Այսօրվա մեր հերոսուհին 4-ամյա Թամարան է՝ Շիրակի մարզից։ Չնայած իր տարիքին՝ մեր գեղեցկուհին ախտորոշումն իմանալու պահին ինքն էր հուսադրում իր մեծ ընտանիքի անդամներին՝ ասելով․ «Շուտ կլավանամ, որ դուք էլ չտխրեք»։
Հիմա էլ՝ հիվանդության բուժման դժվար ճանապարհն անցնելիս՝ մեր Թամարիկն անընդհատ ասում է ընտանիքի՝ Աստված պապիկին խնդրել եմ, որ շուտ լավանամ։
Մեր ակտիվ գեղեցկուհին սիրում է պարել, նկարել։ Նա նաև շա՜տ լավ զրուցակից է, և հատկապես սիրում է երկար զրույցներ ունենալ հորաքրոջ հետ։ Իսկ երկար ու հետաքրքիր ժամանակ անցկացնելու հարցում մեր Թամարան միշտ ընտրում է տատիկին ու պապիկին։
Մեր ուժեղ աղջիկն արդեն մեկ ամիս է, ինչ մեծ քույրիկ է։ Մայրիկն այժմ զբաղվում է փոքր դստեր՝ Հասմիկի խնամքով, իսկ Թամարան էլ հորաքրոջ ու տատիկի հետ է անցնում հիվանդության հաղթահարման ճանապարհով։
Հոկտեմբերի 9-ին մեր Թամարան 5 տարեկան կդառնա։ Ծննդյան առթիվ նա սրտանց ցանկանում է մի մե՜ծ, վարդագույն, երկտեղանոց մեքենա ունենալ, որպեսզի այն վարի, իր խոսքերով ասած, փոքր քույրիկին որպես ուղևոր կողքին դնելով։
Միացե՛ք մեզ՝ նշելու Թամարայի գալիք 5-ամյակը՝ օգնելով մեզ իրականացնել նրա երազանքը: Ձեր աջակցությունը կարող է ժպիտների, հույսի և երջանիկ պահերի առիթ դառնամ մեր քաջ փոքրիկ աղջկա համար:
2023-10-04
Տարեդարձ է այսօր, և հենց այսօր է, որ երազանքները իրականանում են։ Մեր Թամարան այսօր, բուժման ընթացքում առաջացած բարդությունները հաղթահարելով, ժամանակավոր դուրս գրվեց հիվանդանոցից և իր երազանքների վարդագույն մեքենայով, փոքրիկ քույրիկի ուղեկցությամբ, մեկնեց տուն՝ նշելու տարեդարձը։
Անչափ շնորհակալ ենք մեր բարեկամ Անահիտի ընտանիքին և ընկերներին՝ Թամարայի օրը տոն դարձնելու համար։
Իսկ ծննդյան առթիվ մեր ձագուկին բոլորիս մաղթանքը մեկն է՝ առողջություն։
2023-10-09