղան ճապոնական «Նարուտո» անիմեի մեծ երկրպագու է։ Նա արդեն հասցրել է դիտել բոլոր սերիաները, և քանի որ նաև շատ է սիրում նկարել, մի ամբողջ տետր նվիրել է հենց «Նարուտո»-յի հերոսներին՝ նրանց յուրաքանչյուրին պատկերելով։
Գոռը չափազանց լուրջ ու հավասարակշռված է բոլոր միջավայրերում՝ թե՛ դպրոցում, թե՛ Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալիս։ Նա նաև ընկերասեր է և շփվող։ Հենց այս բնավորության շնորհիվ էլ նա մտերմացել է իր բժշկուհու՝ Սաթեն Հովհաննիսյանի հետ, և նույնիսկ տանը գտնվելիս շատ է կարոտում նրան։
Մեր քաջ Գոռը ցանկանում է ունենալ մի էլեկտրական սկուտեր կամ մեծ (26 դյույմ) հեծանիվ՝ սև ու կապույտ գույներով։
2023-11-29
Մեր Գոռի համար մեկ երազանքը՝ ավարտել հիմնական բուժումը և վերադառնալ տուն, մի քանի օր է, ինչ արդեն իրականություն է դարձել։ Սակայն շնորհիվ անանուն մնալ ցանկացած մեր բարեկամի՝ Գոռը տուն վերադարձավ իր երազանքների մեծ հեծանիվով։
Անչափ շնորհակալ ենք մեր խիզախ տղայի փայլող աչքերի համար։
2024-02-21