Չորեքշաբթի է, և այսօրվա մեր հերոսը 5 տարեկան Էրիկն է։ Էրիկը ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն այժմ, հիվանդության բուժմամբ պայմանավորված, մայրիկի ու հայրիկի հետ տեղափոխվել է Հայաստան՝ Կոտայքի մարզ։
Մեր ակտիվ ու հետաքրքրասեր տղայի տարերքը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներն են։ Նա պատրաստ է ժամերով խաղալ իր սիրելի մեքենաներով, ինչպես նաև պատմել բոլոր մակնիշների մասին։
Էրիկը շա՜տ մարդամոտ ու շփվող է։ Նույնիսկ չի համբերում, թե երբ է առողջացած վերադառնալու մանկապարտեզ՝ իր ընկերների մոտ, որպեսզի բոլորին, ինչպես ինքն է ասում, նվերներ բաժանի։
Էրիկի ընտանիքը պատրաստվում է համալրման։ Չնայած որ Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու այս օրերին նա չի համաձայնում մայրիկից բաժանվել թեկուզ մի քանի րոպեով, համաձայնել է մի քանի օր խելոք մնալ, որպեսզի հանդիպի իր շա՜տ սպասված փոքրիկ քույրիկին ։
Էրիկն անհամբեր է, թե երբ է լավանալու, և հաճախ է մայրիկին հարցնում հստակ ժամկետների մասին։ Բանն այն է, որ մեր տղան Ռուսաստանի Դաշնության իրենց տանն է թողել իր բոլոր խաղալիք մեքենաները, և հիմա շատ է ուզում վերադառնալ այնտեղ՝ իր սիրելի խաղալիքների մոտ։
Կենտրոնում բուժում ստանալու այս օրերին մեր Էրիկը միայն ու միայն ցանկանում է ունենալ մի մեծ, սև, Mercedes-Benz G-դասի մեքենա, որը վարելով իր նորածին քույրիկին կուղեկցի հիվանդանոցից տուն։
2024-01-31
Կապեք ամրագոտիները, մեքենան շուտով կշարժվի: Շնորհիվ մեր հոգատար բարեկամ տիկին Կառա Ինջիղուլյանի՝ մեր Էրիկն արդեն վարում է իր երազանքների մեքենան: Անչափ շնորհակալ ենք քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկների կողքին լինելու համար:
2024-04-17