Օգոստոսի 24, 2023
Ուզում ենք ձեզ հետ կիսվել մի շատ հուզիչ պատմությամբ։
Օրերս պատիվ ունեցանք հյուրընկալել Կանադայից Պարույր/Հովհաննես և Անահիտ Տեր- Պողոսյաններին՝ իրենց բարեկամների հետ միասին։ Նրանք փոքրիկ Օլիվեր Նոահ Էլ-Աբուի տատիկը և պապիկն են։ Օլվերը Կանադայի լավագույն հիվանդանոցներից մեկում պայքարում էր գլխուղեղի հազվադեպ հանդիպող տեսակի քաղցկեղի դեմ։ Ցավոք, չնայած բժիշկների ջանքերին, Օլիվերը չհաղթահարեց հիվանդությունը` մայիսի 20-ին ավարտելով իր պայքարը։
Օլվերը երջանիկ, մարդամոտ երեխա էր։ Նա իր կյանքի 4 տարիները ապրել է՝ շրջապատված սիրով և հոգատարությամբ՝ ընտանիքի և հարազատների կողմից։ Այժմ՝ սիրելի որդու, եղբոր և թոռնիկի կորստից ամիսներ անց, ընտանիքը որոշել է կատարել նվիրատվություն Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին՝ ի հիշատակ փոքրիկ Օլիվերի՝ այս քայլով օգնելով Հայաստանում ապրող երեխաներին՝ ստանալ անհրաժեշտ բուժում հիվանդության հաղթահարման դժվար ճանապարհին։
Նշենք, որ հյուրերն այցի ընթացքում եղան նաև Մանկական քաղցկեղի և արյան հիվադությունների կենտրոնում, ծանոթացան բուժում ստացող երեխաներից մի քանիսին։
Բառերով անհնար է նկարագրել այս այցելության առաջացրած հույզերը և մեր երախտագիտությունը Տեր-Պողոսյան ընտանիքին՝ իրենց կյանքի այս ծանր շրջանում ցուցաբերած բարեհոգության համար։
Թող որ Օլիվերի հիշատակը միշտ վառ լինի։