Ծանոթացեք մեր 10 տարեկան Հայկի հետ Վայոց Ձորի մարզից։
Մեր Հայկի սիրելի զբաղմունքը նկարելն է։ Սիրում է հիմնականում եկեղեցիներ նկարել, և դրանցից ամենասիրելիները փակցնել իր սենյակի պատերին։ Հայկը սիրում է նաև բնություն, և իր նկարներում հաճախ նաև բնություն է պատկերում։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ մեր համեստ տղան շատ շփվող չէ, սակայն հերիք է միայն տեսնել նրան իր մոտ ընկերների շրջապատում, և այդ կարծիքից վերջնական կհրաժարվեք։
Հայկը շա՜տ է կապվում իր ընկերների հետ։ Օրինակ՝ Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալիս նա այնքան է մտերմացել Ինգայի, Արմենի և Ալեքսի հետ, որ նույնիսկ տանը գտնվելու օրերը չի կարողանում առանց նրանց հետ հեռախոսով զրուցելու անցկացնել։
Բուժման ընթացքը մեր Հայկը շա՜տ հանգիստ է տանում։ Նա գիտի, թե ինչ ընթացք ունի իր բուժումը, և նույնիսկ ինքն է մայրիկին հուսադրում՝ ասելով, որ շուտով այս փուլն էլ է ավարտվելու։
Հայկը վստահում ու սիրում է իր բժշկներին և հատկապես՝ Գրիգոր Վարդանյանին, և եթե երբեմն նույնիսկ բուժման բարդություններով պայմանավորված՝ ախորժակ չի ունենում, իր սիրելի բժիշկ Գրիգոր Վարդանյանի հետ զրույցից հետո անպայման ուտում է՝ արագ ապաքինվելու համար։
2023-09-06
Շնորհիվ անանուն մնալ ցանկացած մեր ընկերների, մեր Հայկն արդեն ունի իր երազանքների հեծանիվը։
Հոգաչափ շնորհակալ ենք մեր բոլոր հոգատար նվիրատուներին՝ մեր փոքրիկների կողքին լինելու համար։
2023-11-08