Ծանոթացեք, մեր 8-ամյա Ավագն է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքից։
Մեր քաջ տղան սովորում է 3-րդ դասարանում։ Ընտանիքի անդամները նրան «պանդա» են կանչում, ինչն էլ մեր տղայի անկեղծ ծիծաղն է առաջացնում։ Մեր կատակասեր տղան շատ զուսպ է ու հանգիստ, նա շա՜տ խիստ փոքր եղբայր է, և նույնիսկ փորձում է 10 տարեկան քույրիկին արգելել անել այս կամ այն բանը։ Ավագն ամենաշատը կապված է 5 տարեկան եղբոր հետ, ում հետ տեսազանգով խոսելիս, չնայած հիվանդությամբ պայմանավորված խոսքային դժվարություններին, կատակներ է անում։
Մեր տղան բավական բարդ ճանապարհ է անցնում գլխուղեղի ուռուցքի բուժման համար։ Նա շաբաթներ շարունակ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, բայց մեր ուժեղ Ավագը հաղթահարեց այդ բարդ շրջանը։ Նույնիսկ ընկերացավ վերակենդանացման բաժանմունքի բժշկական անձնակազմի հետ այնպես, որ հիմա նրան երբեմն նույնիսկ տեսության են գալիս։
Անչափ մարդամոտ մեր Ավագը շատ է սիրում տարբեր խաղեր խաղալ։ Հենց այդպես էլ մտերմացան մեր Տիգրանի հետ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, և հիմա ընկերները ողջ ազատ ժամանակն անց են կացնում խաղասենյակում։
Մեր տղան երազում է մեծ, հավաքվող լողավազան ունենալու մասին, որում կլողա իրենց տան բակում՝ քույրիկի ու եղբոր հետ։
2023-07-12
Շնորհիվ անանուն մնալ ցանկացած մեր բարեկամի` մեր Ավագն իր քույրիկի ու եղբոր հետ արդեն կարող է լողալ իր մեծ լողավազանում:
Անչափ շնորհակալ ենք մեր հին ընկերոջը մեր տղայի փայլող աչքերի համար:
2023-08-18