Մարտի 30, 2021
Մեր սիրելի Արմենի խնդրանքով ներկայացնում ենք նրա նամակը (առանց խմբագրման)․
«Ես պարզապես զանգեցի և խնդրեցի, որ նա ինձ այցելի, և նա չմերժեց։ Իհարկե, հասկանում եմ՝ չմերժեց, քանի որ ես մի փոքր հիվանդ եմ և բուժման կուրս եմ անցնում․ ես դա գիտակցում եմ, սակայն դա միայն սկզբում։ Հետո մենք ընկերացանք և սկսեցինք հաճախ շփվել, և դա արդեն հաստատ կարող եմ ասել այն պատճառով, որ նա ինձ ընկալեց, և ես նրան հետաքրքիր եղա, դե նա ինձ համար՝ առավել ևս։ Նա իմացավ իմ վաղեմի երազանքի մասին և մի ակնթարթում այն իրականացրեց։ Ես այժմ ունեմ իր նվիրած կիթառը՝ վրան մակագրված «Գարիկից Արմենին»։ Այո՛, նա Գարիկ Պապոյանն է ձեր աչքերով, իսկ ինձ համար շատ պարզ, համեստ, էներգիայով լեցուն, հոգատար․․․ Գարիկը։ Այլ կերպ ասած՝ մարդ բառի բուն իմաստով։ Ես անչափ շնորհակալ եմ, որ կաս այս աշխարհում և իմ կյանքում։ Դու աստղ չես, դու մարդ ես, որն ավելի արժեքավոր է, քան հայտնի լինելը, քանի որ հայտնի դառնալը րոպեների հարց է, իսկ մարդ մնալը՝ դաժան և երկար հոգևոր աշխատանք։
Ես նաև շնորհակալ եմ Գոռ Սուջյանին, Արամ ՄՊ3-ին և Արուս Տիգրանյանին իրենց մեծ սրտի և պարզ տեսակի համար և չեմ վախենա նրանց բնութագրել «իմ նոր ընկերներ»։ Եվ քանի որ ես չկամ այս վիրտուալ աշխարհում, և սա եզակի հնարավորություն է ինչ-որ բան ասել համացանցի միջոցով, ուզում եմ ասել, որ ինձ և իմ պես շատերին պետք չէ փնտրել սոցցանցերում․ մենք գոյություն ունենք իրականությունում․ մենք իրական ենք, իսկ դա, հավատացեք, ավելի հզոր է, քան այս ամբողջ կեղծիքը։ Փնտրեք մեզ այստեղ, և դուք էլ վերադարձեք իրական աշխարհ՝ իրական ժպիտների, արցունքների, զայրույթի և զարմանքի, կարոտի ու նվիրվածության աշխարհ։
Եվ միշտ հիշենք․ «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»։
Իմ սիրելի բժշկուհիներ ու բժիշկներ ջան,
իմ սիրելի քույրեր ու մաքրասերներ,
իմ Ալիսա, իմ ընկերներ,
իմ Սիթի օֆ Սմայլ,
բոլոր իմեր, և այս ամենը տպագրող իմ Տոմա․
ես ձեզ բոլորիդ շաաաատ շնորհակալ եմ և շատ սիրում եմ։
Դուք իմ իրական աստղերն եք, որ ամեն օր հույսի պես վառվում եք երկնքում և արևի պես ջերմացնում։
Մի հասարակ տղա, բայց իմ իրականությունում՝ Ամիգո, Արմեն ջան, Սիմպատյագ, Խելոք, Քայլուչի և շուտով Վազուչի Արմեն․․․»