Նորություններ

Կայացել է ‹‹ Սիթի օֆ Սմայլ /Ժպիտների քաղաք›› հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքը

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 8-ին «Դվին» համալիրում կայացավ «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը, որի համակազմակերպիչներն էին Թովմասյան բարեգործական հիմնադրամը և Our Music For You Foundation բարեգործական հիմնադրամը։
Երեկոյի պատվավոր հյուրերն էին Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները, ՌԴ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ գլխավոր մանկական արյունաբան, Դ․ Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունաբանության կենտրոնի նախագահ, բ․գ․դ․, պրոֆ․ Ալեքսանդր Ռումյանցևը և նույն կենտրոնի Արյան փոխներարկման բաժնի պետ, բ․գ․դ․, պրոֆ․ Պավել Տրախտմանը։ Երեկոյին ներկա էին բազմաթիվ գործարարներ, արվեստի, մշակույթի, հասարակական գործիչներ, բժիշկներ։
Գալա ընթրիքին ելույթներով հանդես եկան ՀՀ վարչապետի տիկին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը և պրոֆեսոր Ալեքսանդր Ռումյանցևը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունը։
Երեկոյի ընթացքում իրենց կատարումներով փայլեցին Joef Gipsy Kings Family խումբը, Գարիկը և Սոնան։ Joef Gipsy Kings Family խմբի մենակատար Ջոզեֆ Ֆարժիերը այս տարի ամռանը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն կատարած իր այցի ժամանակ մեր տաղանդավոր 12-ամյա Արկադի Մելքոնյանին խոստացել էր կիթառ նվիրել և այս անգամ իր հետ բերել էր կիթառը։ Վերջինս էլ, շնորհակալություն հայտնելով թանկ նվերի համար, Ֆարժիերին հայկական դուդուկ նվիրեց։

Գալա-ընթրիքի շրջանակներում անցկացվեց նաև բարեգործական աճուրդ, որին որպես լոտեր ներկայացված էին․
• Կոմիտաս վարդապետի մակագրությամբ նրա լուսանկարը – տրամադրվել է Տեր-Մինասյանների ծոռնուհի, Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Սոնա Ազարյանի կողմից,
• Ռուդոլֆ Խաչատրյանի “Проявление образа” («Կերպարի դրսևորում») կտավը – տրամադրվել է Evocabank-ի կողմից,
• Աշոտ Թադևոսյանի «Գարնան արև» կտավը – տրամադրվել է հեղինակի կողմից,
• լեգենդար Gipsy Kings խմբի անդամների ստորագրություններով կիթառ – տրամադրվել է Our Music For you բարեգործական հիմնադրամի կողմից:
• Ի թիվս այս իրերի, աճուրդի հանվեց նաև Աննա Հակոբյանի ոսկյա կախազարդը։
Աճուրդի լոտերը ձեռք բերվեցին «Ապավեն» ընկերության համահիմնադիրներ Գագիկ Աղաջանյանի և Արսեն Ղազարյանի, մոսկվայաբնակ բարերար Լիլիթ Կարապետյանի և «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի կողմից։
Երեկոն հագեցած էր հաճելի անակնկալներով․ այսպես, Աննա Հակոբյանի կախազարդը գնվելուց հետո այն կրկին նվիրվեց տիկին Հակոբյանին, իսկ Աշոտ Թադևոսյանի կտավի և Gipsy Kings խմբի ստորագրություններով կիթառի գնորդները նվիրեցին դրանք հիմնադրամին: Կարեն Մարգարյանը և Լիլիթ Կարապետյանը հիմնադրամին նվիրեցին նաև Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ինքնագրերով շապիկ և հայտնեցին, որ առաջիկայում ավելի ցնցող անակնկալ է մեզ սպասվում։

Բարեգործական աճուրդի արդյունքում հավաքվեց ընդհանուր առմամբ 38 միլիոն դրամ, որը երեկոյի ընթացքում հավաքված մնացած գումարի հետ միասին ուղղվելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և երիտասարդների բուժմանը։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Միջոցառման հովանավորներ՝
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին,
Նարինե Մամիկոնյանին,
Ալեքս Հոլդինգին,
Հովանավորներ՝
Ապավեն ընկերությանը,
Ջավահիր Ծառուկյանին,
CPS ընկերությանը,
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը,
բոլոր Բարերարներին,
հիմնադրամի աջակիցներին, բարեկամներին և գործընկերներին։

Հույս ունենք բոլորին կրկին տեսնել մեր մյուս միջոցառումներին, քանի որ միայն միասին կարող ենք կյանքեր փրկել։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: