Քաղցկեղ ունեցող երեխաների համար նախատեսված հոգևոր-վերականգնողական կենտրոնի բացումը
Հոկտեմբերի 17, 2022
Հոկտեմբերի 14-ին Գետահովիտ գյուղի բարձունքին բացվեց քաղցկեղ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար նախատեսված հոգևոր-վերականգնողական կենտրոնը։
Այն Հայաստանում եզակի կենտրոն է լինելու, որտեղ քիմիաթերապիայի ավարտից հետո երեխաները գալու են հոգևոր վերականգնման նպատակով։
Կենտրոնը կառուցվել է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնությամբ և Իտալիայում բնակվող Լուսի Պալյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ իր եղբայրներ հոգելույս Անդրանիկ և Օհաննես Ճեմճեմյանների։
Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ կատարվեց կենտրոնի տնօրհնյաց կարգը։ Սրբազանն իր օրհնությունը բաշխեց բոլոր ներկաներին, կառույցի շինարարներին և բարերարներին։
Հատկանշական է, որ բացման հանդիսավոր արարողության մեկնարկը տրվեց «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի աջակցությամբ բուժում ստացած և ստացող երեխաների կողմից։
Երջանիկ ենք, որ մեր երեխաները մոտ ապագայում նույնպես կկարողանան օգտվել այսպիսի կենտրոնի ծառայություններից՝ այդպիսով ամբողջացնելով իրենց առողջության վերականգնման շղթան։ Անչափ շնորհակալ ենք Տավուշի Թեմ – ՏաՀույս / Diocese of Tavush of the Armenian Apostolic Church-ին և այս գաղափարի կենսագործման մեջ իրենց ներդրումն ունեցած բոլոր անհատներին ու կազմակերպություններին։