Այսօր պատմելու ենք մեր գեղեցկուհի 14-ամյա Լիաննայի մասին՝ Արմավիրի մարզից։
Լիաննան Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ամենամարդամոտներից է։ Սիրում է պարել, միշտ լցված է էներգիայով, մտերիմ է բոլորի հետ։ Նա երբեք չի կորցնում լավատեսությունը։ Նույնիսկ կաթիլայինի համար նախատեսված շտատիվն է ամեն անգամ զարդարում։
Հիվանդության հայտնաբերման սկզբնական փուլում մեր ուժեղ աղջիկը շատ նեղսրտեց, երբ ստիպված եղան սափրել իր գեղեցիկ, երկար մազերը։ Միաժամանակ թույլ չտվեց մայրիկին, երբ վերջինս ցանկացավ ինքն էլ իր մազերը սափրել, որպեսզի միասին անցնեն հիվանդության հաղթահարման ճանապարհով։ Հետագայում միայն Լիաննան հասկացավ, որ ինքը այսպես շատ գեղեցիկ է, և ասում է՝ նույնիսկ չի հիշում, թե ինչպիսին էր ինքը երկար մազերով։
Հիմա Լիանան Կենտրոնում բուժում ստացող աղջիկների հետ հաճախ զրուցում է՝ միշտ ասելով, որ սա ընդամենը իրենց կյանքի մի փուլ է, որը շուտով կհաղթահարեն, և որ պետք չէ տխրել մազերի բացակայությունից։ Նույնիսկ ասում է, որ չի համբերում, թե երբ է ամառը գալու, որպեսզի առանց գլխաշորի կամ գլխարկի շրջի․ չէ՞ որ ինքն այդպես էլ է գեղեցիկ։
Մեր Լիաննան երազում է մոդել դառնալ, և նույնիսկ բուժում ստանալու շրջանում մշտապես սիրում է հաճոյախոսություններ լսել իր գեղեցկության մասին։ Լիանայի երազանքն է հագուստի որևէ բրենդի հետ համագործակցել, լուսանկարվել տվյալ բրենդի համար՝ ևս մեկ անգամ բոլորին ապացուցելով, որ քաղցկեղը վարակիչ չէ, վարակիչ է սերը։
2024-01-24