Նորություններ

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր. Մեր Նվարդիկի պատմությունը

Փետրվարի 15, 2023

Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։

Մեր 9-ամյա Նվարդիկի ընտանիքը մինչև 44-օրյա պատերազմն ապրել է Հադրութում։ Պատերազմի պատճառով նրանք կորցրել են ամեն ինչ՝ տուն, ունեցվածք, աշխատանք՝ փախչելով թշնամուց Հադրութի խիտ անտառներով․․․ Ամիսներ անց, ապրելով Ստեփանակերտի ժամանակավոր կացարանում, երբ Նվարդիկի ծնողները փորձում էին իրենց կյանքը նորից հունի մեջ գցել, նրանց վեց երեխաներից հինգերորդը՝ Նվարդիկը, սկսեց իրեն շատ վատ զգալ։ Հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց ավշային հանգույցների քաղցկեղ՝ Հոջկինի լիմֆոմա։

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում անմիջապես սկսված քիմիաթերապևտիկ բուժման ծախսերը հոգացել է Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը։

Մեր ուժեղ գեղեցկուհին որոշել է մանկական ուռուցքաբան դառնալ ու բուժման ընթացքում հստակ տեղեկացված էր իր բուժական ողջ սխեմայից։ Նա շատ հետաքրքրասեր է, ու կար ժամանակ, երբ նա անհամբեր սպասում էր, թե երբ են իրեն թույլ տալու ներկա լինել ու անձամբ հետևել պորտ համակարգի տեղադրման վիրահատական միջամտության ընթացքին։

Նվարդիկը անսահման շատ է կարոտում Հադրութն ու Հադրութի իրենց տունը, որը շատ հաճախ է պատկերում իր նկարներում։

Պատերազմից հետո մեր Նվարդիկը շատ անհանգիստ էր ու սահմանային լարվածության դեպքերի մասին լսելիս մտավախություն էր հայտնում․ «բա որ կռիվը սկսվի, ես էս կատետրով ոնց պիտի փախնեմ»․․․

Մեր լուսավոր Նվարդիկն ավարտել է բուժումը, իր ընտանիքի հետ բնակվում է շրջափակված Արցախում՝ Ստեփանակերտում, և շարունակում է դրական լիցքեր փոխանցել իր հետ շփվող յուրաքանչյուրին ու բոլորին։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: