Հոկտեմբերի 20, 2019
Երևան – Հոկտեմբերի 19-ին «Միկա» մարզադահլիճում կայացավ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի և ‹‹Vlad Fitness›› մարզասրահի նախաձեռնած «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնը, որին մասնակցեց նաև ՀՀ վարչապետի տիկին, ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դուստրերի՝ Արփի և Մարիամ Փաշինյանների հետ։ Միջոցառման նպատակն էր խրախուսել առողջ ապրելակերպն ու բարձրացնել քաղցկեղի մասին իրազեկվածությունը։ Միջոցառմանը ներկա են գտնվել և մարզվել քաղցկեղը հաղթահարած բազմաթիվ երեխաներ, առողջ ապրելակերպով ապրող բազմաթիվ հյուրեր իրենց երեխաների հետ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, բժիշկներ, մշակույթի բազմաթիվ գործիչներ և հիմնադրամի հոգաբարձուներ։ Մարզումից հետո միջոցառման մասնակիցներին ողջունել է երգահան Էդգար Գյանջումյանը։ Նա խորհուրդ է տվել առողջ ապրելակերպն ու մարզումները դարձնել կենսակերպ, մարզվել և պայքարել առողջության պահպանման համար։
Անչափ շնորհակալ ենք Վլադ Ֆիտնես-ին, Միկա մարզահամալիրի տնօրինությանը ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` մեզ աջակցելու համար։
Միասին կարող ենք կյանքեր փոխել։