Մանկական քաղցկեղի միջազգային օրվանն ընդառաջ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը Արյունաբանների Հայկական Ասոցացիայի երիտասարդ թևի (Young AHA) հետ համատեղ հիրավի տոն էր կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների համար։ Փետրվարի 15-ին «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամը ներկայացրել էր մի գեղեցիկ ֆոտոշարք, որն ընդգրկում էր ներկայումս քաղցկեղի դեմ պայքարող և այն արդեն իսկ հաղթահարած երեխաների լուսանկարները։
Արյունաբանական կենտրոնում երեխաների համար կազմակերպվել էին հանդիպումներ մուլտհերոսների հետ և այլ անակնկալ միջոցառումներ։ Նույն օրը Արյունաբանական Կենտրոնում ներկայացվեց Young AHA-ի նախաձեռնած «Միասին» տեսահոլովակի պրեմիերան։ Միջոցառմանը մասնակցեցին կենտրոնում բուժված և ներկայումս բուժում ստացող երեխաները «Արևներ» համույթի հետ միասին: Տեսահոլովակի գաղափարը վերցված է Մանկական քաղցկեղի ամերիկյան կազմակերպության՝ ACCO-ի պաշտոնական կայքից, որտեղ Child4Child նախաձեռնության շրջանակներում խրախուսվում է «Միասին» երգի բնօրինակի այլ լեզվով տարբերակի առաջադրումը։
Մանկական քաղցկեղի միջազգային օրվա կապակցությամբ հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը հարցազրույց է ունեցել Հանրային Հեռուստաընկերության եթերում։ Իր խոսքում տիկին Դեմիրճյանը անդրադարձավ Հայաստանում մանկական քաղցկեղով հիվանդների խնդիրներին և ներկայացրեց «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ թե՛ ներկայումս գործող, թե՛ ապագայում նախատեսվող։
Անմասն մի մնացեք երեխաներին առողջություն պարգևելու հնարավորությունից։ Ծանոթացեք մեր հիմնադրամի ծրագրերին և Ձեր մասնակցությամբ ժպիտ պարգևեք բուժվող երեխաներից յուրաքանչյուրին։
Հիշեք, որ փոքր գործով կարող եք փրկել մի մեծ կյանք։