Բարեգործական համերգ Սերգեյ Խաչատրյանի ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ
Մարտի 03, 2022
Մեծ հիացմունքով ու հուզմունքով ուզում ենք ձեզ պատմել Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ՝ մարտի 2-ին, կայացած բարեգործական համերգի մասին։ Այս ֆանտաստիկ համերգի գլխավոր դերակատարներն էին աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գխավորությամբ: «Ցնցող համերգ էր` բոլոր առումներով։ Մեր դժվար օրերում սա միակ սփոփանքն է, որ ունենք…»․ այսպես բնութագրեց այս մշակութային իրադարձությունը երախտագետ ունկնդիրներից մեկը․․․ Համերգի ողջ հասույթն ուղղվելու է «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հիմնադրամի բարեկամները դարձած Սերգեյ Խաչատրյանին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին ու անձամբ Էդուարդ Թոփչյանին՝ մեր այս նախաձեռնությանը պատրաստակամորեն արձագանքելու և քաղցկեղ ունեցող մեր երեխաների կողքին լինելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս, «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի Բարի կամքի դեսպան Տաթև Մանուկյան Էնգելին՝ համերգը նախաձեռնելու հարցում մեծ ներդրում ու գործուն աջակցություն ունենալու համար։ Շատ շնորհակալ ենք․ համերգի հովանավոր՝ «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամին աջակիցներ՝ «Երևանի գարեջուր»-ին, «Արալեզ բրենդի»-ին գործընկերներ «Լևոն Թրավել Երևան» տուրիստական գործակալությանը, «Արտ Լանչ» ընկերությանը, հաղորդավար Արման Մարգարյանին
և, իհարկե, բոլոր ներկաներին, որոնք մեզ հետ միասին վայելեցին «բուժիչ» դասական երաժշտության պարգևած աննկարագրելի պահերը։