Հայաստանում կստեղծվի մանկական առաջին պալիատիվ ծառայությունը
Հայաստանում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կգործի մանկական պալիատիվ ծառայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հրավիրված ասուլիսում հայտնեց «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը՝ հիմնադրամը ԱՄՆ-ի Սուրբ Հուդա մանկական քաղցկեղի հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ կատարում է նախագծային աշխատանքները:
«Սուրբ Հուդա հիվանդանոցի հետ համագործակցությամբ այսօր արդեն կատարվում են առաջին մանկական պալիատիվ բաժանմունքի նախագծային աշխատանքները: Շինարարությունը կսկսենք մոտավորապես հուլիսին: Մեծ հույսեր ունենք, որ մինչև այս տարվա ավարտը կկարողանանք բացել բաժանմունքը: Դա շատ կարևոր է, քանի որ առաջինն է լինելու Հայաստանում: Նման բաժանմունք ունենալու կարիքը շատ մեծ է»,-ասաց Դեմիրճյանը:
Բաժանմունքը կգործի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տարածքում: Դեմիրճյանը կարևորեց, որ պալիատիվ ծառայությունները մանկական քաղցկեղի բուժման ցանկացած կենտրոնների մի մասը կազմեն:
© 2019 Armenpress