Քաղցկեղի Միջազգային Օր

by admin
Քաղցկեղի Միջազգային Օր

Երևան․ Փետրվարի 4, 2019

Փետրվարի 4-ին քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում «City of smile» (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամը, միանալով հանուն առողջ ապագայի “I am and I will” քարոզարշավին, նախաձեռնեց «Քաղցկեղի իրազեկման» միջոցառում:

Միջոցառման գլխավոր նպատակն էր բարձրացնել տեղեկացվածությունը քաղցկեղի վերաբերյալ, խրախուսել կանխարգելումը և վաղ ախտորոշումը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետի տիկին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ով իր խոսքում նշեց, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարելուց ի վեր ինտենսիվ առնչվում է խնդրի հետ: «Ես հասկացել եմ, որ քաղցկեղի դեմ պայքարն առաջին հերթին սկսում է տրամադրությունից: Խոսքը ոչ միայն քաղցկեղով հիվանդ մարդու տրամադրության մասին է, այլ հասարակության տրամադրության, թե ինչպես է հասարակությունը տրամադրված այդ հիվանդությունն ունեցող անձի հանդեպ: Մենք պետք է լինենք հասարակություն, որում երեխան չի ամաչի ասել, որ ինքն այս պահին բուժվում է, պայքարում է քաղցկեղի դեմ», – իր ելույթում նշեց Աննա Հակոբյանը:

Նման միջոցառումների կարևորության մասին իր խոսքում շեշտեց նաև մանկական ուռուցքաբան-արյունաբան Գևորգ Թամամյանը։ «Մանկական ուռուցքների բուժումը բավականին բարդ է, ընդ որում՝ բավականին մեծ գումարներ է պահանջվում: Եվ կարիք կա, որ հասարակությունն այս խնդրի շուրջ միավորվի: Եվ հենց այդ հարցում օգնության են գալիս հիմնադրամները», – նշեց բժիշկը:

Միջոցառման ընթացքում ավելի քան 20 հայ տաղանդաշատ դիզայներներ ներկայացրեցին իրենց կողմից ստեղծված իրերը, որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվեց հիմնադրամին և ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման կարիքները հոգալուն։

Ձեր կարող է հետաքրքրել