Ծանոթացեք մեր 13-ամյա Սոկրատին՝ Գեղարքունիքի մարզից։ Մեր Սոկրատը առաջին հայացքից շա՜տ լուրջ ու լռակյաց է, բայց իրականում շատ մարդամոտ է ու բարի։
Մեր երաժշտասեր տղան սովորում է դաշնամուր նվագել, սակայն այժմ նրա պարապմունքներն ընդհատվել են Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու պատճառով։ Մեր Սոկրատը, ասում են, նաև երգել է սիրում, գիտի ազգագրական պարեր, սակայն այդ մասին նախընտրում է համեստորեն լռել։
Երկու քույրիկների մեծ եղբայր մեր Սոկրատը նաև սիրում է թվերի աշխարհը՝ մաթեմատիկան, հաճախում ռոբոտաշինության խմբակի, և ասում, որ դառնալու է ծրագրավորող- երաժիշտ։
Բուժման ընթացքը մեր խելացի տղան շա՜տ հանգիստ է տանում, լսում է սիրելի բժշկուհու՝ Աննա Ավագյանի ցուցումները։ Նույնիսկ ամենապարզ մթերքները Սոկրատը չի ուտում, քանի դեռ բժշկուհի Աննան չի ասել՝ կարելի է։
Մեր Սոկրատը երազում է ծով գնալ, բայց քանի որ բուժման ընթացքում դա հակացուցված է, նա շատ է ցանկանում մի մեծ, սև հեծանիվ ունենալ (26 դյույմ), որը բուժումն ավարտելուց հետո կվարի գյուղում՝ ընկերների հետ։