Տարբեր երկրներում ապրող ճանաչված արվեստագետները, անտեսելով Կորոնավիրուսի (Covid-19) տարածման պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակը, միավորվել են «Միասին երեխաների համար» խորագրով բարեգործական միջոցառման շուրջ՝ օգնելու քաղցկեղ ունեցող երեխաներին: Հուլիսի 4-ին, Երևանի ժամանակով 22:00-ին Հանրային հեռուստաընկերությամբ և «Togetherforchildren» YouTube-յան ալիքով հեռարձակված համերգային երեկոյին միացել էին Արա Մալիկյանը (Իսպանիա), Արա Գևորգյանը (Հայաստան), Հարութ Փամբուկչյանը (ԱՄՆ), Ռոզի Արմենը (Ֆրանսիա), Սիբիլը (Թուրքիա), Վահե Բերբերյանը (ԱՄՆ), Սերժ Ավետիքյանը (Ֆրանսիա), Սեպուհ Սիմոնյանը (ԱՄՆ), Լենա Շամամյանը (Սիրիա), Սերուժ Քրաջյանը (Կանադա), Էլի Բերբերյանը (Կանադա), Կև Օրկյանը (Անգլիա), Նյու Դոկտա/ New Docta խումբը (ԱՄՆ), Ալվարո Հակոբյանը (Ուրուգվայ), «Գուսան» նվագախումբը (Արգենտինա): Միջոցառման կազմակերպիչն արգենտինահայ հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Լեո Մոմջյանն է:
«Կորոնավիրուսի համավարակը ստիպեց ո՛չ միայն առերեսվել մարդկության դիմագրաված դժվարություններին, այլև՝ կանգ առնել, խորհել ու վերարժևորել շատ երևույթներ: Այն մղեց որևէ օգտակար բան անել՝ ստեղծված իրավիճակը միասին հաղթահարելու համար,-խոսելով կայանալիք համերգի մասին՝ նշում է Լեոն ու հավելում, որ երեկոյի միտքը ծագել է իր հեղինակային՝ «Ayres de Armenia» ռադիոհաղորդման ընթացքում:
«Միասին երեխաների համար» խորհրդանշական խորագիրը կրող միջոցառման հասույթն ուղղվելու է «Սիթի օֆ սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին, որի առաքելությունն է օգնել քաղցկեղ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ հիվանդությունը հաղթահարելու դժվարին ճանապարհին: