Ծանոթացեք մեր 12-ամյա Դավիթի հետ Երևանից։
Նրա ամենասիրելի զբաղմունքը ընկերների հետ տեսնվելն է․ միասին զբոսնել, տարբեր թեմաներ քննարկել, ասել-խոսել-ծիծաղել․․․
Մինչև բուժումը սկսելը նա անդադար ֆուտբոլ էր խաղում բակում ընկերների հետ՝ ընդհատելով այդ կարևոր զբաղմունքը միայն շատ ուշ երեկոյան ու միայն մայրիկի՝ ընթրելու գնալու երկար հորդորներից հետո։ Ի տարբերություն խաղալու՝ ֆուտբոլ նայելը Դավիթն այդքան էլ չի սիրում, փոխարենը հաճույքով հետևում է բոքսի և լողի մրցումներին։
Լինելով չափազանց ընկերասեր՝ նա հասցրել է շատ ընկերներ ձեռք բերել նաև Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժվելու ընթացքում /հատուկ բարևներ Տիգրանին, Ատոմին ու բոլոր մյուսներին/։ Իրեն ընկեր է համարում նաև կենտրոնի հոգեբան Արևիկին, որի հետ ժամերով զրուցում է ու նույնիսկ կիսվում իր գաղտնիքներով։
Մեր հոգատար տղան շատ է կարևորում միմյանց օգնելու գաղափարը ու հարկ եղած պահին միշտ իր օգնությունն է առաջարկում տատիկ-պապիկներին ու բոլոր նրանց, ովքեր տվյալ պահին այդ օգնության կարիքը գուցե ունենան։
Ֆիլմերի մասին խոսելիս Դավիթը նշում է, որ շատ է սիրում հատկապես մարտաֆիլմեր ու պատերազմների մասին պատմական դրամաներ։ Դիտած ֆիլմերի հիման վրա նա փիլիսոփայորեն եզրակացնում է․ «Պատերազմը շատ վատ բան ա։ Միշտ պետք ա խաղաղություն լինի․․․», հետո ընդմիջում է ու ծանր հոգոցով ավելացնում․ «․․․բայց չի լինում․․․»։
Դավիթը հստակ կողմնորոշվել է ապագա մասնագիտության հարցում․ խոհարար է դառնալու ու արդեն սկսել է հմտանալ հատկապես աղցանների ու մսային ուտեստների պատրաստման գործում։ (Անհամբեր սպասելու ենք նրա խոհարարական գլուխգործոցները համտեսելու պահին։)
Դավիթը շատ ուրախ կլինի նվեր ստանալ հեծանիվ։
2022-03-23
Հիմնադրամի սիրելի ընկերների շնորհիվ մեր ուժեղ Դավիթն էլ արդեն հեծանիվ ունի։
Ե՛վ եղանակը, և՛ այն հանգամանքը, որ Դավիթն օրեր առաջ ավարտել է հիմնական բուժումը, շատ են տրամադրում երկար հեծանվային զբոսանքների։
Անչափ շնորհակալ ենք մեր բարեկամներին, որոնք մշտապես կանգնած են մեր երեխաների կողքին։
2022-05-27