Նորություններ

Հայկական ռոքի վառ ներկայացուցիչները համերգով կաջակցեն քաղցկեղ ունեցող երեխաների բուժմանը

Սեպտեմբերի 07, 2021

«Լավ, էլի», «The Beautified Project», «Նեմրա» սիրված ռոք խմբերը հանդես կգան համատեղ համերգային ծրագրով, որի ամբողջ հասույթն ուղղվելու է «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժումն ապահովելու համար։

Համերգային երեկոն, որի ընթացքում հնչելու են խմբերի լավագույն ստեղծագործություններից շատերը, տեղի կունենա սեպտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Նախաձեռնության հեղինակներն ու մասնակիցները սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին առաջիկա ծրագրի մանրամասները:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը նշեց, որ շատ յուրահատուկ համերգ է սպասվում, քանի որ մեկ բեմում ելույթ կունենան սիրված խմբեր: «Նպատակը նույնպես բարձր է. հասույթը տրամադրվելու է քաղցկեղ ունեցող երեխաների բուժմանը: Անչափ շնորհակալ ենք «Լավ, էլի», «The Beautified Project», «Նեմրա» խմբերին, որ արձագանքեցին մեր խնդրանքին»,- ասաց նա:

Դեմիրճյանը հիշեցրեց, որ հիմնադրամի առաջնային խնդիրը երեխաներին բուժելն է, ինչը մեծ ծախսեր է ենթադրում: «Կարևոր է երեխաներին դեղորայքով ապահովելը: Եթե լինում են հավելյալ ռեսուրսներ, փորձում ենք նաև կառուցվածքային բարելավումներ անել: Դրանցից է մանկական պալիատիվ բաժանմունք բացելը: Այն կլինի Հայաստանում առաջինը, իսկ համերգի հասույթն ամբողջությամբ կուղղվի բուժմանը»,- ընդգծեց հիմնադրամի գործադիր տնօրենը:

«Լավ, էլի» ռոք խմբի հիմնադիր Մհեր Մանուկյանը վստահ է՝ բոլորս պարբերաբար կարիք ունենք ինքներս մեզ հիշեցնելու, որ ամեն ինչ շահի համար չէ, ամեն ինչ վազքի մեջ չէ: «Գնալով ավելի նյութական աշխարհում մենք մեզ պետք է հիշեցնենք, որ կան կարևոր արժեքներ, կա մարդասիրություն, կա կարեկցանք, կա ձեռք մեկնելու պատրաստակամություն: Լավ բարեկամներ ենք «The Beautified Project», «Նեմրա» խմբերի հետ, իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունենալն առանձին պատմություն է»,- ասաց երաժիշտն ու անդրադարձավ ծրագրին՝ շեշտելով, որ կկատարեն և՛ հանդարտ երգեր, և՛ ակտիվ գործեր, որոնք ունկնդիրը շատ է սիրում:

«Նեմրա» խմբի մենակատար Վան Նեմրայի խոսքով՝ խումբը ստեղծման օրից մասնակցել է բարեգործական նախաձեռնությունների: Այս անգամ ևս սիրով են համաձայնել միանալ ծրագրին և ուրախ են, որ բեմը կիսելու են «Լավ, էլի», «The Beautified Project» խմբերի հետ:

«Համերգն առանձնահատուկ է լինելու նաև ձևաչափի առումով: Ակուստիկ երեկո է սպասվում՝ առանց հարվածային գործիքների: Ակուստիկ ելույթներն առավել ընդգծում են երգերի մեղեդայնությունը, և բառերը ընկալելի են դառնում: Կլինեն հայերեն ու անգլերեն երգեր մեր երկու ալբոմից: Կարծում եմ, շատ գեղեցիկ մթնոլորտ կստեղծենք»,- եզրափակեց Վանը:

«The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը հիշեցրեց, որ խումբը պատրաստվում էր հոբելյանը նշել 2020 թվականին: «Հենց այդ ժամանակ սկսվեց համավարակը, հետո՝ պատերազմը, և մենք իրականում միավորվելու, երգելու շարժառիթ չունեինք, բայց երբ զանգահարեցին հիմնադրամից, վայրկյան անգամ չմտածեցինք ասել՝ այո, և ես շատ շնորհակալ եմ այս նախաձեռնության համար: Ուրախ եմ, որ միացել են «Լավ, էլի»-ն և «Նեմրան»-ն, որոնք շատ լավ ընկերներ են»,-շեշտեց Անդրե Սիմոնյանը:

Բացելով ելույթի փակագծերը՝ երաժիշտն ասաց, որ բարդ էր որոշել, թե որ երգերն է պետք հնչեցնել, քանի որ չորս ալբոմ ունեն: Քննարկումից հետո որոշել են կատարել սիրված անգլերեն, երկու կամ երեք հայերեն երգ:

Համերգը կազմակերպվել է «Imagine HUB by Soft» ընկերության աջակցությամբ, որի տնօրեն Ինգա Վարդանյանը շեշտեց՝ սիրով են միացել գաղափարին և հույս ունեն, որ նման համերգները շարունակական բնույթ կունենան:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: