Նրանց մասին

by admin

Այսօրվա մեր փոքրիկ հերոսը 3-ամյա Արտյոմն է։
Արտյոմը շատ ընկերասեր, զվարթ ու կյանքով լի բալիկ է։ Նրա սիրելի զբաղմունքները բնության գրկում վազվզել, թռվռալ ու ավազներով խաղալն են։ Շատ է սիրում նաև ջուրը ու ամռանը դժվարությամբ է բաժանվում իր լողավազանից։
Մեր համով տղան հիացմունքով հետևում է կենդանական աշխարհին, հատկապես շատ է սիրում վագրերին, ինչպես իսկական, այնպես էլ խաղալիք։ Ընդհանրապես նա փափուկ խաղալիքների մեծ հավաքածու ունի ու շատ է սիրում դրանցով խաղալ։
Գույներից Արտյոմը նախընտրում է ինչպես վառ դեղինն ու կարմիրը, այնպես էլ զուսպ սևը: Նա նաև սիրում է մուլտֆիլմներ դիտել և հաճույքով հետևում է Կապույտ տրակտորի, Փոքրիկ Գնացքի և Մաուգլիի արկածներին։
Արտյոմը սիրում է բոլոր գույների ու չափերի ավտոմեքենաները՝ լինեն դրանք հեռակառավարման վահանակով, մեխանիկական, ձեռքով թե ոտքերի օգնությամբ քշվող։ Այս բոլոր տեսակների մեքենաներից նա արդեն ունի, բայց հիմա երազում է մեծ մեքենայի մասին, որի մեջ կկարողանա նստել ու վարել։

24/06/2020

Մեր այսօրվա հերոսը 13-ամյա Զոհրաբն է Արմավիրից։
Մեր բարի տղան մեծ հաճույքով հաճախում է դպրոց, որտեղ նրա ամենասիրելի առարկաները հայերենն ու եզդիերենն են։ Քանի որ ընտանիքի անդամները տանը երկու լեզուներով էլ հաղորդակցվում են, Զոհրաբը շատ լավ տիրապետում է երկուսին էլ։
Դասերից հետո էլ շտապում է տուն, որ ընկերների հետ ֆուտբոլ, պահմտոցի և այլ բակային խաղեր խաղա։ Նա շատ է սիրում խաղալ նաև իր քույրիկի և եղբոր հետ, հիմնականում սեղանի խաղեր։
Զոհրաբի ընտանիքը տարբեր ընտանի կենդանիներ ունի` հավ, կով, ցուլ, բայց Զոհրաբն ամենից շատ իրենց ավանակին է սիրում ու շատ է ցանկանում մոտ ժամանակներում նաև ձի ունենալ։
Մեր նպատակասլաց տղան որոշել է իր պապիկի պես ոստիկան դառնալ ու ապահովել բոլորի անվտանգությունը։
Զոհրաբի սիրտը լեռներում է, և նա անհամբեր սպասում է` երբ է տուն վերադառնալու ու վերսկսելու իր զբոսանքները սարերում։
Նաև այդ նպատակով մեր Զոհրաբը երազում է հեծանիվ ունենալու մասին։

17/06/2020

Ծանոթացեք մեր 3-ամյա Ջեսիկայի հետ Բյուրեղավանից:
Նրա անունը ընտրելիս ծնողները երկար տատանվել են Ջեսիկա և Կատալինա անունների միջև, և, ի վերջո, ընտրությունը կանգ է առել Ջեսիկա անվան վրա, որը շատ է համապատասխանում մեր գեղեցկուհուն:
Ջեսիկան, ի տարբերություն իր տարիքի աղջնակների մեծամասնության, չի սիրում խաղալ տիկնիկներով և ավանդաբար «աղջկական» համարվող այլ խաղերով ու խաղալիքներով: Փոխարենը նա կոտրում է բոլոր կարծրատիպերը և նախընտրում է խաղալիք մեքենաները ու զենքերը:
Մեր քաղցր աղջիկը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ընթացքում ամենաշատը կարոտում է իր ավագ եղբորը, որի հետ նրանք ժամեր շարունակ տարբեր խաղեր են խաղում ու չեն ձանձրանում:
Նա վառ արտահայտված դերասանական ձիրքով է օժտված, հաճախ իր խաղալիքների օգնությամբ փոքրիկ ներկայացումներ է բեմադրում և ցանկանում է դերասանուհի դառնալ:
Ջեսիկան երազում է 2 անիվով «մեծական» վարդագույն հեծանիվ ունենալու մասին:

03/06/2020

Հ. Գ. Նույնիսկ ֆիզիկապես շատ հեռու լինելու դեպքում բարի մարդիկ տարբերակներ են գտնում` մեր երեխաների երազանքներն իրականացնելու համար։
Գեղեցկուհի Ջեսիկան արդեն վայելում է իր երազած հեծանիվը մեր հայրենակից Վիկ Իսմաիլյանի շնորհիվ։
Մեր Ջեսիկան նվեր ստացավ նաև իր սիրած մեքենաներից ու վիտամիններով հարուստ մրգերի մի մե՜ծ զամբյուղ, որի պարունակությամբ մայրիկի հետ որոշեցին կիսվել Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող նաև մյուս բալիկների հետ։
Շատ շնորհակալ ենք Վիկին մեր գրառմանն արձագանքելու ու մեր քաղցր աղջկա ցանկությունն իրագործելու համար։
Հատուկ շնորհակալություն Վիկի ընկերներից Աշխենին` նվերի հանձնման գործընթացը կազմակերպելու համար։

20/06/2020

Այս շաբաթվա մեր հերոսուհին 2-ամյա Էլեոնորան է։
Էլյան շատ թիթիզիկն է, նախընտրում է շորիկներ հագնել ու անպայման համադրում է հագուստը մազակալների հետ։ Նա հատկապես խնամքով պատրաստվում է ծննդյան տոնակատարություններին, որ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում նշում են մյուս բալիկների հետ․ նա պնդում է, որ մայրիկն իրեն սիրուն շորիկ հագցնի, որ գնա ու հոբելյարի համար «իչի բըրդեյ թու յու» երգի։
Մեր ուրախ աղջիկը ունի խաղալիքների մե՜ծ հավաքածու, բայց ամենից շատ սիրում է խաղալ տիկնիկներով։ Նա նաև շատ բժշկական գործիքներ ունի, ու բոլոր տիկնիկները պարբերաբար «բուժում» են ստանում բժշկուհի Էլեոնորայի կողմից:)
Չնայած մեր խիզախ գեղեցկուհին դեռևս արտասվում է ներարկումներ ստանալիս, բայց սովորել է այդ ընթացքում ինքն իրեն հանգստացնել՝ ասելով «վերջ, վերջ, վերջացավ», իսկ վերջում էլ թեև հուզված, բայց անպայման շնորհակալություն է հայտնում բուժքրոջը․․․
Մեր Էլյան շատ է սիրում կտրտած թղթերով խաղալ, գույներից էլ նախընտրում է հատկապես մանուշակագույնն ու վարդագույնը։
Նա երազում է ունենալ հեծանիվ, որպեսզի․ «Էլանիկը լավանա, հեծանիվ քշի»:

27/05/2020

Այսօր կպատմենք ձեզ մեր 5-ամյա Լիլիայի մասին Արցախից։
Մեր գեղեցկուհին ամենաշատը սիրում է տուն-տունիկ խաղալ, իսկ ամենասիրելի տիկնիկներն էլ ԼՕԼ տիկնիկներն են։ Նա վարպետորեն տարբերում է օրիգինալ ԼՕԼ տիկնիկը կեղծից, իսկ ԼՕԼ-երի հավաքածուն էլ այնքան մեծ է, որ որոշել է այս տարվա տոնածառը զարդարել բացառապես դրանցով։
Լիլիան առողջ սննդի սիրահար է և շատ է սիրում միրգ ու բանջարեղեն ուտել․ հատկապես հաճույքով ըմբոշխնում է բրոկոլի և կանաչ ոլոռ և մայրիկին գրեթե ամեն օր խնդրում է իր համար դրանք գնել։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ընթացքում մեր քաղցր աղջիկը շատ է կարոտում իր ապերիկին ու հայրենի Արցախի իրենց տունը։ Անհամբեր սպասում է՝ երբ է բուժումն ավարտելու, որ վերադառնա Արցախ և «Տատիկ-Պապիկ» («Մենք ենք, մեր սարերը») արձանի մոտ պիկնիկի մասնակցի իր ընտանիքի հետ։
Լիլիան շատ վառ երևակայություն ունի, հիանալի նկարում է ու երազում է բալետի պարուհի դառնալ։ Յուրաքանչյուր երեկո էլ նա անպայման ամփոփում է օրը (հատկապես, եթե այն հիշարժան է եղել)՝ նշելով «Էսօր շատ լավ օր էր» ու շնորհակալություն հայտնելով իր հարազատներին։ Մեր Լիլիայի երազանքն է ունենալ իսկական բատուտ, որպեսզի ամբողջ օրը թռվռալու համար բազմոցը փոխարինի դրանով։))

20/05/2020

Այսօրվա մեր հերոսուհին 1 տարեկան Ելենան է:
Մեր փոքրիկը պատրաստ է ողջ օրը մուլտֆիլմեր նայել ու բոլորովին չձանձրանալ: Նրա ամենասիրած մուլտֆիլմերն են «Մաշան և արջը», «Ֆիքսիկները» և «Կապույտ տրակտորը»:
Ելենկան անսահման սիրում է իր 3-ամյա եղբորը և հրճվում է նրա հետ խաղալիս. վերջինս էլ ավագ եղբոր հոգատարությամբ ուրախացնում է փոքրիկ քույրիկին՝ նրա դիմաց թռվռալով, պարելով ու վազվզելով:
Մեր գեղեցկուհին ավանդական խաղալիքներ չի սիրում, փոխարենը կոնֆետներով է խաղում և երբեմն հասցնում է խորամանկություն անել և, ծակելով կոնֆետի թուղթը, միջուկը ուտել: Նա ուրիշ չարաճճիություններ էլ է անում, օրինակ՝ չի թողնում, որ իր դեմքին բժշկական դիմակ դնեն, քաշում է թելը տատիկի հելունագործության ընթացքում ու ծիծաղում…
Ելենան շատ է սիրում նաև երաժշտություն լսել?, հատկապես հայկական պարային երգեր, որոնց ներքո ոչ միայն պարում է, այլև նույնիսկ քնում: Նա նաև իր փոքրիկ ձեռքերով հաճույքով դաշնամուր է «նվագում» Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների խաղասենյակում:
Մեր քաղցրիկը երազում է իր մանկական դաշնամուրն ունենալու մասին ու շա՜տ ուրախ կլինի, եթե նվերը նրան մատուցեն հենց Մաշան և արջուկը:

08/04/2020

Հ. Գ. Անգամ այս ծանր շրջանում բարի մարդկանց շնորհիվ մեր բալիկների երազանքները շարունակում են իրականանալ։
Մեր փոքրիկ Ելենկան արդեն վայելում է իր նոր դաշնամուրը, որը նրան սիրով նվիրել է իր 12-ամյա անվանակիցը՝ Ելենա Խունդիբեկյանը, ԱՄՆ Լա Քրեսենթա համայնքից։
Անչափ շնորհակալ ենք Ելենային և նրա ընտանիքին` մեր փոքրիկ գեղեցկուհու երազանքն իրականացնելու համար։

06/05/2020

Շարունակում ենք ներկայացնել մեր երեխաների երազանքները, ու այսօրվա մեր հերոսը 5-ամյա Գոռն է:
Գոռը հաճույքով դիտում է «Մաշան և արջը» մուլտֆիլմը, բայց գրքեր ավելի շատ է սիրում, ու թեև դեռ չի կարողանում ինքնուրույն կարդալ, բայց շա՜տ սիրելի հեքիաթներ ունի ու դժվարանում է առանձնացնել որևէ մեկը:
Գոռը հաստատ որոշել է իր պապիկի պես խոհարար դառնալ, ու իր պատրաստած ամենահամեղ տոլման առաջինը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի Հոգեսոցիալական ծառայության ղեկավար Ալիսային է հյուրասիրելու: Նա շատ է սիրում նաև իր բժիշկ Իսկանյան պապիկին:) և բժշկուհի Մերիին:
Մեր քաջ տղան տարվա եղանակներից ամենաշատը ամառն է սիրում, որովհետև ամռանը գնում է Սիսիանի շրջանի իր հարազատ գյուղ՝ Լոր: Իր խոսքերով՝ նա դեռ փոքր է հող մշակելու համար, բայց փոխարենը կարող է ամբողջ օրը բակում խաղալ: Գոռը հպարտությամբ նշեց, որ գիտի, որ հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանն էլ է այդ գյուղում ծնվել, ու պարզվեց, որ նրանք նույնիսկ ազգակցական կապ ունեն:
«Ուզում եմ գլուխս բուժվի, ես լավանամ ու, եթե ստացվի, գնամ Իտալիա». երազկոտ նշում է մեր տղան, հետո ավելացնում, որ, իհարկե, կորոնավիրուսի համաճարակից հետո:
Մինչ այդ:) Գոռը երազում է ունենալ մեծ մեքենա, որի մեջ կկարողանա նստել ու ինքնուրույն քշել:

01/04/2020

Հ. Գ. Բարի մարդկանց շնորհիվ երազանքներն իրականանում են նույնիսկ արտակարգ դրության պայմաններում…
Մեր Գոռն արդեն մեծ ու գեղեցիկ կարմիր մեքենա ունի, ինչի համար շատ շնորհակալ ենք մեր գրառմանը արձագանքած ու մեր քաջ տղայի ցանկությունը կատարած Նաիրա Սարգսյանին:

07/04/2020

Այսօր կպատմենք մեր 4-ամյա ամաչկոտ Էլենի մասին:
Մեր գեղեցկուհին շատ է սիրում ձեռքի աշխատանքներ. խաղում է պլաստիլինով, կինետիկ ավազով, իսկ վերջերս էլ հատկապես հաճույքով ավազով նկարներ է պատրաստում ու հայրիկից ամեն օր նորն է խնդրում:
Պլաստիլինից պատրաստում է զամբյուղ, մրգեր, արև… ու միշտ նաև Ձմեռ պապիկ, որովհետև շատ է սիրում Ամանորն ու անհամբեր սպասում է՝ երբ է բարի պապիկը կրկին գալու ու իր համար շա՜տ նվերներ բերելու:
Էլենը մուլտֆիլմերի փոխարեն հաճույքով հետևում է փոքրիկ վլոգեր Նաստյայի և նրա հայրիկի արկածներին ու ամենաշատը սիրում է այն թողարկումները, որտեղ փոքրիկ աղջնակը պատմում է իր խաղալիքների մասին:
Մեր ժպտերես Էլենը երեք քույրերից կրտսերն է ու շատ է ուրախանում, երբ ավագ քույրիկները իր համար հեքիաթներ են կարդում: Հեքիաթներից ամենասիրելին «Կարմիր գլխարկ»-ն է, որը պատրաստ է անդադար լսել, բայց միշտ խնդրում է, որ գայլի վտանգավոր:) գործողությունների մասերը բաց թողնեն ու չկարդան. վախենում է:
Էլենը սիրով խաղում է նաև բժշկական գործիքներով ու հաստատ որոշել է ԴՈԿՏՈՐ դառնալ ու բոլոր բալիկներին բուժել: 
Բժշկի մասնագիտության մեջ էլ ավելի հմտանալու համար Էլենը շատ է ցանկանում ունենալ բժշկական գործիքների հավաքածու: Նա նաև երազում է հեծանիվ ունենալու մասին: 

25/03/2020

Հ. Գ. Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք հիմնադրամի սիրելի բարեկամ Սևան Ավագյան-Քալենդերյանը կրկին պատրաստակամություն էր հայտնել իրականացնել մեր բալիկներից մեկի երազանքը․ նրա շնորհիվ մեր գեղեցկուհի Էլենն արդեն վայելում է իր նոր հեծանիվը։
Անակնկալները դրանով չսահմանափակվեցին․ մոսկվայաբնակ մեր հայրենակցուհի Ելենան նույնպես բազմաթիվ գեղեցիկ նվերներ էր պատրաստել մեր քաղցր աղջկա համար։
Շատ շնորհակալ ենք տիկին Սևանին և տիկին Ելենային՝ մեր Էլենին շատ ժպիտներ պարգևելու համար։

08/06/2020

Ծանոթացեք մեր 6-ամյա Աիդայի հետ։
Աիդան շատ է սիրում Լեգո կոնստրուկտորներ հավաքել ու շատ գեղեցիկ պալատներ ու ամրոցներ է կառուցում։ Մեր համով աղջիկը նաև հաճույքով տուն-տունիկ է խաղում իր երկու տարեկան քրոջ հետ, թեպետ, նրա խոսքերով, քույրիկը երբեմն շատ է բղավում ու խաղալիքները թափրտում։
Մեր գեղեցկուհու ամենասիրելի հեքիաթը «Ոսկե ձկնիկ»-ն է, բայց եթե ինքն էլ ոսկե ձկնիկ բռներ, երեքի փոխարեն միայն մեկ ցանկություն կասեր` առողջություն բոլորին։
Մուլտֆիլմերից Աիդուլը նախընտրում է «Մաշան ու արջը», «Պեպպա խոզուկը» և «Ռապունցելը», և մենք որոշել ենք իրավիճակը հանդարտվելուց հետո անպայման միասին լապտերիկներ բաց թողնել երկինք։
Աիդուլը ջերմությամբ է խոսում իր բժշկուհի Լալա Վաղարշակյանի մասին ու շա՜տ է կարոտում իր ընկերուհիներ Արևիկին, Սոնային, Թամուշին ու Ջուլիանային, որոնց հետ ծանոթացել ու մտերմացել է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ընթացքում։ Նրանք հիմա էլ ուշիուշով հետևում են միմյանց բուժման փուլերին և ոգևորում իրար։
Աիդան երազում է ունենալ Ռապունցել տիկնիկ, մանկական դաշնամուր և մանր դետալներով կոնստրուկտոր։

18/03/2020

Այս շաբաթվա մեր փոքրիկ հերոսը 3-ամյա Ռազմիկն է Արմավիրի մարզից։
Ռազմիկը չափազանց շարժուն ու էներգիայով լի բալիկ է: Մեզ հետ զրուցելու ընթացքում նա անընդհատ թռվռում, տեղում պտտվում ու մեզ միրգ էր հյուրասիրում:)), ու նրան այդ հարցում չէր խանգարում նույնիսկ այդ պահին միացված դեղորայքը։
Մեր համով տղան զրույցի հենց սկզբում նշեց, որ ինչ իր մազիկները թափվել են, իր գլուխը նմանվել է հայրիկի սափրված երեսին։)) Աշխարհում ամենաշատը հենց հայրիկին է սիրում ու շատ է տխրում բաժանվելիս։
Ազատ ժամանակ հաճույքով նայում է «Մաշան և արջը» ու «Դե’, սպասիր» մուլտֆիլմերը, խաղում է ֆուտբոլ և հեծանիվ է քշում։
Ռազմիկը սիրում է նաև խաղալ իր փոքրիկ եղբոր հետ ու օգնել մայրիկին ապերիկի խնամքի հարցերում։
Ռազմիկը երազում է ստանալ մեծ կապույտ մեքենա, որի մեջ կկարողանա նստել ու վարել… ու ծաղիկներ տատիկի համար:))

11/03/2020

Հ. Գ. Մեր սիրելի գործընկեր Երազանք ՀԿ-ի շնորհիվ մեր Ռազմիկի ցանկությունն էլ իրականացավ․ նա նվեր ստացավ իր երազած մե՜ծ մեքենան, որով հասցրեց բազում պտույտներ գործել Արյունաբանական կենտրոնի առաջին հարկում։
Անչափ շնորհակալ ենք Երազանք ՀԿ-ին և անձամբ գեղեցկուհի Լիանա Ասոյանին՝ մեր համով տղային շատ երջանիկ պահեր պարգևելու համար։

15/06/2020

Այս չորեքշաբթիի մեր հերոսը 19-ամյա Արթուրն է Արցախից։
Մեր բարի տղան Շուշիում ձեռք է բերել սանտեխնիկի որակավորում, սակայն ժպիտով հիշում է, որ դասամիջոցներին պարբերաբար գնում էր կա՛մ ապագա պատշարների պարապմունքներին, կա՛մ զոդողների, բայց ամենից հաճույքով դասամիջոցներին հետևում էր փայտամշակման խմբի աշխատանքներին։ Ինքն էլ որոշակի հմտություններ ունի արդեն․ կարողանում է փայտից բաժակներ պատրաստել։
Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում բուժում ստանալու ընթացքում Արթուրը գրեթե ամեն օր այցելում է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի երեխաներին, որտեղ նրանք միասին հետաքրքիր խաղեր են խաղում և ուրախ պատմություններ են միմյանց պատմում։
Արթուրը քիմիաթերապիայի նախորդ կուրսի ժամանակ իրեն լավ չէր զգացել, և այս անգամ նախապատրաստվում և տրամադրվում է երաժշտության օգնությամբ․ հատկապես սիրում է ռետրո երգեր, իսկ ֆիլմերից էլ նախընտրում է պատմական ժանրի գործերը։
Արթուրը իր ծնողների հինգ զավակներից կրտսերն է։ Նա բուժման ընթացքում անսահման կարոտում է իր հարազատներին և հայրենի գյուղը ու անհամբեր սպասում է՝ երբ է տուն վերադառնալու։
Արթուրի ցանկությունն է լավացնել փայտամշակման ու կավագործության հմտությունները և խորացնել անգլերենի գիտելիքները։

04/03/2020

Ծանոթացեք մեր 10-ամյա Հայկի հետ Սիսիան քաղաքից։
Հայկը միայն բոլորովին վերջերս՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժումը սկսելուց հետո է հետաքրքրվել մուլտերով և հեռախոսային խաղերով։
Բայց նրա իրական տարերքը եղել և մնում է բնությունը։ Դասերից հետո նա բոլոր այլ զբաղմունքների փոխարեն հաճույքով զբաղվում է հողագործությամբ․ մշակում է այգին, ջրում է իր տնկած վարդերը, հասմիկները և այլ ծաղիկները։ Կենդանիներից հատկապես սիրում է ճագարներին և պանդաներին (որոշել ենք ապրելու հարմար պայմաններ ունենալու դեպքում պանդաներ բազմացնել Հայաստանում), իսկ մրգերից՝ հյութալի տանձը։ Իդեալական ճաշկերույթն էլ նրա համար դաշտում կարագ-հավկիթ-թարխուն ուտելն է ու երբեմն (թաքուն) գինի խմելը։ Նա նաև շատ է սիրում ձկնորսությամբ զբաղվել և հենց գետի ափին համեղ պատրաստել ու վայելել ձուկը։
Հայկը, իր խոսքերով, նաև լավ օղի է թորում թթից, սալորից, սև ծիրանից և տանձից․ ինքը հավաքում ու մշակում է հումքը, իսկ հայրիկն էլ նրան այդ գործում օգնում է։
Մեր խիզախ տղան ուզում է բժիշկ դառնալ, բայց նեղ մասնագիտացման հարցում դեռ չի կողմնորոշվել։
Հայկը երազում է ունենալ սինթեզատոր ու արդեն գիտի՝ որ հայկական երգերն է առաջինը նվագել սովորելու։

26/02/2020

Հ.Գ. Արտակարգ դրության պայմաններում անգամ մեր երեխաների երազանքները շարունակում են իրականանալ:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհիվ իրականացավ մեր Հայկի՝ սինթեզատոր ունենալու մե՜ծ ցանկությունը: Հայկի և Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ներկայումս բուժում ստացող այլ բալիկների անվտանգությունից ելնելով՝ պարոն Մուրադյանը նվերը անձամբ բերելու փոխարեն փոխանցել էր Հայկոյին:
Անչափ շնորհակալ ենք պարոն Մուրադյանին՝ մեր պայծառ տղային երջանիկ պահեր պարգևելու համար:
Անհամբեր կսպասենք Հայկի կատարումները վայելելուն:

14/05/2020

Այս շաբաթվա մեր հերոսը 5-ամյա Նվերն է Վարդենիսից։
Ամենաջերմ ժպիտով մեր համով տղան մեծ հաճույքով նախապատրաստվում է դպրոցին. շատ է ուզում ռուսերեն սովորել, ոգևորված գրում է տառերի ու թվերի մասնիկները ու, հպարտորեն ցուցադրելով կատարված աշխատանքը, մեկնաբանում է. «որ դպրոցում լավ սորվեմ»: 
Նվերիկը շատ է սիրում իր բժշկուհի «ՍՆավիկովնային» (Լուսինե Սլավիկի Հակոբյան) ու իր բուժման ընթացքը հետևյալ կերպ է պատկերացնում. «Սնավիկովնան կուղարկի տուն, հետո կգամ հիվանդանոց, կգնամ, էլի կգամ, հետո մի հատ էլ կգնամ տուն… ու էլ չեմ գա…»
Նա համոզված է, որ առողջանալու հարցում էական նշանակություն ունի ճիշտ սննդակարգը («կարևորը իմ ուտելն ա») ու անպայման հնդկաձավարով փլավ է ուտում շաբաթական մի քանի անգամ` միաժամանակ երազելով ամառվա ու ձմերուկի և վանիլային պաղպաղակի մասին։
Նրա ամենասիրելի զբաղմունքներն են նկարելն ու երգելը, հատկապես «Հմայակ» երգը:)))
Մեր խիզախ տղան ցանկանում է «Լենջեռ» (Ranger) դառնալ, որ «մարդիկին օգնի»:
Նվերը երազում է մեքենա-մահճակալ ունենալու մասին, որի պարտադիր պայմանը ֆունկցիոնալ լուսարձակներն են։

19/02/2020

Հ. Գ. Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի սիրելի բարեկամը, որը կրկին ցանկացավ անանուն մնալ, իրականացրեց մեր յուրահատուկ Նվերի շատ արտասովոր երազանքը:
Համոզված ենք՝ իր նոր մեքենա-մահճակալում քնելիս մեր Նվերոն կտեսնի միայն բարի ու գունեղ երազներ:
Շնորհակալ ենք մեր ընկերոջը Հիմնադրամի ու մեր երեխաների կողքին լինելու համար:

26/05/2020

Այս շաբաթվա մեր փոքրիկ հերոսը 2 տարեկան Գեորգին է։
Գեորգիի ամենասիրելի զբաղմունքը լեգոներով ու փայտե խորանարդներով խաղալն է։ Նա նաև հաճույքով խաղում է մեքենաներով և մոտոցիկլետներով, ընդ որում՝ դրանք հստակ տարանջատված են՝ ըստ գույնի․ մեքենաները պետք է կարմիր լինեն, իսկ մոտոցիկլետները՝ «Շև»։
Մեր Գեորգին շա՜տ մաքրասեր ու կոկիկ տղա է․ անպայման հավաքում է իր բոլոր խաղալիքները, գետնին ընկած բոլոր իրերը վերցնում ու դնում է իրենց տեղը, հագուստը երբեք չի կեղտոտում, և, լինելով շատ զգուշավոր, վտանգավոր գործողություններ երբեք չի անում։
Գեորգին կենդանիներից սիրում է արջուկներին, խոզուկներին։ Նա կարող է ժամերով ուշադիր հետևել, թե ինչպես են ակվարիումի մեջ լողում ձկնիկները, ու միշտ մեծ հոգատարությամբ կերակրում է նրանց։ Սակայն նրա ամենասիրելի կենդանին մնում է կովիկը կամ Գեորգիի լեզվով ասած՝ «բժո»-ն։
Մեր խիզախ տղան մուլտֆիլմերից նախընտրում է տարբեր լեզուներով գույները սովորեցնող, զարգացնող մուլֆիլմերը և, իհարկե, սուպերհերոսների մասին պատմությունները։ Հատկապես սիրում է Սարդ-մարդուն (Սպայդերմեն), որին մանկական պարզությամբ անվանում է ուղղակի «Մարդուկ»։
Երազում է հանդիպել Մարդուկի (այսինքն՝ Սպայդերմենի) հետ և նրա կողմից նվեր ստանալ խաղալիք հենց Սպայդերմեն։

12/02/2020

Հ. Գ. Մեր փոքրիկ Գեորգիի երազանքն էլ իրականացավ Սերգեյ Շահբազյանի շնորհիվ։ Սերյոգը:) Ստեփանավան քաղաքից, երկար ճանապարհ կտրելով, եկել էր Երևան հատուկ մեր համով տղայի հետ ծանոթանալու ու նրան ուրախացնելու համար։ Նրան ուղեկցում էր Գեորգիի սիրելի «մարդուկը»` Սարդ-Մարդը, և նրանք միասին Գեորգիի համար շա՜տ նվերներ էին բերել. խաղալիքներ, կոնֆետներ ու բազմագույն փուչիկներ` բոլորը Սպայդերմենի նկարներով։
Սերյոգը ծանոթացավ նաև Գեորգիի ընտանիքի անդամների հետ, և համոզված ենք, որ այդպիսով սկիզբ դրվեց նոր ու շատ ջերմ ընկերության։
Անչափ շնորհակալ ենք Սերյոգին մեր քաջ Գեորգիին շա՜տ ժպիտներ պարգևելու համար։

19/03/2020

Ծանոթացեք մեր 5-ամյա Կասիանայի հետ։
«Աստղազարդ գիշեր» նշանակող յուրահատուկ անունով մեր աղջնակի երկու ամենասիրելի զբաղմունքները նկարելն ու հեռախոսով խաղալն է։ Ըստ տրամադրության՝ նրա «կտավները» կամ միայն սև գույնով են նկարված լինում, կամ շա՜տ վառվռուն ու բազմագույն։ Հեռախոսային խաղերից հատկապես սիրում է մեքենաների մրցարշավները, վիրտուալ ճակատամարտում ծավալված ռազմական գործողությունները, իսկ ամենաշատը սիրում է բիլիարդ ու միշտ հաղթում է և՛ իր հայրիկին, և՛ հայրիկի ընկերներին:)
Մեր գեղեցկուհին հետաքրքիր նախընտրություններ ունի նաև ուտելիքի հարցում․ բացարձակ չի ուտում միս, փոխարենը շա՜տ է սիրում տապակած կարտոֆիլ և ցանկացած փլավ, որոնք անպայման ըմբոշխնում է թթու վարունգով և այլ թթվեցված բանջարեղենով։ Թեև Կասիանան նաև չափազանց քաղցրակեր է, բայց նա մեծագույն հաճույքով կարող է նաև ամբողջական կիտրոններ ուտել։
Կասիանան նախկինում ուզում էր ուսուցչուհի դառնալ, բայց հիվանդանոցում հայտնվելուց հետո հաստատ որոշել է՝ բժշկուհի է լինելու, որպեսզի բալիկներին առանց ցավեցնելու կատետր տեղադրի ու անպայման բուժի։
Մեր համով աղջիկը ուրախ կլինի տեսնել Hello Kitty կամ Minnie Mouse կերպարներին և նվեր ստանալ խոհանոցային խաղալիք պարագաներ, բայց ամենակարևոր պայմանը, որ նվերը լինի շատ գեղեցիկ փաթեթավորված։

29/01/2020

Այս շաբաթ կպատմենք մեր համարյա 2 տարեկան Ալենի մասին Սպիտակ քաղաքից։
Ալենը ոչ միայն իրենց ընտանիքի հինգ երեխաներից ամենակրտսերն է, այլև մեր #wednesdaymeetourheros շարքի ամենափոքրիկ հերոսը։
Ալենի ամենասիրելի զբաղմունքը իր հայրիկի և զույգ եղբոր՝ Արենի հետ խաղալն է։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժվելու ընթացքում նա շա՜տ է կարոտում Արենին, ու նրանց ոչ հաճախակի հանդիպումները շատ սիրառատ են անցնում՝ լի գրկախառնություններով, պաչիկներով և միայն իրենց հասկանալի լեզվով երկար զրույցներով։
Մեր Ալենչոն շատ է սիրում խաղալ գնդակներով, թղթերով, ինչպես նաև կաթսաներով, գդալներով և շերեփներով։) Նրա սիրելի «խաղալիքներն» են նաև իր բժշկուհիներ Ռուզաննա Պապյանի և Աննա Ավագյանի բեյջերը, որոնք Ալենը ամեն շրջայցի ժամանակ «խլում» և չի վերադարձնում։
Մեր համով տղան նաև մեծ հաճույք է ստանում «տաշիկ» անելուց և երաժշտություն հիշեցնող ցանկացած հնչյուն լսելիս սկսում է ակտիվ պարել։
Ալենի հերոս մայրիկը, որը, ի դեպ, արդեն նաև թոռնիկ ունի, երազում է եղանակը տաքանալուն պես իր զույգ փոքրիկներին (նկարը` մեկնաբանություններում) միասին զբոսանքի տանելու մասին, և նաև այդ նպատակով մեր համով տղան շատ ուրախ կլիներ ունենալ հեծանիվ (ծնողի կողմից վարելու բռնակով)։

22/01/2020

Հ.Գ. Մեր սիրելի գործընկեր Երազանք ՀԿ-ն պատրաստակամություն էր հայտնել իրականացնել նաև մեր հերոսներից ամենափոքրիկի` Ալենի երազանքը. Ալենն ու նրա զույգ եղբայր Արենն արդեն հեծանիվներ ունեն։
Նվերի հանձնման ընթացքում մեր Ալենչոն հասցրեց գերել բոլոր գեղեցկուհիների սրտերը, ու նրանք պայմանավորվեցին շուտով կրկին հանդիպել։
Շատ շնորհակալ ենք Երազանք ՀԿ-ին մեր համով տղայի ցանկությունը կատարելու համար։

07/03/2020

2020թ․ մեր առաջին հերոսը 3-ամյա Լիլիթն է։
Լիլիթիկը ունի անփոխարինելի ու անբաժանելի ընկեր՝ Կուկու անունով տիկնիկը։ Նա Կուկուի հետ զբոսնում է, Կուկուին համեղ ուտելիքներով կերակրում է և նրան ամուր գրկած է քնում։ Կուկուն հաճախ հանդես է գալիս նաև պացիենտի դերում, երբ Լիլիթիկը ստանձնում է բժշկի դերը և «բուժումներ» է իրականացնում բժշկական խաղալիք գործիքներով (պացիենտ Կուկուի նկարը կարող եք տեսնել մեկնաբանություններում)։
Լիլիթը ազատ ժամանակ զարգացնում է նաև իր խոհարարական հմտությունները՝ խաղալիք խոհանոցում տորթ թխելով և նույնիսկ խորոված պատրաստելով։
Մեր նուրբիկ աղջիկը շատ է սիրում նաև հետաքրքիր հաղորդումներ ու ֆիլմեր դիտել, հատկապես Բուբա պապիկի և Մաշայի ու արջի արկածների մասին պատմող մուլտֆիլմերը։ Նա նաև մեծ եղբայր ունի, որի հետ շատ սիրով խաղում են․․․ առաջին երեսուն րոպեն։)))
Ինչքան էլ տարօրինակ է հնչում, բայց մեր Լիլիթիկը հաճույքով է գալիս Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն՝ այն անվանելով «պուպուշ» հիվանդանոց, որտեղ նրա ամենասիրելի «պուպուշ» բժիշկը Սամվել Իսկանյանն է։
Մեր գեղեցկուհին երազում է ունենալ վարդագույն հեծանիվ, անպայման զամբյուղով, որը, ինչպես հասկանում եք, նախատեսված է Կուկուի նստելու համար։

15/01/2020

Հ. Գ. «Երազանք» ՀԿ-ի և նրանց ընկերների շնորհիվ իրականացավ նաև մեր Լիլիթիկի երազանքը․ նա արդեն ունի վարդագույն հեծանիվ՝ տիկնիկ Կուկուի համար առանձնացված հատուկ զամբյուղով։
Շատ շնորհակալ ենք մեր սիրելի գործընկերոջը Լիլիթի երազանքն իրականացնելու և նրան պարգևած ուրախ պահերի համար։

25/02/2020

Ծանոթացեք մեր 11-ամյա Արենի հետ Վանաձոր քաղաքից։
Մեծ աչքերով մեր բարի տղան տարբերվում է իր հասակակիցներից հասունությամբ․ նրա ամենասիրելի զբաղմունքը շախմատ խաղալն է, իսկ մուլտֆիլմներ նա այլևս չի սիրում։ Փոխարենը հաճույքով դիտում է ֆիլմեր, հատկապես սուպերհերոսների մասին, որոնցից ամենաշատը սիրում է Թորին և ուզում է նրա պես ուժեղ լինել։
Արենը մեծ հաճույքով է դպրոց հաճախում, դասերին երբեք անպատրաստ չի ներկայանում, իսկ առարկաներից էլ ամենաշատը մաթեմատիկան և անգլերենն է սիրում։ Ի դեպ, մեզ հետո հուշեցին, որ մեր համեստ տղան նաև մաթեմատիկայի բազմաթիվ մրցույթների և օլիմպիադաների հաղթող ու մրցանակակիր է։ Նա երազում է դառնալ ճարտարապետ ու կառուցել շա՜տ բարձր շենքեր, ամենաքիչը՝ 10-12 հարկանի։
Համակարգչով ու պլանշետով խաղալու փոխարեն մեր խելացի տղան նախընտրում է գիրք կարդալ ու էլ ավելի հարստացնել գիտելիքների իր պաշարը։ Իսկ հեռուստացույցով էլ հատկապես հաճույքով հետևում է խոհարարական հաղորդաշարերին (թեպետ ուտել առանձնապես չի սիրում, միայն թփով տոլմա ու սպիտակ շոկոլադ է հաճույքով ուտում) և այն տեսանյութերին, որտեղ ցույց են տալիս՝ ինչպես կարելի է անպետք իրերին նոր շունչ տալ՝ դրանք ձևափոխելով։
Արենը երազում է ունենալ հեծանիվ ու իր տարիքին համապատասխան մանր դետալներով լեգո կոնստրուկտոր։

27/11/2019

Հ․ Գ․ Մեր խելացի Արենի երազանքն էլ իրականացավ մեր հավատարիմ բարեկամ Խաղաղության քաղաք հաղորդաշարի աջակից Fertility Center-ի շնորհիվ՝ ի դեմս Էդուարդ Համբարձումյանի։ 
Մեր խիզախ տղան նոր տարին իր նոր հեծանիվով կդիմավորի։
Անչափ շնորհակալ ենք Պտղաբերության կենտրոն-ին և Խաղաղության քաղաք ՀԿ-ին` Արենի երազանքն իրականացնելու և նրան ուրախացնելու համար։

17/12/2019

Այս շաբաթվա մեր հերոսը 5-ամյա Աշոտն է Գավառից։
Թեև Աշոտը դեռ դպրոց չի գնում (ու առանձնապես չի էլ ուզում գնալ), բայց արդեն խաղալիք համակարգչով սովորել է տառերի մեծ մասը ու հաշվել 1-ից մինչև 100-ը։
Ինչպես գրեթե բոլոր տղաները, նա նույնպես մեքենաների սիրահար է, հատկապես սև ու կապույտ գույների։ Մեքենաների մակնիշներից ամենաշատը սիրում է Նիվա-ն, ու համոզված է, որ ուժեղ գազ տալու դեպքում Նիվա-ն ոչնչով չի զիջում Ֆեռարի-ին։
Շատ է սիրում իր տատիկի պատրաստած գաթան, իսկ Երևանում էլ բուլկի կամ ջուր առնելիս անպայման մանրը գցում է մեր հիմնադրամի հանգանակության արկղիկի մեջ (ի դեպ, կոչ ենք անում հետևել նրա օրինակին):
Մեր համով տղայի ամենասիրելի խաղալիքները բժշկական գործիքներն ու հեքիաթի գրքերն են։
Հանդիպման ժամանակ Աշոտը պնդեց, որ իրեն «պարոն գենեԼաՌ»-ով դիմենք, իսկ խոսակցությունն էլ մի պահ ընդմիջեց` զանգելով իր «աշխատող»-ին ու հրահանգելով «շտապ նստել ուղղաթիռ ու թռնել գործի տեղ»:
Մեր գեներալ տղան երազում է ունենալ մե՜ծ տնակ (անպայման դռան զանգով), որտեղ կկարողանա խաղալ ու ցանկության դեպքում ուղղակի թաքնվել։

20/11/2019

Հ. Գ. Հիմնադրամի լավ բարեկամը, որը ցանկացավ անանուն մնալ, իրականացրեց նաև մեր Աշոտի երազանքը։ Այժմ մեր համով տղան օրվա մեծ մասն անցկացնում է իր տնակում, որտեղ տեղափոխվել են նաև նրա բոլոր խաղալիքները։
Անչափ շնորհակալ ենք մեր ընկերոջը Աշոտիկի երազանքն իրականացնելու ու նրան ոգևորություն ու շատ երջանիկ պահեր պարգևելու համար։

21/01/2020

Այս շաբաթ կպատմենք ձեզ մեր խիզախ Գագիկի մասին Գյումրիից։
Գագիկի սիրելի զբաղմունքը ավազով, պլանշետով և PlayStation-ով խաղալն է, ինչպես նաև հեծանիվ քշելը։ Նա բոլորովին չի սիրում նկարել, իսկ ներկելու հետ կապված էլ նշում է․ «ես պուճուր երեխա չեմ, որ ներկեմ»։
Գագիկի տարերքը տարբեր տեսակի ու չափերի տրանսպորտային միջոցներն են․ մեծ ու փոքր մեքենաներ, մոտոցիկլետներ, կվադրոցիկլներ․․․ Համակարգչային խաղերից էլ ամենաշատը մեքենաների մրցավազքին վերաբերողներն է սիրում։ Հաստատ որոշել է, որ երբ մեծանա, հայրիկի համար ամենամե՜ծ մեքենան է գնելու։
Մեր ուժեղ տղան շատ լավ է լողում և անհամբեր սպասում է, թե երբ է լիովին ապաքինվելու, որ նորից ընտանիքով ծովափ գնան։
Գագիկը հաճույքով նայում է ռուսական մուլտֆիլմերը և շատ է սիրում Արամ MP3-ի կատարումները, հատկապես «Ալաբալանիցա»-ն, որը լսելիս նաև ակտիվ ձայնակցում ու պարում է։
Մեր համով տղան երազում է մե՜ծ հեծանիվ ունենալ և հանդիպել Ազիզյաններ սիթքոմի Ազատի (Բորիս Բաղդասարով) հետ։

06/11/2019

Հ․ Գ․ Մեր հավատարիմ գործընկեր Լիլիթ Համբարձումյանի ղեկավարած Խաղաղության քաղաք ՀԿ-ի շնորհիվ միաժամանակ իրականացան մեր քաջ և՛ Էդմոնդի, և՛ Գագիկի երազանքները. Բեթմեն Էդմոնդը պայքարում է չար հերոսների դեմ նաև իր նոր ուղղաթիռով, Գագիկն էլ վայելում է իր նոր ՄԵ՜Ծ հեծանիվը։
Անչափ շնորհակալ ենք գեղեցկուհի Լիլիթին մեր տղաների երազանքներն իրականացնելու համար։

21/12/2019

Այս շաբաթ կպատմենք մեր 9-ամյա Լիլիի մասին Կոտայքի մարզից։
Դպրոցում գերազանց սովորող մեր աղջիկը ամենաշատը սիրում է մաթեմատիկա և անգլերեն առարկաները։ Նույնիսկ բուժում ստանալու ընթացքում Լիլին դասերն անուշադրության չի մատնում, պարապում է հայոց լեզու և մաթեմատիկա, որպեսզի դպրոցական ծրագրից շատ բան բաց չթողնի։
Բոլոր երաժշտական ժանրերից մեր գեղեցկուհին նախընտրում է հատկապես ազգագրական երաժշտությունը ու հաճույքով լսում է Ներսիկ ու Արաբո Իսպիրյանների կատարումները։
Լիլիի տարերքը նկարելն է․ նա նկարչական խմբակ է հաճախում, ամենից շատ սիրում է պատկերել բնությունը՝ աշխատելով և՛ մուգ, և՛ վառ գույներով, ու հաստատ որոշել է հիմնական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում ու ձեռք բերել ոճաբան-նկարչուհու մասնագիտություն, որը նա մտադիր է համատեղել փրկարարի պատասխանատու ու կարևոր աշխատանքի հետ։
Մեր նպատակասլաց աղջիկը միշտ խիզախորեն հաղթահարում է խոչընդոտները ու սիրում է ամեն հարցում առաջինը լինել (համոզված ենք՝ նա իր բոլոր նպատակներին հասնելու է)։
Լիլին երազում է ունենալ նկարչական պրոֆեսիոնալ պարագաներ ու նյութեր (մասնավորապես՝ յուղաներկ, գուաշ․․․), ինչպես նաև իսկական մարդու նման տիկնիկ (նա նշեց, որ բոլորովին չի սիրում Բարբի տիկնիկները)։

30/10/2019

Հ․ Գ․ Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք հիմնադրամի բարի ընկեր Երազանք ՀԿ-ն` Լիանա Ասոյանի գլխավորությամբ, իրականացրեց մեր շահառուներից ևս մեկի` մեր Լիլիի երազանքը։
Մեր գեղեցկուհին արդեն ունի իր ուզած տիկնիկն ու նկարչական շատ պարագաներ, որոնց շնորհիվ կարող է ազատություն տալ իր երևակայությանը։
Աղջիկները հանդիպման ընթացքում շատ էին մտերմացել, և Լիլին նրանց նաև իր ծննդյան 10-ամյակին էր հրավիրել, որին սրտատրոփ սպասում էր ամիսներ շարունակ։
Շատ շնորհակալ ենք Երազանք ՀԿ-ին Լիլիի երազանքն իրականացնելու և նրան շատ երջանիկ պահեր պարգևելու համար։

12/12/2019

Այսօր ձեզ կպատմենք մեր 6-ամյա Արամի մասին Տավուշի մարզի Կողբ գյուղից։
Բուժումը ստանալու ընթացքում Արամն ամենաշատը կարոտում է «թաղի երեխոնց» հետ պահմտոցի, «հալա-մուլա» և «պոբեդա» (պարզվեց՝ «գործնագործ» խաղը նաև այդ անունով է հայտնի) խաղալը։
Նախկինում Արամն ուզում էր երգիչ դառնալ, իսկ այժմ մտափոխվել է․ որոշել է՝ ոստիկան է լինելու։ Ու չնայած մտադրությունը փոխելուն, նա միևնույնն է՝ հաճույքով է հետևում երաժշտական նորություններին ու հատկապես սիրում է Միհրան Ծառուկյանի կատարումները։
Մեր համով տղան մուլտֆիլմերից ամենաշատը սիրում է «Նու, պօգօդի»-ն (Ну, погоди!) և Մաշայի ու արջի արկածների մասին պատմող մուլտսերիալը։ Մեր հարցին, թե արդյոք կան ուրիշ մուլտֆիլմեր, որ Արամը հավանում է, նա կտրուկ պատասխանեց «մինն էլ ա» (մայրիկի օգնությամբ հասկացանք, որ քաղցր բարբառով ասվածը նշանակում է, որ էլ սիրած մուլտֆիլմ չունի)։
Արամն անհամբեր սպասում է ապաքինվելուն, որ իր անչափ սիրելի քաղցրեղենը վայելի, ինչքան սիրտը կամենա։ Արդեն ցուցակ է կազմել, թե որ ուտելիքը որից հետո է ուտելու։ Առաջին տեղում ձմերուկն է, «երկրորդ գործն էլ»՝ պաղպաղակը։ Նրա հետ ամբողջ ամառ ձմերուկ չի կերել նաև մայրիկը, բայց մեր տղան մեծահոգաբար թույլ էր տվել մայրիկին սեխ ուտել, որովհետև ինքը սեխ չի սիրում:)
Արամը երազում է ունենալ հեծանիվ, որ հայրենի գյուղում երեխոնց հետ քշի:

09/10/2019

Հ․ Գ․ ԱՄՆ-ից ժամանած մեր սիրելի ընկերներ Սևան և Գևորգ Կալենդերյանների շնորհիվ իրականացավ մեր բալիկներից ևս մեկի՝ մեր համով Արամի երազանքը։ Արամն իր նոր հեծանիվով հասցրեց մի քանի պտույտ գործել Արյունաբանական կենտրոնի միջանցքներում, ու նույնիսկ տվյալ պահին դեղ ընդունելը այդ կարևոր գործին չկարողացավ խանգարել։ Տիկին Սևանը զրուցեց նաև Արամի մայրիկի հետ ու գոտեպնդեց նրան՝ հորդորելով ուժեղ ու տոկուն լինել։
Մեր բարեկամները, նախապես տեղեկանալով, թե Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի խաղասենյակում ինչ պարագաների կարիք կա, բազում նվերներ էին պատրաստել նաև խաղասենյակի ու մեր բոլոր մյուս երեխաների համար։ Վերջում էլ տիկին Սևանը, գունավորելով Երևանի քարտեզի վրայի սրտիկը, նշեց, որ իր սիրտն է թողնում այստեղ, և խոստացավ շուտով կրկին վերադառնալ։
Անչափ շնորհակալ ենք շատ սիրելի Սևանին և Գևորգին մեր խիզախ Արամի ցանկությունն իրագործելու, ինչպես նաև հիմնադրամին ու մեր բալիկներին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։

24/10/2019

Ծանոթացեք մեր 7-ամյա Արենի հետ Արցախից։
Մեր համով տղան, որի համար ներկայումս տնային ուսուցում է կազմակերպված, անհամբեր սպասում է դպրոց գնալուն, որտեղ շատ հաճույքով կշարունակի հատկապես տեխնոլոգիայի, կերպարվեստի և, իհարկե, շրջակա աշխարհին վերաբերող դասընթացները։ Ընդհանրապես մեր հոգատար Արենը շատ խնամքով է վերաբերվում բնությանը և ամեն ինչ անում է այն մաքուր պահելու համար։
Ազատ ժամանակ Արենը սիրում է խաղալ բակում ընկերների հետ, իսկ համակարգչով էլ նախընտրում է ֆուտբոլի մասին մուլտեր նայել ու խաղեր խաղալ, մասնավորապես՝ Super Striker խաղը: Նրա ամենասիրած խաղալիքները կոնստրուկտորներն են, ինչպես նաև տարբեր չափերի մեքենաներն ու նավերը։
Արենն անհամբեր սպասում է, թե երբ է մեծանալու, որ իր մայրիկի համար մեքենա գնի։
Մեր վճռական տղան նաև հաստատ որոշել է դառնալ նախագահ ու մեր հարցին, թե ինչ կանի այդ պարագայում, առանց վարանելու պատասխանեց․ «Ի՜նչ կուզեմ, կանեմ․․․ դե, բացի գողությունից»։ 
Երևանում Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստանալու ընթացքում Արենը շատ է կարոտում հարազատ Արցախը, որտեղ ամենաշատը Դեդո-Բաբո հուշարձանն է սիրում («Մենք ենք, մեր սարերը»)։
Մեր համով արջուկը շատ է ցանկանում ունենալ գունավոր լույսերով անիվներով ինքնագլոր (самокат)։

02/10/2019

Հ․ Գ․ Բարի մարդկանց շնորհիվ իրականացավ նաև մեր համով Արենի երազանքը։
Արենն արդեն ունի իր ուզած գունավոր լույսերով ինքնագլորը և նույնիսկ հասցրել է մի քանի պտույտ գործել Արյունաբանական կենտրոնի միջանցքներում։
Անչափ շնորհակալ ենք Մարիամ Սարգսյանին մեր բարի արջուկի ցանկությունն իրագործելու համար։

13/11/2019

Մեր այս շաբաթվա հերոսը 4-ամյա Հրաչն է Արարատի մարզի Արարատ գյուղից։
Մեծ աչքերով մեր համով տղայի ամենասիրելի զբաղմունքը շինարարական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված խաղալիք մեքենաներով խաղալն է, այդ թվում՝ կռունկներ, էքսկավատորներ, ամբարձիչներ, բեռնատարներ և այլն։ Հատկապես շատ է ուրախանում, երբ այս մեքենաները դեղին գույնի են լինում։
Հրաչը յութուբյան մասնագիտական ալիքներով հետևում է այս մեծ մեքենաների միջոցով իրականացվող իրական աշխատանքներին, հետո տեսած-յուրացրածը իր փոքրիկ մեքենաներով անպայման կիրառում բակում իր ծավալած մինի-շինարարության մեջ։
Տարվա եղանակներից նախընտրում է գարունը, որովհետև շատ է սիրում, երբ բնությունն արթնանում է ձմռան քնից, ծառերն էլ կանաչում ու ծաղկում են։ Իսկ կենդանիներից ամենաշատը սիրում է կապիկներին, քանի որ նրանք շատ զվարճալի են։
Հրաչը ավագ եղբայր ու քույր ունի․ եղբոր հետ միասին մեքենաներ են քշում, իսկ քույրիկի հետ տուն-տունիկ ու առօրյա կենցաղային իրավիճակներ պատկերող այլ խաղեր են խաղում․ «խանութ գնում», «ճաշ պատրաստում» և այլն։
Մեր համով տղան երազում է մե՜ծ բեռնատար խաղալիք մեքենա ունենալ և հանդիպել ուրախ ծաղրածուի հետ։

25/09/2019

Հ․ Գ․ Երազանք ՀԿ-ն` Լիանա Ասոյանի գլխավորությամբ, մեր շահառուներից ևս մեկին ոգևորելու ու ուրախացնելու պատրաստակամություն հայտնեց, և այս անգամ էլ նրանց շնորհիվ իրականացավ մեր հրաշք Հրաչի երազանքը։
Երազանք ՀԿ-ի հետ Հրաչին այցելած ծաղրածուն ուրախ կատակներով և խաղերով շատ զվարճացրեց մեր համովին: Այժմ էլ սիրուն աչուկներով մեր տղան ազատ ժամանակ խաղում է իր մեեծ «շինարարական» նոր մեքենայով։
Շատ շնորհակալ ենք Երազանք ՀԿ-ին Հրաչի ցանկությունն իրականացնելու և նրան շատ ուրախ պահեր պարգևելու համար։

15/10/2019

Այս շաբաթ կպատմենք մեր 7-ամյա Ավետի մասին Մարտունիից։
Ազատ ժամանակ Ավետը իր եղբայր Մարկի և ընկերների հետ սիրում է բակում խաղալ պահմտոցի, գործնագործ, գետնից բարձր, չլոցի և այլ «ավանդական» բակային խաղեր, ինչպես նաև բասկետբոլ և ֆուտբոլ։ Մեր համով տղան ուշի-ուշով հետևում է նաև համաշխարհային ֆուտբոլի զարգացումներին և երկրպագում է Կրիշտիանու Ռոնալդուին։
Ավետը շատ է սիրում կոմեդիաներ դիտել ու այդ ընթացքում միշտ բա՜րձր ձայնով ծիծաղում է։
Մեր ուրախ տղան նաև շատ է սիրում ռեստորաններ գնալ ու ակտիվ մասնակցում է կենացներ ասելուն։ Մեզ հետ զրույցի ընթացքում էլ առաջարկեց բաժակ բարձրացնել (այդ նպատակին ծառայեցին մատիտների դատարկ տուփերը) ու խմել «մեր երեխեքի կենացը, բարով տեսանք»:
Ավետն անհամբեր սպասում է դպրոց գնալուն ու վստահ է, որ ամենաշատը մաթեմատիկան է սիրելու։ Մեր հարցին, թե ում հետ կուզի հանդիպել ու ինչ կուզի ստանալ, առանց վարանելու պատասխանեց, որ կուզի նոր ընկերների հանդիպել ու եղբոր պես գովասանագիր ստանալ։
Հետո ավելացրեց. «Սպասի մտքումս մտածեմ, որ իրար չխառնվեմ» ու պարզվեց, որ նա շատ է ցանկանում հեծանիվ ունենալ։

18/09/2019

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհիվ իրականացավ նաև մեր Ավետի երազանքը. մեր համով տղան արդեն մի լավ հեծանիվ ունի, որին այդքան անհամբեր էր սպասում։ 
Պարոն Մուրադյանը չկարողացավ անձամբ նվերը հանձնել, բայց շուտափույթ ապաքինման շատ ջերմ մաղթանքներ էր ուղարկել մեր Ավետին:
Անչափ շնորհակալ ենք պարոն Մուրադյանին մեր խիզախ տղայի ցանկությունն իրագործելու ու նրան շատ ուրախացնելու համար։

30/11/2019

Ծանոթացեք մեր 10 տարեկան Էդմոնդի հետ Արագածոտնի Ոսկեթաս գյուղից:
Էդմոնդի սիրած սպորտաձևը ֆուտբոլն է, շատ լարված է հետևում հատկապես Բարսելոնա ֆուտբոլային ակումբի խաղերին և երկրպագում է, բնականաբար, Մեսսիին։ Դիտում է նաև ֆիլմեր ու մուլտֆիլմեր, ու երկու ժանրերում էլ սիրած պատմությունը ջունգլիաբնակ Տարզանի մասին է։
Մեր կապուտաչյա խիզախ տղան նախընտրում է հանգստանալ բնության գրկում, հետևել կենդանիներին ու թռչուններին։ Թռչուններից ամենաշատը սիրում է արծիվներին, աղավնիներին ու թութակներին ու հաստատ որոշել է, որ առողջանալուն պես թութակ է պահելու։
Էդմոնդի ամենա-ամենասիրելի զբաղմունքը նկարելն է։ Հատկապես մեծ հաճույքով գծանկարներ է անում։ Ընդհանրապես մեր համեստ տղայի ընտանիքում նկարում են գրեթե բոլորը․հաճախ ավագ քույրիկի հետ նկարչական մրցույթներ են կազմակերպում, որին երբեմն մասնակցում է նաև շնորհալի մայրիկը։
Էդմոնդը ցանկանում է ճարտարապետ դառնալ ու հաստատ որոշել է, որ իր նախագծած առաջին շենքը պիտի հենց 27 հարկանի լինի։
Երազում է ունենալ Բեթմենի հագուստ ու հեռակառավարման վահանակով ուղղաթիռ և հանդիպել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ։

11/09/2019

Հ․ Գ․ Մեր հավատարիմ գործընկեր Լիլիթ Համբարձումյանի ղեկավարած Խաղաղության քաղաք ՀԿ-ի շնորհիվ միաժամանակ իրականացան մեր քաջ և՛ Էդմոնդի, և՛ Գագիկի երազանքները. Բեթմեն Էդմոնդը պայքարում է չար հերոսների դեմ նաև իր նոր ուղղաթիռով, Գագիկն էլ վայելում է իր նոր ՄԵ՜Ծ հեծանիվը։
Անչափ շնորհակալ ենք գեղեցկուհի Լիլիթին մեր տղաների երազանքներն իրականացնելու համար։

21/12/2019

Այս շաբաթվա մեր փոքրիկ հերոսուհին 4-ամյա Լուիզան է Էջմիածին քաղաքից։
Մեր գեղեցկուհին շատ է սիրում խաղալ իր տիկնիկներով, խոսել ու խնամել նրանց։ Ի դեպ, տիկնիկներն անպայման քաչալիկ պիտի լինեն։ Նրա սիրելի զբաղմունքներն են նաև միկրոֆոնով երգելը և աշխույժ պարերը։ Հատկապես սիրում է վրացական երաժշտության հնչյունների ներքո պարել և ուրախանալ, ու անհամբեր սպասում է, թե երբ է գնալու պարի պրոֆեսիոնալ դասերի։
Լուիզիկի սիրած գույնը վառ դեղինն է, իսկ տարվա սիրած եղանակը՝ ձմեռը, երբ կարելի է թավալվել ձյան մեջ, ձնեմարդ պատրաստել ու ձնագնդիկ խաղալ։
Նա շատ է ցանկանում եղբայր ունենալ ու ծնողներին անընդհատ խնդրում է «խանութից ապերիկ բերել» իր համար։
Ներկայումս մեր համով աղջնակը գտնվում է պահպանողական բուժման փուլում, և շատ է կարոտում Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի իր բժիշկներին, հատկապես՝ Լուսինե Մարատի Քրմոյանին։ Լուիզան որոշել է ինքն էլ բժշկուհի դառնալ, որ կարողանա աշխարհի բոլոր բալիկներին բուժել։
Մեր պայծառիկը երազում է մեծ(!) հեծանիվ ունենալ, որ դրսում քշի ու իր քույրիկ Տաթևին իր հետ «տեղ տանի»։

04/09/2019

Հ. Գ. Մի շատ բարի աղջիկ, որը ցանկացավ անանուն մնալ, իրականացրեց նաև մեր քաղցրիկ Լուիզայի երազանքը։ Մեր գեղեցկուհին հենց սկզբից շատ վարժ վարեց իր նոր հեծանիվը և, ինչպես և խոստացել էր, անմիջապես իր հետ հեծանվային զբոսանքի տարավ իր փոքրիկ քրոջը։ Լուիզան և նրա քույրիկը նաև գեղեցիկ պայուսակներ նվեր ստացան, որոնց մեջ անպայման կտեղավորեն իրենց պետքական տարբեր պարագաներ։
Նվիրատուն անակնկալ նվերներ էր պատրաստել նաև Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող մեր երեխաների համար․ պայուսակներ, խաղալիքներ ու հետաքրքիր խաղեր։
Շատ շնորհակալ ենք նվերները հանձնած գեղեցկուհուն՝ և՛ Լուիզայի երազանքն իրականացնելու, և՛ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժվող մեր երեխաներին դրական պահեր պարգևելու համար։

17/10/2019

Ծանոթացեք մեր 5-ամյա Նարեկի հետ Վանաձոր քաղաքից։
Մեր արջուկը:)) շատ է սիրում լեգո կոնստրուկտորներ հավաքել, խոսել մայրիկի հեռախոսի փիսոյի հետ և խաղալ փոքրիկ մեքենաներով, որոնք անպայման պետք է երկաթից լինեն։
Ինչպես բոլոր երեխաները, Նարեկը նույնպես շատ է սիրում մուլտֆիլմեր դիտել ու հատկապես մեծ հետաքրքրությամբ հետևում է «Դե՛, սպասիր» (Ну погоди!) մուլտում գայլի և նապաստակի արկածներին՝ սրտատրոփ երկրպագելով նապաստակին։
Շատ հետաքրքիր երաժշտական ճաշակ ունեցող մեր համով տղայի ամենասիրելի երգը «Նորավանքի մոմերը» կատարումն է, մյուս սիրելի երգը նկարագրվեց որպես «Լալիլա», որի երգիչը մեր Նարեկի պես խուճուճ տղա է, ու Նարեկն էլ, հոլովակը նայելիս, շատ է կարոտում իր գանգուրները և անհամբեր սպասում է, թե երբ են իր մազերը կրկին երկարելու ու խուճուճանալու։ 
Մեր հարցին, թե ում հետ կուզեր հանդիպել, մեր զգացմունքային տղան առանց մի րոպե վարանելու պատասխանեց․ «մեր մանկապարտեզի Անիի»։ Պարզվեց, Նարեկը շատ է կարոտում Անիին ու անհամբեր սպասում է նրա հետ հաջորդ հանդիպմանը։
Նարեկը երազում է ունենալ դաշնամուր/ սինթեզատոր և կիթառ ու շատ լավ նվագել սովորել։

28/08/2019

Այսօր իրականացավ նաև մեր հրաշք Նարեկի երազանքը. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը շա՜տ նվերներով այցելեց Նարեկին։ Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում մեր համով տղան նվեր ստացավ ոչ միայն իր երազած երաժշտական գործիքները, այլև մի շատ լավ հեծանիվ, որը նա հմտորեն վարեց հենց առաջին իսկ րոպեից։
Անչափ շնորհակալ ենք պարոն Մուրադյանին մեր Նարեկի ցանկություններն իրագործելու ու նրան շատ ուրախ պահեր պարգևելու համար։

30/09/2019

Այս շաբաթ կպատմենք մեր 5-ամյա Արամի մասին։
Մեր ամաչկոտ տղան շատ է սիրում բնության գրկում լինել, առանձնապես խնամքով ու հոգատարությամբ է վերաբերվում կենդանիներին, գուրգուրում ու կերակրում է նրանց։
Ազատ ժամանակ Արամը նկարում ու ներկում է, պահմտոցի է խաղում ընտանիքի անդամների հետ և զվարճանում է երաժշտություն լսելով ու «ԱՐԱՄ-զամ-զամ» երգի հնչյունների ներքո պարելով։
Տարվա եղանակներից հատկապես սիրում է ձմեռը և անհամբեր սպասում է, թե երբ է ձյուն գալու, որպեսզի ձնագնդիկ խաղա ու ձնեմարդ պատրաստի։
Մեր խիզախ տղան երազում է ունենալ մեծ մոտոցիկլետ, ցանկալի է իր սիրելի կանաչ գույնի, որ հայրենի գյուղում քշի իր փոքր եղբոր հետ։ Երկար ժամանակ հիվանդանոցում անցկացնելուց հետո Արամը նաև մեծ ցանկություն ունի այցելել մանկական սրճարան և կարուսելներ։

21/08/2019

Հ․ Գ․ Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք հիմնադրամի հավատարիմ գործընկեր Խաղաղության Քաղաք Բարեգործական ՀԿ-ի շնորհիվ իրականացավ նաև մեր սիրելի Արամի երազանքը։ 
Մեր խիզախ տղան հրաշալի օր անցկացրեց մանկական այգում, լի՜քը կարուսելներ նստեց, ուրախ խաղեր խաղաց, և, իհարկե, նվեր ստացավ այդքան սպասված մոտոցիկլետը։
Շատ շնորհակալ ենք Խաղաղության քաղաք ՀԿ-ին և անձամբ Լիլիթ Համբարձումյանին կրկին մեր և մեր շահառուների կողքին լինելու ու մեր Արամիկի նվիրական երազանքն իրականացնելու համար։ Համոզված ենք՝ մեր հրաշք տղան, որը, ի դեպ, վերջերս է ավարտել բուժումը, մեծ հաճույք կստանա այդ գեղեցիկ ու հզոր մոտոցիկլետը վարելիս։

29/08/2019

Այս շաբաթվա մեր փոքրիկ հերոսուհին 2,5 տարեկան Մանեն է Լոռվա մարզից։
Մինչ հիվանդության ի հայտ գալը մեր փոքրիկ հրաշքը շատ աշխույժ, անընդհատ երգող և պարող բալիկ էր։ Բուժման փուլում նա նախընտրում է ավելի պասիվ ժամանցը և հատկապես հաճույքով նկարում ու ներկում է, ինչպես նաև խաղում է ավազով և կառուցում ավազե ամրոցներ։
Մանեն շատ է կարոտում հայրենի տունը, նրա ընտանիքն էլ անհամբեր սպասում է՝ երբ է նա առողջանալու, որ վերադառնա գյուղ։ Հենց գյուղում էլ Մանեն առաջին անգամ ձիեր է տեսել ու հիացել, և մինչ օրս այդ ազնվացեղ կենդանիները նրա ամենասիրելիներն են։
Երկար թարթիչներով մեր գեղեցկուհին, կոտրելով բոլոր կարծրատիպերը, չի խաղում տիկնիկներով և փոխարենը շատ է սիրում ավտոմեքենաներ «քշել»։
Մանեն երազում է ունենալ մանկական հեծանիվ և իր ընտանիքի բոլոր անդամների հետ միասին գնալ հեծանվային զբոսանքների։

07/08/2019

Հ․ Գ․ Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամի գործընկեր «Հույս միշտ կա» կազմակերպության շնորհիվ իրականացավ նաև մեր փոքրիկ Մանեի երազանքը։
Իր գեղեցիկ և հարմարավետ հեծանիվով նա արդեն պատրաստ է երկար հեծանվային զբոսանքների, առայժմ մայրիկի կամ հայրիկի օգնությամբ, իսկ հետագայում՝ նաև ինքնուրույն։
Շնորհակալ ենք «Հույս միշտ կա» կազմակերպությանը և անձամբ տիկին Անահիտին և տիկին Ռուզաննային՝ Մանեի երազանքն իրականացնելու համար։ Համոզված ենք՝ այս անակնկալը շատ կբարձրացնի մեր գեղեցկուհու տրամադրությունը։

20/08/2019

Ինչպես գիտեք, Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամը աջակցում է ոչ միայն երեխաներին, այլև մինչև 25 տարեկան երիտասարդներին։
Եվ այս շաբաթ ձեզ կպատմենք Գեղարքունիքի մարզում բնակվող մեր 21-ամյա Կարենի մասին։
Ազատ ժամանակ Կարենը շատ է սիրում կոմեդիաներ դիտել, նաև պարտադիր հետևում է լրահոսին, որովհետև ուզում է տեղեկացված լինել նոր իրադարձությունների մասին։
Երաժշտությունից նախընտրում է հայկական ազգագրական երգերը, հատկապես հաճույքով է լսում Ներսիկ Իսպիրյանի և Ռուբեն Սասունցու կատարումները։ Երաժշտական ճաշակի վրա ազդել է, թերևս, նաև այն հանգամանքը, որ Կարենի ընտանիքը արմատներով Մուշից է։
Կարենի ամենանվիրական երազանքը վերջնականապես առողջանալն է։ Նա նաև մեծ ցանկություն ունի ոսկերչության կամ խոհարարության դասընթացների մասնակցել՝ հետագայում աշխատաշուկայում պահանջված մասնագետ լինելու համար։

31/07/2019

Այսօր կպատմենք մեր 5-ամյա Գոհարիկի մասին։
Գոհարիկի ամենասիրելի զբաղմունքները սերտորեն կապված են երաժշտության հետ․ ազատ ժամանակ նա սինթեզատոր է նվագում, երգեր լսում ու քույրիկների հետ անդադար պարում։ Հատկապես շատ է սիրում երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի կատարումները և երազում է անձամբ հանդիպել Լիլիթի հետ։
Գոհարիկը նաև լավ նկարում է, և հենց նրա նկարած ուրախ նկարն էր ՀՀ վարչապետի տիկին, ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը վերջերս Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն այցի ժամանակ նվիրել կենտրոնին։
Մեր քնքուշ աղջիկը, ինչպես երևի արդեն կռահել եք, շատ է սիրում վարդագույն ու մանուշակագույն գույները, ինչպես նաև «թիթիզանալ» ու շպարվել մանկական կոսմետիկայով։ Երազում է ունենալ մանկական զարդասեղան՝ իր պարագաներով, որ առողջանալուց հետո գնա տուն ու քույրիկների հետ միասին երկա՜ր խաղա։

24/07/2019

Հ․ Գ․ Մեր բարի գործընկեր Խաղաղության քաղաք հաղորդաշարի և նրանց գլխավոր աջակից Fruits of Love Mission կազմակերպության շնորհիվ իրականացավ նաև մեր Գոհարիկի ցանկությունը․ նա նվեր ստացավ իր երազած վարդագույն զարդասեղանը՝ հետաքրքիր պարագաներով, և հիմա կարող է անդադար հարդարվել ու զարդարվել։
Մեգա Թոյս ընկերությունն էլ իր կողմից մեկ այլ անակնկալ նվեր մատուցեց մեր քաղցր աղջնակին՝ զարդեր պատրաստելու կախարդական հավաքածու։
Շնորհակալություն Խաղաղության Քաղաք Բարեգործական ՀԿ-ին, Fruits of Love Mission կազմակերպությանը և ՄեգաԹոյս ընկերությանը․ այս գեղեցիկ իրերը շատ ուրախացրին Գոհարիկին, և մենք էլ մեր գեղեցկուհու հետ միասին անհամբեր կսպասենք նրա բուժվելուն և տուն գնալուն, որպեսզի այնտեղ նա կարողանա իր քույրիկների հետ երկար խաղալ ու, իհարկե, նաև երգել ու պարել։ 

30/07/2019

Ծանոթացեք մեր 8-ամյա Գուրգենի հետ, որի մոտ 2018թ․վերջում ախտորոշվել է Յուինգի սարկոմա։
Մեր սիրառատ տղան շատ է սիրում իր հարազատներին, հատկապես մայրիկին, ում անդադար պաչիկներ է անում։
Գուրգենի երաժշտական ճաշակը արժանի է հատուկ ուշադրության․ նա նախընտրում է Ֆրենկ Սինատրա (Frank Sinatra), Ադել (Adele), ինչպես նաև բելգիացի Ստղոմայ (Stromae) կատարողներին, որոնց ստեղծագործությունները հեշտությամբ ինքնուրույն գտնում է համացանցում ու վայելում։
Շատ է սիրում նաև չարաճճի Մաշայի և համբերատար արջի մասին պատմող մուլտֆիլմաշարը և անպայման կարմիր մեքենաները։
Քանի որ Գուրգենը նաև աուտիզմ ունի, նա պարբերաբար աշխատում է լոգոպեդի հետ և շարունակական աշխատանքի շնորհիվ բավականին լավ արդյունքներ էր գրանցել, սակայն աշխատանքի մեջ ընդմիջումը բացասաբար է անդրադառնում նրա խոսքի զարգացման վրա, ուստի մեր Գուրգենի և նրա ընտանիքի անդամների մեծագույն ցանկությունն է կարողանալ շարունակել լոգոպեդի հետ դասընթացները։
Գուրգենը շատ ուրախ կլիներ նաև ունենալ հիշողությունն ու մտածողությունը զարգացնող տրամաբանական խաղեր ու փայտից խաղալիքներ։

17/07/2019

Հ. Գ. Մի խումբ սրտացավ մարդկանց շնորհիվ իրականացան նաև մեր Գուրգենի ցանկությունները: Մի գեղեցկուհի բժշկուհի, որը ցանկացավ անանուն մնալ, նրան հետաքրքիր զարգացնող խաղեր նվիրեց, իսկ մեր հավատարիմ գործընկեր Խաղաղության Քաղաք Բարեգործական ՀԿ-ն՝ ի դեմս մեր սիրելի Լիլիթ Համբարձումյանի, համալրեց մեր Գուգոյի խաղալիքների «պաշարը»:
Գուրգենին ու նրա ընտանիքին աջակցելու պատրաստակամության են հայտնել նաև «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն (“International Child Development Center” NGO), TMM – Սովորեցրու Ինձ Ավելին- Ուսուցման և Զարգացման Կենտրոն-Քոլեջը և There Is Always HOPE- Հույս միշտ կա բարեգործական կազմակերպությունը:
Անչափ շնորհակալ ենք բոլոր արձագանքողներին հոգատարության համար, համոզված ենք՝ միացյալ ուժերով և շարունակական աշխատանքի շնորհիվ շատ լավ արդյունքներ կգրանցենք Գուրգենի առողջական վիճակի բարելավման հարցում:

14/10/2019

Ծանոթացեք մեր գեղեցկուհի 12-ամյա Գառնիի հետ։
Յուրահատուկ անունով մեր աղջիկը ազատ ժամանակ հաճույքով հետևում է «յութուբեր»-ներին, որոնք անգլերենով նկարագրում են տարբեր համակարգչային խաղերի փուլերը և օգտակար խորհուրդներ տալիս դրանք հաղթահարելու համար։
Այս տեսանյութերի շնորհիվ Գառնին արդեն բավականին լավ տիրապետում է անգլերենի, որը, ի դեպ, դպրոցում նրա ամենասիրած առարկաներից է։ Նա նաև շատ է սիրում մաթեմատիկա առարկան, և նաև դրա արդյունքն է ապագա մասնագիտության նրա ընտրությունը՝ հաշվապահ։ Հաշվապահի աշխատանքին ստեղծագործական տարր ավելացնելու ձգտումով մեր պայծառ աղջիկը ցանկանում է այն համատեղել դիզայների կարիերայի հետ։
Հաշվապահ-դիզայներ մասնագիտացումները համատեղելուց բացի նա նաև կարողանում է մեկտեղել Minecraft, Roblox, PubG խաղերը և ԼՕԼ տիկնիկներով խաղալը։ Հույս ունի մի օր ԼՕԼ տիկնիկների մե՜ծ հավաքածու ունենալ։
Գառնին շատ է սիրում նկարել, հատկապես դիմանկարներ։ Նա նաև շատ լավ լուսանկարում է և ինքն իրեն համարում է իր քույրիկի «անձնական լուսանկարիչը»։
Լուսանկարչական հմտություններն էլ ավելի զարգացնելու համար մեր գեղեցկուհին երազում է ունենալ փիրուզագույն (անպայման հենց այս գույնի) ֆոտոխցիկ, որով, համոզված ենք, հրաշալի կադրեր է ստանալու։ 

10/07/2019

Հ․ Գ․ Բարի մարդկանց շնորհիվ իրականացավ նաև մեր Գառնիի երազանքը։ 
Խաղաղության քաղաք հաղորդաշարի գլխավոր աջակից Fruits of Love Mission կազմակերպությունը՝ ի դեմս նաիրա Մարտիրոսյանի, մեր գեղեցկուհուն նվիրեց փիրուզագույն «ակնթարթային» ֆոտոխցիկ, որով արված առաջին կադրից մեզ ժպտում են հենց Գառնին ու Նաիրան: 
Գառնին նաև հրաշալի օր անցկացրեց Սիթիզեն ժամանցի կենտրոնում և վառ տպավորություններով վերադարձավ տուն։ 
Անչափ շնորհակալ ենք Fruits of Love Mission-ին և Նաիրա Մարտիրոսյանին, ինչպես նաև Խաղաղության Քաղաք Բարեգործական ՀԿ-ի հիմնադիր Լիլիթ Համբարձումյանին արձագանքելու և մեր հրաշք Գառնիի ցանկությունը իրագործելու համար։
Անհամբեր կսպասենք Գառնիի կողմից այս ֆոտոխցիկով արված գեղեցիկ լուսանկարները տեսնելուն։ 

16/07/2019

Այս անգամ կպատմենք արտահայտիչ դիմագծերով մեր 7-ամյա Էլենի մասին։ 
Էլենը շատ է սիրում զբոսնել, գնալ շոփինգի և հիմա սպասում է, թե երբ է «լեյկոցիտներ ունենալու», որպեսզի բժիշկները թույլ տան վերսկսել զբոսանքները։ Նա նաև ունի LOL տիկնիկների մե՜ծ հավաքածու և վարպետորեն տարբերում է բնօրինակ տիկնիկները կեղծվածներից։
Ազատ ժամանակ մեր գեղեցկուհին հաճույքով հետևում է ռուսերեն լեզվով վարվող վլոգներին, և նաև դրա շնորհիվ է, որ արդեն շատ վարժ տիրապետում է ռուսերենի։ (Ի դեպ, նա շուտով պատրաստվում է ստեղծել և վարել հենց իր վլոգը։)
Էլենը շատ կապված է իր երկու ավագ եղբայրների հետ, որոնցից մեկը ծառայում է բանակում։ Մեր կատակասեր աղջիկը ծիծաղելով նկատում է, որ այժմ, երբ քիմիաթերապիայի հետևանքով իր մազերը թափվել են, էլ ավելի է նմանվել զինվոր եղբորը։
Էլենն անհամբեր սպասում է բուժման ավարտին, որից հետո որոշել է շնորհակալություն հայտնել և շա՜տ պինդ գրկել իր բժիշկ Գևորգ Թամամյանին։ 
Մեր խիզախ աղջնակը երազում է ունենալ կիթառ, որով կնվագի և զուգահեռ կերգի իր հորինած ուրախ երգերը։

03/07/2019

Հ․ Գ․ Խաղաղության Քաղաք բարեգործական ՀԿ-ի և Լիլիթ Համբարձումյանի շնորհիվ մեր Էլենի երազանքն էլ իրականություն դարձավ. իր նոր կիթառով նա արդեն կարող է նվագել ու երգել իր հորինած երգերը։ Համոզված ենք, որ մեր գեղեցկուհին նոր գլուխգործոցների հեղինակ է դառնալու։
Շատ շնորհակալ ենք Խաղաղության քաղաք ՀԿ-ին նորից մեր կողքին լինելու ու մեր սիրելի Էլենի երազանքն իրականացնելու համար։
Անհամբեր կսպասենք նրա կատարումները միասին վայելելուն։

03/08/2019

Այս շաբաթվա մեր հերոսը 6-ամյա Լյուսիյան է Արցախից։
Մեր գեղեցկուհին շատ կարգապահ և կոկիկ աղջիկ է ու չի սիրում, երբ իրերը թափթփված են լինում։ Մեծ հաճույքով խաղում է իր խոսող խելացի տիկնիկ Տանյուշայի հետ, որը նաև նրա մտերիմ ընկերուհիներից է։ Ազատ ժամանակ սիրում է նկարել, ներկել, ինչպես նաև աշխատել գիպսով և կավով։
Լյուսիյան անհամբեր սպասում է, թե երբ է վերադառնալու տուն, որտեղ նրան սպասում են ավագ քույրիկներն ու եղբայրը։ Շատ է կարոտում նաև իր սիրելի շանը՝ սևուկ Ջիմիին։ 
Նա մեզ շատ այլ բաներ էլ պատմեց, բայց նշեց, որ «это личное» («դա անձնական է»), մենք էլ խոստացանք ոչ մեկին չասել մեր քաղցր աղջկա գաղտնիքները։
Լյուսիյան շատ է ցանկանում ունենալ թևնոց պատրաստելու հավաքածու (նա ընդգծեց, որ «հավաքածուի մեջ անպայման պետք է լինեն նաև սրտիկներ ու զարդեր»), ինչպես նաև հանդիպել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ։ 
Իսկ նրա ամենաբաղձալի երազանքը մեծ ունեցվածք ունենալն է, որպեսզի այդ գումարով կարողանա մե՜ծ հիվանդանոց կառուցել, որտեղ բալիկներին չեն ցավեցնի ու որտեղ մե՜ծ բատուտ կլինի։ 
Մենք էլ հուսով ենք, որ մեր գեղեցկուհու բոլոր-բոլոր երազանքները կիրագործվեն։

19/06/2019

Հ․ Գ․ Սիթի օֆ սմայլ հիմնադրամի լավ ընկերների շնորհիվ իրականացան մեր Լյուսիայի նվիրական ցանկությունները։
Մեր քաղցր աղջիկն արդեն ունի թևնոց սարքելու տարբե՜ր հավաքածուներ, ինչպես նաև երաժշտական գործիքներ և լիքը այլ խաղալիքներ։
Անչափ շնորհակալ ենք մեր գեղեցկուհիներ Անիին, Ինեսային, Մարիային և Մերիին` Լյուսիյային շատ ժպիտներ պարգևելու համար։
Համոզված ենք, որ այդ գեղեցիկ նվերները հետաքրքիր ժամանց կապահովեն մեր սիրուն Լյուսիյայի համար, և նրա բուժման հերթական փուլն ավելի սահուն կընթանա։

28/06/2019

Ծանոթացեք մեր 11-ամյա Ռուբենի հետ Ախալքալաքից։ 
Ռուբենի տարերքը Լեգո կոնստրուկտորներն են և այլ, իր իսկ խոսքերով, «մանր-մունր բաներով զբաղվելը»։ Շատ է սիրում ֆիլմեր դիտել, բայց ոչ սարսափ ժանրի, թե չէ մտավախություն ունի, որ «մի երկու ամիս չի քնի»։
Ազատ ժամանակ մեր քաջ տղան շատ է սիրում հեծանիվ քշել, ու թեև հայրենի սարերում հեծանիվ քշելիս մի անգամ ընկել և մի փոքր վնասվել է, սակայն բոլորովին չի վախեցել։
Ռուբենը մեծ սեր ունի ճշգրիտ գիտությունների նկատմամբ և դեռ չի կողմնորոշվում՝ ինչ մասնագետ դառնա, երբ մեծանա. ծրագրավորո՞ղ, ճարտարապե՞տ, մաթեմատիկո՞ս, թե՞ գիտնական (կամ բոլորը միասին)։ Նա հպարտությամբ նշեց, որ դպրոցում սովորելու ողջ ընթացքում մաթեմատիկայից միայն 9 և 10 (հնարավոր 10-ից) գնահատականներ է ստացել։
Երազում է հանդիպել Արամ Mp3-ի հետ, գնալ ռոբոտաշինության դասընթացների և ունենալ մե՜ծ լեգո կոնստրուկտոր։

05/06/2019

Հ․Գ․ ԵՊՀ Հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի Արևիկը կրկին այցելել էր Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն՝ այս անգամ հատուկ մեր Ռուբենին տեսնելու և նրան անակնկալ մատուցելու համար։ Արևիկը Ռուբենին նվիրեց մանր դետալներով կոնստրուկտոր, որը համալրեց մեր տղայի կոնտրուկտորների հավաքածուն։

Շատ շնորհակալ ենք մեր գեղեցկուհուն արձագանքելու և Ռուբենի ցանկությունը կատարելու համար։

11/06/2019

Երազանք ՀԿ-ի աջակցությամբ իրականացավ մեր Ռուբենի նաև մյուս երազանքը. նա հանդիպեց Արամ Mp3-ի հետ։
Ռուբենը հանդիպման սկզբում մի քիչ ամաչում էր, բայց շա՜տ ուրախ էր տեսնել իր սիրելի երգչին։ Նախասիրությունների մասին խոսելիս Արամն ու Ռուբենը պարզեցին, որ երկուսն էլ շատ են սիրում հեծանիվ քշել։ Զրուցեցին նաև սպորտի և Ռուբենի սիրելի կոնստրուկտորների, ինչպես նաև Հայաստանում ու Վրաստանում դպրոցների տարբերությունների մասին:
Պայմանավորվեցին, որ իրենց հաջորդ հանդիպմանը Ռուբենը նվեր ստացած կոնստրուկտորը հավաքած կլինի և ցույց կտա Արամին։
Անչափ շնորհակալ ենք «Երազանք» ՀԿ-ին և Արամ Mp3-ին արձագանքելու ու մեր սիրելի Ռուբենի բաղձալի ցանկությունը ի կատար ածելու համար։

05/07/2019

Ծանոթացեք մեր շատ հասուն ու քաջ 11-ամյա երևանաբնակ Էդուարդի հետ։ 
Էդուարդը Միկա ֆուտբոլային ակումբում դարպասապահ է եղել, և հիմա էլ շատ է կարոտում իր սպորտսմեն ընկերներին։ Համաշխարհային ֆուտբոլիստներից հիանում է հատկապես Մեսսիի, Նեյմարի և Սուարեսի խաղով։ Երևի արդեն կռահեցիք, որ մեր հերոսը Բարսելոնա ֆուտբոլային ակումբի երկրպագուներից է։ 
Ազատ ժամանակ ամենից շատ սիրում է պլանշետով Free Fire ցանցային խաղը խաղալ։ Ի դեպ, նա առաջարկում է այս խաղի այլ խաղացողներին գտնել իրեն EDUL0005735V ծածկանունով։ Սիրում է նաև ռուսական ռեպ լսել, իսկ ֆիլմերից նախընտրում է կոմեդիաներ նայել և մի լա՜վ ծիծաղել։ Այս ժանրում հատկապես հավանում է Ֆուլ Հաուս սիթքոմի վերջին եթերաշրջանը։
Ի տարբերություն իր շատ հասակակիցների՝ Էդուարդն արդեն վաղուց հետաքրքրված չէ խաղալիքներով, իսկ նրա մեծ ցանկություններից մեկը ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի և դերասան Գրիգոր Դանիելյանի հետ հանդիպելն է։

22/05/2019

Հ․Գ․ Երեկ իրականացավ մեր Էդուարդի նաև մյուս երազանքը (օրեր առաջ նա հանդիպել էր նաև Հենրիխ Մխիթարյանի հետ)․ նա ցանկություն էր հայտնել հանդիպել դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանի հետ, վերջինս էլ մեծ սիրով արձագանքեց մեր խնդրանքին և նվերներով այցելեց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն։
Մեր խիզախ տղան Գրիգորին ներկայացրեց իր հաջողությունները առցանց խաղերում, Գրիգորն էլ նկարահանման գործընթացի որոշ գաղտնիքներ բացահայտեց և առաջինը հենց Էդուարդին պատմեց իրենց ստեղծագործական թիմի նոր նախագծերի մասին։ Նրանք նաև զրուցեցին իրենց ապագա պլանների մասին և պայմանավորվեցին մյուս անգամ հանդիպել նկարահանման հրապարակում, որտեղ Էդուարդը կծանոթանա նաև մյուս դերասանների հետ և պատկերացում կկազմի նկարահանումների ընթացքում կիրառվող հատուկ էֆեկտների մասին։
Շատ շնորհակալ ենք Գրիգորին մեր Էդուարդի երազանքն իրականացնելու համար։

03/07/2019

Այս անգամ մեր հերոսը 16-ամյա Աստղիկն է Գյումրիից։ Սովորում է Գյումրու տնտեսագիտական վարժարանում, բայց նաև մեծ ցանկություն ունի հմտանալ կոսմետոլոգիայի մեջ և դառնալ կոսմետոլոգ-դիմահարդար։ 
Շատ ակտիվ լինելով՝ Աստղիկը ուսումին զուգահեռ ներգրավված է նաև Գյումրիում գործող միջմշակութային ակումբի աշխատանքներում, որտեղ ակումբ հաճախող երեխաների հետ խաղեր է կազմակերպում և ապահովում վերջիններիս ուրախ ժամանցը։ Երեխաների հետ շփումը հեշտ է տրվում Աստղիկին նաև այն պատճառով, որ նա բազմանդամ ընտանիքի հինգ զավակներից ավագն է։ 
Շատ է սիրում տարբեր ժանրերի երաժշտություն լսել՝ ըստ տրամադրության։ Երաժշտական գործիքներից Աստղիկը նախընտրում է դաշնամուրև առանձնահատուկ վերաբերմունք ունի կիթառի նկատմամբ․երազում է կիթառ ունենալ և սովորել նվագել իր սիրած ստեղծագործությունները։ 

15/05/2019

Հ․ Գ․ Մեր բարի ընկեր Արփի Օսկանյանի շնորհիվ մեր շահառուներից ևս մեկի՝ Աստղիկի երազանքը նույնպես իրականացավ։ Նա արդեն ունի այդքան սպասված կիթառը, մենք էլ հույս ունենք, որ շուտով կվայելենք նրա գեղեցիկ կատարումներից մեկը։
Նվերը հանձնելիս Արփին նաև քաղցկեղը հաղթահարած իր հարազատի մասին պատմեց և գոտեպնդեց Աստղիկին։
Անչափ շնորհակալ ենք մեծ սրտով մեր ընկերոջը ևս մեկ անգամ մեր կողքին լինելու համար։ Համոզված ենք՝ Աստղիկը հիմա ավելի մեծ եռանդով ու ոգևորությամբ կշարունակի բուժումը ու կհաղթի։

04/06/2019

Այս շաբաթվա մեր հերոսը 10 տարեկան Ռոմիկն է Ապարանից։ Մեր խիզախ տղան քաղցկեղի դեմ պայքարելուն զուգահեռ գտնվում է նաև ողնաշարի կոտրվածքի ապաքինման փուլում, բայց չի ընկճվում և անհամբեր սպասում է, թե երբ են բժիշկները իրեն թույլ տալու իր սիրելի կերակրատեսակներից տոլմա և քյաբաբ ուտել: 
Շատ է սիրում իր խոսող խաղալիք «ընկերոջը», ինչպես նաև թղթից սոսնձի օգնությամբ տարբեր ֆիգուրներ պատրաստել։ 
Ռոմիկը երազում է ունենալ հեռակառավարման վահանակով մե՜ծ մեքենա, բայց այս անգամ ինքն իրեն խոստացել է ավելի զգույշ «վարել» և վթարների չենթարկել այն։ Նա նաև շա՜տ երջանիկ կլիներ ունենալ հեռախոս-ժամացույց և հանդիպել Միհրան Ծառուկյանի հետ։

08/05/2019

Հ. Գ. Մայիսի 24-ին իրականացավ մեր հրաշք Ռոմիկի (ինչպես նաև Ռուբենի) երազանքներից մեկը․ Միհրան Ծառուկյանը մեծ սիրով արձագանքեց մեր խնդրանքին և նվերներով այցելեց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն։
Ռոմիկը միաժամանակ և՛ հուզված էր, և՛ անչափ երջանիկ։ Նրանք պայմանավորվեցին հաջորդ անգամ հանդիպել հիվանդանոցից դուրս, երբ Ռոմիկն արդեն առողջացած կլինի: 
Շնորհակալ ենք Միհրան Ծառուկյանին մեր երեխաներին ուրախացնելու պատրաստակամության համար: Համոզված ենք, որ այս հանդիպումից ստացված դրական լիցքերը կօգնեն Ռոմիկին և մեր մյուս բալիկներին ավելի արագ կազդուրվել։

24/05/2019

EasyPay ընկերության մեր բարի ընկերների շնորհիվ իրականացան մեր Ռոմիկի նաև մյուս երազանքները։ Նա այժմ ունի շա՜տ մեծ ու չափազանց արագ ավտոմեքենա ու իսկապես «խելացի» ժամացույց, որով բացի հիմնական գործառույթից կարող է նաև խաղեր խաղալ և զանգեր կատարել, իսկ նրա հարազատները հնարավորություն ունեն հետևել նրա գտնվելու վայրին։
Շնորհակալություն ենք հայտնում ԻզիՓեյ ընկերությանը և ընկերության աշխատակից գեղեցկուհիներին՝ մեր Ռոմիկին մեծ ուրախություն պարգևելու համար։

27/05/2019

Ծանոթացեք. 5-ամյա Տիգրանն է Վարդենիս քաղաքից: 
Բացառիկ աշխատասիրության և կամքի ուժի շնորհիվ նա ամեն օր նոր արդյունքներ է գրանցում դժվարությունների հաղթահարման ու հետվիրահատական վերականգնման ճանապարհին:
Տիգրանը նաև շա՜տ հոգատար ընկեր է. դեռ մանկապարտեզում հանգստացնում էր իրենից փոքր երեխաներին, որոնք անհամբեր մայրիկին էին սպասում, այժմ էլ, երբ բուժում է ստանում պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, մյուս երեխաներին հորդորում է չընկճվել՝ հաճախ խոսքը համեմելով Վարդենիսի համով-հոտով բարբառով («հընչա՞ թա գուլաս»):
Տիգրանն ամենից շատ սիրում է խաղալ կինետիկ ավազով և շատ կուզեր ունենալ հեծանիվ, որը կծառայեր ինչպես ժամանցի, այնպես էլ շուտափույթ ապաքինման համար: 

01/05/2019

Հ. Գ. Մոսկվայաբնակ բարերար Լիլիթ Կարապետյանի շնորհիվ իրականացավ նաև մեր Տիգրանի երազանքը: Նա արդեն հեծանիվ ունի, որն այնքան է հավանել, որ ուզում է անդադար քշել, ինչն էլ, ի դեպ, նրա մոտ բավականին լավ է ստացվում առաջին իսկ րոպեից: 
Համոզված ենք, որ հեծանիվը կօգնի մեր նպատակասլաց տղային ավելի արագ վերականգնվել և պարզապես շատ ուրախ ժամանակ անցկացնել: 
Եվս մեկ անգամ շնորհակալություն տիկին Լիլիթին՝ Տիգրանի ցանկությունը կատարելու պատրաստակամության համար:

06/05/2019

Ծանոթացեք. Զինա, 6 տարեկան: Միջնատուն գյուղից է, ունի մեծ քույրիկ և փոքր եղբայր։ 2019թ մարտին Զինայի մոտ ախտորոշվել է հոջկինի լիմֆոմա և ներկայումս նա բուժվում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։
Զինաիդան շատ է սիրում խաղալ տիկնիկների հետ, մայրիկի օգնությամբ սիրուն հագուստներ է կարում նրանց համար։ Նա չի սիրում, երբ իր տիկնիկների հետ անփույթ են վերաբերվում և թույլ է տալիս խաղալ միայն նրանց ովքեր զգույշ են։ 
Զինան որոշել է․ մեծանա երգչուհի է դառնալու, նրան ոգեշնչել է Լիլիթ Հովհաննիսյանը։
Մեր ձագուկը երազում է ունենալ հեծանիվ, որ գյուղում քշի:

17/04/2019

Հ. Գ. Մայիսի 2-ին իրականացավ մեր փոքրիկ հրաշք Զինաիդայի երազանքը. «There is always HOPE – Հույս միշտ կա» հիմնադրամը՝ ի դեմս Անահիտ Հարությունյանի, նրան նվիրեց այդքա՜ն սպասված հեծանիվը:
Նվերը Զինաիդային հանձնեց քաղցկեղը արդեն հաղթահարած բալիկներից Արմենը: Վերջինս նաև Զինային օգնեց առաջին պտույտը գործել հեծանիվով: Մեր փոքրիկ գեղեցկուհին անչափ հուզված ու երջանիկ էր: Նա անհամբեր սպասում է կազդուրվելուն, որպեսզի արդեն հայրենի գյուղի ճանապարհներին վայելի հեծանվային զբոսանքները:

Շնորհակալ ենք «There is always HOPE – Հույս միշտ կա» հիմնադրամին, անձամբ տիկին Անահիտ Հարությունյանին և մեր քաջ Արմենին պատրաստակամության համար: 

02/05/2019

Ծանոթացեք՝ Եվա, 4 տարեկան, ապագա բժշկուհի Երևանից է, ունի մեծ եղբայր։ 2017 թվականի օգոստոսին Եվայի մոտ ախտորոշվել է հիստիոցիտոզ և այժմ բուժում է ստանում Յոլյանի անվան արյունաբանական կլինիկայում։ Եվան անչափ սիրում է հայրիկից ծաղիկներ և փուչիկներ ստանալ։ Նրա ամենասիրելի գույներն են մանուշակագույնն ու վարդագույնը։ Չնայած ավագ եղբայրը գերազանց է սովորում՝ Եվան բարկանում է, երբ նա անգամ մի փոքր ուշացնում է դասերի պատրաստումը։ Եվան նաև սիրում է քաղցրավենիք թխել, անգամ ունի սեփական հարիչը, որով պատրաստում է տորթեր։
Մեր գեղեցկուհին երազում է ունենալ դիմահարդարման պարագաներ և «լի՜քը փուչիկներ»:

03/04/2019

Հ.Գ. Ապրիլի 6-ին մեր գեղեցկուհի Եվային այցելության եկան Քրիստինա Ուզունյանը և Գրետա Հարությունյանը։ Եվան ստացավ լի՜քը վարդագույն փուչիկներ, քաղցրավենիք և իհարկե դիմահարդարման պարագաներ։
Եվան աննկարագրելի անհամբերությամբ բացեց նվերները և շատ երջանիկ էր:

Շնորհակալ ենք մեր երեխաների և մեր կողքին լինելու համար։ Վստահ ենք, որ բարի մարդկանց հետ միասին կարող ենք հաղթել քաղցկեղը:

06/04/2019

Ծանոթացեք. Արամ, 8 տարեկան։ Արարատից է և ունի մեկ փոքր քույրիկ։ Արամը սովորում է 2-րդ դասարանում և շատ է սիրում դպրոցը, քանի որ դպրոցում, սովորելուց բացի, խաղում է ընկերների հետ։ Այնտեղ է նրա սիրած աղջիկը, և Արամը չի համբերում՝ երբ է վերադառնալու դպրոց։ Նա սիրում է ֆուտբոլ խաղալ՝ դպրոցում լավագույն հարձակվողն է և այդ կապակցությամբ միշտ գերազանց գնահատական է ստանում։ Դասերից հետո սիրում է քույրիկին հեծանիվով զբոսանքի տանել (իր խոսքով՝ «ճռիկ-վռիկ անել» )։

Արամը երազում է բժիշկ դառնալ և «ունենալ մեծ ավտո»։
Իսկ հիմա շատ է ուզում ջութակ ունենալ և նվագել սովորել:

27/03/2019

Հ.Գ. Ապրիլի 6-ին Արփի Օսկանյանի շնորհիվ Արամի երազանքը ևս կատարվեց, և նա արդեն ջութակ ունի։ Անսպասելի այցը Արամին պարգևեց լիքը ժպիտներ և անմոռանալի հիշողություններ։ Հուսով ենք, որ շուտով կվայելենք նրա կատարումը:

Շնորհակալություն բարի Արփի Օսկանյանին պատրաստակամության և հրաշալի նվերի համար:

06/04/2019

Ծանոթացեք՝ Գևորգ 7տ: Գյումրիից է, ունի 1 մեծ քույրիկ:
Սիրում է հաճախել դպրոց և խոստովանում է, որ ամենասիրելի առարկան մաթեմատիկան է։ Գևորգը նաև շատ հետաքրքրասեր է, սիրում է անընդհատ ուսումնասիրել նրան հետաքրքրող առարկաների կազմությունը, ինչպես նաև կարդում և նայում է տեսահոլովակներ որտեղ նկարագրվում է մարդու ներքին օրգանները, ուղեղի բջիջները։ Նրա խնդրանքով մայրիկի հետ կարդացել են իր ախտորոշման մասին նյութեր, մանրամասն ծանոթացել հիվանդությանը՝ ռաբդոմիոսարկոմային, լավ և վատ բջիջներին և նրա բուժմանը։ Գևորգը դպրոցից հետո սիրում էր բակում հեծանիվ քշել, խաղալ Չալոյի հետ և ընկերների հետ ֆուտբոլ ։ Գևորգը, չնայած իր փոքր տարիքին, արդեն գրանցվել է մարզային գրադարանում, կարդում է հեքիաթներ և ինքնաթիռների ու դինոզավրների մասին հետաքրքիր նյութեր։ Իսկ հիմա ձգտում է դառնալ կինոաստղ՝ Spider Man-ի դերը կատարելու համար։
Գևորգը երազում է հաճախել կարատեի պարապմունքների և սովորել նվագել գիթար:

20/03/2019

Հ․ Գ․ Գերմանիայում բնակվող մեր բարի հայրենակցուհի Լիլիթի շնորհիվ իրականացավ նաև Գևորգի երազանքը․ նա արդեն կիթառ ունի ու շուտով պատրաստվում է նվագել սովորել։
Պարզվեց, որ Լիլիթն ու Գևորգը շատ ընդհանրություններ ունեն․ երկուսն էլ արմատներով Գյումրիից են, ըշտը, շատ են սիրում կարատե և գերմաներեն լեզուն??։ Լիլիթը, ի դեպ, կարատեի Հայաստանի չեմպիոն է եղել և Գևորգին խոստացավ լիարժեք ապաքինվելուց հետո աջակցել նաև կարատեի խմբակ հաճախելու հարցում։ Նա նաև իր օգնությունն առաջարկեց Գևորգին և նրա մայրիկին գերմաներեն լեզվի ուսումնասիրման նյութերի հետ կապված։
Անչափ շնորհակալ ենք գեղեցկուհի Լիլիթին՝ Գևորգի երազանքն իրականացնելու համար։
Համոզված ենք՝ մեր հրաշք տղան շուտով վարպետորեն տիրապետելու է այս երաժշտական գործիքին և գեղեցիկ ստեղծագործություններ է կատարելու բոլորիս համար։

15/07/2019

Ծանոթացեք Էրիկ 6 ու կես տարեկան (իր խոսքերով)։ Մասիսից է և ունի մեծ եղբայր։ 2018թ փետրվարին նրա մոտ ախտորոշվել է Տ բջջային լիմֆոմա և ներկայումս բուժում է ստանում իր կողմից շատ սիրված բժշկուհի Լիլիթ Սարգսյանի մոտ՝ Յոլյանի անվան ԱԿում ։ Էրիկը սիրում է շախմատ խաղալ։ Բուժման պատճառով դեռ չի հաճախում դպրոց, սակայն սկսել է հաճախել շախմատի պարապմունքների , անգամ արդեն գրքեր ունի։ Էրիկը նաև սիրում է երգել ազգագրական երգեր, ունի նաև հեղինակային երգ «Մայրիկ» անվանմամբ, որը տխրության դեմ դեղ է իր մայրիկի համար։ Իսկ մեծ եղբոր հետ ամեն օր կռվում են, թե ով մյուսին ավելի շատ կհամբուրի (լավն են չէ՞)։

Էրիկը երազում է բուժվել (մենք էլ ենք երազում,որ Էրիկը շուտ առողջանա) և մեծ ցանկություն ունի հանդիպել «Բանակում» հեռուստասերիալի տղաների հետ։

13/02/2019

Ծանոթացեք Էմիլի 7 տարեկան, Երևանից է : Մեր Էմիլին շատ տաղանդավոր աղջիկ է: Նա տիրապետում է ամենանուրբ նկարչական հմտություններին, և չնայած իր փոքր տարիքին՝ արդեն ունի նկարված տասնյակ նկարներ: 2018թ.մայիսին նրա մոտ հայտնաբերվել է ապլաստիկ անեմիա և նա բուժում է ստացել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Այս փոքրիկ հրաշքը՝ իմանալով իր հիվանդության մասին ոչ միայն չընկճվեց, այլ հակառակը՝ հերոսաբար պայքարեց և հաղթահարեց այն: Էմիլին երազում է ունենալ իր սեփական նկարների ցուցահանդեսը: Նաև շատ, շատ է ուզում ունենալ նկարչական պրոֆեսիոնալ պարագաներ և մոլբերտ:

27/02/2019

Հ․ Գ․ Մի շատ բարի աղջիկ, որը ցանկացավ անանուն մնալ, իրականացրեց նաև մեր Էմիլիի երազանքը։ Իր նոր նկարչական պարագաներով մեր պայծառ աղջիկը արդեն կարող է ազատություն տալ իր երևակայությանը։
Շատ շնորհակալ ենք նվերը հանձնած գեղեցկուհուն և համոզված ենք՝ Էմիլիի վրձնի տակից անչափ գեղեցիկ ստեղծագործություններ են դուրս գալու։

13/09/2019

Ծանոթացեք Ռուբեն 9 տարեկան: Գյումրիից է, ունի 2 մեծ քույր:
Մեր Ռուբենը շատ սպորտային տղա է: Զբաղվել է բոքսով և պարով : Շատ է սիրում մեքենաներ և ուզում է ունենալ իր մեքենաների հավաքածուն:
Ամիսներ առաջ ընտանիքի հետ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Ռոստով քաղաքում, սակայն երբ 2018թ դեկտեմբերին հիվանդացավ, որոշեցին ետ վերադառնալ Հայաստան:
Դեկտեմբերին նրա մոտ հայտնաբերվեց սուր լիմֆոբլաստային լեյկոզ և այժմ նա բուժում է ստանում Արյունաբանական կենտրոն ում:

Ռուբենը երազում է հանդիպել հայտնի ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանին և իր կողմից շատ սիրելի երգիչ՝ Միհրան Ծառուկյանին

20/02/2019

Հ. Գ. Մայիսի 24-ին իրականացավ մեր հրաշք Ռուբենի (ինչպես նաև Ռոմիկի) երազանքներից մեկը․ Միհրան Ծառուկյանը մեծ սիրով արձագանքեց մեր խնդրանքին և նվերներով այցելեց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն։
Ռուբենը շատ հուզված և երջանիկ էր։ Նա իր սիրելի երգիչ-դերասանին խոստացավ հաջորդ հանդիպման ժամանակ արդեն ապաքինված լինել։ 
Շնորհակալ ենք Միհրան Ծառուկյանին մեր երեխաներին ուրախացնելու պատրաստակամության համար: Համոզված ենք, որ այս հանդիպումից ստացված դրական լիցքերը կօգնեն Ռուբենին և մեր մյուս բալիկներին ավելի արագ կազդուրվել։

24/05/2019

Ծանոթացեք Հրանտ 6 տարեկան: Երևանից է, ունի 1 փոքր եղբայր: 
Նա շատ է սիրում մեքենաներ ու հպարտանում, որ ունի ամենամեծ ու ամենաօրիգինալ մեքենաների հավաքածուն:
2018թ հոկտեմբերին Հրանտի մոտ ախտորոշվել է Բերկիտի լիմֆոմա և այժմ նա բուժում է ստանում Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում: 
Հրանտը, չնայած իր փոքր տարիքին, նախընտրում է լսել դասական երաժշտություն և սիրում է քնել սիմֆոնիկ երաժշտության ներքո:
Պարզվում է, որ նա նաև հրաշալի նկարում է. Նրա այս տաղանդը բացահայտվեց կոմայից դուրս գալուց հետո, երբ մայրիկից խնդրեց թուղթ և մատիտ ու նկարեց Պիկասոյի հայտնի կտավներից մեկը: 
Հրանտը երազում է դառնալ լավ բժիշկ, ինչպիսին որ իր բժշկուհի Լալա Վաղարշակյանն է:
Հրանտը ունի նաև մեծ ցանկություն հանդիպել և լուսանկարվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

13/02/2019

Հ․Գ․ Այսօր իրականացավ մեր Հրանտի երազանքներից մեկը։ Եթե հիշում եք, երբ պատմում էինք նրա մասին, նշել էինք, որ երազում է հանդիպել և նկարվել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Հրանտը, իր եղբոր Դավիթի և մայրիկի հետ այսօր հյուրընկավեցին քաղաքապետարանում։ Հրանտին և Դավիթին այնտեղ սպասում էին բազմաթիվ անակնկալներ` տեսան քաղաքապետին, նստեցին քաղաքաետի աթոռին և նույնիսկ փաստաթուղթ ստորագրեցին։ Իսկ հանդիպման ավարտին Հրանտը և պարոն Մարությանը փոխանակվեցին նվերներով։ Բարձրաստիճան հանդիպումից հետո Հրանտը և Դավիթը նաև շրջեցին քաղաքապետարանով և այցելեցին թանգարանը։ Ով գիտի, կարող է մի օր էլ Հրանտը կամ Դավիթը դառնան քաղաքապետ։ Շարունակեք երազել ձագուկներ

Շնորհակալ ենք Hayk Marutyan-ին և Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality– ի անձնակազմին Հրանտի երազանքը իրականացնելու և նրան և Դավիթին նման հաճելի օր պարգևելու համար։

7/03/2019

Ծանոթացեք Արծրուն 18 տարեկան: Սպիտակից է, ունի 2 եղբայր` մեծ և փոքր: Արծրունը երկար տարիներ զբաղվել է կարատե մարտարվեստով եւ հասել մի շարք հաջողությունների։ Սակայն 2016թ. hունվարից նրա կյանքում փոխվեց ամեն ինչ։ Նրա մոտ հայտնաբերվեց սուր լիմֆոբլաստային լեյկոզ։ Սկզբում շատ էր հիասթափվել, վախենում էր, բայց հետո ուժ գտավ իր մեջ ու սկսեց պայքարել։ Այդ պայքարի արդյունքում նա գրեթե հաղթահարել է այս հիվանդությունը։ Այժմ նա շարունակում է բուժումը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:
Նա երազում է, որ աշխարհի բոլոր երեխաները լինեն առողջ եւ երջանիկ։ 
Արծրունի ունի մեկ այլ երազանք, որի իրականացմանը կարող եք օգնել Դուք։ Նա երազում է դառնալ բարձրակարգ վարսավիր, և այդ երազանքին հասնելու համար նրան անհրաժեշտ է անցնել վարսավիրական դասընթացներ և ունենալ վարսահարդարման պարագաներ։

6/2/2019

Ծանոթացեք` Թամարա – 10 տարեկան: Երևանից է, ունի 2 եղբայր: 
Թամարան չափազանց անուշիկ,լուսավոր և յուրահատուկ ուժի տեր աղջիկ է: Նա մի անգամ արդեն հաղթել է այս հիվանդությանը:
Սակայն 2019թ. հունվարին նրա մոտ կրկին ախտորոշվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ և այժմ նա բուժում է ստանում Արյունաբանական կենտրոնում: Չնայած դրան նա բոլորովին չի ընկճվում և ամբողջ ուժով և կամքով պատրաստ է նորից հաղթել:
Թամարան ունի մի շատ հետաքրքիր նոթատետր, որտեղ գրում է իր բոլոր երազանքները ու ցանկությունները, որոնք ամպայման իրականացնելու է ապաքինվելուց հետո:
Թամարան երազում է զբաղվել նկարչությամբ և տիրապետել նկարչական բոլոր հմտություններին:
Մեծ ցանկություն ունի նաև այցելել Cityzen ժամանցի կենտրոն և Ekzotarium – Yerevan Mall , որ տեսնի հայտնի մեծ կրիային:

Հ․Գ․ Անչափ ուրախ ենք հայտնել, որ մեր Թամարիկի երազանքները նույնպես իրականանում են։ Թամարիկը արդեն սկսել է նկարչության դասերը։ Քանի դեռ նա հիվանդանոցում է, ուսուցիչը կայցելի և դասերը կանցկացվեն այնտեղ։ Թամարայի Cityzen և Exotarium գնալը նույնպես նախապատրաստված է։ Հենց որ Թամարան մի քիչ ավելի լավ զգա և վերադառնա տուն, և պատրաստ լինի գնալ զվարճանալու այդ այցերը նույնպես կիրականացվեն։ Շատ շնորհակալ ենք, այն բարի մարդկամց, ով շատ արագ արձագանքեց և պատրաստակամություն հայտնեց իրականացնել Թամարայի Երազանքները։

30/1/2019

Ծանոթացեք՝ Արկադի – 11 տարեկան։ Հրազդանից է, ունի 2 եղբայր՝ մեծ և փոքր։
Արկադին սովորում է 6-րդ դասարանում՝ բարձր առաջադիմությամբ: Արկադին իսկապես բազմաշնորհ տղա է ՝ նա հրաշալի նկարում է, երգում է և նվագում տարբեր երաժշտական գործիքներ՝ կիթառ, դհոլ, դաշնամուր: Մասնակցել է մի շարք համերգների և մշակույթային փառատոնների (Արտմյուզիք, Վերածնունդ): Բացի այդ Արկադին շատ է սիրում շախմատ խաղալ իր տատիկի հետ, որը իմիջիայլոց շախմատի չեմպիոն է: 2018թ. դեկտեմբերին Արկադիի մոտ ախտորոշվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ, և այժմ նա բուժվում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։ Այդ ախտորոշումից հետո նրա կյանքը, առօրյան, աշխարհընկալումները ամբողջովին փոխվել են: Արկադին այնքան ուժեղ է, որ չի քաշվում ասել, որ վախենում է․․․ թե ինչպիսի ընթացք կունենա այդ հիվանդությունը, սակայն Արկադին հավատում է, որ բարի մարդկանց սերն ու ջերմությունը կօգնի իրեն անցնել այս դժվարին ճանապարհը և ՀԱՂԹԵԼ:
Նրա ամենամեծ երազանքն է շուտափույթ ապաքինումը և վերադարձը իր բնականոն կյանքին:
Բայց ունի նաև մեկ այլ մեծ ցանկություն՝ այն է հանդիպել կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանին և նրա հետ հանդես գալ համատեղ երգով:

Հ․Գ․ Հունվարի 26 Արկադիի ծննդյան օրն էր։ Նա դարձավ 12 տարեկան։ Նրան շնորհավորելու էր եկել Էդգար Գյանջումյանը և մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք նրան այդ օրը երջանկություն պարգևել՝ իրականացնելով նրա երազանքներից մեկը։ Էդգարն իր հետ բերել էր նվերներ Արկադիի համար՝ մոլբերտ և նկարչական պարագաներ։ Վստահ ենք, որ այդ հանդիպումը և դրա հետ կապված բոլոր դրական լիցքերը շատ մեծ ազդեցություն կունենան Արկադիի բուժման ընթացքի վրա։ Հանդիպման արդյունքում նաև պայմանավորվեցինք, որ հենց որ նա առողջանա, անպայման Էդգար Գյանջումյանի հետ համատեղ երգ են ձայնագրելու։

23/1/2019