Նորություններ

Շախմատի բարեգործական մրցաշար Բոստոնում

Մայիսի 30, 2022թ

Բոստոնից եղբայրներ Արամը, Հայկը և Լևոնը արդեն մի քանի տարի է, ինչ Հիմնադրամի բարեկամներն են։ Այսպես՝ դեռևս 2020թ․ երեխաներից Արամը դաշնամուրային օնլայն
կատարումով հանդես եկավ՝ կոչ անելով միանալ բարեգործական դրամահավաքին, իսկ արդեն
2021թ․ եղբայրները մեր էջում կարդացել էին մեր շահառուներից Ալեքսի պատմությունը
ու որոշել իրենց հավաքած գումարով իրականացնել նրա երազանքը։

Եվ ահա այս տարվա մայիսին Արամը հանդես եկավ մի նոր նախաձեռնությամբ․ Բոստոնում
կազմակերպել շախմատի մրցաշար և գումար հավաքել Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարող
երեխաներին օգնելու համար։

Միջոցառմանը մասնակցելու համար նա դիմեց ամերիկահայ շախմատիստ Սամուել (Սամվել)
Սևյանին։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Սամուելին իր
համաձայնությունն անմիջապես տալու համար։ Սամուելը ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գրոսմայստերն
է, շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ վարպետներից մեկը, ու մենք անսահման
հպարտանում ենք նրա բոլոր հաջողություններով:

Անչափ շնորհակալ ենք այն բոլոր
անհատներին ու կազմակերպություններին, որոնք արձագանքել են մեր Արամի խնդրանքին ու
իրենց ներդրումն են ունեցել միջոցառման կազմակերպման և անցկացման հարցում՝ որպես
հովանավորներ, աջակիցներ և կամավորներ․

Ելենա Բիշարյան և Աշոտ Պապոյան, Արմեն Սևյան, Սինթիա Քազանջյան, Բոբ և Կարինե Ավագյաններ, Անի Աճեմյան, Գարիկ Մարոյան, United Dental, Belomont Auto, Eastern Lahmajun, Arev Foods, Art’s Specialties։ Կամավորներ Հայկ և Լևոն Պապոյաններ, Մերի Հակոբյան, Սոնա Անտոնյան, Անի Ասլիկյան, Գոհար Մարկոսյան, և, իհարկե, շախմատի սիրահար բոլոր մասնակիցներ։

Միջոցառման իրականացման վայրը տրամադրելու համար շատ շնորհակալ ենք
Ուոթերթաունի Հայկական մշակութային և կրթական կենտրոնին (Armenian Cultural and
Educational Center)։

Ուզում ենք ընդգծել միջոցառման կայացման հարցում «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի
ամերիկյան մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի ներգրավվածությունը և
շնորհակալություն հայտնել Ելենա Բիշարյանին, Սինթիա Քազանջյանին և Ջիմ
Կալուստյանին։ Ջիմ Կալուստյանը, լսելով այս նախաձեռնության մասին, որոշել էր
ոգևորել Արամին ու միջոցառման շրջանակում հանգանակված ողջ գումարը կրկնապատկելու
պատրաստակամություն էր հայտնել։

Սիրով ու ջերմությամբ մեր երախտագիտությունն ենք հայտնում Ելենային և Աշոտին՝
Արամ ջան-ի գլխավորությամբ նման որդիներ դաստիարակելու համար։

Շախմատի բարեգործական մրցաշարի արդյունքում հանգանակվել է 12,000 ԱՄՆ դոլար, որն
ամբողջությամբ կուղղվի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների
բուժման ծախսերը հոգալու նպատակին։

Միասին կարող ենք կյանքեր փրկել։

0
Ձեր զամբյուղը
  • Զամբյուղում ԱՊՐԱՆՔ ՉԿԱ: